Գլխավոր տեղեկություն
Номер
N 1434-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.12.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1242
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2012
Дата вступления в силу
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 5-րդ կետից հանել «Տարանցիկ և տրանսֆերային ուղևորները չեն ենթարկվում ավիացիոն անվտանգության հսկողության, եթե ժամանող օդանավից դուրս գալուց հետո, մինչև հաջորդ թռիչքը, նրանք գտնվել են ստերիլ գոտում: Եթե այդ ընթացքում նրանք դուրս են եկել ստերիլ գոտուց, ապա օդանավ նստեցումից առաջ պարտադիր կարգով ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության:» նախադասությունները.

2) 8-րդ կետը «գործադիր մարմինները:» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:» բառերով.

3) 10-րդ կետից հանել «` տվյալ չվերթի ուղևորներից երկուսի» բառերը.

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտի, օդանավում զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր կամ միացություններ գտնվելու մասին ահազանգերի դեպքերում պարտադիր կարգով իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների դատարկում և դրանց կրկնակի զննում, իսկ օդանավը տարվում է արտակարգ իրավիճակների կանգառ և իրականացվում է օդանավի կրկնակի զննում: Եթե զննման ընթացքում օդանավում զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր կամ միացություններ չեն հայտնաբերվել, ապա օդանավը մնում է տվյալ կանգառում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր տվյալ պլանավորված թռիչքն իրականացնելու համար:».

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ թռիչքի ընթացքում օդանավում գտնվում է այն զավթելու կամ փախցնելու մտադրություն ունեցող անձ (անձինք), ապա վայրէջքից հետո օդանավը տարվում է արտակարգ իրավիճակների կանգառ, որից հետո իրականացվում են օդանավում գտնվող և այն զավթելու մտադրություն ունեցող անձանց վնասազերծման միջոցառումներ:».

6) 30.1-ին կետից հանել «ձեռքի իրերի,» բառերը.

7) 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 32.1-ին կետով.

«32.1. Արտակարգ իրավիճակների կանգառ` օդանավակայանում մոտակա շենքերից և շինություններից առնվազն 100 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված տարածք, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում գտնվող օդանավի կանգառի համար:».

8) 38-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության պլանների համատեղ մշակումը:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.1-ին, 49.2-րդ և 49.3-րդ կետերով.

«49.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում, ընդհանուր սրահներում) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է աշխատողների և տրանսպորտային միջոցների շարժերի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման բոլոր գործընթացների դիտարկում և տեսահսկում` օդնավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից, անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով:

49.2. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անվտանգության կառավարման կենտրոնների կողմից աշխատողների և տրանսպորտային միջոցների շարժերի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման բոլոր գործընթացների նկատմամբ իրականացված տեսագրությունները պահպանվում են մինչև 30 օր ժամկետով:

49.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անվտանգության կառավարման կենտրոնների կողմից իրականացված տեսագրությունները կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

10) 52-րդ կետում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Օդանավակայաններում հաշվառում և գրանցում անցած ուղևորների նույնականացման, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, ինչպես նաև բեռի, փոստի և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետերում նշանակվում են ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր` կազմված ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում և զննման գործընթաց իրականացնող աշխատողներից:»,

բ. «դ» ենթակետից հանել «որից հետո ձեռքի իրերին փակցնում է ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման փաստը հավաստող պիտակ (պիտակներ).» բառերը.

11) 54-րդ կետի «զ» ենթակետը «նրանց ձեռքի իրերի զննում» բառերից հետո լրացնել «, իսկ անցագրային կետերում տրանսպորտային միջոցների զննում» բառերով.

12) «VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

62. Զննումն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է, որն իրականացվում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման և նպատակ է հետապնդում կանխել դեպի օդանավ ուղևոր չհանդիսացող անձանց մուտքը և օդանավով տեղափոխման համար արգելված առարկաների փոխադրումները:

62.1. Ուղևորների զննման ընթացակարգը ներառում է`

1) ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում.

2) ուղևորների զննում մետաղափնտրիչ կամրջակով և ձեռքի մետաղափնտրիչով.

3) ուղևորի անհատական զննում:

62.2. Ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացակարգը ներառում է`

1) զննում տեխնիկական սարքավորումների միջոցով.

2) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում` դրանց բացման միջոցով:

62.3. Ավիացիոն անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով օդանավակայաններում կարող է իրականացվել նաև ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի ընտրական զննում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի կրկնակի զննում:

62.4. Ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացումը, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացվում է զննման տեխնիկական սարքավորումների միջոցով: Օդանավակայաններում շահագործվող զննման տեխնիկական սարքավորումներ են`

1) ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռի և բեռների զննման ռենտգենային սարքավորումները.

2) ուղևորների զննման մետաղափնտրիչ կամրջակները.

3) ուղևորների զննման ձեռքի մետաղափնտրիչները.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները:

62.5. Եթե զննման տեխնիկական սարքավորումներով իրականացված զննման արդյունքում առարկաների և իրերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում` ուղեբեռի բացման միջոցով: Եթե ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացքում հայտնաբերվում են կասկած հարուցող նյութեր կամ իրեր, ապա դրա մասին օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատող ծառայության աշխատողն անհապաղ իրազեկում է իր վերադասին:

62.6. Օդանավակայաններում ուղևորների ձեռքի իրերում, ուղեբեռում և բեռներում պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերելու նպատակով կարող են օգտագործվել նաև հատուկ վարժեցված շներ:

62.7. Կենսաչափական տվյալներով նույնականացման գործընթացից ազատվում են մինչև 9 տարեկան և 75 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք, սույն կարգի 100-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, պաշտոնական պատվիրակությունների կազմով Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձինք, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք:

63. Այն օդանավակայաններում, որտեղ կիրառվում է ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում, ուղևորների զննման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) զննման գոտու մուտքի մոտ իրականացվում է ուղևորային փաստաթղթերի հսկողություն, որից հետո ուղևորը հրավիրվում է կենսաչափական տվյալների նույնականացման կետ.

2) կենսաչափական տվյալների նույնականացման նպատակով կատարվում է ուղևորի անձնագրային և կենսաչափական տվյալների թվայնացում, որից հետո ուղևորն անցնում է զննման կետ.

3) զննման կետում ուղևորին առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղական և այլ իրերը (բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր, վերնահագուստ (վերարկու, անձրևանոց, բաճկոն, պիջակ), գոտի և այլն) դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող տարայի մեջ, որից հետո դրանք անցնում են զննման ընթացակարգ` ռենտգենյան զննման սարքավորման միջոցով, իսկ ուղևորին առաջարկվում է անցնել զննման մետաղափնտրիչ կամրջակի միջով.

4) եթե ուղևորն իր մոտ մետաղյա առարկաներ կամ ձեռքի իրեր չունի, ապա նա հրավիրվում է զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով.

5) եթե մետաղափնտրիչ կամրջակի միջոցով զննման դեպքում լսվում է ահազանգ, ապա ուղևորին առաջարկվում է ներկայացնել իր մոտ գտնվող մետաղական իրերը և նորից անցնել զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով: Եթե երկրորդ անգամ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով զննման ենթարկվելուց հետո նորից լսվում է ահազանգ, կամ ուղևորը հայտարարում է, որ մետաղական իրեր իր մոտ չկան, ապա ուղևորը ենթարկվում է զննման` ձեռքի մետաղափնտրիչի միջոցով.

6) եթե ձեռքի մետաղափնտրիչի միջոցով զննման դեպքում նորից լսվում է ահազանգ, ապա իրականացվում է տվյալ ուղևորի անհատական զննում.

7) եթե տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում ուղևորի ձեռքի իրերում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում ուղևորի ներկայությամբ` դրանց բացման միջոցով, այդ դեպքում ուղևորին առաջարկվում է բացել իր ձեռքի իրերը, որից հետո զննող օպերատորն իրականացնում է դրանց ձեռքով զննում:

63.1. Բացելու միջոցով ուղևորների ձեռքի իրերի զննումն իրականացվում է հետևյալ կարգով, զննող տեսուչն ուղևորին առաջարկում է բացել իր ձեռքի իրերը, որից հետո ուղևորի ներկայությամբ տեսուչը հերթականությամբ հանում և ստուգում է ձեռքի իրի կամ պայուսակի/տարայի պարունակությունը: Պարունակությունը հանելուց և ստուգելուց հետո կատարվում է դատարկ պայուսակի/տարայի ստուգում, պարզելու համար այն ունի արդյոք պահոցներ կամ երկտակ հատակ, իր ծավալին չհամապատասխանող կշիռ և այլն, իսկ դրանց վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում դատարկ պայուսակը/տարան նորից ենթարկվում է զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով: Զննման ընթացակարգի ավարտից հետո ուղևորի ձեռքի իրը (պայուսակ/տարա) փակվում է և վերադարձվում է ուղևորին` վերջինիս զննում անցնելուց հետո:

63.2. Այն օդանավակայաններում, որտեղ չկան կենսաչափական սարքավորումներ, ուղևորները թույլատրվում են թռիչքի առանց կենսաչափական տվյալներով նույնականացման, իսկ ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման գործընթացն իրականացվում է սույն կարգի 63-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված կարգով:

63.3. Օդանավակայաններում բացման միջոցով ուղևորների ձեռքի իրերի զննումը և ուղևորների անհատական զննումը որպես ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառում կիրառելը նպատակ է հետապնդում հայտնաբերել ուղևորի մոտ օդանավով փոխադրման համար արգելված առարկաները կամ իրերը, ինչպես նաև ոչ մետաղական զենքերն ու պայթուցիկ նյութերը:

63.4. Ուղևորի անհատական զննումն իրականացվում է այն դեպքերում, երբ`

1) ձեռքի մետաղափնտրիչի միջոցով կրկնակի զննման դեպքում նորից լսվում է ահազանգ.

2) ուղևորը փորձում է խուսափել զննումից կամ դրսևորում է այնպիսի վարքագիծ, որը զննող օպերատորի մոտ կասկած է առաջացնում, որ նա փորձում է թաքցնել փոխադրման համար արգելված առարկա կամ իր:

63.5. Պարտադիր կարգով ուղևորի անհատական զննում է կատարվում նաև այն դեպքերում, երբ`

1) ստացվել է ահազանգ` օդանավը զավթելու կամ փախցնելու մասին կամ առկա է նման սպառնալիք, նման դեպքում իրականացվում է բոլոր ուղևորների անհատական զննում.

2) ստացվել է ահազանգ կոնկրետ ուղևորի մոտ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքավորումների ու միացությունների առկայության մասին.

3) ուղևորի մոտ կամ նրա ձեռքի իրերում զննման ընթացքում հայտնաբերվել են զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքավորումներ, նյութեր, միացություններ ու այլ վտանգավոր առարկաներ:

63.6. Կարգի 63.4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում անհատական զննումն իրականացվում է զննման կետում՝ ուղևորին ուղևորահոսքից առանձնացնելով` անհարմարություններ չստեղծելու համար: Մնացած դեպքերով կամ ուղևորների պահանջի ժամանակ անհատական զննումն իրականացվում է դրա համար նախատեսված սենյակում ուղևորի հետ միևնույն սեռի աշխատողի կամ աշխատողների կողմից՝ ըստ տվյալ հերթափոխի ղեկավարության ցուցումի: Արգելվում է մեկ անհատական զննման սենյակում իրականացնել մեկից ավելի ուղևորների համատեղ անհատական զննում:

63.7. Ուղևորի անհատական զննումն իրականացվում է հետևյալ կերպ, ուղևորին առաջարկվում է`

1) դեմքով կանգնել դեպի զննումն իրականացնող աշխատողը.

2) իր մոտ գտնվող իրերը, ինչպիսիք են օրինակ` վերարկուն, գրքերը կամ թերթերը, լուսանկարչական ապարատ, բջջային հեռախոս և այլն` ներկայացնել զննման, եթե կան այդպիսի իրեր կամ առարկաներ, ապա դրանք զննվում են առանձին և վերադարձվում են ուղևորին միայն ուղևորի անհատական զննումն ավարտելուց հետո:

63.8. Անհատական զննումն իրենից ներկայացնում է անհատական զննմանը ենթակա ուղևորի մարմնի և հագուստի ձեռքերով շոշափում առջևից և հետևից, հետևյալ հերթականությամբ`

1) գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում.

2) զգեստի արտաքին մասի ձեռքով զննում հետևյալ հերթականությամբ (մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, արտաքին և ներքին գրպաններ և թևքեր).

3) փողկապի, գոտու, բաճկոնակի/վերնաշապիկի, բրդե հյուսված բաճկոնակների ձեռքով զննում` ներառելով գրպանները՝ առաջարկելով ուղևորին դրանք դեպի դուրս շրջել.

4) վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորի վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել.

5) ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին.

6) անսովոր կամ կասկածելի մարմնի կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ անհատական զննում:

63.9. Ուղևորների անհատական զննման դեպքերում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թևատակերին, կրծքին, ոտքերին և դրանց միջնամասի հատվածին, գոտկատեղին, շրջազգեստի տեսքին (հնարավոր է դրա տակ թաքցված առարկաներ լինեն), կոճամասերին, կոշիկներին:

63.10. Անհատական զննման ընթացքում զննողը տեսուչը պետք է պահպանի հետևյալ կանոնները`

1) լինի քաղաքավարի և բարեհամբույր, ցուցաբերի զգուշություն և հարգալից վերաբերմունք ուղևորի նկատմամբ.

2) զննումն իրականացնի հետևողականորեն, որպեսզի անուշադրության չմատնի զննվող ուղևորի մարմնի կամ հագուստի ոչ մի հատված, ձեռքի իրի կամ ուղեբեռի պարունակությունը.

3) զննման ավարտից հետո շնորհակալություն հայտնի ուղևորին ցուցաբերած համագործակցության համար:

63.11. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների 10 տոկոսի ընտրական զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով՝ պատահական ընտրության սկզբունքով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորի համար:

64. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի կրկնակի զննում է իրականացվում`

1) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման, կամ դրանց մասին տեղեկություն ստանալու դեպքում.

2) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ օդանավից հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը.

3) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների հետ շփման դեպքերում.

4) շահագործողի դիմումների դեպքերում:

64.1. Ելնելով ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների առանձնահատկություններից` ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման ընթացքում պարբերաբար պետք է իրականացվի զննված ուղևորների, նրանց ձեռքի իրերի ընդհանուր թվի առնվազն 20 տոկոսի կրկնակի զննում:

65. Ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռները ենթարկվում են զննման ուղեբեռների զննման կետերում` զննման տեխնիկական սարքավորումների միջոցով: Եթե տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել կամ կասկածելի է ուղևորի ուղեբեռում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունը, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ուղեբեռի զննում` դրանց բացման միջոցով, որը կատարվում է ուղևորի ներկայությամբ:

65.1. Սույն կարգի 65-րդ կետով սահմանված դեպքերում ուղևորին առաջարկվում է բացել իր ուղեբեռը, որից հետո ուղևորի ներկայությամբ տեսուչը հերթականությամբ հանում և ստուգում է ուղեբեռի (պայուսակի/տարայի) պարունակությունը: Պարունակությունը հանելուց և ստուգելուց հետո կատարվում է դատարկ պայուսակի/տարայի ստուգում, պարզելու համար այն ունի արդյոք պահոցներ, երկտակ հատակ, իր ծավալին չհամապատասխանող կշիռ և այլն, իսկ դրանց վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում դատարկ պայուսակը/տարան նորից ենթարկվում է զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով: Զննման ընթացակարգի ավարտից հետո ուղևորի ուղեբեռը (պայուսակ/տարա) փակվում է և ընդունվում է փոխադրման:

65.2. Էլեկտրական սարքավորումները (օրինակ, սափրիչները, ռադիոհաղորդիչները, ժամացույցները, ֆոտոխցիկները, շարժական ստերեոհամակարգերը և դրանց կրիչները, նոութբուքերը, տեսախցիկները), որոնց մեջ կարելի է թաքցնել զենք կամ պայթուցիկ սարքավորում, ենթարկվում են զննման տեխնիկական սարքավորումների միջոցով` համոզվելու համար, որ այդ առարկաները չեն ենթարկվել փոփոխման, չեն պարունակում լրացուցիչ սնուցման մարտկոցներ կամ միացություններ կամ օրգանական նյութեր:

65.3. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 65-րդ կետով սահմանված իրերը կարող են ստուգվել` դրանք պատյաններից հանելու և միացնելու միջոցով` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը: Նշված սարքավորումները կարող են ստուգման ենթարկվել սնուցման մարտկոցներին կամ էլեկտրական հոսանքին միացնելու միջոցով, ինչպես նաև սնուցման մարտկոցները սարքավորումից հանելու միջոցով:

65.4. Ուղևորների մոտ գտնվող թերմոսները, գրքերը, անձրևանոցները, ձեռնափայտերը, երաժշտական գործիքները զննման են ենթարկվում տեխնիկական սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում դրանց զննումը կարող է իրականացվել նաև դրանք բացելու (պատյաններ, կաշվից կարված ծածկոցներ), ներսի պարունակությունը, բոլոր փողերն ու փողրակները ստուգման ենթարկելու միջոցով: Կինո- և լուսանկարչական սարքավորումները զննվում են տեսաերիզները հանած վիճակում:

65.5. Ապակե տարաները ենթակա են զննման տեխնիկական միջոցներով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև դրանց զննում բացման միջոցով: Զննման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տարաների և ապակյա շշերի պարունակության վրա, քանի որ դրանցում կարող են գտնվել հրավտանգ և պայթուցիկ հեղուկներ:

65.6. Մեծ ծավալի ուղեբեռները և ձեռքի իրերը, որոնք հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով կամ դրանց պատկերը էկրանին անճանաչելի է, ենթակա են զննման դրանք բացելու միջոցով:

66. Կենդանիները և թռչունները կարող են ընդունվել փոխադրման միայն որպես ուղեբեռ և փոխադրվել միայն օդանավի բեռնախցիկներում: Օդանավի ուղևորասրահում կարող են թույլատրվել փոխադրման միայն կույր ուղևորներին ուղեկցող շները` պայմանով, որ այդ շներն ունեն վզնոց և դնչկալ: Փոխադրվող կենդանիները, թռչունները և դրանց վանդակները կամ տարաները ենթակա են զննման` զննման տեխնիկական միջոցներով, դրա անհնարինության դեպքում կարող է իրականացվել կենդանիների, թռչունների և դրանց վանդակների կամ տարաների զննում` բացելու միջոցով:

67. Սրտի աշխատանքը խթանող սարքավորումներ կրող ուղևորները ենթարկվում են զննման` առանց զննման տեխնիկական սարքավորումների կիրառման:

68. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել`

1) շարժման սահմանափակ կարողություններ ունեցող (հաշմանդամներ) անձանց.

2) մանկական սայլակներում գտնվող նորածիններին և մանկահասակ երեխաներին.

3) հղի կանանց.

4) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների.

5) դիվանագիտական կարգավիճակ ունեցող և բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորների.

6) դիվանագիտական ուղեբեռի, փոստի և վալիզներին.

7) վտարված անձանց կամ կալանքի տակ գտնվող ուղևորներին.

8) չուղեկցվող ուղեբեռների զննման ընթացակարգերին:

69. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձինք (հաշմանդամներ) ենթարկվում են զննման տեխնիկական միջոցներով, այնքանով, որքանով հնարավորություն է տալիս տվյալ անձի ֆիզիկական վիճակը: Ընդ որում, զննման ընթացքում նման կարգավիճակ ունեցող ուղևորները պետք է զննվեն ուղևորների ընդհանուր հոսքից առանձին:

69.1. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց (հաշմանդամներ) զննման դեպքերում զննող տեսուչը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի ուղևորի նկատմամբ, ուղևորին դիմի պարզ ու հասկանալի լեզվով, հարցնի ինչով կարող է օգնել և լսի ուղևորի խնդրանքը, բացատրի զննման կարգն ու նպատակը, զննումն իրականացնի այլ ուղևորներից առանձին, մինչև շարժասայլակի, հենափայտերի կամ պատգարակի զննում իրականացնելը համոզվի, որ տվյալ ուղևորը կարող է առանց կողմնակի օգնության կանգնել: Կույր ուղևորների զննման դեպքում մինչև զննման նպատակով ուղեկցող շան շղթան վերցնելը` ուղևորի տեղաշարժի ապահովման համար պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:

 69.2. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների (հաշմանդամներ) շարժասայլակի, հենափայտերի կամ պատգարակի և կույր ուղևորներին ուղեկցող շների զննումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են զննվել անհատապես: Կույր ուղևորներին պատկանող ուղեբեռները բացելու միջոցով զննումը կարող է կատարվել միայն երկու այլ ուղևորների ներկայությամբ:

70. Մանկական սայլակներում գտնվող նորածինների զննման դեպքերում մինչև նորածինների զննման անցումը, ծնողներից մեկը պետք է անցնի ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգերը, որից հետո կարող է մանկասայլակից վերցնել նորածնին և նրան ներկայացնել զննման: Ընդ որում, նորածինները և մանկահասակ երեխաներն անցնում են զննում ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգերով, իսկ մանկական սայլակները ենթարկվում են զննման տեխնիկական սարքավորումներով:

70.1. Հղի կանանց զննումն իրականացվում է ուղևորների զննման համար սահմանված կարգով, սակայն եթե հղի ուղևորը ցանկություն չի հայտնում ենթարկվել զննման տեխնիկական սարքավորումների միջոցով, ապա նա կարող է ենթարկվել անհատական զննման:

70.2. Կրոնական պատկանելության հանգամանքով պայմանավորված, ուղևորների հետ ընդհանուր հոսքում զննումից հրաժարվող ուղևորները ենթակա են անհատական զննման, այլ ուղևորներից առանձին:

70.3. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող (բացառությամբ դեսպանների) և բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորները ենթակա են զննման ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգով:

70.4. Վտարված կամ կալանքի տակ գտնվող ուղևորների զննումն իրականացվում է մինչև տվյալ չվերթի այլ ուղևորների զննումն սկսելը, ընդ որում, նման կարգավիճակի ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը ենթարկվում են զննման ընդհանուր կարգով, անհրաժեշտության դեպքում վտարված կամ կալանքի տակ գտնվող ուղևորները կարող են ենթարկվել անհատական զննման, իսկ նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը կարող են ենթարկվել զննման` դրանք բացելու միջոցով:

71. Փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման: Չուղեկցվող ուղեբեռ է այն ուղեբեռը, որը չի փոխադրվում այն օդանավով, որով մեկնում է այդ ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը:

71.1. Փոխադրման ընդունված ուղեբեռը համարվում է չուղեկցվող ուղեբեռ, երբ այն`

1) օդանավակայաններում ուղեբեռների սպասարկման ընթացքում սխալմամբ ուղարկվել է դեպի այլ չվերթի օդանավ և հետ է վերադարձվել ուղեբեռների տեսակավորման տեղամաս.

2) ուղեբեռների սպասարկման ընթացքում ժամանակին չի հասցվել օդանավ և հետ է մնացել տվյալ չվերթից.

3) սահմանված կարգով հաշվառվել և ընդունվել է փոխադրման, սակայն տվյալ ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը չի ներկայացել թռիչքի.

4) ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը մեկնել է մեկ այլ չվերթով, իսկ նրա կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը մնացել է մեկնման օդանավակայանում:

71.2. Փոխադրման ընդունված, սակայն սույն կարգի 71.1-ին կետով սահմանված դեպքերով չվերթից հետ մնացած ուղեբեռները պարտադիր կարգով պետք է ենթարկվեն զննման տեխնիկական սարքավորումներով` առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության հերթափոխի ղեկավարի կողմից կազմվում է չուղեկցվող ուղեբեռի զննման մասին արձանագրություն (ձև 9)` նշելով, թե որ չվերթից է հետ մնացել տվյալ ուղեբեռը, հետ մնալու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի հաշվառման կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում և ում կողմից: Արձանագրությունը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին և հանձնվում օդանավակայանի կորած իրերի պահեստ:

71.3. Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են չուղեկցվող ուղեբեռների մատյանում, որը կազմվում և վարվում է ազատ ձևով:

71.4. Ցանկացած չուղեկցվող ուղեբեռ դիտարկվում է որպես կասկածելի և ենթակա է փոխադրման միայն այն դեպքում, երբ հաստատվել է, որ այդ ուղեբեռը պատկանում է կոնկրետ չվերթով մեկնած ուղևորին և ենթարկվել է զննման:

72. Եթե օդանավ շահագործողի կողմից որոշում է ընդունվել սույն կարգի 71.1-ին կետով սահմանված դեպքերով չվերթից հետ մնացած ուղեբեռները որպես չուղեկցող ուղեբեռ փոխադրել մեկ այլ չվերթով, ապա այդ դեպքում չուղեկցվող ուղեբեռը ենթարկվում է զննման, ուղեբեռի վրա փակցվում է չուղեկցվող ուղեբեռի զննման պիտակ, որի վրա նշվում է, թե որ զննման կետում է կատարվել չուղեկվող ուղեբեռի զննումը, երբ, որ ժամին, որ տեսուչի կողմից և համապատասխան գրանցում է կատարվում չուղեկցվող ուղեբեռների տվյալների գրանցման մատյանում:

72.1. Եթե ուղևորն իր ուղեբեռը հանձնել է փոխադրման, սակայն ինքը չի ներկայացել թռիչքի, ապա նման ուղևորի ուղեբեռը հանվում է օդանավից, ենթարկվում է զննման և հանձնվում է օդանավակայանի համապատասխան պահեստ` պահպանության: Պարտադիր կարգով զննման են ենթակա նաև ժամանող ուղևորների կողմից չստացված կամ չպահանջված ուղեբեռները:Նման դեպքերում ուղեբեռները ենթարկվում են զննման, իսկ ուղեբեռի վրա փակցվում է զննման փաստը հավաստող պիտակ և հանձնվում է օդանավակայանի կորած իրերի պահեստ` պահպանության:

73. Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է ուղևորների սպասարկման ընթացակարգերը, մինչև թռիչքը գտնվել է ստերիլ գոտում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորը և նրա ուղեբեռն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից և իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին: Նման ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև ժամանման օդանավակայանում տվյալ չվերթի օդանավի վայրէջքը:

Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից, իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին, իսկ օդանավը չի թույլատրվում թռիչքի, կատարվում է ուղևորների իջեցում օդանավից և ելնելով անվտանգության նկատառումներից իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի կրկնակի զննում: Նման դեպքերում պարտադիր կատարվում է նաև օդանավի բոլոր հատվածների մանրակրկիտ զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10), որը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում:

73.1. Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հիվանդության պատճառով անհնար է դառնում նրա թռիչքը շարունակելը, և եթե հիվանդության փաստը գրավոր հաստատվում է օդանավակայանի բժշկական ծառայության կողմից, ապա հիվանդ ուղևորը և նրա ուղեբեռը հանվում են օդանավից, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10):

73.2. Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է հաշվառում, իր ուղեբեռը հանձնել է փոխադրման, գտնվում է զննման կետում, սակայն հրաժարվում է զննման ընթացակարգերն անցնելուց, ինչպես նաև զննման չի ներկայացնում իր ձեռքի իրերը, ապա նման ուղևորը չի թույլատրվում թռիչքի:

74. Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հանվում է օդանավից ազգային անվտանգության, ոստիկանության կամ մաքսային մարմինների կողմից, ապա օդանավից դուրս է բերվում նաև այդ ուղևորի ուղեբեռը և հանձնվում է համապատասխան մարմիններին, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10):

75. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումն ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության և փոխադրումների ծառայության աշխատողների կողմից: Ուղեկցման ժամանակ պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ:

 76. Այն դեպքերում, երբ, ելնելով եղանակային պայմաններից կամ այլ արտակարգ իրավիճակներից, մեկ օդանավակայանում հաշվառում և զննում անցած ուղևորներն ու նրանց ուղեբեռները պետք է տարվեն այլ օդանավակայան թռիչքի, այդ դեպքում այն տրանսպորտային միջոցների բեռնային տեղամասերը, որտեղ բարձված են ուղևորների ուղեբեռը, պետք է փակվեն ու կնքվեն զննում իրականացրած օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից և ուղեկցվեն մինչև մեկնման օդանավակայան, ավիացիոն անվտանգության կողմից պարտադիր կարգով պետք է իրականացվի նաև այլ օդանավակայան տարվող ուղևորների ուղեկցում:».

13) 82-րդ կետի «ա» ենթակետից հանել «, բոլոր տեսակների հրազենների նմանակներ, այդ թվում՝ խաղալիքներ և այլ միջոցներ» բառերը.

14) 82.4-րդ կետում «հեղուկ պայթուցիկ նյութեր» բառերը փոխարինել «հեղուկ նյութերի» բառերով.

15) 83-րդ կետը «արձանագրությամբ (ձև 3)» բառերից հետո լրացնել « և գրանցվում համապատասխան մատյանում:» բառերով.

16) 84-րդ կետում «ավիացիոն անվտանգության ծառայությունում:» բառերը փոխարինել «կորած իրերի բաժնում:» բառերով.

17) 85-րդ կետում «3 ամիս» բառերը փոխարինել «օդանավակայանի կորած իրերի բաժնում` մինչև վեց ամիս» բառերով.

18) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«88. Եթե ուղևորը մինչև զննում անցնելը հայտարարում է իր մոտ այնպիսի արգելված առարկաների առկայության մասին, որոնք փոխադրելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվությունների ձևակերպումներ, սակայն այդ առարկան սահմանված կարգով ձևակերպված չէ, ապա նման ուղևորն ուղարկվում է համապատասխան ծառայություններ՝ ձևակերպման համար:

Եթե ուղևորների կամ օդանավերի անձնակազմերի անդամների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում է զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ապա ուղևորը կամ օդանավի անձնակազմի անդամը չի թույլատրվում թռիչքի, տվյալ անձն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից առանձնացվում և պահվում է հսկողության տակ, դրա մասին անհապաղ հայտնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, իսկ խախտում թույլ տված անձը և զննման ընթացքում նրա մոտ հայտնաբերված փոխադրման համար արգելված զենքը, ռազմամթերքը, սառը զենքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կազմված հայտնաբերման արձանագրության հետ միասին հանձնվում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:».

19) 98.6-րդ կետը «օդանավի զննում:» բառերից հետո լրացնել «Օդանավից իջեցումից հետո տրանզիտ և տրանսֆեր ուղևորները և նրանց ձեռքի իրերը ենթարկվում են զննման» նախադասությամբ.

20) 112-րդ կետի «ա» ենթակետում «դիտողական զննում» բառերը փոխարինել «զննում` բացելու միջոցով» բառերով.

21) 122-րդ կետի «ա» ենթակետում «դիտողական զննում» բառերը փոխարինել «զննում` բացելու միջոցով» բառերով.

22) 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«133. Եթե բեռների զննման ընթացքում հայտնաբերվում է զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրանյութեր, ապա դրա մասին անհապաղ հայտնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը».

23) 135-րդ կետում`

ա. «ա» ենթակետում «հաշվառման մատյան» բառերը փոխարինել «արձանագրություն և մատյան» բառերով,

բ. «բ» ենթակետը «ուղեբեռի» բառից առաջ լրացնել «զննման կետերում» բառերով,

գ. «ե» ենթակետը «(ձև 3),» բառերից հետո լրացնել «և մատյան» բառերով,

դ. «զ» ենթակետը «(ձև 4),» բառերից հետո լրացնել «և մատյան» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

«թ) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի պահպանության հանձնման արձանագրություն (ձև 7) և ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերն իրավապահ մարմիններին հանձնման արձանագրություն (ձև 8):».

24) N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

Ես`___________________________________________________________________________________

(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն առ այն, որ N________________________________________չվերթի

  (նշել օրը, ժամը, չվերթը)
 
 ուղևոր/օդանավի անձնակազմի անդամի՝

_________________________________________________________________________________

(ուղևորի կամ անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված ավիացիոն անվտանգության հսկողությունից (զննումից) հետո ուղևորի/օդանավի անձնակազմի մոտ, ձեռքի իրերում կամ ուղեբեռում

____________________________________________________________________________________

 (նշել, թե որտեղ են հայտնաբերվել (ուղևորի/անձնակազմի մոտ, ձեռքի իրերում, թե ուղեբեռում)

 

հայտնաբերվեցին և վերցվեցին ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածի 82-րդ կետով սահմանված և օդանավով փոխադրման համար արգելված հետևյալ առարկաները

 ___________________________________________________________________________

 (նշել ինչ է վերցվել, ինչ քանակով, եթե զենք է, ապա զենքի համարը, տրամաչափը և այլն)

___________________________________________________________________________,


որոնք ուղևորը/օդանավի անձնակազմի անդամը փորձում էր տանել ստերիլ գոտի և օդանավ:

 

 Հայտնաբերելու և վերցնելու փաստը հաստատում են`

1.___________________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը և ստորագրությունը)

2. __________________________________________________________________________________

 (ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը)

3. __________________________________________________________________________________

 (ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը)

 

Ուղևորի/անձնակազմի անդամի ստորագրությունը ______________________________________

_____ ________________20  թ.».

 

 

25) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 7 ձևով.

 

«Ձև N 7

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

 

Ես`______________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

սույն արձանագրությամբ,

N___________________________________________________չվերթի

 

ուղևորի/անձնակազմի անդամի

_______________________________________________________________

 (ուղևորի/անձնակազմի անդամի անունը, ազգանունը)

մոտ հայտնաբերված ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածի 82-րդ կետով սահմանված և օդանավով փոխադրման համար արգելված առարկաները

________________________________________________________________________________

 (նշել ինչ է հանձնվում պահպանության)

 

հանձնում եմ ի պահ` օդանավակայանի կորած իրերի բաժին`

_________________________________________________________________________________:

 (նշել ում է հանձնվում ի պահ, պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Վերցված առարկաներն ստացա_________________________________________________________

 

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը և ստորագրությունը)

__ _____________ 20 թ.».

 

 

26) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 8 ձևով

.

 

«Ձև N 8

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

 

Ես`_______________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________________________

սույն արձանագրությամբ, N_____________________________________________________չվերթի

 (օրը, ժամը, նշել չվերթի համարը և ուղղությունը)

 

ուղևորի/անձնակազմի անդամ___________________________________________________________

 (ուղևորի/անձնակազմի անդամի անուն, ազգանունը)

 

մոտ

զննման

 ընթացքում

 

հայտնաբերված_____________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 (նշել ինչ է հայտնաբերվել և ինչ քանակով)

 

առարկաները, նյութերը և վերցման արձանագրությունը _____________________________________-ին

  (նշել հանձնման օրը, ժամը)
 

հանձնեցի________________________________________________________________________

 (նշել իրվապահ մարմնի պաշտոնատար անձի տվյալները)

_______________________________________________________________________________-ին:

 

Հանձնեց________________________________________________________________________

(հանձնող պաշտոնատար անձի ստորագրությունը)

Ստացա_________________________________________________________________________

(ստացող պաշտոնատար անձի ստորագրությունը)».

 

 

27) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 9 ձևով.

 

«Ձև N 9

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

 

Ես`_______________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________________

 

«Զվարթնոց» օդանավակայանի ուղեբեռների զննման N_____________________կետում կատարեցի

N____________________________________________________________________________չվերթի

 (նշել չվերթի համարը և ուղղությունը )

հետ մնացած ուղեբեռի զննում __________________________________________________________

 (նշել օրը, ժամը, ուղևորի անունը, ազգանունը, ուղեբեռի կտրոնի համարանիշը և ուղեբեռի հետ մնալու պատճառը)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

և դրանից հետո N_______________________________________________________________չվերթից

հետ մնացած ուղեբեռը հանձնեցի __________________________________օդանավակայանի կորած

իրերի բաժին:

 

Հանձնեց____________________________________________________________________________

(հանձնող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)

Ստացա_____________________________________________________________________________

 (ստացող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)

__________________

(նշել ստացման օրը, ժամը)».

 

 

28) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 10 ձևով.

 

«Ձև N 10

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՕԴԱՆԱՎԻ ԶՆՆՄԱՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

 

Ես`_______________________________________________________________________________,

(նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

մասնակցությամբ____________________________________________________________________

 (նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________________

 (նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

կատարեցինք

N____________________________________________________________________չվերթի

 (նշել զննման օրը, ժամը օդանավի տիպը, համարանիշը, չվերթի համարը և ուղղությունը)

օդանավի արտաքին տեսքի, դռների, խցիկների կափարիչների, ուղևորասրահի, խոհանոցի, սանհանգույցի, նստատեղերի, ձեռքի իրերի խցիկների, օդաչուական տեղամասի, խոհանոցի, սանհանգույցի, բեռնախցիկների զննում:

Զննումն ավարտելուց հետո պարզվեց, որ _______________________________________________________________________________ օդանավի

 (նշել օդանավի տիպը և համարանիշը )

 

արտաքին տեսքի վնասվածքներ, դռների և խցիկների կափարիչների բացման հետքեր, ուղևորասրահում, օդաչուական տեղամասում, խոհանոցում, սանհանգույցում, նստատեղերի գրպանիկներում և դրանց տակ, ձեռքի իրերի խցիկներում, օդաչուական տեղամասում, բեռնախցիկներում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ կամ իրեր չեն հայտնաբերվել□, հայտնաբերվել են ________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________:

 (նշել ինչպիսի առարկաներ կամ իրեր են հայտնաբերվել և օդանավի որ հատվածից)

 

Զննումը կատարեցին

 

1. __________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. __________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

3. __________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան