Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.06.22/13(111) Հոդ.348
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 246-Ն

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 մարտի 2-ի N 246-Ն որոշման

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից (այսուհետ` կազմակերպիչ) անցկացվող հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության նպատակով մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:


II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն ստեղծում է առնվազն 4 անձից բաղկացած հանձնաժողով:

4. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի և պայմանների համաձայն:

5. Հանձնաժողովը`

ա) հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը.

բ) բացում և գնահատում է մրցույթի հայտերը.

գ) որոշում է մրցույթի հաղթողին.

դ) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

6. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 3/4-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:


III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

9. Մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով կազմակերպիչն առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ հրապարակում է մրցույթի անցկացման և պայմանների մասին ծանուցում` նշելով օրենքով նախատեսված տեղեկությունները:


IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Մրցույթի մասնակից է համարվում այն անձը, որը մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում` սահմանված կարգով հանձնաժողովին ներկայացրել է մրցույթի հայտը, որը ներառում է դիմումը, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև օրենքով նախատեսված տեղեկությունները:

11. Մրցույթի հայտն անձի կողմից ներկայացվում է սոսնձված, ստորագրված փակ ծրարով, որի վրա պետք է կատարվի «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումը:

(11-րդ կետը փոփ. 19.07.12 N 901-Ն)

12. Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը։

13. Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:

14. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի նվազագույնը 3000 օրինակ տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցը, որը հրատարակվում է առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ:

15. Մրցույթի հայտերի բացման նիստի օրը նշանակվում է մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 3 օր հետո` մրցույթի հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին:

16. Մրցույթի մասնակիցների հայտերը քննարկվում են` ըստ դրանց գրանցման հերթականության:

17. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

18. Հանձնաժողովի քարտուղարը բացում է հայտերի ծրարները և հայտերը ներկայացնում հանձնաժողովին:

19. Հանձնաժողովը ծանոթանում է մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերին և բաց քվեարկությամբ կատարում լավագույն առաջարկը ներկայացրած մրցույթի մասնակցի ընտրություն:

20. Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով`

ա) լրատվամիջոցի տպաքանակը.

բ) լրատվամիջոցի հրատարակման պարբերականությունը.

գ) լրատվամիջոցի տարածվածության աստիճանը Հայաստանի Հանրապետության տարածքում. 

դ) լրատվամիջոցի հրատարակման օպերատիվությունը.

ե) հրապարակային ծանուցման հրապարակման գինը.

զ) լրատվամիջոցի մեկ օրինակի վաճառքի գինը։

 

V. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ

 

21. Հանձնաժողովն իր նիստում ընդունում է որոշում սույն կարգի և պայմանների 20-րդ կետի համաձայն ընտրված լավագույն մասնակցին մրցույթում հաղթող ճանաչելու մասին և կազմում մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են օրենքով սահմանված տեղեկությունները:

22. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցն ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

23. Արձանագրության ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում մրցույթի հաղթողը կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր` մեկ տարի ժամկետով:

24. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:


VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

25. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

ա) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.

բ) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև` եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն կարգի և պայմանների ու մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին.

գ) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցումը:

26. Սույն կարգի և պայմանների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր:

27. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

(հավելվածը փոփ. 19.07.12 N 901-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան