Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1256.13
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.08.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
24.08.2012
Дата вступления в силу
24.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0022/11/12

Գործ թիվ ԵԿԴ/0022/11/12

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

      

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին

Երևան քաղաքում

 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի, Սարիբեկ Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2012 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ Լ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի փետրվարի 15-ին դիմողներ Ֆահրադ Ոսկանյանը, Սամվել Թամարյանը, Գառնիկ Աբազյանը, Սարիբեկ Հոռոմսիմյանը, Ղարիբ Միտիչյանը, Ալբերտ Օվիյանը և Դեմենտի Թադևոսյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը:

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ դիմողներ Ֆ.Ոսկանյանի, Ս.Թամարյանի, Գ.Աբազյանի, Ս.Հոռոմսիմյանի, Ղ.Միտիչյանի, Ա.Օվիյանի և Դ.Թադևոսյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել Ֆ.Ոսկանյանի, Ս.Թամարյանի, Գ.Աբազյանի, Ս.Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լ.Հակոբյանը և Տ.Եգորյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել փաստաբան Լ.Հակոբյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը Ֆ.Ոսկանյանի, Ս.Թամարյանի, Գ.Աբազյանի, Ս.Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լ.Հակոբյանի և Տ.Եգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում են` առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:

(…)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բողոքարկվող որոշման ուսումնասիրությունից երևում է, որ այն կայացվել է 2012 թվականի ապրիլի 20-ին: Որոշման եզրափակիչ մասում նշվել է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` 10 օրվա ընթացքում, սակայն չի նշվել, որ հրապարակվելու պահից» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 85):

Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Դատական վարույթի նյութերի, վերաքննիչ բողոքի և բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը, ծրարի վրա արված դրոշմակնիքի համաձայն` փոստին է հանձնվել 2012 թվականի մայիսի 14-ին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մուտք եղել` 2012 թվականի մայիսի 16-ին, այսինքն` վերաքննիչ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, հետևաբար, վերաքննիչ բողոքը ժամկետանց է» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 2-12, 82, 85):

Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754 -րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

(…) Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի, Սարիբեկ Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 85-86):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

 6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ, վերաքննիչ բողոքը թողնելով առանց քննության, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի, 41-րդ հոդվածի 1-ին մասի և 379-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 101 -րդ կետերը և նշել, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը գործն ըստ էության լուծող դատական ակտ է, քանի որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը հանդիսանում է վերջնական, գործն ըստ էության լուծող ակտ՝ անկախ նրանից թե կայացվել է մինչդատական վարույթի, թե գործի դատական քննության ընթացքում: Հետևաբար, այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշումը բողոքարկվում է դատական կարգով, դատարանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումը պետք է դիտվի որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի և դատարանի կողմից կայացված որոշումների իրավական հետևանքները նույնարժեք են, իսկ միակ տարբերությունը որոշումը կայացնող սուբյեկտներն են:

Վերոշարադրյալ դատողություններից բողոք բերած անձը եզրակացրել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը գործն ըստ էության լուծող դատական ակտ է և ենթակա է վերաքննիչ բողոքարկման մեկամսյա և ոչ թե տասնօրյա ժամկետում: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ, իսկ բողոքը ժամկետանց համարելու մասին Վերաքննիչ դատարանի դատողությունները հիմնավոր չեն:

7. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման համար նախատեսված ժամկետը չի կարող հաշվարկվել այնպես, որ տասնօրյա ժամկետն սկսի հոսել վերոնշյալ որոշումը դատական նիստերի դահլիճում հրապարակելու և ոչ թե այն ստանալու պահից:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածում առկա՝ «հրապարակելու պահից տասնօրյա ժամկետում» ձևակերպման իմաստով դատական ակտի հրապարակման պահ պետք է դիտարկել բողոք բերող անձի կողմից տվյալ դատական ակտն ստանալու և ոչ թե նիստերի դահլիճում այն հրապարակելու պահը: Ըստ բողոք բերած անձի, նշված մոտեցումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից, որի համաձայն՝ նշված դատարանի դատական ակտերի հրապարակման պահ է համարվում դրանք դիմողին հանձնելու օրը: Բացի այդ, բողոքաբերն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման եզրափակիչ մասում «հրապարակման պահից» ձևակերպում առկա չէ:

Վերոշարադրյալ դատողություններից բողոք բերած անձը եզրակացրել է, որ անգամ եթե սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը մեկնաբանվի որպես գործն ըստ էության չլուծող դատական ակտ, միևնույնն է այն բողոքարկվել է օրենքով սահմանված ժամկետում:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 25-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատական ստուգման ենթարկելու արդյունքում Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի վերաքննիչ բողոքարկման համար սահմանված ժամկետների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշումն ուժի մեջ թողնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումն արդյո՞ք գործն ըստ էության լուծող դատական ակտ է:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ վերջնական որոշումը քրեական վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշումն է, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 101 -րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն են առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:

Մեջբերված քրեադատավարական նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական որոշման տեսակներից մեկն են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի տառացի մեկնաբանությունից երևում է, որ «գործն ըստ էության լուծող որոշում» հասկացությունն օրենսդիրը տարբերակել է «քրեական վարույթը շարունակելը բացառող որոշում» հասկացությունից, բացի այդ, վկայակոչված քրեադատավարական դրույթի վերլուծությունից հետևում է նաև, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի հասկացությունը բնորոշելիս օրենսդիրը թվարկել է այն ակտերը, որոնք կայացվում են բացառապես դատարանի կողմից գործի՝ ըստ էության քննության փուլում:

12. Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների բողոքարկման դեպքերն ու դրանց դատավարական ընթացակարգը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

2. (…) Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել (...), ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան՝ այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում։

(...)»:

Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների բողոքարկման ժամկետի հետ կապված` ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշման 5-րդ կետի համաձայն` «(...) Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 263-րդ հոդվածների հարաբերակցության խնդրին` ժամկետային կարգի սահմանման առնչությամբ, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե օրենսգիրքը նախատեսում է 290-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ընդհանուր կարգից շեղում այլ իրավադրույթներում, ապա իրավական անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ էր թեկուզ հավելել` «... եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ» բառակապակցությունը: Առկա խմբագրությունը և նշված երկու հոդվածներում ժամկետային կարգավորումները հստակ տարբերակված չեն, որը, ինչպես վկայում են քննության առարկա գործի նյութերը, մարդու իրավունքների խախտման իրական վտանգ է բովանդակում: Այդ անհամապատասխանությունը թերևս առաջացել է այն պատճառով, որ 21.02.2007թ. ՀՕ-93-Ն օրենքով օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերջինս համակարգային ամբողջականության մեջ չի դիտարկվել 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ: Մինչև փոփոխությունն այդ դրույթը պարզապես սահմանել է, որ «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը բավարարելուց դատախազի հրաժարվելը կարող է բողոքարկվել դատարան»: Բնականաբար, նման ձևակերպման պարագայում հիշյալ անհամապատասխանությունն առկա չի եղել»:

ՀՀ սահմանադրական դատարանի նույն որոշման եզրափակիչ մասի համաձայն`

«1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տված բովանդակության շրջանակներում ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Հաշվի առնելով, որ տվյալ խնդրի իրավաչափ լուծումը և հակասական իրավակարգավորման հաղթահարումը նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է ենթադրում, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի անմիջական անվավերությունն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ մարդու իրավունքների պաշտպանության առումով` ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով սույն որոշման մեջ ՀՀ Սահմանդրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2011թ. հունիսի 30-ը»:

Ն.Միսակյանի գործով կայացված որոշման մեջ վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածները՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:

(…) նախաքննության մարմնի` քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը (վարույթի մասը) կարճելու վերաբերյալ որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության օբյեկտ են, այդ որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը` դատական վերահսկողության առարկա: (…)» (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ 1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

13. Վերահաստատելով և զարգացնելով Ն.Միսակյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանը ոչ թե գործի՝ ըստ էության քննություն է իրականացնում, այլ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով ստուգում է նախաքննության մարմնի որոշումների, այդ թվում՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Վերոշարադրյալ դիրքորոշումը համադրելով սույն որոշման 11-րդ կետում շարադրված վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննության մարմնի որոշումը հանդիսանում է ոչ թե գործն ըստ էության լուծող, այլ վերջնական որոշում: Հետևաբար, նախաքննության մարմնի որոշումների, այդ թվում՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը չեն հանդիսանում գործն ըստ էության լուծող դատական ակտեր:

14. Ուստի, հիմք ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշումն ուժի մեջ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը գործն ըստ էության լուծող դատական ակտ չէ: Հետևաբար, հիմնավորված չէ բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը հանդիսանում է գործն ըստ էության լուծող ակտ՝ անկախ նրանից, թե կայացվել է նախաքննության մարմնի, թե՝ դատարանի կողմից, ինչպես նաև բողոք բերած անձի այն պնդումը, որ եթե դատական կարգով բողոքարկվում է նախաքննության մարմնի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, ապա դատարանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումը նույնպես պետք է դիտվի որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի օրենսդրական կարգավորման շրջանակներում կարգավորված են նաև այդ ակտերի բողոքարկման դատավարական ընթացակարգերն ու ժամկետները: Հետևաբար, հիմնավորված չէ նաև բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի և 379-րդ հոդվածի պահանջների խախտում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

 

II. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք դիմողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն`

«1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող աշխատանքային օրը (…):

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…) Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

17. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի ապրիլի 20-ին կայացրել է գործն ըստ էության չլուծող դատական ակտ, որի` վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հրապարակվելու պահից տասն օր է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկ կատարելու արդյունքում ստացվում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել 2012 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ 2012 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր, հաջորդ օրը` մայիսի 1-ը եղել է Աշխատանքի Միջազգային օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է, հետևաբար, հիշատակված դատական ակտի բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել հաջորդ աշխատանքային օրը` 2010 թվականի մայիսի 2-ը` մինչև ժամը քսանչորսը:

Վերաքննիչ բողոքի և բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը, ծրարի վրա արված դրոշմակնիքի համաձայն` փոստին է հանձնվել 2012 թվականի մայիսի 14-ին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մուտք եղել` 2012 թվականի մայիսի 16-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), այսինքն` վերաքննիչ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է եղել:

19. Սույն որոշման 16-րդ կետում շարադրված քրեադատավարական դրույթների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 17-րդ և 18-րդ կետերում մեջբերված հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ դիմողների ներկայացուցչների կողմից վերաքննիչ բողոք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ: Հետևաբար, դիմողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դիմողները և նրանց ներկայացուցիչները Առաջին ատյանի դատարան բողոքարկման համար ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չեն ներկայացրել և վերաքննիչ բողոքում բաց թողնված ժամկետի վերականգնման հարցն ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձրել (դատական ակտի բողոքարկման՝ բաց թողնված ժամկետի մասին mutatis mutandis տե՛ս Կամո Սիմակի Կիրակոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ՀՅՔՐԴ2/0149/01/08 որոշումը):

 20. Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման համար նախատեսված ժամկետը չի կարող հաշվարկվել այնպես, որ տասնօրյա ժամկետն սկսի հոսել վերոնշյալ որոշումը դատական նիստերի դահլիճում հրապարակելու և ոչ թե այն ստանալու պահից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածում, որում հստակ կանոնակարգված է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկվում է դատավարական ակտը հրապարակելու և ոչ թե այն ստանալու պահից: Դատական ակտերն օրենքով սահմանված կարգով հրապարակվում են դատական նիստերի դահլիճում, իսկ դատական ակտի ստանալու կարգն այլ է, ինչը բացառում է «հրապարակման պահից» և «ստանալու պահից» եզրույթների նույնացումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածում ամրագրված կարգավորման առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանի 2012 թվականաի մայիսի 25-ի որոշման եզրափակիչ մասում «հրապարակման պահից» արտահայտության բացակայությունը դատավարության մասնակիցներին չի զրկել օրենքով սահմանված ժամկետում տվյալ դատական ակտը բողոքարկելու իրավունքից և հնարավորությունից:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 10-20-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, իսկ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի, Սարիբեկ Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մայիսի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. ՕՀԱՆՅԱՆ