Գլխավոր տեղեկություն
Номер
N 1148-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2012-13.02.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.09.26/47(921) Հոդ.1045
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2012
Дата вступления в силу
06.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1148-Ն

 

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2199-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 2199-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1148-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով նախատեսված անկախ փորձաքննության իրականացման նպատակն է ընդերքօգտագործողին տրամադրված երկրաբանական և այլ տեղեկության արժանահավատության ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալները և մոտեցումները:

3. Ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ միջազգային փորձագետները:

4. Անկախ փորձաքննությունն իրականացվում է ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` սեփական միջոցների հաշվին, և փորձաքննության ենթակա հարցերի շրջանակը սահմանում է ընդերքօգտագործողը:

5. Անկախ փորձագետի ընտրությունը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից:

6. Անկախ փորձաքննության ենթակա են ընդերքի տեղամասի մասին հետևյալ երկրաբանական տեղեկությունները`

1) տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության նյութերը.

2) օգտակար հանածոների հանքավայրերի որոնմանը, հետախուզմանը և գնահատմանը վերաբերող նյութերը.

3) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործական հետախուզմանը վերաբերող նյութերը.

4) հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման և ընդերքօգտագործման պայմանագրում ու նախագծում համապատասխան փոփոխությունները:

7. Եթե անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողն անկախ փորձագետի եզրակացությունը և նրա կողմից փորձաքննության ենթարկված նյութերը կարող է ներկայացնել լիազոր մարմին:

8. Անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև անկախ փորձաքննության արդյունքների արժանահավատությունն ստուգելու համար լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում անկախ փորձագետի եզրակացությունը և փորձաքննության ենթարկված նյութերն ընդերքաբանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ՝ դրա մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելով ընդերքօգտագործողին:

9. Եթե անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա պարզվում է, որ առկա է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղեկատվության անհամապատասխանություն, ապա ընդերքօգտագործողից անկախ փորձագետի եզրակացությունը և փորձաքննության ենթարկված նյութերն ստանալուց հետո լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղեկատվությունը ներկայացնում է բնապահպանական ոլորտի լիազոր մարմին:

10. Լիազոր մարմինը ներկայացված նյութերն ընդերքաբանական փորձաքննության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

11. Անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության համապատասխանության դեպքում ընդերքօգտագործողի` լիազոր մարմին ներկայացրած անկախ փորձագետի եզրակացությունը և անկախ փորձաքննության ենթարկած նյութերն ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկվում, և նախկինում կատարված ընդերքաբանական փորձաքննության արդյունքները մնում են անփոփոխ:

12. Նախկինում կատարված ընդերքաբանական փորձաքննության արդյունքները մնում են անփոփոխ, եթե անկախ փորձաքննության արդյունքները լիազոր մարմնի կողմից իրականացված ընդերքաբանական փորձաքննության ընթացքում չեն հավաստվում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.02.2021, N 172-Ն 13.02.2021, N 1148-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան