Գլխավոր տեղեկություն
Номер
N 1624-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.01.08/1(445) Հոդ.1398.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2012
Дата вступления в силу
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1624-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1664-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Թույլատրել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց) միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) ինստիտուտի սովորողների, աշխատողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

8) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

9) առողջարարական ֆիտնեսի ոլորտի մարզիչների, հրահանգիչների վերապատրաստման կուրսերի կազմակերպում.

10) մարզական տարբեր մասնագիտությունների խմբակների կազմակերպում և մարզումների անցկացում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1624-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1664-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) կրթական և գիտահետազոտական ինքնավար, պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, կինեզիոլոգիայի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, մարզական լրագրության ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական ու գիտահետազոտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների, նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

4. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր ավանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, դրոշ, խորհրդանշան և օրհներգ:

5. Ինստիտուտի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «ՖԿՀՊԻ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «Армянский государственный институт физической культуры» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ` «АГИФК» ГНКО.

5) անգլերեն լրիվ` «Armenian State Institute of Physical Culture» State Non Profil Օrganization.

6) անգլերեն կրճատ` «ASIPC» SNPO:

6. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-375070, Ալեք Մանուկյան 11:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Ինստիտուտի հիմնական խնդիրներն են`

1) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների` ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ, մարզիչներ, կինեզիոլոգներ, ադապտիվ ֆիզկուլտուրայի և մարզական լրագրողների պատրաստումը, նրանց մասնագիտական որակավորման բարձրացումն ու վերաորակավորումը.

2) ֆիզիկական դաստիարակությանը վերաբերող գիտությունների զարգացումն ու տարածումը, գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.

3) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, ժամանակակից մասնագիտությունների և մասնագիտացումների ներդրումը.

4) կրթության որակի ապահովման և վերահսկման համապատասխան համակարգի ներդրումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

6) սովորողների մեջ մասնագիտական բարձր որակների, պատշաճ վարքի և վարվելակերպի, քաղաքացիական կեցվածքի և հայրենասիրության, ստեղծագործական ունակությունների դաստիարակումը.

7) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

8) սովորողներին ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.

9) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն տալու միջոցով անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բարելավումը.

10) սփյուռքի հետ կապերի զարգացումը.

11) առողջ ապրելակերպի և սպորտի քարոզչությունը:

8. Առաջադրված խնդիրներին համապատասխան՝ ինստիտուտն իրավասու է`

1) կազմելու ուսումնական պլաններ և ծրագրեր, իրականացնելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ այլ կրթական ծրագրեր.

2) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական կենտրոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

3) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, հրատարակելու ուսումնական ու գիտական գրականություն, իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

4) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների ու սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի և կարգի ընտրության հարցերը.

5) կազմակերպելու ասպիրանտների ընդունելությունը և հայցորդների ձևակերպումը.

6) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

7) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.

8) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու ինստիտուտի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.

9) սահմանելու և շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.

10) իր կնքած պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ.

11) վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը, կառավարելու իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշելու դրանց օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը.

12) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

9. Ինստիտուտն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց) միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) ինստիտուտի սովորողների, աշխատողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

8) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

9) առողջարարական ֆիտնեսի ոլորտի մարզիչների, հրահանգիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպում.

10) մարզական տարբեր մասնագիտությունների խմբակների կազմակերպում և մարզումների անցկացում:

10. Ինստիտուտում արգելվում են հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ:

12. Հիմնադիրը`

1) սահմանում է ինստիտուտի անվանումը, գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը.

2) հաստատում է ինստիտուտի կանոնադրությունը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, իր անունից առաջադրում է ինստիտուտի խորհրդի անդամներ, հաստատում է ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները, իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

13. Լիազոր պետական մարմինը`

1) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

3) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

4) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.

5) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

14. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

15. Ինստիտուտի խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

16. Ինստիտուտի խորհուրդը կազմված է 24 անդամից՝

1) ինստիտուտի խորհրդի կազմի 25 տոկոսը հիմնադրի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձանցից.

2) ինստիտուտի խորհրդի կազմի 25 տոկոսը լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կրթության և սպորտի ոլորտների ճանաչված գործիչներից, ինչպես նաև ինստիտուտի և սպորտի հետ համագործակցող գործատուներից.

3) ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.

4) ինստիտուտի խորհրդի կազմի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների ուսանողական խորհուրդները` յուրաքանչյուրից երեքական անդամ: Ինստիտուտի խորհրդի անդամ կարող են առաջադրվել բարձր առաջադիմությամբ և (կամ) մարզական նվաճումների արժանացած սովորողները.

5) ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում.

6) ինստիտուտի ռեկտորը չի կարող լինել ինստիտուտի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով.

7) ինստիտուտի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին։

17. Խորհուրդը`

1) քննարկում և հաստատում է ինստիտուտի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը.

2) հաստատում է ինստիտուտի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է ինստիտուտի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է ինստիտուտի ռեկտորին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություն ինստիտուտի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգը:

18. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա ինստիտուտի խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. Ինստիտուտի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Խորհրդի նախագահը չի կարող լինել ինստիտուտում հաստիքային աշխատող կամ սովորող: Ինստիտուտի խորհրդի նախագահը ինստիտուտում ժամավճարային կարգով կարող է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:

20. Ինստիտուտի խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

21. Ինստիտուտի խորհրդի անդամների իրավասությունը, նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են ինստիտուտի խորհրդի աշխատակարգով:

22. Ինստիտուտի խորհրդի նիստը գումարվում է առնվազն տարեկան մեկ անգամ:

23. Ինստիտուտի խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազոր մարմնի, ինստիտուտի ռեկտորի, ինստիտուտի խորհրդի կամ ինստիտուտի գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Ինստիտուտի խորհրդի կամ ինստիտուտի գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ողջամիտ ժամկետում և օրակարգով:

24. Ինստիտուտի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը:

25. Ինստիտուտի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ այլ բան չի նախատեսվում:

26. Ինստիտուտի գիտական խորհուրդը լուծում է ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

27. Ինստիտուտի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

28. Ինստիտուտի գիտական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

29. Ինստիտուտի գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ` որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետները, գիտահետազոտական կենտրոնը, ինչպես նաև ամբիոնները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները.

3) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.

4) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.

5) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

6) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ինստիտուտի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

7) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.

8) շնորհում է գիտական կոչումներ և հաստատում գիտամանկավարժական համակազմի պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.

9) ինստիտուտի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

10) առաջարկություններ է ներկայացնում ռեկտորատ ինստիտուտի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

11) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական, մարզական կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

30. Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 35-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ինստիտուտի գլխավոր հաշվապահը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան:

31. Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ինստիտուտի ուսանողական խորհուրդը:

32. Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

33. Ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը, աշխատանքի կարգը սահմանում է ինստիտուտի գիտական խորհուրդը:

34. Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ինստիտուտի աշխատանքի արդյունքների համար:

35. Ինստիտուտի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

36. Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը:

37. Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

38. Ինստիտուտի ռեկտորը`

1) ղեկավարում է ինստիտուտի կրթական, գիտական, մարզական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է ինստիտուտի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում և ղեկավարում է ինստիտուտի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ինստիտուտի խորհրդին.

5) ինստիտուտի խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ինստիտուտի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.

6) ապահովում է ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

7) ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.

8) ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, այլ ներքին իրավական ակտեր.

9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ինստիտուտի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, հաստատում է ինստիտուտի հաստիքացուցակը, աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.

10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ինստիտուտի գործունեությանն առնչվող այլ հրամաններ.

11) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է պրոռեկտորներին, գիտահետազոտական կենտրոնի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

12) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորում.

13) կնքում է աշխատանքային պայմանագրեր ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.

14) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

15) տալիս է ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ինստիտուտի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:

39. Ինստիտուտի ռեկտորն առանց լիազորագրի գործում է ինստիտուտի անունից, ներկայացնում է նրա շահերը պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ինստիտուտի գույքն ու ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է:

 40. Ռեկտորի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

41. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

42. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են ինստիտուտի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

43. Ինստիտուտի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ինստիտուտի ռեկտորի հրամանով: Ինստիտուտի խորհրդի և ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ինստիտուտի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

44. Ինստիտուտը կրթական, գիտական, մշակութային և մարզական հաստատություն է, որի միասնությունն ապահովվում է`

1) կրթական և գիտահետազոտական գործընթացներին իր բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

2) ինստիտուտի խորհրդի, ինստիտուտի գիտական խորհրդի որոշումները, ռեկտորի հրամանները և կարգադրությունները բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պարտադիր կատարմամբ:

45. Ինստիտուտն ինքնուրույն է իր կառուցվածքը ձևավորելու գործում:

46. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, գիտահետազոտական կենտրոնը և այլ ստորաբաժանումներ։

47. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակը և իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ինստիտուտի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:

48. Ինստիտուտի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:

49. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը, որոնք իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը:

50. Ֆակուլտետն իրականացնում է ուսումնական, գիտական, մարզական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներ, մշակում է իր հաստիքացուցակը` ըստ սահմանված չափանիշների, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

51. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական, գիտական և այլ օժանդակ ստորաբաժանումներից:

52. Ֆակուլտետի խորհրդի` որպես ֆակուլտետի կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհուրդը կազմված է ի պաշտոնե և ընտրովի անդամներից: Ֆակուլտետի խորհրդի ի պաշտոնե անդամների թիվը չի կարող գերազանցել խորհրդի կազմի 50 տոկոսը:

53. Ֆակուլտետի խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

54. Ֆակուլտետի խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվի:

55. Ֆակուլտետի խորհուրդը ինստիտուտի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը, լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը:

56. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան:

57. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում և (կամ) գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը:

58. Դեկանն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ինստիտուտի գիտական խորհրդում ամենաշատ, բայց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն:

59. Ինստիտուտի ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և դեկանին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է դեկանի ընտրության ընթացակարգով:

60. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, մարզական, արտադրական և այլ գործունեությունը.

2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի և որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունը.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, ուսանողներին հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված և ֆակուլտետի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

61. Ամբիոնը ֆակուլտետի կրթական, գիտական և մարզական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

62. Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները:

63. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, մարզական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:

64. Ինստիտուտի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ինստիտուտի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

65. Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով` 5 տարի ժամկետով, ինստիտուտի գիտական խորհրդում` ամբիոնի կարծիքն ստանալուց հետո:

66. Ինստիտուտի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգով:

67. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական, մարզական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը ինստիտուտի, ֆակուլտետի, ինստիտուտի ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:

68. Ամբիոնի կրթական, գիտական, մարզական, հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի նիստերում:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

69. Սովորողների` ինստիտուտի ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

70. Ինստիտուտում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

71. Ինստիտուտում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

72. Ինստիտուտում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով:

73. Ինստիտուտի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:

74. Ինստիտուտում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

75. Ինստիտուտում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

76. Ինստիտուտի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

77. Ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

78. Ինստիտուտը կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

79. Ինստիտուտում կարող է գործել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

80. Ինստիտուտի գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներ.

3) հանրապետական և միջազգային դրամաշնորհային միջոցներ.

4) հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններ.

5) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

81. Ինստիտուտի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական համակազմ, գիտական աշխատողներ), վարչական, ուսումնաօժանդակ, տնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական և այլ տարակարգերի:

82. Ինստիտուտի սովորողներն են ուսանողները և ասպիրանտները:

83. Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ինստիտուտի կոլեկտիվ պայմանագրով և այլ ներքին իրավական ակտերով:

84. Ինստիտուտի աշխատողներն իրավունք ունեն`

1) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

2) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը.

3) ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.

4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում.

5) ինստիտուտի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան` օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև ինստիտուտի սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների, մարզաբազաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու ինստիտուտի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը.

7) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.

8) ստանալու դրամական հատուցում՝ աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.

9) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ` դրամական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ինստիտուտի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ՝ մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.

11) ըստ նախասիրությունների` կազմակերպելու և մասնակցելու ինստիտուտում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ։

85. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

86. Ինստիտուտում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համաձայն սույն կանոնադրության և գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման կարգի:

87. Ինստիտուտի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ինստիտուտի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների օրինական որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, ոչ պակաս, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում:

88. Ինստիտուտի սովորողներն իրավունք ունեն`

1) սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

2) ստանալու գիտության, տեխնիկայի և սպորտի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ինստիտուտում կարդացվող դասախոսություններին.

3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ինստիտուտում ըստ սահմանված կարգի.

6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու ինստիտուտի կառավարման մարմինների աշխատանքներին.

8) օգտվելու ինստիտուտի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

9) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

10) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

11) բողոքարկելու ինստիտուտի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ինստիտուտի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ՝ անվանական) կրթաթոշակ.

14) ծանոթանալու ինստիտուտի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերի.

15) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

16) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

17) սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

18) ուսման բարձր առաջադիմության, մարզական հաջողությունների, հասարակական ակտիվության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ինստիտուտի կողմից սահմանված կարգով.

19) ինստիտուտի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

89. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու ինստիտուտում:

90. Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:

91. Ինստիտուտի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ինստիտուտի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատար վերաբերվել ինստիտուտի գույքին.

6) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձավճարը:

92. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում սույն կանոնադրությամբ, այլ ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը` ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

93. Ինստիտուտի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց շնորհվում է որակավորման աստիճան և տրվում է ինստիտուտի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով: Ավարտական փաստաթղթի առկայությունը պարտադիր է ինստիտուտում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար:

94. Հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է ինստիտուտի` սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

95. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ինստիտուտի` սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

96. Ինստիտուտի ուսանողական խորհուրդը ինստիտուտում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինստիտուտի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: Ինստիտուտի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

97. Ինստիտուտի ուսանողական գիտական ընկերությունը ինստիտուտում գործող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

98. Ինստիտուտի գույքը կազմված է ինստիտուտին սեփականության իրավունքով պատկանող գույքից և հիմնադրի կողմից ինստիտուտին անհատույց և անժամկետ ամրացված շենքերից, շինություններից, կառույցներից, հողամասերից և այլ անշարժ գույքից:

99. Ինստիտուտի սեփականությունը, բացի կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող գույքից, ձևավորվում է ինստիտուտի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

100. Ինստիտուտն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: Ինստիտուտն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

101. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

102. Ամրացված գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

103. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

104. Ինստիտուտի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

1) պետական գույք, որը հանձնվել է ինստիտուտին՝ անհատույց օգտագործման համար.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները.

3) ինստիտուտի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքները.

4) այն միջոցները, որոնք գոյանում են ինստիտուտին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներից.

5) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, նվիրված և կտակված գույքը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

105. Ինստիտուտն իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

106. Ինստիտուտի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

107. Ինստիտուտի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

108. Ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

109. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան