Գլխավոր տեղեկություն
Номер
N 1435-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1243
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2012
Дата вступления в силу
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1435-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 12-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի երրորդ պարբերությունը «սեռը» բառից հետո լրացնել «օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն.» բառերով.

2) N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. III գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ»,

 գ. 8-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

 դ. 8-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ` պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս:»,

ե. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Անձը հանվում է հաշվառումից`

1) սեփականատիրոջ դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա,

2) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում:»,

զ. 10-րդ կետի երկրորդ պարբերությունը «տվյալները» բառից հետո լրացնել «` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով» բառերով,

է. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.

«Սույն կետում նշված կարգով զինապարտ քաղաքացին օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով հաշվառվում է զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,

ը. 11-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

թ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի հիման վրա տվյալ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու համար տեղական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայից էլեկտրոնային եղանակով պարզում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է: Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր կացարանի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու պարտականության և պարտականությունը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը դիմումում նշված` տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանում է հաշվառումից կամ նույն ժամկետում գրավոր մերժում է դիմումատուին, եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք:

Սույն կետով սահմանված հիմքով զինապարտ քաղաքացուն հաշվառումից հանելու դեպքում տեղական ռեգիստրը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ուղարկում տարածքային զինկոմիսարիատ:

Մինչև տեղական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայի հետ էլեկտրոնային կապով ապահովելը, բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց պարզելու նպատակով տեղական ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն կետի չորրորդ պարբերությունով նախատեսված գրավոր հարցմանը պատասխանում է այն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշառումից հանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք, ապա տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղական ռեգիստրը հաշվառումից հանված անձին ծանուցում է սույն կետով սահմանված կարգով և ժամկետում:»,

ժ. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժա. 17.1-ին, 17.4-րդ և 17.6-րդ կետերը «Չհաշվառված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող» բառերով,

ժբ. 17.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետով սահմանված ժամկետում փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,

ժգ. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից, դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստն ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկանք:

Սույն կետով նախատեսված անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանքը տեղական ռեգիստր ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին:

Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:»,

ժդ. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) բնակելի տարածությունը չունի հասցե,»,

ժե. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) բնակելի տարածությունը քանդված է կամ այլ կերպ դադարել է գոյություն ունենալ:»,

ժզ. 21-րդ կետի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ժէ. 23-րդ կետում «դրանք փոխանցում այն տեղական ռեգիստրին, որտեղ հաշվառված է եղել մահացած քաղաքացին» բառերը փոխարինել «դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում այն տեղական ռեգիստրին, որտեղ հաշվառված է եղել մահացած քաղաքացին: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից:» բառերով.

3) N 4 հավելվածի 3-րդ և 5-րդ կետերը «համաձայնություն» բառից հետո լրացնել «, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել,» բառերով:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին անշարժ գույքի գործող հասցեավորման աշխատանքներն ավարտել մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը` անշարժ գույքի հասցեավորումը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով իրականացվող աշխատանքների շրջանակում տրամադրվող կամ փոփոխվող հասցեների գրանցումը Հայաստանի Հանրապետության հասցեների ռեեստրում:

4. Առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրել այն շինությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք քանդված են կամ այլ կերպ դադարել են գոյություն ունենալ: Տեղեկություններն առաջին անգամ տրամադրելուց հետո սույն կետում նշված շինությունների վերաբերյալ նոր տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` այդ տվյալների մասին իրազեկվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժդ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան