Գլխավոր տեղեկություն
Номер
N 882-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.2012-20.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.739
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2003
Дата вступления в силу
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2003 թվականի N 882-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 92 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նախորդ ամսվա ընթացքում հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի վաճառքի մասին տեղեկատվությունը` նշելով վաճառքի ձևը, գույքի կազմը, հաշվեկշռային ու գնահատված արժեքները, վաճառքից ստացված գումարի չափը և գնորդների ստանձնած պարտավորությունները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում համատեղ սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգում նշված` օտարման որոշման վերաբերյալ եզրակացություն տալու սկզբունքները:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 882-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական կառավարչական հիմնարկներին (այսուհետ` հիմնարկ) ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարումը:

Սույն կարգը չի տարածվում պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման հետ կապված հարաբերությունների վրա:

(1-ին կետը լրաց. 27.09.07 N 1114-Ն)

2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային), մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձևով` սույն կարգի համաձայն ընդունված որոշման հիման վրա:

Հիմնարկին կամ կազմակերպությանն ամրացված գույքի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ, իսկ կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքի օտարումից ստացված միջոցները տնօրինվում են կազմակերպության կողմից:

Հիմնարկի կամ կազմակերպության լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

(2-րդ կետը լրաց. 28.12.06 N 1926-Ն, 01.11.12 N  1380-Ն)

 

II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

3. Հիմնարկներին ամրացված, կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված` օտարման ենթակա գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով:

Եթե բացակայում է օտարման ենթակա գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա գույքը ենթակա է գնահատման՝ գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից:

(3-րդ կետը լրաց. 10.02.05 N 138-Ն)

III. ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու վարչության եզրակացությամբ:

(4-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

ա) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

բ) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին,

գ) հիմնական միջոցն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսից ավելի լինել),

դ) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող պետական գույքի վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին,

ե) այլ տվյալների մասին:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կազմակերպության ղեկավարի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:

7. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը:

Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:

8. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-15 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու վարչության եզրակացությամբ:

(8-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն)

9. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի և 15 մլն դրամից ավելի գնահատված արժեք (արժեքների գումար) ունեցող հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ և վարչության եզրակացությամբ:

(9-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն)

10. Սույն կարգի 6-9-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները:

 

V. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Սույն կարգի 4-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է վարչությունը:

(11-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն)

12. Սույն կարգի 6-8 կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում է օտարման մասին որոշմամբ նախատեսված մարմինը, իսկ այդպիսին նախատեսված չլինելու դեպքում` վարչությունը:

13. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում (սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում` համապատասխան որոշման հետ միասին) վաճառվող գույքին համապատասխան հիմնարկը կամ կազմակերպությունը վարչություն են ներկայացնում`

ա) վաճառքի ենթակա գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

բ) տեղեկություններ օտարվող գույքի տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց հետ աճուրդի (մրցույթի) մասնակիցներին ծանոթացնելու օրերի, ժամերի և վայրի մասին.

գ) այլ տեղեկություններ` հիմնարկի կամ կազմակերպության հայեցողությամբ:

14. Գույքն ուղղակի վաճառքով օտարման ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Գույքը (բացառությամբ հողամասի) սույն կետով չօտարվելու դեպքում այն ենթակա է օտարման` աճուրդով կամ մրցույթով` սույն կարգով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 27.04.06 N 821-Ն, լրաց. 28.12.06 N 1926-Ն)

141. Գույքն աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(141-րդ  կետը լրաց. 27.04.06 N 821-Ն, 01.11.12 N  1380-Ն)

15. Սճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է օտարման մասին որոշմամբ) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:

16. Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

17. Աճուրդի (մրցույթի) կազմակերպիչը գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am հրապարակում է գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

(17-րդ կետը փոփ. 10.02.05 N 138-Ն, 26.05.11 N 725-Ն)

18. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

ա) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում.

բ) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

19. Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե օտարման մասին որոշմամբ հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է օտարման մասին որոշմամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսի չափով:

(19-րդ կետը փոփ. 10.02.05 N 138-Ն)

 

VI. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
(գլուխը լրաց. 01.11.12 N 1380-Ն)

 

20. Գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում գույքի օտարման նպատակով աճուրդը կարող է անցկացվել էլեկտրոնային եղանակով:

21. Էլեկտրոնային աճուրդն էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ վարչության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որոնք կազմակերպում և անցկացնում է վարչությունը:

22. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում տեղադրվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև աճուրդի ավարտի հաշվարկային ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի պայմանները, այդ թվում` օտարման ենթակա գույքի անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) և (կամ) արտադրման տարեթիվը, մեկնարկային գինը, ինչպես նաև այլ պայմաններ.

4) աճուրդի անցկացման կարգին ծանոթանալու պայմանները.

5) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները, ինչպես նաև համապատասխան հաշվեհամարները.

6) գույքի ուսումնասիրման ամսաթիվը, ժամանակը և վայրը:

23. Օտարման ենթակա գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

24. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք էլեկտրոնային կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում՝ լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են վճարում վարչության համապատասխան հաշվին և գրանցվում են համակարգում:

25. Էլեկտրոնային աճուրդի անցկացման, հրապարակային ծանուցման և աճուրդի մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:

26. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

27. Յուրաքանչյուր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցման հրապարակման տասներորդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

28. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում աճուրդի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի աճուրդի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն քայլի չափով, որը սահմանվում է մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:

29. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնման գին ներկայացրած աճուրդի մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

30. Էլեկտրոնային աճուրդում հաղթած աճուրդի մասնակցի վճարած նախավճարը հաշվանցվում է համապատասխան հաշվին:

31. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած աճուրդի մասնակցի վճարած նախավճարը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

32. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվին փոխանցել (կամ վճարել) գույքի գնման գինը: Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:

33. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինն ամբողջությամբ վճարվելուց հետո տասնօրյա ժամկետում նրա հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր:

34. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել գնման գինը:

35. Սույն կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

36. Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլեկտրոնային աճուրդ:

37. Էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է նախորդ աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:

38. Սույն կարգի համաձայն էլեկտրոնային աճուրդով գույքի վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի։

(գլուխը լրաց. 01.11.12 N 1380-Ն)

(հավելվածը խմբ. 27.11.03 N 1608-Ն, լրաց., փոփ. 10.02.05 N 138-Ն, խմբ., լրաց. 27.04.06 N 821-Ն, լրաց. 28.12.06 N 1926-Ն, 27.09.07 N 1114-Ն, փոփ. 26.05.11 N 725-Ն, լրաց. 01.11.12 N  1380-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան