Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1057
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.21/57(931) Հոդ.1225
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.11.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
13.11.2012
Дата вступления в силу
13.11.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 նոյեմբերի 2012 թ. 

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 23-ին` Երևանում:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2007 թվականի մարտի 19-ին և վավերացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 4-ին:

Արձանագրությամբ մի շարք հղումներ են կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության «Թավան Աբ Արազ Քոմփանի» ընկերության միջև 2010 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված` «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքով «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրին» (Թույլտվության պայմանագիր): Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` 2012 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության «Թավան Աբ Արազ Քոմփանի» ընկերության միջև կնքվել է «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Վերջինով փոփոխություններ են կատարվել Թույլտվության պայմանագրի մի շարք դրույթներում, այդ թվում` 2013 թվականի ապրիլի 15-ն ամրագրվել է որպես Թույլտվության պայմանագրի ուժի մեջ մտնելու նախապայմանների կատարման վերջնաժամկետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ փաստաթղթերը փոխկապակցված են, պարունակում են միմյանց հղումներ և դրանց կատարումն առանձին հնարավոր չէ, ուստիև վերջիններս սահմանադրական դատարանը դիտարկում է համակարգային միասնության մեջ և Արձանագրությամբ ստանձնվող պարտավորությունների սահմանադրականությունը գնահատում այդ փաստաթղթերում ամրագրված դրույթների համադրությամբ:

2. Արձանագրությամբ ամրագրված փոփոխություններով Համաձայնագրի 2-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, համաձայն որի` «Մեղրի և Ղարաչիլար հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է Կողմերի միջև փոխհամաձայնեցված ժամկետներում», ինչպես նաև Համաձայնագրի 11-րդ հոդվածից հետո ավելացվում նոր` 11.1-րդ հոդված:

3. Արձանագրությամբ, հաշվի առնելով նաև Համաձայնագրում ավելացվող նոր 11.1-րդ հոդվածի բովանդակությունը, Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- Իրանի Իսլամական Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը (Ընկերություն) և նրա բոլոր ենթամատակարարներին ու ենթակապալառուներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթամատակարարների և ենթակապալառուների), որոնք ներգրավված են Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման և (կամ) շահագործման աշխատանքներում, հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման ժամանակահատվածում ազատել բոլոր հարկերից, տուրքերից, մաքսային վճարներից և այլ գանձումներից ու վճարներից.

- Ընկերության, նրա բոլոր ենթամատակարարների ու ենթակապալառուների անձնակազմի, ինչպես նաև նրանց հետ համատեղ ապրող ընտանիքների անդամների անձնական օգտագործման իրերը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում ազատել բոլոր տեսակի մաքսային վճարներից՝ անկախ այն հանգամանքից` Հայաստանի Հանրապետություն դրանք ներմուծվում են ժամանակավոր, թե մշտական.

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ պատասխանատվություն կվերցնի վճարելու բոլոր հարկերը, տուրքերը, մաքսային վճարները և այլ գանձումներն ու վճարները, որոնք կսահմանվեն կամ կպահանջվեն Հայաստանի Հանրապետության, տեղական կամ համայնքային մարմինների կամ կազմակերպությունների կողմից, կամ միջոցներ կձեռնարկի դրանցից ազատելու համար Ընկերությանը և նրա բոլոր ենթակապալառուներին ու ենթամատակարարներին.

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ ճիշտ ժամանակին միջոցներ կձեռնարկի Ընկերությանը և նրա բոլոր ենթակապալառուներին և ենթամատակարարներին ազատելու համար Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման ծրագրով ստանձնած և Թույլտվության պայմանագրի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր հարկերից, տուրքերից, մաքսային վճարներից և այլ գանձումներից ու վճարներից, կամ կվճարի բոլոր հարկերը, տուրքերը, մաքսային վճարները և այլ գանձումներն ու վճարները և կպահպանի դրանց առնչվող բոլոր կանոններն ու կանոնակարգերը և չի կատարի կամ անուշադրության չի մատնի կամ չի վնասի որևէ բանի կատարմանը, որը կարող է որևէ ձևով անբարենպաստ ազդեցություն ունենալ կամ վնասել Ընկերության շահերը կամ իրավունքները.

- կրել պետական թույլտվությունների տրամադրման, պահպանման և գործողության ժամկետի երկարացման կամ դրանց օգտագործման հետ կապված բոլոր ծախսերը, անկախ դրանց բնույթից.

- ապահովել, որպեսզի Թույլտվության պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլտվության ժամանակահատվածում տեղանքը կառուցապատման և ցանկացած այլ պահանջվող իրավունքով (եթե կիրառելի է) անվճար տրամադրի Ընկերությանը.

- երաշխավորել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագործման ժամանակահատվածում Ընկերությանն անվճար ապահովի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի երկայնքով բնական հոսքով առկա ջրով՝ հիդրոէլեկտրակայանի անխափան և բնականոն աշխատանքն ապահովելու համար, Թույլտվության պայմանագրին համապատասխան, այնպիսի եղանակով, որ այդ ջուրը այդ պայմանագրում նշված նպատակներից բացի այլ նպատակներով չօգտագործվի.

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է այն թույլտվությունների ձեռքբերման համար, որոնք թույլ կտան Ընկերությանը ստանալու շինարարության համար անհրաժեշտ՝ Արաքս գետից պահանջվող ամբողջ ջուրը՝ մինչև այն ժամկետը, որը նշված է Թույլտվության պայմանագրի` շինարարության փուլային գրաֆիկում.

- երաշխավորել, որ հիդրոէլեկտրակայանի կառուցման, էլեկտրական էներգիայի արտադրության և արտահանման թույլտվություններն Ընկերությանը կտրամադրվեն անվճար և առանց ֆինանսական երաշխիքների ու Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու պահանջների կիրառման.

- երաշխավորել, որ Թույլտվության պայմանագրով նախատեսված գնումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կկատարի առանց մրցույթի, Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան ընկերությունից` որպես «բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու» գնում, և առանց լիցենզիայի առկայության:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ պարտավորությունները վերաբերելի են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` մասնավորապես, Մեղրի ՀԷԿ-ի շահագործման 15-րդ տարվա ավարտին վերջինս պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին, ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 10 տարվա ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները` առնվազն 30 տարվա ռեսուրս: Ըստ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության` Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրացվել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար սահմանված չափաքանակը, ներդրող ընկերության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության «Թավանիր» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր ծրագրի իրականացման ողջ ընթացքում Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի` փոխհամաձայնեցված սակագնով երաշխավորված գնման վերաբերյալ:

6. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ունեն փոխշահավետ բնույթ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

13 նոյեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1057

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան