ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2012 թվականի N 1295-Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 835-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 2 հավելվածի 60-րդ կետի`
1. Ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով:
2. Հաստատել`
1) երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանը նպաստելն է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ ու այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինների գործունեության համակարգմանն աջակցելը.
2) երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության ու ռազմավարական ծրագրերի իրականացման և մշակման ապահովմանն աջակցելը.
3) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելը.
4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.
5) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական, համայնքային և մասնավոր հաստատությունների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
1) քննարկում է երեխաների պաշտպանության պետական ռազմավարական ծրագրերը.
2) ապահովում է երեխաների պաշտպանության պետական ռազմավարական ծրագրերի իրականացման մոնիթորինգի իրականացումը` հանձնաժողովին կից ստեղծելով մոնիթորինգի աշխատանքային խումբ, քննարկում և հաստատում է մոնիթորինգի աշխատանքային խմբի տարեկան աշխատանքային պլանը և հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում շահագրգիռ մարմիններին.
3) քննարկում և առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործունեությանն ուղղված քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
4) առաջարկություններ է ներկայացնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ.
5) քննարկում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման համար.
6) քննարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տալիս եզրակացություն.
7) ուսումնասիրում և վերլուծում է երեխայի իրավունքների խախտման պատճառներն ու ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
8) քննարկում է Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների տարեկան ծրագրերի հաշվետվությունները և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում առաջարկություններ.
9) առաջարկություններ է ներկայացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ.
10) ըստ անհրաժեշտության, կարող է իրականացնել ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական և մասնավոր հաստատությունների, ինչպես նաև երեխայի պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից իրականցվող ծրագրերը.
11) աջակցում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների վերապատրաստման գործընթացին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:
7. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող աշխատանքային ծրագրի հիման վրա:
8. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:
9. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
10. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
11. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
12. Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստեր կարող են գումարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
13. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
14. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ երեխաների պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստը կայանալու օրվանից մեկ շաբաթ առաջ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների գրավոր կարծիքները (դրանց առկայության դեպքում) կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
17. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունները.
5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում:
18. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) հարցեր է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.
3) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է հանձնաժողովի կողմից տրվող առաջարկությունների, եզրակացությունների նախագծերին, հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, հանձնաժողովի որոշումներին և դրանց քվեարկության արդյունքներին, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում գրավոր կարծիք.
5) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները.
6) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստը, ստորագրում է իր կողմից նախագահած նիստի արձանագրությունը.
7) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
19. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ և կանոնավոր իրականացումը.
2) հանձնաժողովի անդամներին է իրազեկում հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, տեղի և օրակարգի մասին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը և այն ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
4) նախապատրաստում է հանձնաժողովի նիստին քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը, սահմանված ժամկետում ուղարկում է հանձնաժողովի նախագահին և անդամներին.
5) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է արձանագրությունները և ներկայացնում հանձնաժողովի նախագահի ստորագրությանը.
6) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
7) հանձնաժողովի անդամների պահանջով վերջիններիս է տրամադրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի որոշումները` նիստին նրանց մասնակցելու հանգամանքից.
8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստերին այլ անձանց, իրազեկում հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, տեղի և օրակարգի մասին.
9) կազմում է հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունների նախագծերը.
10) կատարում է հանձնաժողովի նախագահի այլ հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ասատրյան | ‑ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Դարբինյան | ‑ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ֆ. Բերիկյան | ‑ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Օրբելյան | ‑ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ս. Բարսեղյան | ‑ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Միրզախանյան | ‑ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Ժ. Ասատրյան | ‑ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Ն. Հովհաննիսյան | ‑ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթական վարչության պետ |
Ռ. Ստեփանյան | ‑ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Ն. Դուրյան | ‑ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ |
Լ. Ղազարյան | ‑ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Մ. Անտոնյան | ‑Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Թադևոսյան | ‑«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Շահվերդյան | ‑«Առավոտ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան | ‑«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան | ‑Հայաստանի մանուկների հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Քոչարյան | ‑«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մնացականյան | ‑Հայ օգնության միության ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.10.2022, N 1224-Ն | 28.10.2022, N 1295-Ն | |
14.08.2020, N 925-Ն | 24.08.2020, N 1295-Ն | |
25.10.2019, N 1552-Ն | 09.11.2019, N 1295-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|