Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1256.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.08.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
24.08.2012
Дата вступления в силу
24.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0026/12/12

գործ թիվ ԵԷԴ/0026/12/12

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

 նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

      

 քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     
 մասնակցությամբ

դատախազ

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

 դատապարտյալ

Ս. Սուլյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ դատախազ Ա.Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով, դատաքննության արագացված կարգի կիրառմամբ, Սամվել Վլադիմիրի Սուլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2011 թվականի մայիսի 2-ից:

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 2011 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 8-րդ կետի 5-րդ ենթակետը, դատապարտյալ Ս.Սուլյանի պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով` 5 (հինգ) ամիս 26 (քսանվեց) օրով, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 4 (չորս) օր ժամկետով:

2. 2012 թվականի ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալ Ս.Սուլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է:

3. Դատապարտյալ Ս.Սուլյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի մայիսի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է: Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 11-ի որոշումը բեկանվել է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը բավարարվել է, և դատապարտյալ Ս.Սուլյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը` 6 (վեց) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը կրելուց:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Ստեփանյանը:

 2012 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը դատախազ Ա.Ստեփանյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

5. Դատախազ Ա.Ստեփանյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

6. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ պնդման՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի պահանջի խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանվել քրեական օրենքը, ինչի հետևանքով դատապարտյալ Ս.Սուլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Բողոքի հեղինակը, մասնավորապես, նշել է, որ Ս.Սուլյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արգելված արարքն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, դասվում է ծանր հանցագործությունների շարքին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով՝ ծանր հանցագործության դեպքում պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Ս.Սուլյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կարող էր սկսվել միայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով նշանակված պատժի կեսը փաստացի կրելուց հետո, այլ խոսքով՝ 2012 թվականի մայիսի 2-ից հետո: Շարունակելով՝ բողոք բերած անձը կարծիք է հայտնել այն մասին, որ թեև դատապարտյալ Ս.Սուլյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից Համաներման ակտի կիրառման արդյունքում կրճատվել է մեկ քառորդով, այնուամենայնիվ, նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը չպետք է 2012 թվականի մայիսի 2-ից շուտ սկսվեր: Իր պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետները վերաբերում են նշանակված պատժին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ պատիժը նշանակվում է դատարանի դատավճռով: Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասում որպես պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու պայման ամրագրվել է նշանակված պատժի որոշակի մասը փաստացի կրելու պարտավորությունը, ինչը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, վերաբերում է միայն դատարանի դատավճռով նշանակված պատժին, այլ ոչ թե Համաներման ակտի կիրառման արդյունքում մնացած պատժին:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ իր կողմից շարադրված մոտեցմանը հակառակ մոտեցում դրսևորելու պարագայում խախտվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված օրինականության և 8-րդ հոդվածով ամրագրված դատապարտյալների հավասարության սկզբունքները, քանի որ դատապարտյալների մի մասը պատժից պայմանական վաղաժամկետ կարող են ազատվել դատարանի կողմից նշանակված պատժի համապատասխան մասը կրելուց հետո, իսկ դատապարտյալների մյուս մասը՝ համաներման ակտի կիրառման արդյունքում մնացած պատժի համապատասխան մասը կրելուց հետո:

7. Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Ս.Սուլյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կարող էր սկսվել միայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով նշանակված պատժի` երկու տարի ժամկետով ազատազրկման կեսը կրելուց հետո:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է` (…) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը: (…)»:

Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի մնացած մասը կրելուց, եթե փաստացի կրել է նշանակված պատժի կեսը: Այլ խոսքով, ծանր հանցագործության համար դատապարտված անձին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանն իր նկատմամբ նշանակված պատժի կեսը վերջինիս կողմից կրած լինելն է:

11. Սույն որոշման 9-րդ կետում շարադրված հարցադրման լույսի ներքո վերլուծելով սույն որոշման նախորդ կետում շարադրված դատողությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հարցադրմանը պատասխանելու նպատակով անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա՝ «նշանակված պատիժ», ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասում առկա` «պատիժ» հասկացությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «(…) օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով (…) դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից (…)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ պատիժը պետության քրեական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից մեկն է և հանդիսանում է հանցագործության նկատմամբ պետության պաշտոնական արձագանքը:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ պատիժը նշանակվում է դատարանի կողմից կայացվող դատավճռով: Այլ խոսքով՝ պատժի՝ որպես քրեական քաղաքականության իրականացման հիմնական միջոցի, նշանակման իրավասությունը վերապահված է դատարանին:

ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի իմաստով՝ օրենսդիր մարմնի կողմից ընդունված համաներման ակտով դատապարտյալը լրիվ կամ մասնակիորեն կարող է ազատվել դատարանի կողմից նշանակված պատժից: Այլ խոսքով՝ կոնկրետ պատժի դատապարտված անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունված համաներման ակտի կիրառման արդյունքում կարող է դատարանի դատավճռով իր նկատմամբ նշանակված հիմնական և (կամ) լրացուցիչ պատժի կրումից ազատվել մասնակիորեն կամ ամբողջությամբ: Պատժից մասնակիորեն ազատվելու դեպք է նաև համաներման ակտի այնպիսի կիրառումը, երբ կրճատվում է դատապարտյալի նկատմամբ նշանակված և վերջինիս կողմից դեռևս չկրած պատիժը: Այդ դեպքում համաներման ակտի կիրառման արդյունքում դատապարտյալի կողմից կրելու ենթակա պատժի ժամկետը որոշակիորեն նվազում է, հետևաբար, փոփոխվում է նաև դատարանի դատավճռով նշանակված պատժի ընդհանուր ժամկետը:

13. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվող հարկադրանքի միջոց է, որի ժամկետը օրենսդիր մարմնի կողմից ընդունված համաներման ակտի հիման վրա կարող է փոփոխության ենթարկվել:

Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիր մարմնի կողմից ընդունված համաներման ակտի կիրառման պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա՝ «նշանակված պատիժ»-ը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասում առկա` «պատիժ»-ը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով դատապարտյալի նկատմամբ կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված և համաներման ակտի կիրառմամբ փոփոխության ենթարկված պատիժն է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձի նկատմամբ նշանակված պատժի ժամկետը համաներման ակտի կիրառմամբ փոփոխության է ենթարկվում, տվյալ անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը պետք է լուծվի` ելնելով ոչ թե դատավճռով սահմանված ժամկետից, այլ այն ժամկետից, որը ձևավորվել է համաներման ակտի կիրառմամբ այդ պատժի չկրած մասի կրճատման արդյունքում: Մասնավորապես, ծանր հանցագործության համար ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք պետք է ձեռք բերի, եթե փաստացի կրել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված և համաներման ակտի կիրառմամբ փոփոխված, այդ թվում` պատժի չկրած մասի կրճատման արդյունքում ձևավորված պատժի վերջնական ժամկետի կեսը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով Ս.Սուլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: Հետագայում` պատիժը կրելու ընթացքում, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը և նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով` 5 (հինգ) ամիս 26 (քսանվեց) օրով: Արդյունքում Ս.Սուլյանի՝ ազատազրկման ձևով պատժի վերջնական ժամկետը կազմել է ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 4 (չորս) օր (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալ Ս.Սուլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր է ներկայացրել` ելնելով համաներման կիրառման արդյունքում ձևավորված պատժի` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 4 (չորս) օր ժամկետից (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

15. Սույն որոշման 10-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը Ս.Սուլյանի նկատմամբ ենթակա էր կիրառման, քանի որ նա փաստացի կրել էր դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված և Համաներման ակտի կիրառմամբ փոփոխության ենթարկված պատժի կեսը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Ս.Սուլյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կարող էր սկսվել միայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով նշանակված պատժի` երկու տարի ժամկետով ազատազրկման կեսը փաստացի կրելուց հետո: Հետևաբար, հիմնավոր չէ նաև բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Սամվել Վլադիմիրի Սուլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մայիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

  Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան