Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.09.2012-31.01.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.458
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 419-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՒ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 963-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն և 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» N 963-Ն որոշումները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) հանրային ծառայությունների համարանիշը:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ և 13-րդ կետերը «քաղաքացիությունը,» բառից հետո լրացնել «հանրային ծառայությունների համարանիշը,» բառերով.

2) Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի ձևը «Citizenship» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Հանրային ծառայությունների համարանիշ___________________

Public services number____________________».

3) Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ձևը «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ» տողից հետո լրացնել «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ» տողով, իսկ «NATIONALITY» տողից հետո` «PUBLIC SERVICES NUMBER» տողով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «քաղաքացիությունը,» բառից հետո լրացնել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. հինգերորդ պարբերությունը «Քաղաքացիությունը ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ» տողից հետո լրացնել «Հանրային ծառայությունների համարանիշը» տողով,

բ. յոթերորդ պարբերությունը «Քաղաքացիությունը» տողից հետո լրացնել «Հանրային ծառայությունների համարանիշը» տողով,

գ. քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ստանալու (վկայականի ժամկետը երկարաձգելու) համար դիմում-հարցաթերթիկի ձևի «Ծառայողական նշումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Հանրային ծառայությունների համարանիշը ________________»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 13

Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 5-ի N 419-Ն որոշման

 

Ձև

____________________________________________________

                                        (լիազոր մարմնի անվանումը)

 

_____ _______________________20 թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ———----

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի ______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)

________________________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը, տալու ամսաթիվը և տրամադրող մարմինը)

 

դիմել է հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելուց հրաժարվելու կապակցությամբ

 

Պետ _____________________________ ______________________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Կիրառելի է միայն սույն փաստաթղթի բնօրինակը:

Սույն փաստաթուղթն ապահովում է փաստաթղթի տիրոջ իրավունքների իրացումը հանրային ծառայությունների բնագավառում:

(հավելվածը փոփ. 23.08.12 N 1060-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 5-ի N 419-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված և նույնականացման քարտ ստանալու համար դիմում չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (այսուհետ` քաղաքացի) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ քաղաքացու բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` քաղաքացու դիմումի հիման վրա:

3. Տեղեկանքն ստանալու համար քաղաքացին անձամբ լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) մինչև 16 տարեկան քաղաքացին` անձնագիր չունենալու դեպքում` ծննդյան վկայականը և դրա պատճենը:

4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները, պատճենների հետ համեմատելուց հետո, անմիջապես լիազոր մարմինը վերադարձնում է քաղաքացուն:

5. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ: Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա խնամակալը:

6. Տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`

1) քաղաքացուն հատկացվել է հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ նույնականացման քարտ.

2) բացակայում են քաղաքացուն` նախկինում հատկացված տեղեկանքն անվավեր համարելու հիմքերը, և քաղաքացին իր դիմումի մեջ չի նշել տեղեկանքի կորստյան կամ փոխանակման մասին.

3) տեղեկանք ստանալու համար ներկայացված փաստաթղթերը թերի են:

7. Քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը քաղաքացուն առաջարկում է մեկօրյա ժամկետում լրացնել դրանք: Եթե նշված ժամկետում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում, լիազոր մարմինը մերժում է տեղեկանքի տրամադրումը սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով:

8. Տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է քաղաքացուն` նշելով մերժման պատճառը:

9. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության մեջ հավաստիանալուց հետո անմիջապես քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը: Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում տեղեկանքը տրամադրվում է մինչև 16 տարեկան կամ դատարանի դատավճռով անգործունակ ճանաչված քաղաքացու օրինական ներկայացուցչին:

10. Սույն կարգի 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում օրինական ներկայացուցիչը լիազոր մարմին է ներկայացնում անձը և օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթղթերը:

11. Տեղեկանքի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

12. Տեղեկանքը համարվում է անվավեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կամ նույնականացման քարտ տրամադրելու պահից կամ անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկանքում առկա տվյալների փոփոխության դեպքում:

13. Քաղաքացին տեղեկանքի կորստյան դեպքում դրա մասին հայտնում է լիազոր մարմին, որը քաղաքացուն նոր տեղեկանք է տրամադրում՝ սույն կարգի համաձայն:

14. Օգտագործման համար ոչ պիտանի լինելու և (կամ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկանքում առկա տվյալների փոփոխության դեպքում քաղաքացին լիազոր մարմին է դիմում տեղեկանքը փոխանակելու նպատակով:

15. Տեղեկանքը փոխանակելու համար քաղաքացին լիազոր մարմին է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և փոխանակման ենթակա տեղեկանքը:

16. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության մեջ հավաստիանալուց հետո լիազոր մարմինն անմիջապես քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը:

17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու դիմումի և դիմումների հաշվառման մատյանի ձևերը, տեղեկանքի համարի ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

(17-րդ կետը լրաց. 23.08.12 N 1060-Ն)

(հավելվածը լրաց. 23.08.12 N 1060-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 5-ի N 419-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն` իր ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում՝ առանց հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ դիմումի: Մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը տրված օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում հանրային ծառայությունների համարանիշն ամրագրելու համար անձը կարող է կացության քարտը, քաղաքացիություն չունեցող անձի կամ փախստականի ինքնությունը հավաստող փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

3. Սույն կարգի համաձայն հանրային ծառայությունների համարանիշ հատկացվում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացուն, ով չի դիմել նույնականացման քարտ ստանալու համար, չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

4. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` քաղաքացի) անձամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) մինչև 16 տարեկան քաղաքացին` անձնագիր չունենալու դեպքում` ծննդյան վկայականը և դրա պատճենը:

5. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու դիմումում նշվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) բնակության վայրը.

5) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը, ում կողմից է տրվել և տալու ամսաթիվը:

6. 16 տարին չլրացած քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ: Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա խնամակալը:

7. Լիազոր մարմինն ստուգում է դիմումում նշված և քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալների համապատասխանությունը:

8. Դիմումի ընդունման վերաբերյալ գրառում է կատարվում դիմումների հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է դիմումը ներկայացնող անձը:

9. Եթե սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են անճշտություններ, լիազոր մարմինն առաջարկում է մեկօրյա ժամկետում վերացնել դրանք: Եթե նշված ժամկետում փաստաթղթերում առկա թերությունները չեն վերացվում, ապա հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին դիմումը մերժվում է: Լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխան է տրամադրում քաղաքացուն մերժման պատճառի և կրկին դիմելու ընթացակարգի վերաբերյալ:

10. Քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշը հատկացվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի ձևով:

11. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը հանձնվում է անձամբ քաղաքացուն կամ նրա ներկայացուցչին՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ներկայացնելու դեպքում: 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը հանձնվում է նրա օրինական ներկայացուցչին:

12. Սույն կարգի 6-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերում օրինական ներկայացուցիչը լիազոր մարմին է ներկայացնում անձը և օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթղթերը:

 13. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքում ամրագրվում են հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշը տրամադրելու համար հիմք հանդիսացած անձը հաստատող փաստաթղթի տվյալները, լիազոր մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը: Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը կնքվում է լիազոր մարմնի կնիքով:

14. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի կորստյան դեպքում քաղաքացին հայտնում է լիազոր մարմին, որը քաղաքացուն նոր տեղեկանք է տրամադրում՝ սույն կարգի համաձայն:

15. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքն օգտագործման համար ոչ պիտանի լինելու և (կամ) հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքում առկա անհատական տվյալների փոփոխության դեպքում քաղաքացին լիազոր մարմին է դիմում տեղեկանքը փոխանակելու նպատակով:

16. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը լիազոր մարմինը փոխանակում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և փոխանակման ենթակա տեղեկանքը քաղաքացու կողմից լիազոր մարմին ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

17. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված` հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու դիմումի մերժման հիմքի բացակայության մեջ հավաստիանալուց հետո լիազոր մարմինն անմիջապես քաղաքացուն է տրամադրում հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին նոր տեղեկանք:

18. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը համարվում է պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

19. Մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը հատկացված սոցիալական ապահովության քարտի կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ սոցիալական ապահովության քարտում առկա անհատական տվյալների փոփոխության դեպքում քաղաքացին կարող է դիմել լիազոր մարմին սույն կարգի համաձայն հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

20. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ դիմումների, դիմումների հաշվառման մատյանի և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան