Գլխավոր տեղեկություն
Номер
N 1432-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1240
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2012
Дата вступления в силу
29.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1432-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 273-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը» բառերը փոխարինել «փոխհատուցումների տրամադրման հաշվարկի մեթոդաբանությունը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի N 2 աղյուսակի 3-րդ կետի 3-րդ սյունակում «Իրավական գրանցման կարգավիճակ ունեցող և իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ենթակա ինքնակամ կառույցներ» բառերը փոխարինել «Բոլոր ԱԵՏՏ-ները` անկախ իրավական գրանցման կարգավիճակից» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

4. Ոչ բնակելի կառույցներ/
ակտիվներ

 

Իրավական գրանցման կարգավիճակ ունեցող ԱԵՏՏ

Շինության կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ փոխարինման ամբողջ արժեքի (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)՝ գումարած 15% -ի չափով՝ առանց ամորտիզացիոն մասհանումների, գործարքային ծախսերի և ապամոնտաժված շինարարական նյութերի: Մասնակի ազդեցության դեպքում և ԱԵՏՏ-ի համաձայնությամբ փոխհատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի, ինչպես
նաև շինության վերանորոգման համար

   

Իրավական գրանցման կարգավիճակ ունեցող հողակտորի վրա կառուցված ինքնակամ կառույց ունեցող ԱԵՏՏ

Շինության կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց ամորտիզացիոն մասհանումների, գործարքային ծախսերի և ապամոնտաժված շինարարական նյութերի

   

Իրավական գրանցման կարգավիճակ չունեցող հողակտորի վրա կառուցված ինքնակամ կառույց ունեցող ԱԵՏՏ

Վերականգնման նպաստ՝ փոխարինման ամբողջ արժեքի չափով` առանց ամորտիզացիոն մասհանումների, գործարքային ծախսերի և ապամոնտաժված շինարարական նյութերի, հանած կառույցի օրինականացման ծախսերը, ինչը չպետք է գերազանցի շուկայական արժեքի 20 %-ը

   

Վերաբնակեցվող վարձակալ

Վերաբնակեցման և զգալի ազդեցություն կրելու նպաստ` նշված սույն աղյուսակի 9-րդ և 10-րդ կետերում

»:

 

բ. 8-րդ կետի 4-րդ սյունակում «նվազագույն աշխատավարձի» բառերը փոխարինել «միջին աշխատավարձի» բառերով.

 4) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ոչ բնակելի շինությունների և կառույցների համար`

ա. իրավական գրանցման կարգավիճակ ունեցող հողակտորի վրա կառուցված իրավական գրանցման կարգավիճակ ունեցող կառույց ունեցող ԱԵՏՏ-ին կտրվի փոխհատուցում` փոխարինման արժեք + 15 տոկոս օժանդակություն,

բ. ազդեցության ենթարկված այն անձինք, ովքեր չունեն շինության/կառույցի իրավունքի գրանցում, սակայն նշված շինությունը գտնվում է իրավական գրանցման կարգավիճակ ունեցող հողակտորի վրա, կփոխհատուցվեն՝ ստանալով փոխարինման արժեք` առանց 15 տոկոս հավելավճարի,

գ. ազդեցության ենթարկված անձանց, ովքեր չունեն շինության/կառույցի իրավունքի գրանցում և նշված շինությունը գտնվում է իրավական գրանցման կարգավիճակ չունեցող հողակտորի վրա, կտրվի վերականգնման նպաստ, որը հավասար է փոխարինման արժեք հանած օրինականացման ծախսերի: Օրինականացման ծախսերը չպետք է գերազանցեն կառույցի շուկայական արժեքի 20 տոկոսը,

 դ. ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված դեպքերի համար պարտադիր չէ: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ:».

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 1-ի N 1432-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 7-ի N 273-Ն որոշման

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Փոխհատուցումների տրամադրման հաշվարկի մեթոդաբանությամբ (այսուհետ՝ ակտ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածի N 2 աղյուսակի 8-րդ և 11-րդ կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու մեթոդաբանությունը:

2. Սույն ակտում օգտագործված են հետևյալ սահմանումները՝

1) ազդեցության ենթակա կողմեր են «իրավաբանական անձինք» և «անհատ ձեռնարկատերերը», որոնք ազդեցության գոտում իրականացնում են տնտեսական գործունեություն.

2) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է ծրագրի աշխատանքների արդյունքում.

3) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում.

4) ձեռնարկատիրական գործունեության մշտական ազդեցություն է համարվում այն, երբ վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով.

5) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադար է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:

3. Ըստ ՀՕՏՇ-ի` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով, որն ազդեցության գնահատման հետազոտությունների (ազդեցության ենթակա գույքի մանրամասն չափագրման և ազդեցության ենթակա անձանց/ընտանիքների հաշվառման) սկսման օրն է, որոնց արդյունքում կազմվում են ազդեցության ենթակա գույքերի նկարագրության արձանագրությունները: Կասեցման օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:

4. Սույն ակտով նախատեսվող յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվելիք փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից (այսուհետ՝ նվազագույն ամսական աշխատավարձ):

 

II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

5. Հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը՝

1) ավելացված արժեքի հարկ վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով (մշտական ազդեցության դեպքում 1 տարվա չափով, իսկ ժամանակավորի դեպքում` մինչև 1 տարի), որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին) հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով` կիրառելով հարկ վճարողի համախառն եկամտի մեջ ազդեցության գոտում գտնվող տնտեսական գործունեությունից եկամտի տեսակարար կշիռը.

2) ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով (մշտական ազդեցության դեպքում 1 տարվա չափով, իսկ ժամանակավորի դեպքում` մինչև 1 տարի), որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (ֆիզիկական անձի տարեկան եկամուտների) պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով` կիրառելով հարկ վճարողի համախառն եկամտի մեջ ազդեցության գոտում գտնվող տնտեսական գործունեությունից եկամտի տեսակարար կշիռը.

3) հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով (մշտական ազդեցության դեպքում 1 տարվա չափով, իսկ ժամանակավորի դեպքում` մինչև 1 տարի), որը հաշվարկվում է հաստատագրված վճարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված նախորդ տարվա հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և հաշվարկային շահութահարկի (հաշվարկային եկամտահարկի) գումարի տարբերության չափով.

 4) արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ եկամտի չափով (մշտական ազդեցության դեպքում 1 տարվա չափով, իսկ ժամանակավորի դեպքում` մինչև 1 տարի), որը հաշվարկվում է արտոնագրային վճարի մեջ օրենքով սահմանված եկամտահարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված նախորդ տարվա հարկվող եկամտի և հաշվարկային եկամտահարկի գումարի տարբերության չափով:

6. Հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը`

1) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով` 12 ամսվա համար.

2) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով` ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:

7. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների քանակը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամիս:

8. Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիայի ձեռքբերման գումարների փոխհատուցումը՝

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարի դեպքում հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման համար կատարված ծախսերի և գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի ամբողջ գումարի չափով: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարի դեպքում հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

9. Փոխհատուցման են ենթակա գրանցված այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա կազմակերպությունում, ազդեցության գնահատման հետազոտությունների/ազդեցության ենթակա անձանց հաշվառման օրվա դրությամբ երկու ամսվանից ոչ պակաս, և որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում վեց ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում (ժամանակավոր ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում գործունեության դադարեցման ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով, բայց գումարային ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

 

IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

10. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական փոխհատուցում 6 ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

11. Սոցիալապես խոցելի են՝

1) այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները.

3) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները:

12. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ԾԻԳ-ի խորհրդատու կազմակերպությունները բացահայտեն, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում, ապա ԾԻԳ-ը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանն սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան