Գլխավոր տեղեկություն
Համար
N 851-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2012-10.11.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.883
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 851-Ն

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանգարանային գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 851-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) թանգարան (պատկերասրահ, երկրագիտական թանգարան, տուն-թանգարան, գանձարան, արգելոց-թանգարան, հուշարձան-թանգարան և այլն)` մշակութային կազմակերպություն, որն ունի կանոնակարգված թանգարանային առարկաների հավաքածու, դրանց պահպանության և ցուցադրության կազմակերպման համար համապատասխան շենք-շինություններ կամ բացօթյա ցուցադրության հնարավորություն, կոչված է ծառայելու հասարակությանը և նպաստելու նրա զարգացմանը, հասանելի է հանրությանը և իրականացնում է սույն կարգով սահմանված գործառույթներ.

2) թանգարանային առարկա` հասարակության կենսագործունեության նյութական արգասիք կամ երկրաբանական նմուշ, կամ հնէաբանական գտածո, կամ բուսական և կենդանական աշխարհի նմուշ, որի որակական կամ հատուկ հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում դրա պահպանումը, ուսումնասիրումը, հետազոտումն ու հրապարակումը հասարակության համար.

3) թանգարանային գործունեություն` մշակութային գործունեություն՝ մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում:

2. Թանգարանային գործունեության համար պետական աջակցություն տրամադրվում է այն ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), որոնք իրականացնում են հետևյալ գործառույթները՝

1) թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերում, հավաքում, ֆոնդերի համալրում, հաշվառում, պահպանում և պաշտպանում.

2) թանգարանային առարկաների և հավաքածուների գիտական մշակում, հետազոտում, ուսումնասիրում, հրապարակում և թվանշանացում.

3) ճանաչողական, գիտակրթական, մշակութային, ժամանցային ծրագրերի իրականացում:

3. Կազմակերպությանը պետական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) նախատեսված «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրի շրջանակներում:

4. Կազմակերպությանը պետական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին (այսուհետ` նախարար) կից ստեղծվում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է նախարարի հրամանով:

5. Կազմակերպությանը պետական աջակցություն կարող է տրամադրվել թանգարանի հիմնական գործունեությանը համապատասխան`

1) մշակութային առարկաների պահպանության ծախսերի,

2) մշակութային առարկաների վերականգնման կամ ամրակայման,

3) հիմնական ցուցադրության գեղարվեստական ձևավորման,

4) մշակութային առարկաների կատալոգի հրատարակության համար:

6. Պետական աջակցություն ստանալու համար կազմակերպությունը պետք է բավարարի սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի պահանջները և հայտին կից ներկայացնի իր կողմից պատշաճ ձևով հաստատված հետևյալ փաստաթղթերը՝

1) տեղեկանք մշակութային առարկաների պահպանության և պաշտպանության պայմանների մասին.

2) տեղեկանք ֆինանսավորման աղբյուրների մասին.

3) տեղեկանք թանգարանային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերի մասին.

4) կազմակերպության կանոնադրության և տարածքի (սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով) պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենները.

5) թանգարանի զարգացման հայեցակարգը, որում պետք է նշվեն ներդրումային ծրագրերը, ներդրումների ֆինանսավորման աղբյուրները.

6) սույն հավելվածի 5-րդ կետում նշված ուղղությունների իրականացման համար անհրաժեշտ՝ ակնկալվող պետական աջակցության չափը:

7. Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում և 2-րդ կետում նշված չափորոշիչները բավարարող կազմակերպությունը պետական աջակցություն ստանալու նպատակով կարող է նախարարություն ներկայացնել հայտ՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը: Հայտի ձևը հաստատվում է նախարարի հրամանով:

8. Հայտը և կից փաստաթղթերն ընդունում է նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և երկու աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը հայտատուին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն: Հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է հանձնաժողովին:

9. Հանձնաժողովը հայտերը քննարկում է տարեկան մեկ անգամ` փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը:

10. Հանձնաժողովը կազմակերպությանը պետական աջակցություն տրամադրելու մասին հայտի և կից փաստաթղթերի քննարկման արդյունքում տալիս է եզրակացություն հայտը բավարարելու կամ մերժելու մասին:

11. Հանձնաժողովի կողմից հայտը մերժվում է, եթե՝

1) չի բավարարում սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի պահանջները.

2) կազմակերպության կողմից ներկայացված թանգարանի գործունեության զարգացման հայեցակարգի իրականացումը գտնում է անիրատեսական կամ ոչ հիմնավորված.

3) ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ և տվյալներ:

12. Հայտը մերժելու կամ բավարարելու մասին հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է հայտատուին ծանուցելու վերաբերյալ գրություն, դրան կցում է հանձնաժողովի եզրակացության պատճենը և ներկայացնում նախարարին՝ ստորագրման:

13. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կազմակերպության հայտը ներառվում է նախարարության հաջորդ տարվա բյուջետային հայտում, իսկ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը սահմանված կարգով քննարկվում է տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

14. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հայտը ներառելու դեպքում կազմակերպությունը սահմանված կարգով (դրամաշնորհի կամ նվիրաբերության մասին պայմանագրերով) ստանում է համապատասխան ֆինանսավորում:

15. Պետական աջակցություն ստացած կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում պետական աջակցության ժամանակահատվածում իր կողմից իրականացված թանգարանային գործունեության մասին տարեկան հաշվետվությունները (ոչ ֆինանսական, բովանդակային): Հաշվետվությունների ձևերը հատատվում են նախարարի հրամանով:

16. Սույն կարգի 15-րդ կետով ներկայացված հաշվետվությունները և 8-րդ կետում նշված հայտը քննարկվում են հանձնաժողովի կողմից:

17. Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումները`

1) շարունակել կազմակերպության պետական աջակցության ֆինանսավորումը.

2) դադարեցնել կազմակերպության պետական աջակցության ֆինանսավորումը, եթե հաշվետվություններում առկա են կեղծ տեղեկություններ, տվյալներ կամ կազմակերպության կողմից ֆինանսավորումն օգտագործվել է անարդյունավետ:

18. Հանձնաժողովի կողմից հայտը բավարարվելու դեպքում սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ընթացակարգով այն ներառվում է նախարարության հաջորդ տարվա բյուջետային հայտում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան