Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-15-Ո-20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1021.14
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.08.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԱԽ-15-Ո-20

 2012 թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

   

մասնակցությամբ` դատավոր

Ռ. Ափինյանի

   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 04.07.2012թ. թիվ N-Կ-2-2/2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ռ. Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 04.07.2012թ. թիվ Ե-4431 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Երևան քաղաքի Ամիրյան 3 շենքի թիվ 1 և թիվ 6 բնակարանների սեփականատերեր (սեփականատեր լինելու փաստը հաստատված է դատական ակտերով) Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը դիմել են Դատարան /նախագահող դատավոր` Ռ. Ափինյան/ ընդդեմ նույն շենքի թիվ 7 և 8 բնակարանների սեփականատեր Արա Հովհաննիսյանի` պարտավորեցնելու տանիքի դռան փոփոխված փականի բանալին անհապաղ տրամադրելու և դրանից հետո առանց հայցվորների համատեղ համաձայնության տանիքի հատվածում որևէ փոփոխում (աշխատանքներ) չկատարելու պահանջներով:

 Դատարանի 06.07.2011թ. վճռով թիվ ԵԿԴ/0389/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանի կողմից քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ համահայցվորների` վերը նշված պահանջները վերապահված են ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնին` շինությունների սեփականատերերի ժողովին, որն էլ իրավասու է խնդրո առարկա հարցերի վերաբերյալ կայացնել համապատասխան լուծումներ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշմամբ Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. որոշմամբ Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, որի արդյունքում բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշումը, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը:

 Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ քաղաքացիական հայցով դատարան դիմելու իրավունքն իրենից ներկայացնում է դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարր: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուրի համար ապահովում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող ցանկացած վեճ դատարան ներկայացնելու իրավունքը:

 Հետևապես, Դատարանի կողմից կայացված դատական ակտով համահայցվորներ Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը զրկվել են ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 27.04.2012թ. որոշմամբ ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես` ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 91-93-րդ կետեր) ......»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ զրկվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից»:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և 7-րդ մասի «ժզ» և «ժէ» ենթակետերի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` Ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը: Ժողովի լիազորություններն են` շինության սեփականատերերի և (կամ) շենքի բնակիչների կողմից ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու կարգի սահմանումը, շինության սեփականատերերի (կամ) շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն օգտագործելու կարգի սահմանումը:

Ղեկավարվելով վերը նշված իրավանորմերով` Դատարանը վճռում բերել է այն պատճառաբանությունը, որ հայցվորները մինչև դատարան դիմելը չեն սպառել օրենքով նախատեսված մինչդատական բոլոր հնարավորությունները:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը սահմանափակված չէ որևէ պայմանով: Անձն իր իրավունքների և ազատությունների պաշտպանության ձևն ընտրում է իր հայեցողությամբ:

Այսինքն` Դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ և 13-րդ հոդվածների 1-ին մասերի խախտումներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, 26.12.2008թ. թիվ 3-678 (ՎԴ) որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ և 13-րդ հոդվածներին, արձանագրել է հետևյալը. «Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով Ընկերությանն իր իրավունքների պաշտպանության լրացուցիչ եղանակ ընձեռելու պայմաններում վերջինս իր հայեցողությամբ է իրականացնում իր իրավունքների պաշտպանությունը: Ուստի նյութական իրավունքի որևէ նորմ (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը) չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ, իրավական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակող դրույթ»:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` ..... Եթե բազմաբնակարան շենքի կառավարումն իրականացվում է համատիրության կողմից, ապա սույն հոդվածի 7-րդ կետի «զ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» և «ժը» ենթակետերով նախատեսված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատիրության ժողովի որոշմամբ` «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե ժողովը գումարման կամ հարցման միջոցով տվյալ հարցի վերաբերյալ այլ որոշում չի ընդունել:

Սույն գործով ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի` շինությունների սեփականատերերի ժողովի կողմից չկա սահմանված ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու և ընդհանուր բաժնային սեփականությունն օգտագործելու կարգ, իսկ վերը նշված հոդվածի համաձայն` նման կարգ սահմանված չլինելու պայմաններում «ժզ» և «ժէ» ենթակետերով նախատեսված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատիրության ժողովի որոշմամբ` «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն` Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը Երևան քաղաքի Ամիրյան 3 շենքի թիվ 1 և թիվ 6 բնակարանների սեփականատերերն են, իսկ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից օգտվելու և ընդհանուր բաժնային սեփականությունն օգտագործելու կարգը սահմանված չէ, ուստի սեփականատերերը օրենքով սահմանված կարգով իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են համատիրություն: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության 05.11.2010թ. Կ-72 գրության համաձայն` համատիրության կողմից տեղազննվել է տանիքի փակված լինելու հանգամանքը, և նախազգուշացվել է Ա. Հովհաննիսյանին սեղմ ժամկետում հանել տանիքի դռան փականը:

Այսինքն` եթե նույնիսկ ընդունենք Դատարանի կողմից բերված հիմնավորումների օրինաչափությունը (հայցվորները մինչև դատարան դիմելը չեն սպառել օրենքով նախատեսված մինչդատական բոլոր հնարավորությունները), ապա ստացվում է, որ համահայցվորներն իրենց իրավունքների պաշտպանության համար մինչև դատարան դիմելը սպառել են օրենքով նախատեսված մինչդատական հնարավորությունները:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, քաղաքացիական գործի վարույթը կարճելով, խախտել է անձի արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` դատական մատչելիության իրավունքը:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը, քաղաքացիական գործի վարույթը կարճելով, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական և դատավարական օրենքների նորմերի խախտումներ, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ռ. Ափինյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Գտնում եմ, որ իմ որոշման արդյունքում հայցվորները չեն զրկվել դատարանի մատչելիության հիմնարար իրավունքից հետևյալ պատճառաբանությամբ: Դատարանի մատչելիության իրավունքը չի ենթադրում բոլոր դեպքերում միայն ըստ էության կայացված դատական ակտի առկայություն: Դատարանները, հայցը վարույթ ընդունելով հանդերձ, կարող են հավասարապես կայացնել և՛ ըստ էության լուծող, և՛ ըստ էության չլուծող դատական ակտեր` միևնույն ժամանակ պահպանելով դատարանի և դատական պաշտպանության բոլոր հատկանիշները. օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից իրավահավասարության և մրցակցային դատավարության պայմանների ներքո ողջամիտ ժամկետներում արդարացի դատական քննության իրավունք` և՛ իրավունքի մասին հարցի, և՛ փաստերի հիմքով:

Բոլորովին այլ իրավիճակ է, երբ դատարանը հայցը մերժում է առանց դատական քննություն անցկացնելու` առանց հնարավորություն տալու, որպեսզի կողմերը ներկայացնեն իրենց պնդումները և վիճարկեն մյուս կողմի պնդումները: Այդ դեպքում իրավացիորեն կարելի է ասել, որ կողմը զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, այսինքն` դատարանը մատչելի չի եղել անձի համար, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա ներկայացնել իր պնդումները արդարության և հավասարության պայմանների ներքո:

Տվյալ գործով իմ կողմից սկզբում որոշում է կայացվել քաղաքացիական գործը ընդունել վարույթ, այնուհետև դատաքննությունը նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ: Նույն օրը Դատարանի մեկ այլ որոշմամբ հայցվորները ազատվել են պետական տուրքի վճարումից: Այնուհետև պատասխանողին հնարավորություն է տրվել երկշաբաթյա ժամկետում կատարել իր պարտավորությունը և ներկայացնել հայցադիմումի պատասխան: Այնուհետև, Դատարանը և կողմերը իրականացրել են նախապատրաստական դատական փուլ` կատարելով այդ դատավարական փուլի համար նախատեսվող բոլոր գործողությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի հիմքով և այնուհետև անցել են դատաքննության փուլ: Դատաքննության փուլում, ինչպես և նախապատրաստական փուլում, կողմերին հնարավորություն է տրվել իրավահավասարության և զենքերի հավասարության սկզբունքների պահպանման պայմաններում վիճարկել իրենց տեսակետները, և այս ամենը եզրափակվել է դատաքննությունը ավարտված համարելու և վճռի հրապարակման օր նշանակելու մասին որոշմամբ:

Այսինքն` Դատարանը դատավարության կողմերի հետ միասին սպառել է դատավարության օրենքով սահմանված բոլոր փուլերը` կողմերին մրցակցային դատավարության հավասար պայմաններ ապահովելով: Նման հանգամանքներում գտնում եմ, որ ես ապահովել եմ կողմերի համար դատարանի մատչելիություն` անկախ դատաքննության ելքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածով ամրագրված է քաղաքացիների իրավական պաշտպանության միջոցներից օգտվելիս կամարտահայտության ազատության սկզբունքը: Վերը շարադրված եզրահանգումներից բխում է, որ խնդրո առարկա գործով քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց պաշտպանության իրավունքը` նրանք դիմել են Դատարան, Դատարանը չի հրաժարվել քննել նրանց դիմումը, կատարել է քննություն և քննության արդյունքում կայացրել է դիմումը մերժելու մասին վճիռ: Եթե խոսքը վերաբերում է կամարտահայտության դրսևորման ազատությանը, ապա դատական քննության ելքը որոշիչ հանգամանք չէ: Եվ իսկապես, այնքանով, որքանով դատարանը հնարավորություն է տվել քաղաքացուն մասնակցել դատական քննությանը և ներկայացնել իր պնդումները և վիճարկել պատասխանողի առարկությունները, դատական քննության ելքը այս լույսի ներքո էական նշանակություն չունի:

Ի հավելումն վերը նշվածի, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ տվյալ դեպքում քաղաքացիները օրենքով հնարավորություն են ունեցել և օգտվել են վճիռը բողոքարկելու իրենց հնարավորությունից: Այսինքն` պահպանվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջը, քանի որ օրենսդիրը այս հոդվածի 1-ին մասում նշված «դատարան» հասկացության տակ նկատի է ունեցել ոչ միայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այլ նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Տվյալ դեպքում քաղաքացիները ունեցել են դատական ստուգման հնարավորություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում և այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանում, որտեղ նրանց պահանջը բավարարվել է:

Այսինքն` քաղաքացիները իրենց տրամադրության տակ ունեցել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված երաշխիքը` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը, որը հանդիսանում է lex geոeralis Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նկատմամբ: Տվալ դեպքում այդպիսի արդյունավետ միջոց է հանդիսացել դատական պաշտպանության իրավական միջոցը: Այս փաստը նույնպես խոսում է այն մասին, որ հայցվորները հնարավորություն ունեցել են իրենց հայեցողությամբ իրականացնելու իրենց պաշտպանությունը»:

Բացի վերոնշյալից, դատավոր Ռ. Ափինյանը իր բացատրության մեջ, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասը և 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև դատավորի անկախությանը վերաբերող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, նշել է, որ բացի վերադաս դատական ատյանից, ոչ մի այլ մարմին իրավունք չունի վերագնահատել ու մեկնաբանել դատավորի գնահատած փաստերը և իրավունքի մասին հարցերը, ընդ որում, ցանկացած այլ մոտեցում խախտում է դատավորի անկախության սահմանադրական երաշխիքը:

Ամփոփելով իր բացատրությունը` դատավորը եկել է այն եզրահանգման, որ Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում խախվտել է ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասով և 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դատավորի անկախության իր սահմանադրական երաշխիքները:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Քաղաքացիներ Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը դիմել են Դատարան ընդդեմ Ամիրյան 3 շենքի թիվ 7 և 8 բնակարանների սեփականատեր Արա Հովհաննիսյանի` պարտավորեցնելու տանիքի դռան փոփոխված փականի բանալին անհապաղ տրամադրելու և դրանից հետո առանց հայցվորների համատեղ համաձայնության տանիքի հատվածում որևէ փոփոխում (աշխատանքներ) չկատարելու պահանջներով:

2) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության 05.11.2010թ. Կ-72 գրության համաձայն` համատիրության կողմից տեղազննվել է տանիքի փակված լինելու հանգամանքը, և նախազգուշացվել է Ա. Հովհաննիսյանին սեղմ ժամկետում հանել տանիքի դռան փականը:

3) Դատարանի 06.07.2011թ. վճռով թիվ ԵԿԴ/0389/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշմամբ Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

5) ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. որոշմամբ Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, որի արդյունքում բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշումը, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

 ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով Կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, կետ 36):

Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան ուղղված է ոչ թե նրան, որ երաշխավորի տեսական կամ պատրանքային իրավունքներ, այլ որ երաշխավորի կենսագործելի ու արդյունավետ իրավունքներ: Մասնավորապես, դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001թ. հունիսի 19, կետ 52; Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 2001թ. մայիսի 10, 91-93-րդ կետեր):

Քաղաքացիական հայցով դատարան դիմելու իրավունքն իրենից ներկայացնում է դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը (տե՛ս Աքսոյն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, կետ 92, «Սուրբ եկեղեցիներն» ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 1994թ. դեկտեմբերի 9-ի վճիռը, կետ 80):

Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական Դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումներն անձին վերապահված դիմելու իրավունքն այնպես չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի, 2007թ. հուլիսի 26, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

Այսպիսով, Խորհուրդը արձանագրում է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է` դատարան դիմելու իրավունքը) ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունք է:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը գործի վարույթը կարճել է վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, քանի որ հայցվորները մինչև դատարան դիմելը չեն սպառել օրենքով նախատեսված մինչդատական բոլոր հնարավորությունները: Դատարանը նշել է, որ հայցվորների պահանջների լուծումը վերապահված է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնին` շինությունների սեփականատերերի ժողովին1 , որն էլ իրավասու է խնդրո առարկա հարցերի վերաբերյալ կայացնել համապատասխան որոշումներ:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը սահմանափակված չէ որևէ պայմանով: Անձն իր իրավունքների և ազատությունների պաշտպանության ձևն ընտրում է իր հայեցողությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, 26.12.2008թ. թիվ 3-678 (ՎԴ) որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ և 13-րդ հոդվածներին, արձանագրել է հետևյալը. «Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով Ընկերությանն իր իրավունքների պաշտպանության լրացուցիչ եղանակ ընձեռելու պայմաններում վերջինս իր հայեցողությամբ է իրականացնում իր իրավունքների պաշտպանությունը: Ուստի նյութական իրավունքի որևէ նորմ (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը2 ) չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ, իրավական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակող դրույթ»:

Վերոնշյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված բազմաբնակարան շենքի սեփականատերերի (սույն գործով հայցվորների) իրավունքների իրականացման առանձնահատուկ կարգը (ընդհանուր ժողովի կողմից կառավարման հարցերի լուծում) չի վերացնում նշված անձանց դատական պաշտպանության իրավունքը:

Վերոնշյալ փաստերի համադրության արդյունքում Խորհուրդը հարկ է համարում նշել, որ համամիտ է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/0389/02/11 որոշմամբ արձանագրված այն դիրքորոշմանը, որ «Բազմաբնակարան շենքի սեփականատերերի իրավունքների և դրանց իրականացման առանձնահատուկ կարգի (ընդհանուր ժողովի կողմից կառավարման հարցերի լուծում) միջև պետք է գտնվի ողջամիտ հավասարակշռվածություն` օրենսդրության տրամաբանությունը չխախտելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հավասարակշռվածությունը դրսևորվում է հետևյալ կանոնի պահպանմամբ` քանի դեռ սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից վերջինիս իրավասությանը վերապահված հարցը որոշմամբ լուծում չի ստացել, մյուս բաժնային սեփականության մասնակիցներն իրավունք ունեն պաշտպանելու ընդհանուր բաժնային սեփականության` իրենց իրավունքի ցանկացած խախտում»:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, կարճելով գործի վարույթը, խախտել է հայցվորների` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ռ. Ափինյանը, կարճելով գործի վարույթը, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Գ. Բադիրյան

Կ. Բաղդասարյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան

Մ. Մարտիրոսյան

 

1 «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և 7-րդ մասի «ժզ» և «ժէ» ենթակետերի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը: Ժողովի լիազորություններն են` շինության սեփականատերերի և (կամ) շենքի բնակիչների կողմից ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու կարգի սահմանումը, շինության սեփականատերերի (կամ) շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն օգտագործելու կարգի սահմանումը:

 

2 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավատուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով: