Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.29/42(916).1 Հոդ.939
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 956-Ն

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2012 թվականի մարտի 19-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՕ-127-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 956-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով արխիվային գործ է համարվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ թղթային կրիչով պահպանվող փաստաթղթերի համակցությունը:

3. Գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։

4. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` ներառյալ գործակալության աշխատողները։

5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

7. Գործակալության պետի հանձնարարությամբ յուրաքանչյուր տարի առանձնացվում են գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային այն գործերը, որոնց պահպանման 10 տարին լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

8. Գործակալության պետը կազմում է սույն կարգի 7-րդ կետում նշված և ոչնչացման ենթակա արխիվային գործերի վերաբերյալ հաշվետվություն՝ նշելով փաստաթղթի հերթական համարը, փաստաթղթի անվանումը, փաստաթղթի թերթերի քանակը:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված հաշվետվությունը և 7-րդ կետում նշված արխիվային գործերը ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա մարտի մեկը ներկայացվում են հանձնաժողովին:

10. Հանձնաժողովն ուսումնասիրում է ոչնչացվող արխիվային գործի վերաբերյալ ստացված նյութերը, դրանք համադրում է գործակալության պետի կազմած հաշվետվության և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների հետ:

11. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելիս և հաշվետվության ու պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների հետ անհամապատասխանություն չհայտնաբերելիս որոշում է ընդունում արխիվային գործի ոչնչացման մասին, որի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Արխիվային գործի ոչնչացման մասին արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները և գործակալության պետը: Հանձնաժողովը կազմակերպում է փաստաթղթերի ոչնչացման աշխատանքները:

12. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի, հաշվետվության և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների միջև անհամապատասխանություն հայտնաբերելիս կազմում է արձանագրություն արխիվային գործը վերադարձնելու մասին և անհապաղ զեկուցում է գործակալության պետին: Արխիվային գործը վերադարձնելու մասին արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները և գործակալության պետը: Վերադարձման ենթակա արխիվային գործը հանձնվում է գործակալություն` հետագա պահպանության համար:

13. Հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները պահպանվում են գործակալությունում այն կազմելուց հետո տասը տարի, որից հետո ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան