Գլխավոր տեղեկություն
Номер
N 1283-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.10.19/51(925) Հոդ.1121
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2012
Дата вступления в силу
29.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1283-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 12

Երևան 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի (այսուհետ` ՔԿԱԳ մարմին) աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու դեպքերը և ընթացակարգը։

2. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող է կատարվել միայն ամուսնության պետական գրանցումը և միայն հետևյալ դեպքերում`

1) ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով.

2) ամուսնացող անձինք (անձանցից մեկը) կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում.

3) ամուսնացող անձանց ցանկությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարելու դեպքում, եթե բացակայում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետով նախատեսված հանգամանքները:

3. Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս իրականացվում է ամուսնության պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:

 

II. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԿԱԳ ՄԱՐՄԻՆ ԴԻՄԵԼԸ

 

4. Եթե ամուսինները (ամուսիններից մեկը) ամուսնության համատեղ գրավոր դիմում կամ ամուսնության առանձին հայտարարություն տալու պահին գիտեին, որ ամուսնության պետական գրանցման օրը չեն կարող անձամբ ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա նրանք դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը:

5. Եթե սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հանգամանքն ի հայտ է գալիս համատեղ գրավոր դիմում կամ ամուսնության առանձին հայտարարություն տալուց հետո, ապա ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու համար դիմում է ՔԿԱԳ մարմին` դիմումին կցելով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը: Սույն կետով նախատեսված դիմումը ՔԿԱԳ մարմին է ներկայացվում ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ:

6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության առանձին հայտարարությանը կցում է նաև կալանավորված անձանց պահելու կամ ազատազրկման վայրերի ղեկավարի` համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:

7. Եթե ամուսնացող անձինք ցանկանում են, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս, և միևնույն ժամանակ բացակայում են սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները, ապա ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար: Եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գումարի վճարված լինելը հավաստող անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:

 

III. ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԸ

 

8. Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան