ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0617/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0617/02/10 2012 թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
Դատավորներ՝ | Ս. Միքայելյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզան Գյոզալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել և Էլմիրա Գալստյանների ընդդեմ Ռուզան Գյոզալյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, և ըստ Ռուզան Գյոզալյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել և Էլմիրա Գալստյանների, Ապարանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ բնակարանի մանրահատակը վերանորոգելու, ջրագիծը վերականգնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սամվել և Էլմիրա Գալստյանները պահանջել են բռնագանձել Ռուզան Գյոզալյանից 1.200.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի գումար, 42.000 ՀՀ դրամ՝ որպես «Անիկոմ» ՍՊԸ-ին փորձաքննության համար վճարված գումար, ինչպես նաև դատական ծախսերը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռուզան Գյոզալյանը պահանջել է պարտավորեցնել Սամվել և Էլմիրա Գալստյաններին, Ապարանի քաղաքապետարանին վերանորոգել իր բնակարանի մանրահատակը, և վերականգնել բազմաբնակարան շենքի նախագծով նախատեսված ընդհանուր ջրագիծը:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2011 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2011 թվականի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2011 թվականի վճռի դեմ Սամվել և Էլմիրա Գալստյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2011 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության, իսկ հակընդդեմ հայցը մերժելու մասը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 29.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.03.2012 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2011 թվականի վճռի դեմ Ռուզան Գյոզալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզան Գյոզալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել և Էլմիրա Գալստյանների ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վնասի հատուցման համար պետք է առկա լինի այն պատճառած անձի մեղքը: Տվյալ դեպքում Ռուզան Գյոզալյանի մեղքի առկայությունը բացակայում է, հետևաբար նա չի կարող պատասխանատվություն կրել: Իսկ այն, որ վնաս պատճառելու մեջ Ռուզան Գյոզալյանի մեղքը բացակայում է, հաստատված է թե՛ հարևանների հայտարարություններով և թե՛ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Ապարան» ենթատեղամասի Քաղաքապետարանին հասցեագրված գրությամբ, ըստ որի՝ վթարը տեղի է ունեցել 3-րդ, 4-րդ հարկեր մղող 40 մմ տրամաչափի խողովակի 2-րդ հարկով անցնող խողովակի կցորդիչից և տևել է մի քանի րոպե: Այսինքն՝ սույն գործով չեն հաստատվել Ռուզան Գյոզալյանի անզգուշությամբ կամ դիտավորությամբ կատարված այնպիսի գործողություններ, որոք հանգեցրել են վնասի պատճառմանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում պատճառված վնասի չափը չի հաշվարկվել, քանի որ սկզբնական հայցով հայցվորները, պատասխանելով հարցադրումներին, նշել են, որ 1.200.000 ՀՀ դրամը կատարված վերանորոգման ծախսն է: Այսինքն՝ սույն գործով առկա չէ որևէ գրավոր ապացույց սկզբնական հայցվորին պատճառված իրական վնասի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 29.12.2011 թվականի վճիռը, բազմակողմանի, լիրվ և օբյեկտիվ հետազոտել և գնահատել է գործով ձեռք բերված ապացույցները: Ընդ որում, հաշվի է առնվել, որ Ռուզան Գյոզալյանի կողմից չի ներկայացվել վնասն իր մեղքով պատճառված չլինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 10.11.2004 թվականի թիվ 1613945 վկայականի համաձայն՝ Ապարանի Գայի փողոցի թիվ 3 շենքի 158,8 քմ մակերեսով բացվածքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Սամվել և Էլմիրա Գալստյաններին (հատոր 1-ին, գ.թ. 90-92):
2) Ապարանի քաղաքապետի կողմից 23.07.2010 թվականին հաստատված ակտի համաձայն՝ «Գայի փողոցի թիվ 3 շենքի ծիսակատարությունների սրահի սեփականատեր, Չարենցի փողոցի թիվ 35 տան բնակիչ Սամվել Գալստյանի 19.07.2010 թվականի դիմումի հիման վրա 20.07.2010 թվականին ուսումնասիրվել է նույն բնակելի շենքի 2-րդ հարկի 22-րդ բնակարանի բնակիչ Ռուզան Գյոզալյանի բնակարանից ջրի արտահոսքի պատճառով Սամվել Գալստյանի սեփականությանը հասցված վնասը: Ուսումնասիրման պահին հատակի սալահատակը պատված էր ջրի շուրջ 2 սմ մակարդակով, ամբողջ ծածկը, պատերը, սյուները գտնվում էին խոնավացած վիճակում, առաստաղից տեղ-տեղ թափվել էին ծեփոնները, խափանվել էր էլեկտրական ներքին ցանցը: Վնասի չափն ավելի ճշգրտված որոշելու համար 22.07.2010 թվականին կրկին ուսումնասիրվեց և պարզվեց, որ Սամվել Գալստյանի շինությանը պատճառվել է հետևյալ չափի վնաս. շարքից դուրս է եկել առաստաղի և պատերի կոսմետիկ հարդարումը՝ 549 քմ, պրեսգրանիտից շրիշակի շարվածքը՝ 1,7 քմ, էլհաղորդալարերը՝ 90 գծմ, կոյուղագծի քողարկումը՝ 4,5 քմ» (հատոր 1-ին, գ.թ. 29):
3) Քաղաքապետարանին հասցեագրված «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Ապարան» ենթատեղամասի 30.07.2010 թվականի թիվ ՎԱ 1552 գրության համաձայն՝ «… կատարվել է ուսումնասիրություն Ապարանի Գայի փողոցի 3/22 հասցեի բնակարանում: Բնակիչ բաժանորդը նախկին ջրամատակարարման մետաղյա խողովակները փոխարինել է մետաղապլաստ խողովակով: Վթարը տեղի է ունեցել իր բնակարանից վերև բարձրացող խողովակների թույլ միացման (կցորդիչի) պատճառով» (հատոր 1-ին, գ.թ. 61):
4) «Անիկոմ» ՍՊԸ-ի 04.08.2010 թվականի թիվ ՊԳ 15 հաշվետվության համաձայն՝ Ապարանի Գայի փողոցի թիվ 3 շենք հասցեում գտնվող ծիսակատարությունների սրահի վերանորոգման (վերականգնման) ծախսերի արժեքը հաշվարկված առ 04.08.2010 թվականի դրությամբ կազմում է 1.200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 82-89):
5) Վթարը վերականգնող մասնակիցների կողմից 18.07.2010 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ «… Ջրահոսքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում՝ 4-րդ հարկ մղող 40 մմ տրամաչափի խողովակի 2-րդ հարկի միջով անցնող խողովակից, նույն հարկից հաջորդ հարկերին սպասարկող խողովակի կցման տեղից՝ ջրի բարձր ճնշման պատճառով: Րոպեներ անց բնակիչների միջոցով նույն խողովակի առաջին հարկում տեղադրված անջատիչից կատարվել է ջրի անջատում և խողովակի վնասված մասի նորոգում…» (հատոր 2-րդ, գ.թ. 51):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես՝ Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Ընդ որում, օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է պատասխանող կողմը (տես`«Սասնա-Մանանա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի թիվ ԵՔԴ/0086/02/08 որոշումը):
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերով ապացուցվում է, որ հայցվորներին վնասը հասցվել է բազմաբնակարան շենքի պատասխանողին պատկանող բնակարանում ջրատար խողովակներն իրենց իսկ կողմից փոխելու արդյունքում խողովակների թույլ միացման պատճառով»:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Սամվել և Էլմիրա Գալստյանները հայցադիմումի հիմքում դրել են այն հանգամանքը, որ Ռուզան Գյոզալյանի բնակարանից տեղի է ունեցել ջրի արտահոսք, որի արդյունքում պատճառվել է վնաս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի` համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:
Սույն գործի փաստերի համաձայն` 23.07.2010 թվականին Ապարանի քաղաքապետի կողմից հաստատված ակտի համաձայն՝ «Գայի փողոցի թիվ 3 շենքի ծիսակատարությունների սրահի սեփականատեր, Չարենցի փողոցի թիվ 35 տան բնակիչ Սամվել Գալստյանի 19.07.2010 թվականի դիմումի հիման վրա 20.07.2010 թվականին ուսումնասիրվել է նույն բնակելի շենքի 2-րդ հարկի 22-րդ բնակարանի բնակիչ Ռուզան Գյոզալյանի բնակարանից ջրի արտահոսքի պատճառով Սամվել Գալստյանի սեփականությանը հասցված վնասը: Ուսումնասիրման պահին հատակի սալահատակը պատված էր ջրի շուրջ 2 սմ մակարդակով, ամբողջ ծածկը, պատերը, սյուները գտնվում էին խոնավացած վիճակում, առաստաղից տեղ-տեղ թափվել էին ծեփոնները, խափանվել էր էլեկտրական ներքին ցանցը: Վնասի չափն ավելի ճշգրտված որոշելու համար 22.07.2010 թվականին կրկին ուսումնասիրվեց և պարզվեց, որ Սամվել Գալստյանի շինությանը պատճառվել է հետևյալ չափի վնաս. շարքից դուրս է եկել առաստաղի և պատերի կոսմետիկ հարդարումը՝ 549 քմ, պրեսգրանիտից շրիշակի շարվածքը՝ 1,7 քմ, էլհաղորդալարերը՝ 90 գծմ, կոյուղագծի քողարկումը՝ 4,5 քմ»: Քաղաքապետարանին հասցեագրված «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Ապարան» ենթատեղամասի 30.07.2010 թվականի թիվ ՎԱ 1552 գրության համաձայն՝ «… կատարվել է ուսումնասիրություն Ապարանի Գայի փողոցի 3/22 հասցեի բնակարանում: Բնակիչ բաժանորդը նախկին ջրամատակարարման մետաղյա խողովակները փոխարինել է մետաղապլաստ խողովակով: Վթարը տեղի է ունեցել իր բնակարանից վերև բարձրացող խողովակների թույլ միացման (կցորդիչի) պատճառովե, իսկ վթարը վերականգնող մասնակիցների կողմից 18.07.2010 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ «… Ջրահոսքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում՝ 4-րդ հարկ մղող 40 մմ տրամաչափի խողովակի 2-րդ հարկի միջով անցնող խողովակից, նույն հարկից հաջորդ հարկերին սպասարկող խողովակի կցման տեղից՝ ջրի բարձր ճնշման պատճառով: Րոպեներ անց բնակիչների միջոցով նույն խողովակի առաջին հարկում տեղադրված անջատիչից կատարվել է ջրի անջատում և խողովակի վնասված մասի նորոգում…»:
Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամվել և Էլմիրա Գալստյանները չեն ապացուցել պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքները: Այսինքն՝ սույն գործով հիմնավորված չէ, որ Ռուզան Գյոզալյանի ոչ օրինաչափ գործողությունների արդյունքում է խողովակների կցորդիչից առաջացել ջրի արտահոսք, որն էլ հանգեցրել է վնասների առաջացմանը:
Ինչ վերաբերում է «Անիկոմ» ՍՊԸ-ի 04.08.2010 թվականի թիվ ՊԳ 15 հաշվետվությանը, որի համաձայն՝ Ապարանի Գայի փողոցի թիվ 3 շենք հասցեում գտնվող ծիսակատարությունների սրահի վերանորոգման (վերականգնման) ծախսերի արժեքը հաշվարկված առ 04.08.2010 թվականի դրությամբ կազմում է 1.200.000 ՀՀ դրամ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցը թույլատրելի չէ, քանի որ դրանից հնարավոր չէ պարզել, թե ծիսակատարությունների սրահը մինչև ջրի արտահոսքն ինչպիսի վիճակում է եղել: Այսինքն՝ բացակայում է ծիսակատարությունների սրահի նախնական վիճակի նկարագրությունը: Հետևաբար նման պայմաններում չէր կարող պարզվել պատճառված իրական վնասի չափը:
Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Անիկոմ» ՍՊԸ-ի 04.08.2010 թվականի թիվ ՊԳ 15 հաշվետվությամբ չի հիմնավորվում վնասի չափը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ այլ փորաձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ սույն գործով չի պարզվել ծիսակատարությունների սրահի նախնական վիճակը, որի հետ համեմատության մեջ դնելով ջրի արտահոսքից հետո առաջացած վիճակը՝ հնարավոր կլիներ պարզել իրական վնասը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով հայեցողական լիազորությունն իրականացնելիս անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ ծիսակատարությունների սրահի նախնական, ջրի արտահոսքից հետո առաջացած վիճակը, ինչպես նաև իրական վնասները պարզելու համար:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված հիմնավորումները հերքվում են վերը բերված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |