Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1256.10
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.08.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
24.08.2012
Дата вступления в силу
24.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0287/01/11

գործ թիվ ԼԴ/0287/01/11

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

                 Դատավորներ` Գ. Ավետիսյան

                  Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

      

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     

պաշտպան

Ռ. Հակոբյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Գագիկի Արամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Արամյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 19124111 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Վաչե Բաբինյանը և Արթուր Արամյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

2011 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Վ.Բաբինյանին և Ա.Արամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

2011 թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

 2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2012 թվականի փետրվարի 3-ի դատավճռով Վ.Բաբինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ Ա.Արամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալներ Վ.Բաբինյանի և Ա.Արամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 3-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Արամյանի պաշտպան Ռ.Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալներ Վ.Բաբինյանը և Ա.Արամյանը դատապարտվել են այն բանի համար, որ Տիգրան Թորոսյանին պատկանող «Շեն-տուն» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Վարդանանց 116 հասցեում գտնվող, նույն անունը կրող խանութից գողություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով և գիտենալով, որ խանութի տարածքը տեսանկարահանվում է, իրենց անձը գաղտնի պահելու նպատակով պատրաստել են դիմակներ: 2011 թվականի հոկտեմբերի լույս 19-ի գիշերը` ժամը 3.30-ի սահմաններում, Վ.Բաբինյանը Ա.Արամյանի հետ գնացել է հիշյալ խանութի մոտ, որտեղ իր հետ նախապես վերցրած երկաթյա ձողով կոտրել է խանութի ցուցափեղկի ապակին և Ա.Արամյանի հետ գաղտնի հափշտակել է ապակու անմիջապես հետևում դրված 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ երկու բենզասղոցներ, մեկ էլեկտրական սղոց և դիմել փախուստի (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 53):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ամբաստանյալներ Վաչե Բաբինյանի և Արթուր Արամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարված արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը և բնույթը, նրանց անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքերը, ինչպես նաև հանցագործության կատարմանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը:

Դատարանն ամբաստանյալներ Վաչե Բաբինյանի և Արթուր Արամյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նրանք երիտասարդ են, զղջում են կատարած հանցանքի համար, բնութագրվում են դրական, նրանցից Արթուր Արամյանը նախկինում արատավորված չի, տուժողին պատճառված վնասից` խանութի ջարդած ապակու արժեքը, նրանք կամովին վերականգնել են:

Ամբաստանյալներ Վաչե Բաբինյանի և Արթուր Արամյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:

Ամբաստանյալներ Վաչե Բաբինյանի և Արթուր Արամյանի նկատմամբ պատժատեսակ ընտրելու և պատիժը նրանց կողմից կրելու հարցը քննարկելով պատժի նպատակների իրացվելիության համատեքստում և հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալների կատարած արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը` դատարանը գտնում է, որ նրանց նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նրանց կողմից ենթակա է կրելու» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 54):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածներով, պատիժ նշանակելու ընդհանուր դրույթներով, նկատի ունենալով ամբաստանյալին մեղսագրված արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` հանգում է այն հետևության, որ Վաչե Բաբինյանի և Արթուր Արամյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ, այն արդարացի է և համապատասխանում է նրանց անձնավորությանը և հանցանքի ծանրությանը, ուստի դատավճիռը պատժի մասով` մեղմացման առումով, փոփոխելու հիմքեր չկան:

(…)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում օրենքի պահանջներից և հաշվի առնելով նաև կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև կատարման եղանակը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 134-135):

8. «Առարկաներ հայտնաբերելու, զննելու և վերցնելու մասին» 2011 թվականի նոյեմբերի 2-ի արձանագրության համաձայն` «Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժանմունքի շենքի բակից (…) Արթուր Արամյանը մեզ ուղեկցեց Վանաձոր քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվող Դարպաս գյուղ և նշված գյուղի Հարավսլավական տնակների թաղամասում (…) մատնացույց արեց ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1 հարկանի փայտյա շինությունը և հայտարարեց, որ (...) տան խոհանոցում գտնվող թախտի մեջ ինքը և իր ընկեր Վաչե Բաբինյանը պահել են իրենց կողմից գողացված 2 հատ բենզասղոցները և մեկ հատ էլեկտրական սղոցը: (...) Արթուր Արամյանը հայտարարեց, որ նշված 2 հատ բենզասղոցները և մեկ հատ էլեկտրական սղոցը ինքը և Վաչե Բաբինյանը սույն թվականի հոկտեմբեր ամսին գողացել են միասին Վանաձոր քաղաքի «Շեն տուն» կոչվող խանութից և բերել ու պահել են նշված թախտի մեջ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 23-24):

9. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Արամյանը նախկինում չի դատվել, իսկ Վ.Բաբինյանը բնութագրվում է որպես դատվածություն չունեցող անձ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 53):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերի, 358-րդ հոդվածի պահանջները:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները չեն հիմնավորել և չեն պատճառաբանել Ա.Արամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակը` տուգանքը չկիրառելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ Ա.Արամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում չկայացնելը:

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները որպես Ա.Արամյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չեն գնահատել այն, որ նա հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով` ընտանիքի համար գոյատևման միջոց հայթայթելու նպատակով, հափշտակված գույքը հետագայում վերադարձրել է տուժողին, հատուցել է խանութի կոտրված ապակու արժեքը, աջակցել է հանցագործության բացահայտմանը, այն է` տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, մանրամասն նկարագրել է դեպքի բոլոր հանգամանքները` իրեղեն ապացույցները տեղափոխելու և պահելու վայրը, մասնակցել է քննչական փորձարարության կատարմանը, ինչպես նաև այն, որ սույն քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, և առկա է տուժողի դիմումը` ամբաստանյալներին ներելու և մեղմ վերաբերվելու վերաբերյալ:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 15-ի որոշումը և Ա.Արամյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակ` տուգանք, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի արդարության և անհատականացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ա.Արամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պահպանվե՞լ են արդյոք պատժի արդարության և անհատականացման սկզբունքները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(…)

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`

(…)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

Վերոշարադրյալ հոդվածի սանկցիայի վերլուծությունից երևում է, որ այն այլընտրանքային է և հնարավորություն է տալիս դատարանին, ելնելով կոնկրետ հանցագործության հանրային վտանգավորության բնույթից և աստիճանից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` ընտրելով հոդվածի սանկցիայով նախատեսված պատժատեսակներից որևէ մեկը` տուգանք կամ ազատազրկում:

Գ.Մադաթյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:

Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:

Արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 13-15-րդ կետերը):

15. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն`

«1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այն անձին իրավունքներից և ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:

2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝

«2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն են`

(…)

9) մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն աջակցելը.

10) (…), հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները»:

 Հանցագործությունը բացահայտելուն աջակցելուն Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Հունիկյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Հանցագործությունը բացահայտելուն աջակցելը կարող է արտահայտվել նախաքննության մարմնին և դատարանին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում և վերջիններիս մինչ այդ անհայտ են եղել (հանցավորը մատնանշում է հանցագործության գործիքի գտնվելու տեղը, ներկայացնում է իրեղեն ապացույցներ, օգնում է քննչական փորձարարությունների կազմակերպմանն ու անցկացմանը և այլն)» (տե՛ս Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշման 22-րդ կետը):

Պատժի արդարության և անհատականացման սկզբունքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ն.Սարգսյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ, զարգացնելով Կ.Հարությունյանի վերաբերյալ 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-201/07, Դ.Հովհաննիսյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09, Գ.Ավետիսյանի և Ա.Հովակիմյանի վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0164/01/09 և մի շարք այլ որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ «(…) պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման:

(…)

ՀՀ քրեական օրենսգիրքը չի բովանդակում բոլոր այն հանգամանքների սպառիչ ցանկը, որոնք պետք է հաշվի առնվեն դատարանի կողմից կոնկրետ հանցագործության համար պատիժ նշանակելիս: Օրենսգիրքը, սակայն, դատարանին տալիս է պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներ, որոնց հիման վրա դատարանը կարող է նշանակել արդարության պահանջներին համապատասխանող պատիժ: Նշված չափանիշներն են`

ա) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ընդհանրապես, կոնկրետ հանցագործության կատարման հանգամանքների տեսանկյունից մասնավորապես,

բ) հանցավորի անձը,

գ) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(…)

Պատժի անհատականացման երրորդ չափանիշը պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներն են: Վերջիններիս Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Հարությունյանի վերաբերյալ 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Ռ.Խատոյանի վերաբերյալ 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07, Պ.Բայրամյանի վերաբերյալ 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07, Դ.Հովհաննիսյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 և մի շարք այլ որոշումներում» (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 16-17-րդ և 20-րդ կետերը):

16. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի արդարացիությունը և անհատականացումը ենթադրում է, որ պատժի տեսակի և չափի որոշման ժամանակ դատարանը պետք է հաշվի առնի կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ նրա պատասխանատվությունը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները: Ընդ որում, անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների գնահատումը յուրաքանչյուր կոնկրետ գործով պատիժ նշանակելիս հնարավորություն է տալիս դատարանին պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի, բնույթի, ինչպես նաև հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատժի անհատականացման կարևորությունն այն է, որ դա լուրջ երաշխիք է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատժի նպատակների իրականացման համար:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Արամյանը, գողություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վ.Բաբինյանի հետ, գնացել է Վանաձոր քաղաքի «Շեն-տուն» ՍՊԸ-ի խանութի մոտ, որտեղ Վ.Բաբինյանն իր հետ նախապես վերցրած երկաթյա ձողով կոտրել է խանութի ցուցափեղկի ապակին, և նրա հետ գաղտնի հափշտակել է ապակու հետևում դրված 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ երկու բենզասղոցներ, մեկ էլեկտրական սղոց և դիմել փախուստի (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ հանցակիցներից Վ.Բաբինյանն ավելի մեծ դերակատարություն է ունեցել հանցանքի կատարմանը, քան Ա.Արամյանը, այն է` Վ.Բաբինյանն իր հետ նախապես վերցրել է երկաթյա ձողը, որով կոտրել է խանութի ցուցափեղկի ապակին:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ ամբաստանյալ Ա.Արամյանն աջակցել է հանցագործության բացահայտմանը և հանցագործությամբ ձեռք բերված գույքի որոնմանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, զղջում է կատարած հանցանքի համար, բնութագրվում է դրական, նախկինում արատավորված չի եղել, կամովին վերականգնել է խանութի ջարդած ապակու արժեքը, ինչպես նաև հաշվի է առել ամբաստանյալ Ա.Արամյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հանցագործության կատարմանը նրա մասնակցության աստիճանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Արամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել վերջինիս կողմից հանցագործության բացահայտմանը և հանցագործությամբ ձեռք բերված գույքի որոնմանն աջակցելը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` հանդիսանում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք և էականորեն նվազեցնում է անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ա.Արամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի արդարության և անհատականացման սկզբունքները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար ստուգման ու գնահատման չի ենթարկել Ա.Արամյանի կողմից կատարված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանն ու նրա անձին, հետևաբար չի բխում պատժի նպատակներից: Վերաքննիչ դատարանը, իր հերթին դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, օրինական ուժի մեջ է թողել այն` չանդրադառնալով և չվերացնելով քրեական օրենքի վերոնշյալ խախտումը:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Արամյանի նկատմամբ պատիժ են նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք են հանդիսանում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 3-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մայիսի 15-ի դատական ակտերը բեկանելու և գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Գագիկի Արամյանի մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 3-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մայիսի 15-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան