ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2082/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2082/02/08 |
|
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Նազարյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռաֆիկ Նիկողոսյանի հայցի ընդդեմ Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ, Կարեն Մանուկյանների, երրորդ անձ Ֆիրդուսի Սողոյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի Անդրանիկ, Նարինե Մանուկյանների ընդդեմ Ռաֆիկ Նիկողոսյանի և Ֆիրդուսի Սողոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռաֆիկ Նիկողոսյանը պահանջել է Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասն ու շինություններն ազատել Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյանների ապօրինի տիրապետումից և նրանց վտարել։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Անդրանիկ և Նարինե Մանուկյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 16,5 քմ մակերեսով օրինական շինության, դրանով ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև 61,3 քմ մակերեսով ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված 28,3 քմ մակերեսով օրինական հատկացված հողամասի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ Ռաֆիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2008 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.06.2009 թվականի որոշմամբ Անդրանիկ և Նարինե Մանուկյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` 28,3 քմ մակերեսով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշմամբ Ռաֆիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է «Մասնակիորեն բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.11.2009 թվականի վճիռը: Ռաֆիկ Նիկողոսյանի հայցն ընդդեմ Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ Մանուկյանի, Նարինե Մանուկյանի, Քնքուշ Մանուկյանի, Կարեն Մանուկյանի` բնակտարածությունից վտարելու պահանջի մասին բավարարել մասնակի: Պատասխանողներին վտարել Երևան քաղ. Ռոստոմի (Խմելնիցկու) փողոց 51 հասցեի` վերջիններիս կողմից տիրապետվող 16,5 քմ օրինական շինությունից: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.10.2010 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման` Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3 քմ մակերեսով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Անդրանիկ և Նարինե Մանուկյանների սեփականության իրավունքը ճանաչելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ։
Դիմելով դատարան` Ռաֆիկ Նիկողոսյանը պահանջել է պարտավորեցնել Լավուրիկ Ասլանյանին, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյաններին քանդել Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասում կառուցված 11,0 քմ և 28,3 քմ մակերեսներով ինքնակամ կառույցները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.04.2011 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 29.11.2011 թվականի վճռով հայցերը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2012 թվականի որոշմամբ Ռաֆիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29.11.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Նիկողոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի վճռի` իր հայցը մերժելու մասը և կայացնել նոր դատական ակտ` հայցը բավարարել: Այսինքն` վճռի մյուս մասը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, հետևաբար Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պետք է բեկաներ միայն Դատարանի վճռի բողոքարկված մասը, մինչդեռ դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից` վճիռը բեկանել է ամբողջությամբ:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը, 277-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չպետք է գործը նոր քննության ուղարկեր, քանի որ բողոք բերած անձի հայցի բավարարման համար անհրաժեշտ բոլոր փաստական հանգամանքները հաստատված են, և դատական ակտի փոփոխումը կբխեր արդարադատության արդյունավետության շահերից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2012 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հայցը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սույն գործով ներկայացրած վերաքննիչ բողոքով Ռաֆիկ Նիկողոսյանը պահանջել է բեկանել Դատարանի 29.11.2011 թվականի վճռի` Ռաֆիկ Նիկողոսյանի հայցը մերժելու մասը և կայացնել նոր դատական ակտ` հայցն ամբողջությամբ բավարարել (հատոր 6-րդ, գ.թ. 107-111)։
2) Սույն գործով Դատարանի 29.11.2011 թվականի վճռի դեմ Անդրանիկ և Նարինե Մանուկյանները վերաքննիչ բողոք չեն ներկայացրել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքի «հիմքեր» և «հիմնավորումներ» հասկացությունների վերլուծությանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերոնշյալից հետևում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն են`
1. վերաքննիչ բողոքում նշված դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը, ըստ բողոք բերող անձի, ազդել է գործի ելքի վրա,
2. նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաքննիչ բողոքի հիմքերի առկայության, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ փաստարկներն են, որոնց հիման վրա բողոք բերող անձը հիմնավորում է վերաքննիչ բողոքում ներկայացրած իր պահանջը:
Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել ստորադաս դատական ատյանի վճռի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել:
Սույն գործով Դատարանի 29.11.2011 թվականի վճռով մերժվել է և´ Ռաֆիկ Նիկողոսյանի, և´ Անդրանիկ, Նարինե Մանուկյանների հայցը, ինչի դեմ վերջիններս վերաքննիչ բողոք չեն ներկայացրել, իսկ Ռաֆիկ Նիկողոսյանը վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել Դատարանի վճռի` իր հայցը մերժելու մասը և հայցն ամբողջությամբ բավարարել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելը այդպիսի իրավունք ունեցող անձանց տնօրինչական գործողությունն է, որի հիման վրա վերջիններս իրացնում են օրենքով իրենց վերապահված` դատական ակտը բողոքարկելու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ և Նարինե Մանուկյանների կողմից Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չներկայացնելու, իսկ Ռաֆիկ Նիկողոսյանի կողմից վճիռն իր հայցի մասով բողոքարկելու պայմաններում դատական ակտն Անդրանիկ և Նարինե Մանուկյանների հայցը մերժելու մասով մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար Վերաքննիչ դատարանը Ռաֆիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա պետք է վերանայեր և բեկաներ միայն վճռի` նրա կողմից բողոքարկված մասը:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ, իսկ նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Սույն գործով Դատարանը Ռաֆիկ Նիկողոսյանի հայցը մերժել է բացառապես հայցային վաղեմություն կիրառելու հիմքով` ըստ էության չանդրադառնալով պահանջի իրավական և փաստական հիմքերի գնահատմանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու պահանջի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով հայցային վաղեմություն չի տարածվում և արձանագրելով, որ վերաքննիչ բողոքում նշված մյուս փաստարկների ուղղությամբ Դատարանը քննություն չի իրականացրել, իրավացիորեն չի անդրադարձել այդ փաստարկների քննարկմանը և կիրառել է դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր լիազորությունը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատարանի վճռին մասնակիորեն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, սույն գործով կայացված վճռի` Անդրանիկ և Նարինե Մանուկյանների հայցը մերժելու մասի դեմ գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը, որպիսի հիմքով և այդ մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշման` Անդրանիկ և Նարինե Մանուկյանների հայցը մերժելու մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2011 թվականի վճիռը բեկանելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2011 թվականի վճռին։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշման` Ռաֆիկ Նիկողոսյանի հայցի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|