Գլխավոր տեղեկություն
Համար
N 822-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.862
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 822-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 300 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 9

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 822-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքի ավագանին գույքահարկի և հողի հարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված) և գույքահարկով ու հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի և հողի մասով` արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո:

3. Հարկ վճարողներին գույքահարկի և (կամ) հողի հարկի արտոնություն կարող է սահմանվել`

1) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ.

2) հարկ վճարողի հայցմամբ` համայնքի ղեկավարի եզրակացությամբ:

4. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում գույքահարկի և (կամ) հողի հարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

5. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը համայնքի ղեկավարին է ներկայացնում գույքահարկի և (կամ) հողի հարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը` հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

Արտոնություն հայցող կազմակերպությունների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվում են նաև`

1) տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության մասին հիմնավորմամբ.

2) տեղեկություններ տույժերի ու տուգանքների առաջացման մասին, որոնք պետք է պարունակեն դրանց առաջացման պատճառները:

6. Համայնքի ղեկավարը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո`

1) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում` մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում հարկային արտոնության գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.

2) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

7. Եթե հարկ վճարողը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե հարկ վճարողը համաձայն չէ հարկային արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը:

8. Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ կամ 7-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ արտոնության տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում հարկ վճարողին գույքահարկի կամ հողի հարկի արտոնություն տրամադրելու կամ արտոնության հարցը մերժելու վերաբերյալ:

9. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են`

1) հարկ վճարողի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկ վճարողի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը.

2) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.

3) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:

10. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`

1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմիններում հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

11. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում նաև` հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան