Գլխավոր տեղեկություն
Համար
N 941-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.08/38(912) Հոդ.930
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2012 թվականի N 941-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման նախաբանում «9-րդ հոդվածի 8-րդ մասի» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 4.1-ին, 8-րդ մասերի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից.

11) սույն ցանկի 1-ին կետի 10-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատման ներկայացվելու և ներկայացված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատվելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորմատիվ հրամանով:»:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 10-րդ ենթակետի «գ» պարբերությունը գործում է սույն որոշման 2-րդ կետով լրացվող 11-րդ ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորմատիվ հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 30

Երևան