Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1058
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.11.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.21/57(931) Հոդ.1226
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.11.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
13.11.2012
Дата вступления в силу
13.11.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 նոյեմբերի 2012 թ. 

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Ալավերդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 29.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի հուլիսի 9-ին:

2. Նշված Համաձայնագրի նպատակն է բարեփոխել և արդիականացնել հարկային վարչարարությունը, որպեսզի`

1) բարձրացվի հարկային պարտավորությունների կամավոր կատարումը,

2) կրճատվի հարկերից խուսափումը,

3) կրճատվեն հարկային պարտավորությունների կատարման ծախսերը,

4) բարձրացվի վարչական արդյունավետությունը:

3. Համաձայնագրի համաձայն` Միջազգային զարգացման ընկերակցությունը համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 7.800.000 Փոխառության Հատուկ Իրավունքներին /այսուհետ` ՓՀԻ/ համարժեք գումարի չափով վարկ, որը կազմում է շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը կավարտվի 2016թ. ապրիլի 30-ին: Վարկի մարումն սկսվում է 2017թ. հունվարի 15-ից և ավարտվում 2037թ. հուլիսի 15-ին:

4. Ծրագիրը բաղկացած է հետևյալ 4 մասերից`

Մաս Ա` Ինստիտուցիոնալ զարգացում և փոփոխությունների կառավարում

Խորհրդատուի ծառայությունների տրամադրում ՊԵԿ-ին հարկային հոսքերի վերլուծության և կազմակերպչական վերակազմավորման պլանի մշակման համար և սարքավորումների ձեռքբերում հարկային վարչարարության կենտրոնների համար:

Մաս Բ` Ուժեղացված գործառնություններ

Խորհրդատուի ծառայությունների տրամադրում ՊԵԿ-ին և ապրանքների և տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) համակարգերի և ծրագրային ապահովման տրամադրում հարկային ծառայության կենտրոններին, որոնք հարկատուներին մատուցում են մի շարք ծառայություններ:

Մաս Գ` SS ենթակառուցվածքներ և համակարգերի արդիականացում

Ապրանքների տրամադրում ՊԵԿ-ին հարկերի կառավարման համապարփակ և ինտեգրված համակարգի ստեղծման նպատակով Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների թարմացման համար:

Մաս Դ` Ծրագրի կառավարում

Գործառնական ծախսերի և ԱՖԾԿԿ և ՊԵԿ-ին խորհրդատուների ծառայությունների տրամադրում Ծրագրի իրականացմանը և կառավարմանն աջակցելու համար, և տեխնիկական օժանդակության, ներառյալ ուսուցման, տրամադրում:

 5. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները`

չառհանված ֆինանսավորման մնացորդի դիմաց կիսամյակային մուծումներով Ընկերակցությանը վճարել պարտավորության վճար` տարեկան առավելագույնը կես տոկոս (1%-ի 1/2-ը) դրույքաչափով (հոդվ. II, կետ 2.03),

 վարկի առհանված հաշվեկշռի դիմաց Ընկերակցությանը վճարել սպասարկման տարեկան վճար` 1%-ի 3/4-ին հավասար դրույքաչափով, ինչպես նաև տարեկան տոկոսավճար` մեկ քառորդ տոկոսին (1,25 %) հավասար դրույքաչափով (հոդվ. II, կետեր 2.04 և 2.05),

 տոկոսագումարները վճարել հետևյալ ժամկետներում` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին (հոդվ. II, կետ 2.06),

 կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, սկսած 2017 թվականի հունվարի 15-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ը, մարել Վարկի վերադարձման ենթակա հիմնական գումարի 1,65 %-ը, իսկ սկսած 2027թ. հուլիսի 15-ից և ներառյալ 2037թ. հուլիսի 15-ը 3,35 % (հոդվ. II, կետ 2.07 և Առդիր 3),

 հայտարարել ՀՀ հանձնառությունը Ծրագրի նպատակներին և այդ նպատակով ծրագիրն իրականացնել ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով` սերտորեն համագործակցելով և համակարգելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ, Ընդհանուր պայմանների IV Հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև առանց Համաձայնագրի Բաժին 3.01 դրույթների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ-ն և Ընկերակցությունը կպայմանավորվեն այլ կերպ ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի համաձայն Համաձայնագրի 2-րդ Առդիրի դրույթների (հոդվ. III, կետեր 3.01 և 3.02),

 Ծրագրի իրականացման ամբողջական պատասխանատվությունը դնել ՊԵԿ-ի վրա, ինչպես նաև ապահովել, որպեսզի ՊԵԿ-ն իրականացնի Ծրագիրը համաձայն Ծրագրի իրականացման պլանի և Գործառնական ձեռնարկի, որոնք ենթակա են հաստատման ՀՀ-ի կողմից Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, բավարար են Բանկի համար, և բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը կհամաձայնի այլ կերպ, չփոփոխել կամ չհրաժարվել Ծրագրի իրականացման պլանի և Գործառնական ձեռնարկի որևէ դրույթից, եթե ըստ Ընկերակցության նման փոփոխությունը կամ հրաժարումը կարող են նշանակալի և բացասական ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման կամ դրա նպատակներին հասնելու վրա (Առդիր 2, Բաժին I., կետ «Ա», ենթակետ 1),

 Ծրագրի պատշաճ վերահսկողության, համակարգման և իրականացման ապահովման նպատակով Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ստեղծել Ղեկավար խորհուրդ, որի անդամները և լիազորությունները կլինեն բավարար Բանկի համար, որից հետո այն կպահպանվի Ծրագրի ողջ ընթացքում և պատասխանատու կլինի Ծրագրի հետ կապված առանցքային որոշումների կայացման, Ծրագրի ընդհանուր իրականացման առաջընթացի մշտադիտարկման, ռազմավարական հարցերի վերաբերյալ ուղղորդման և Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման համար, ինչպես նաև երաշխավորել, որ Ծրագրի ընդհանուր կառավարման նպատակով ՊԵԿ-ը, Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, կնշանակի Ծրագրի տնօրեն, որը պատասխանատու կլինի համաձայն Ծրագրի մշակման նպատակի` Ծրագրի իրականացման և Ծրագրի իրականացման մեջ ներգրավված ՊԵԿ համապատասխան վարչությունների համակարգման համար (Առդիր 2, Բաժին I., կետ «Ա», ենթակետ 2),

 ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի համաձայն Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների (Առդիր 2, Բաժին I., կետ «Բ»):

Սույն Համաձայնագրի ուսումնասիրման արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, ավելին` դրանք ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով սահմանված` յուրաքանչյուր անձի հարկեր, տուրքեր մուծելու և պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունից: Սույն Համաձայնագրի դրույթների իրականացմամբ կապահովվի նաև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված` պետության հիմնական խնդիրների իրականացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

13 նոյեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1058

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան