Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2012-10.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.489
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 439-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 771-Ն ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 771-Ն և հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 28
Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 439-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթության աստիճանների և ուսումնական բնագավառների.

3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ։

3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից.

1) հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով.

2) հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր.

3) հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. (կետն ուժը կորցրել է 28.07.11 N 1088-Ն)

 

III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

5. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Առարկայական չափորոշիչները, որպես հանրակրթական պետական չափորոշչի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 439-Ն որոշման

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը:

2. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական ծրագրեր) մշակողների և իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։

3. Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան`

1) մշակվում են պետական և այլընտրանքային հանրակրթական ծրագրերը.

2) փորձաքննության են ենթարկվում հաստատման ներկայացված այլընտրանքային հանրակրթական ծրագրերը.

3) կազմակերպվում են հանրակրթական ծրագրերի իրականացումը և դրա պետական վերահսկողությունը.

4) գնահատվում են հանրակրթության արդյունքները:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ հետևյալ ուսումնական բնագավառներով`

1) հայոց լեզու, գրականություն.

2) օտար լեզուներ.

3) մաթեմատիկա.

4) տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ), համակարգչային գիտություններ.

5) բնություն, բնական գիտություններ.

6) հասարակություն, հասարակական գիտություններ.

7) արվեստ.

8) տեխնոլոգիա.

9) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

5. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է առարկայական ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։ Հանրակրթական ծրագրերի առարկայացանկը ձևավորվում է սույն չափորոշչով սահմանված սկզբունքներին համապատասխան:

6. Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված բովանդակային նվազագույն պահանջները` ըստ բնագավառների, կարող են հանրակրթական հիմնական ծրագրերում խորացվել և ընդլայնվել:

7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով հանրակրթության ծրագրի բովանդակությունը հարմարեցվում է նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին:

 

1. ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

(ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Տարրական կրթության հիմնական նպատակներն են սովորողի`

1) մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացումը.

2) լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ստեղծումը.

3) աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումը.

4) բարեկիրթ վարքի և կայուն արժեհամակարգի հիմքերի ձևավորումը.

5) բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական և ֆիզիկական դաստիարակությունը և առողջ ապրելակերպի հիմքերի արմատավորումը.

6) միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը:

 

1. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

9. Տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողի կողմից մայրենի լեզվի տիրապետման անհրաժեշտության ու առաջնայնության, ազգային ինքնության հաստատման ու պահպանման գործում մայրենի լեզվի դերի գիտակցմանը.

2) գեղեցիկը, բարին, մարդկայինը տեսնելու, ընկալելու և գնահատելու գործում հայերենի դերի արժևորմանը.

3) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

10. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) ուղղագրական կանոնների,

2) քերականական կանոնների,

3) մանկական գեղարվեստական գրականության որոշ նմուշների և բանահյուսական նյութերի որոշ մշակումների մասին:

 

2. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

11. Տարրական կրթության ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, լեզվակիր երկրի մշակույթին հաղորդակցվելու հիմքերի ձևավորմանը.

2) սովորողի կողմից օտար լեզվի` որպես տեղեկություն ստանալու և փոխանցելու դերի ու նշանակության, լեզվակիր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների վերաբերյալ նախնական պատկերացում ունենալու գործում օտար լեզվի իմացության դերի գիտակցմանը:

12. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից,

2) օտար լեզվի հնչյունների ու այբուբենի, արտասանության և ուղղագրության տարրական կանոնների,

3) պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու կանոնների,

4) լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների մասին:

 

3. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 

13. Տարրական կրթության ծրագրի «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողի կողմից սեփական մտքերը ճշգրիտ ձևակերպելու, ուրիշի մտքերը հասկանալու անհրաժեշտության ու կարևորության, ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու անհրաժեշտության գիտակցմանը.

2) պարզ մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով սովորողի մտավոր ունակությունների զարգացման խթանմանը.

3) մտքերը հստակ ձևակերպելու, տրամաբանված դատողություններ կատարելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը:

14. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) բնական թվերի և դրանց համեմատման,

2) թվաբանական չորս գործողությունների և դրանց կատարման հիմնական կանոնների,

3) ամբողջի և նրա մասերի,

4) երկրաչափական պարզագույն պատկերների և մարմինների, պարզ չափումների,

5) երկարության, մակերեսի, ծավալի, ժամանակի, արագության, զանգվածի, դրանց չափման միավորների և չափման պարզագույն գործիքների,

6) տրամաբանական մտածողության մասին:

 

4. ՏՀՏ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Տարրական կրթության ծրագրի «ՏՀՏ, համակարգչային գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) ալգորիթմական մտածելակերպի, տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, համագործակցելու, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներին տիրապետելու և կենցաղում կիրառվող թվային սարքավորումների հետ աշխատելու նախնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

2) սովորողների կողմից տեղեկույթի հետ աշխատելու հմտությունների զարգացման անհրաժեշտության.

3) ժամանակակից կյանքում համակարգչի դերի ու նշանակության, մեր կյանքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների դերի գիտակցմանը.

4) «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իր իրավունքների ու պատասխանատվության կարևորմանը.

5) համակարգչի ընձեռած հնարավորությունների ուսումնասիրմանը և կիրառմանը:

16. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) տեղեկույթի, նրա ստացման, մշակման, փոխանցման, պահպանման, մշակման ու օգտագործման,

2) իր առօրյա գործողությունները պլանավորելու,

3) խնդիրներ լուծելիս՝ ալգորիթմական մոտեցում ցուցաբերելու,

4) համակարգիչը ճիշտ միացնելու, անջատելու և վերաբեռնավորելու,

5) համակարգչից օգտվելու հիգիենիկ նորմերը պահպանելու,

6) տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների,

7) համացանցի էթիկայի կանոնները պահպանելու մասին:

 

5. ԲՆՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

17. Տարրական կրթության ծրագրի «Բնություն, բնական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է իր շրջապատի բնության տարրերի և երևույթների վերաբերյալ պարզագույն պատկերացումներ ունեցող, դրանք գործնականում կիրառող, բնության մեջ և կենցաղում պատասխանատու վարքագիծ դրսևորող անձի ձևավորմանը:

18. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) մարմինների շարժման, ջերմության, լույսի, ձայնի,

2) պարզագույն չափիչ սարքերի,

3) արեգակի, լուսնի, երկիր մոլորակի,

4) բույսերի և կենդանիների, մարդու մարմնի մասերի, զգայարանների,

5) շրջապատում հանդիպող թունավոր նյութերի հետ վարվելու տարրական կանոնների,

6) հիգիենայի տարրական կանոնների մասին:

 

6. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

19. Տարրական կրթության ծրագրի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է՝

1) մարդու և հասարակության վերաբերյալ պատկերացումներ ունեցող, ճանաչողական, սոցիալական և անհատական կարողությունների ու հմտությունների տիրապետող, ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձի և քաղաքացու ձևավորման հիմքերի ապահովմանը.

2) սովորողի կողմից հայրենիքի, պետության և ազգի դերի ու նշանակության գիտակցմանը.

3) հասարակական համակեցության կանոնների կարևորմանը.

4) իր և ուրիշների աշխատանքի, հաջողությունների, ինչպես նաև կրթության դերի գնահատմանը:

20. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, զինանշանի և օրհներգի,

2) հայ ժողովրդի անցյալի ու ներկայի կարևորագույն իրադարձությունների, նշանավոր գործիչների, մշակութային արժեքների և ազգային, պետական տոների,

3) հայրենիքի, ընտանիքի, ազգի և հասարակության,

4) մարդկանց լեզվական, ազգային, ռասայական, կրոնական բազմազանության,

5) Հայաստանի վարչատարածքային բաժանման,

6) իր բնակավայրի բնության, պատմության և մշակութային հուշարձանների,

7) հասարակական վարքի կանոնների, իր իրավունքների ու պարտականությունների,

8) մարդկանց միջև հավասարություն, արդարություն, բարեկամություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին:

 

7. ԱՐՎԵՍՏ

 

21. Տարրական կրթության ծրագրի «Արվեստ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ապահովմանը.

2) սովորողի կողմից արվեստի ստեղծագործությունների, բնության և շրջապատող աշխարհի գեղեցկության և ներդաշնակության հանդեպ զգայուն վերաբերմունքի.

3) հասարակական վայրերում և մշակութային միջոցառումների ժամանակ պատշաճ վարքագծի դրսևորմանը.

4) ստեղծագործական երևակայության և պատկերավոր մտածողության զարգացմանը:

22. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,

2) արվեստի տեսակների,

3) արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների, նրանց գործերի,

4) արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների,

5) ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,

6) հայրենական և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունների մասին:

 

8. ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

 

23. Տարրական կրթության ծրագրի «Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողների աշխատանքային նախնական հմտությունների, աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը.

2) աշխատանքային նյութերի, գործիքների, ռեսուրսների, անձնական և հանրային ունեցվածքի նկատմամբ խնայողաբար վերաբերմունքի դաստիարակմանը.

3) կենցաղում աշխատելու տարրական գիտելիքների և կարողությունների ձեռքբերմանը.

4) միջավայրը գեղեցիկ և հարմարավետ դարձնող օգտակար իրերի ստեղծման, գեղագիտական արժեքի ընկալման և գնահատման կարողությունների զարգացմանը.

5) տարբեր մասնագիտությունների հետ ծանոթացմանը։

24. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) աշխատանքի և աշխատատեղի ճիշտ կազմակերպման,

2) նյութը ձեռքով մշակելու, նմուշներ պատրաստելու,

3) ուսումնառության ընթացքում և տանը, կենցաղում օգտագործվող գործիքների ու հարմարանքների շահագործման եղանակների,

4) բնական և արհեստական որոշ նյութերի տեսակների և դրանց հատկությունների,

5) բնական և արհեստական որոշ նյութերի ձեռքի գործիքներով մշակելու պարզագույն տեխնիկայի և տեխնոլոգիական գործընթացների,

6) աշխատանքային գործիքների տեսակների, դրանց կառուցվածքի ու նշանակության, հայերեն անվանումների,

7) աշխատանքային գործիքների ու հարմարանքների օգտագործման և պահպանման ձևերի ու եղանակների,

8) սենյակային բույսեր խնամելու,

9) աշխատանքի անվտանգության կանոնների և սանիտարահիգիենիկ պահանջների մասին:

 

9. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

25. Տարրական կրթության ծրագրի «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողի կողմից սեփական մարմնի խնամքին և առողջությանը հետևելու կարևորության արժևորմանը.

2) առողջ և ռացիոնալ սննդի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը.

3) պարբերաբար առավոտյան հիգիենիկ մարմնամարզության և տարբեր շարժախաղերի դերի ու նշանակության կարևորմանը.

4) վնասակար սովորույթների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը.

5) առողջ, իր կարողություններին համապատասխան ֆիզիկապես զարգացած, անձնական հիգիենայի, առողջապահական և անվտանգության կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, կարգապահ, տրամաբանական խաղի շնորհիվ մտավոր կարողությունները զարգացնող և հայրենասեր անձի ձևավորման հիմքերի ապահովմանը։

26. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) ֆիզկուլտուրայի, ֆիզիկական վարժությունների, օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի պահպանման, առողջապահական և անվտանգության կանոնների,

2) տանը, դպրոցում, փողոցում և այլուր հնարավոր արտակարգ, վտանգավոր իրավիճակների և դրանց հետևանքների,

3) ամենատարածված, մասսայական շարժախաղերի, շախմատի և դրանց հիմնական կանոնների,

4) առողջության պահպանման գործում ֆիզկուլտուրայի դերի ու նշանակության մասին։

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

(ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Հիմնական կրթության նպատակներն են սովորողի`

1) տարրական կրթության հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը.

2) բարձրակարգ, քննադատական մտածողության զարգացումը, լեզվամտածողության, գրագիտության, մաթեմատիկական տրամաբանության, աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ամրապնդումը.

3) մասնագիտական կողմնորոշման ապահովումը և պարզ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումն ու զարգացումը.

4) դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի ձևավորումը.

5) տարրական դպրոցում ձևավորված բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի հիմքերի ամրապնդումը.

6) արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը.

7) հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցությունն ունենալու պատրաստակամության և հետագայում զինծառայության անցնելու կարևորության գիտակցման կարևորումը.

8) ավագ դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթմակարդակի ապահովումը:

 

1. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

28. Միջին դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.

2) սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն.

3) բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, ազգային մշակույթը, նախնիների ստեղծած հոգևոր արժեքները գնահատելու և արժևորելուն.

4) սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, գրական երկերից սովորածի, նշանավոր մարդկանց կյանքի օրինակով ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն.

5) Հայաստանի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների ազգային լեզուներին և գրական-մշակութային արժեքներին հարգանքով վերաբերվելու, գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

29. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) քերականական հիմնական կանոնների ու օրինաչափությունների, ոճաբանական սկզբունքների պահպանմամբ` բանավոր և գրավոր խոսք կառուցելու սկզբունքների,

2) գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի տեքստերում հանդիպող բառերի նշանակության, հայերենի բառակազմության հիմնական օրինաչափությունների,

3) հայ և արտասահմանյան ճանաչված գրողների և նրանց ստեղծագործությունների, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության հայերեն նմուշների,

4) գրականագիտական տարրական գիտելիքների (գրական ժանրեր, պատկերավորման միջոցներ),

5) ինքնուրույն հետազոտական աշխատանքի կազմակերպման, երևակայության և պատկերավոր մտածողության զարգացման մասին:

 

2. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

30. Միջին դպրոցի ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու.

2) ոչ հայախոս անձանց հետ շփվելու, լեզվակիր երկրի և այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթն այլ ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

3) սովորողների կողմից օտար լեզվի ճանաչողական և հաղորդակցական հնարավորությունների կարևորմանը, տվյալ օտար լեզուն ներկայացնող ժողովրդի մշակույթի նկատմամբ հարգանքի դրսևորմանը:

31. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) սովորողի նախասիրությունների և կենսագործունեության վերաբերյալ նկարագրությունների և հաղորդակցման համար բավարար բառապաշար,

2) օտար լեզվի ուղղագրական և ուղղախոսական հիմնական կանոնների, բառակազմության հիմնական օրինաչափությունների,

3) լեզվակիր ժողովրդի հիմնական տոների, սովորույթների, հանրահայտ մարդկանց, արվեստի և գրականության նմուշների մասին:

 

3. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 

32. Միջին դպրոցի ծրագրի «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողների կողմից ինքնուրույն կշռադատություններ կատարելու ձգտմանը.

2) մտքի ճշգրտության, ճկունության կարևորմանը.

3) տարաբնույթ խնդիրների լուծման ժամանակ ստեղծագործական մոտեցման ցուցաբերմանը.

4) համագործակցային մեթոդներով աշխատելու կարևորմանը, սովորողի մտավոր ունակությունները զարգացնելու, շրջապատի և առօրյա կյանքի տարբեր երևույթները մոդելավորելու, հիմնավոր դատողություններ կատարելու գիտելիքների կարողությունների և հմտությունների զարգացմանը:

33. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ և պատկերացումներ՝

1) իրական թվերի, դրանցով հաշվարկներ կատարելու և դրանք բաղդատելու,

2) հանրահաշվական հիմնական հասկացությունների, հանրահաշվական արտահայտության և հանրահաշվական արտահայտություններով գործողություններ կատարելու,

3) թվի, մեծության բացարձակ արժեքի,

4) բնական և ամբողջ ցուցիչով աստիճանի,

5) միանդամի և բազմանդամի,

6) տարրական որոշ ֆունկցիաների պարզագույն հատկությունների, դրանց գծապատկերների,

7) ամբողջի մասի, «տոկոս» հասկացության և համեմատական բաժանման,

8) թվերի բաժանելիության հիմնական հատկությունների,

9) երկրաչափական պատկերների, դրանց տարրերի, հատկությունների,

10) «մասշտաբ» հասկացության, պատկերների մակերեսի և տարածական մարմինների ծավալի,

11) բազմությունների հետ տարրական գործողություններ կատարելու կանոնների,

12) թվային հաջորդականությունների,

13) թվային առանցքի, կոորդինատական հարթության, գծի հավասարման, վեկտորների,

14) հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու,

15) վիճակագրական տվյալների և միացությունների տարրերի,

16) պատահույթի և դրա հանդես գալու հավանականության մասին:

 

4. ՏՀՏ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

34. Միջին դպրոցի ծրագրի «ՏՀՏ, համակարգչային գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողների՝ խնդիրներ լուծելիս ալգորիթմական մտածողություն դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և լավագույն լուծումներ գտնելուն.

2) համակարգչային կիրառական ծրագրերով ինֆորմացիայի մշակմանը, որոնմանը, կուտակմանը և պահպանմանը.

3) համակարգչային սարքավորումների հետ հմտորեն աշխատելուն, համացանցի ծառայություններից օգտվելու կարողությունների և հմտությունների զարգացմանը.

4) սովորողների կողմից ժամանակակից աշխարհում ՏՀՏ-ների դերի արժևորմանը, ինտերնետում աշխատելու համընդհանուր ճանաչում ստացած վարվելակերպի կանոնների կիրառմանը:

35. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) տեղեկույթի հատկությունների,

2) պլանավորման, մոդելավորման և ալգորիթմների կառուցման,

3) տեղեկույթի, նրա ստացման, մշակման, փոխանցման, պահպանման, մշակման, օգտագործման և ներկայացման,

4) համակարգչային ծրագրային ապահովման,

5) համակարգչով և համալրող սարքավորումների հետ աշխատելու, անվտանգության կանոնները գիտակցելու և կիրառելու, դրանց կիրառման անհրաժեշտությունը և չկիրառելու դեպքում հնարավոր վտանգների,

6) ցանցային և մուլթիմեդիա տեխնոլոգիաների,

7) համացանցի էթիկայի կանոնները պահպանելու մասին:

 

5. ԲՆՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

36. Միջին դպրոցի ծրագրի «Բնություն, բնական գիտություններ» ուսումնական բնագավառի բովանդակությունը նպատակաուղղված է բնության տարածված երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, գիտելիքներն առօրյա իրավիճակներում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող անձի ձևավորմանը:

37. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բնության մեջ առավել տարածված ֆիզիկական, քիմիական երևույթների, կենսաբանական, աշխարհագրական համակարգերի,

2) նյութի կառուցվածքի, մարմինների շարժման և փոխազդեցության, էներգիայի տեսակների և փոխակերպումների,

3) արեգակնային համակարգի, տիեզերքի մարմինների, դրանց շարժման,

4) նյութերի հիմնական հատկությունների և փոխակերպումների,

5) կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշների, մարդու օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության, առողջ ապրելակերպի կանոնների,

6) երկրագնդի տարբեր տարածքների, այդ թվում՝ նաև Հայաստանի բնության առանձնահատկությունների մասին:

 

6. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

38. Միջին դպրոցի ծրագրի «Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) ժողովրդավարական սկզբունքներով և արժեքներով առաջնորդվող, մարդու և հասարակության վերաբերյալ գիտական պատկերացումներ ունեցող, ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններ ու հմտություններ տիրապետող, ազգային և համամարդկային հիմնախնդիրներին իրազեկ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը.

 2) սովորողների կողմից հայոց լեզվի, ազգային պատմության և մշակույթի դերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները կատարելու, ազգային և բարոյական արժեքներին հետևելու անհրաժեշտության, մարդու` որպես սոցիալական բարձրագույն արժեքի դերի, կրթվելու, ամբողջ կյանքի ընթացքում ինքնակրթությամբ զբաղվելու կարևորության գիտակցմանը.

3) պետության և ազգային-հոգևոր կառույցների նշանակության, անձնական, հասարակական և ազգային շահերի միասնության, Հայաստանում ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում սեփական ակտիվ մասնակցության նշանակության, մարդկանց միջև հավասարություն, արդարություն, բարեկամություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, գենդերային հավասարության և հասարակության մեջ սեռային խտրականության բացառման կարևորմանը.

4) ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունների ընդունմանը.

 5) այլ ժողովուրդների մշակույթների հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորմանը.

 6) ազգային ինքնագիտակցություն ունենալուն.

 7) մարդու և քաղաքացու իրավունքները հարգելուն և դրանք պահպանելու համար պայքարելու պատրաստակամությանը:

39. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտների,

2) Հայաստանի պատմության տարբեր փուլերի, նշանակալի իրադարձությունների, փաստերի և երևույթների, հայկական մշակույթի զարգացման ընթացքի, հայազգի նշանավոր պետական, քաղաքական և հոգևոր գործիչների և նրանց դերի, ականավոր գիտնականների, արվեստի ու գրականության մեծ երախտավորների,

3) համաշխարհային պատմության հիմնական փուլերի, օրինաչափությունների ու առանձնահատկությունների, այդ թվում՝ կարևոր իրադարձությունների, համամարդկային արժեքների, նշանավոր գործիչների,

4) համաշխարհային տնտեսության, դրա արդի հիմնախնդիրների, աշխարհի ժողովրդագրական պատկերի, քաղաքական բաժանման,

5) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ժամանակակից պատկերի, տնտեսության կառուցվածքի, տեղաբաշխվածության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման,

6) Հայաստանի Հանրապետության պատմության և բնության հուշարձանների, մարզերի և առանձին բնակավայրերի,

7) մարդու հիմնական իրավունքների, ազատությունների ու քաղաքացիական հասարակության,

8) հասարակական վարքի նորմերի, կանոնների, սովորողների իրավունքների ու պարտականությունների,

9) հասարակական և բնական երևույթների փոխազդեցության ու փոխկախվածության, աշխարհի միասնականության և բազմազանության,

10) պատմական տարբեր ժամանակաշրջաններում և արդի փուլում տարբեր ժողովուրդների ապրելակերպի և գործունեության հիմնական տեսակների, մարդկանց լեզվամշակութային, ազգային, ռասայական, կրոնական բազմազանության մասին,

11) ազգային-հոգևոր ավանդույթների, տոների, բարոյական նորմերի և հիմնարար արժեքների, դրանց պահպանման ու շարունակականության ապահովման գործում ազգային և հոգևոր կառույցների, ինչպես նաև անհատների դերի մասին:

(39-րդ կետը լրաց. 04.07.12 N 858-Ն)

 

7. ԱՐՎԵՍՏ

 

40. Միջին դպրոցի ծրագրի «Արվեստ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) տարրական դպրոցում սովորողների ստացած գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության շարունակականության ապահովմանը.

2) արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու միջոցով` սովորողների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ապահովմանը.

3) անձի մտավոր և հոգևոր ներուժի բացահայտմանն ու զարգացմանը.

4) սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը.

5) երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական ճաշակի և բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը.

6) հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը.

7) կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը, մշակութային կյանքին մասնակցությանը, ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի դրսևորմանը:

41. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) արվեստի տարբեր տեսակների` կերպարվեստի, երաժշտության, գեղարվեստական գրականության, ճարտարապետության, պարի, թատրոնի, կինոյի և դրանց ճանաչողական, հաղորդակցական, տեղեկատվական, դաստիարակչական գործառույթների,

2) հիմնական արվեստագիտական եզրույթների ու հասկացությունների, երաժշտական ժանրերի.

3) հայ և արտասահմանյան նշանավոր արվեստագետների և նրանց հանրահայտ ստեղծագործությունների,

4) հարազատ տարածաշրջանի և երկրի ժողովրդական վարպետների ու դպրոցների ստեղծագործությունների,

5) աշխարհի խոշոր պատկերասրահների, դրանց հավաքածուներում գտնվող ստեղծագործությունների,

6) արվեստի պատմությունը բնորոշող ժամանակաշրջանների առանձնահատկությունների մասին:

 

8. ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

 

42. Միջին դպրոցի ծրագրի «Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողների աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

2) նախաձեռնողական, որոնողական, ստեղծագործական մտքի զարգացմանը.

3) տարբեր նյութերի մշակման տեխնոլոգիաների իմացությանը.

4) նախնական մասնագիտության ընտրության կողմնորոշմանը.

5) սովորողների կողմից աշխատանքային նյութերի և գործիքների նկատմամբ խնայողական վերաբերմունքի դրսևորմանը.

6) ազգային արհեստների նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորմանը, դրանց արժևորմանը և պահպանմանը.

7) կենցաղում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը, սեփական հակումներին ու կարողություններին համապատասխան մասնագիտություն ընտրելու կարևորմանը.

8) աշխատանքում և ուսման մեջ նախաձեռնողականության, կարգապահության, պարտաճանաչության և նպատակասլացության դրսևորմանը։

43. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ և պատկերացումներ`

1) աշխատանքի և աշխատատեղի ճիշտ կազմակերպման,

2) նյութերի տեսակների, նշանակության և հատկությունների,

3) գիտենա նյութերի մշակման տեխնիկայի, տեխնոլոգիաների գործընթացների,

4) ժողովրդական արհեստների տեսակների և դրանցում կիրառվող տեխնոլոգիաների հիմունքների,

5) կենցաղում և արտադրության մեջ օգտագործվող որոշ աշխատանքային գործիքների, սարքերի, մեքենաների նշանակության, դրանց կառուցվածքի ու շահագործման կանոնների,

6) տնային տնտեսության վարման (կենցաղավարության), սննդի, հագուստի պատրաստման տեխնոլոգիաների,

7) գյուղատնտեսության մեջ կիրառվող տեխնիկատեխնոլոգիաների,

8) տեխնոլոգիայի մեջ գրաֆիկայի դերի և նշանակության հիմունքների,

9) գեղարվեստական ձևավորման տեսակների, ձևերի, միջոցների,

10) աշխատանքի անվտանգության կանոնների և սանիտարահիգիենիկ պահանջների մասին։

 

 9. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

44. Միջին դպրոցի ծրագրի «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) ֆիզիկապես առողջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտությունը գիտակցող,

2) սեփական առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը հետևելու պահանջը կարևորող,

3) բարոյակամային հատկանիշներ և օգնության հասնելու պատրաստակամություն ունեցող,

4) ընկերասեր, հայրենասեր, հայոց պետականության արժեքը և հայրենիքի ամրապնդման ու պաշտպանության համար քաղաքացիական պատասխանատվություն կրելը գիտակցող,

5) բազմակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ և անվտանգ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը։

45. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) առողջության պահպանման և ամրապնդման, հետագա ուսումնական և աշխատանքային գործունեության նախապատրաստվելու գործում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, առողջ ապրելակերպի, նախնական զինպատրաստության դերի ու նշանակության,

2) անձնական հիգիենայի կանոնների,

3) մարմնամարզական և աթլետիկական վարժությունների և որոշ մարզախաղերի կատարման կանոնների,

4) վտանգավոր իրադրության և արտակարգ իրավիճակների ծագման ու հետևանքների, դրանց կանխարգելման, հնարավոր ռիսկերի գնահատման,

5) հայոց բանակի պատմական ավանդույթների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դերի, առանձնահատկությունների և խնդիրների մասին։

 

3. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

(ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

46. Միջնակարգ կրթության նպատակներն են սովորողի`

1) հիմնական կրթության հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը.

2) քննադատական մտածողության, մտագործունեության, լեզվամտածողության և տրամաբանության զարգացմանը, ինչպես նաև գիտական աշխարհայացքի ընդլայնմանը նպաստելը.

3) իր հնարավորություններին համապատասխան մասնագիտական կողմնորոշման ունակության զարգացումը և որոշակի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորման ապահովումը.

4) հասարակական կյանքում և ամենօրյա գործունեության մեջ համապատասխան վարքագծի դրսևորման համար վարվեցողության կուլտուրայի, զարգացած արժեքային համակարգի ձևավորման ապահովումը.

5) հիմնական դպրոցում ձևավորված աշխատանքային, բարոյահոգեբանական, էթիկական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական, ֆիզիկական դաստիարակության զարգացման և անվտանգ, առողջ ապրելակերպի հմտությունների ամրապնդումը.

6) բնական և տեխնածին աղետների ժամանակ և կենցաղային վտանգավոր իրադրության մեջ, արտակարգ իրավիճակներում ռիսկերի գիտակցումը և դրանց կանխարգելման կարողությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը.

7) հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու խնդրի կարևորումը և նախնական զինպատրաստության անհրաժեշտության գիտակցումը.

8) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար պահանջվող կրթական մակարդակի ապահովումը, ամբողջ կյանքի ընթացքում սովորելու պատրաստակամության ապահովումը:

 

1. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

47. Ավագ դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

2) հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

3) սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.

4) գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

48. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգների, հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների,

2) գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարի, հայերենի բառաստեղծման սկզբունքների,

3) հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկերի, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության,

4) գրականության պատմության, գրականության տեսության մասին:

 

2. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

49. Ավագ դպրոցի ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողների բանավոր և գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելուն.

2) օտարալեզու աղբյուրներից ինքնուրույն օգտվելու, ստացված տեղեկությունը բնութագրելու, վերլուծելու և ընդհանրացնելու, օտար լեզվով հաղորդակցության միջավայրում ինքնուրույն մտածողություն դրսևորելու, թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքների կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

3) սովորողների կողմից օտար լեզուների կարևորության և դրանց իմացությունը հարստացնելու անհրաժեշտության գիտակցմանը, տվյալ օտար լեզուն կրող ժողովրդի արժեքների և ավանդույթների գնահատմանը:

50. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բնության, հասարակության, մշակութային արժեքների վերաբերյալ կարծիք արտահայտելու և տեղեկություն հաղորդելու համար անհրաժեշտ բառապաշար,

2) օտար լեզվի արտասանության և հնչերանգի ոճական տարբերակների, դրանց հաղորդակցական առանձնահատկությունների, բառաստեղծման սկզբունքների,

3) օտար լեզվի խոսքի մասերի, նախադասության անդամների, քերականական կանոնների կիրառության հիմնական օրինաչափությունների,

4) լեզվակիր ժողովրդի պատմության ուրվագծերի և համամարդկային նշանակություն ունեցող նվաճումների մասին:

 

3. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 

51. Ավագ դպրոցի ծրագրի «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սովորողների կողմից որպես գիտության համընդհանուր լեզու և երևույթների ու պրոցեսների մոդելավորման միջոց մաթեմատիկայի դերի, հասարակության զարգացման մեջ մաթեմատիկայի պատմական դերի և նշանակության արժևորմանը.

2) սովորողների տրամաբանական մտածողության և տարածական պատկերացման զարգացմանը, ալգորիթմական և քննական մտածողության ձևավորմանը, տարաբնույթ խնդիրներ մոդելավորելու և վերլուծություններ կատարելու, տվյալների հետ աշխատելու, հետագա կրթության և մասնագիտական գործունեության համար կարողությունների զարգացմանը:

52. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի կայուն գիտելիքներ և պատկերացումներ՝

1) թվերի դաշտի ընդլայնման, համեմատման, այդ դաշտում թվի և հանրահաշվական արտահայտության «աստիճան», «արմատ» հասկացությունների,

2) անկյան չափման,

3) տարրական ֆունկցիաների, դրանց հատկությունների և գրաֆիկի,

4) թվային հաջորդականության և դրա բնութագրիչների,

5) տարաբնույթ, այդ թվում` մոդուլ և տարրական ֆունկցիաներ պարունակող հավասարումներ, անհավասարումներ, համակարգեր, համախմբեր լուծելու,

6) տրամաբանության որոշ տարրերի, բազմությունների հետ տրամաբանական գործողությունների,

7) միացությունների և հավանականության տեսության տարրերի,

8) եզրահանգումներ կատարելու մեթոդների,

9) տարածաչափական սկզբնական հասկացությունների, տարածական մարմինների, դրանց մակերևույթների մակերեսի, ծավալի հաշվման բանաձևերի և գծապատկերման կանոնների,

10) վեկտորների և կոորդինատական մեթոդի մասին:

 

4. ՏՀՏ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

53. Ավագ դպրոցի ծրագրի «ՏՀՏ, համակարգչային գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) խնդիրներ լուծելիս՝ ալգորիթմական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն, տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն, տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը, կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն.

2) ՏՀՏ-ի ոլորտի իրենց գիտելիքներն առօրյայում օգտագործելու, հետագա ուսման ընթացքում և աշխատավայրում համացանցի հնարավորություններից օգտվելու, ՏՀՏ-ի սարքավորումներ և տեղեկույթի հետ աշխատելու մեթոդներ օգտագործելու միջոցով մտավոր, ստեղծագործական մոտեցում դրսևորելու համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանը.

3) սովորողների կողմից ժամանակակից գիտական աշխարհի ձևավորման և զարգացման գործընթացում տեղեկատվության դերի, հասարակության մեջ տեղեկատվական պրոցեսների դերի, տեղեկատվական գործունեության ընթացքում էթիկական և իրավական նորմերը ճանաչելու և կիրառելու անհրաժեշտության գիտակցմանը:

54. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) տեղեկույթի «անվտանգ» ստացման, մշակման, փոխանցման, պահպանման, մշակման, օգտագործման և ներկայացման,

2) պլանավորման, մոդելավորման, հետադարձ կապի, ալգորիթմների կառուցման և հատկությունների,

3) ծրագրավորման սկզբունքների,

4) համակարգչային սարքավորումների միջոցով տեղեկատվության ստեղծման, պահպանման և տարածման,

5) համակարգչային ցանցերի աշխատանքի սկզբունքների,

6) մտավոր սեփականության պահպանման նորմերի և սոցիալական ցանցերում էթիկայի և անվտանգության կանոնները պահպանելու մասին:

 

5. ԲՆՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

55. Միջնակարգ դպրոցի ծրագրի «Բնություն, բնական գիտություններ» ուսումնական բնագավառի բովանդակությունը նպատակաուղղված է բնության երևույթների մասին համակարգված գիտելիքներ ունեցող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, քաղաքակրթության զարգացման գործում բնական գիտությունների դերը կարևորող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորմանը:

56. Միջնակարգ դպրոցի ծրագիրը պետք է ներառի կայուն գիտելիքներ, պատկերացումներ`

1) բնության երևույթների ուսումնասիրման տեսական և փորձարարական մեթոդների,

2) ֆիզիկական երևույթները նկարագրող հիմնական օրենքների և տեսությունների,

3) նյութի կառուցվածքի և քիմիական փոխակերպումների օրինաչափությունների,

4) ընդհանուր կենսաբանական օրինաչափությունների,

5) երկրագնդի աշխարհագրական թաղանթի կառուցվածքի, զարգացման օրինաչափությունների,

6) մարդ-բնություն, բնություն-հասարակության փոխադարձ կապերի մասին:

 

6. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

57. Ավագ դպրոցի ծրագրի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է՝

1) ազգային և համաշխարհային հիմնախնդիրների, մարդկության և սեփական ազգի պատմության և զարգացման վերաբերյալ համակարգված գիտելիքների տիրապետող,

2) պետական մտածողություն և գործելակերպ ունեցող և դրանց հասնելու ցանկություն և կամք դրսևորող,

3) հայրենասեր և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ,

4) անձնական, խմբային, ազգային և պետական շահերի ներդաշնակության անհրաժեշտությունը գիտակցող,

5) իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները գնահատելու և պաշտպանելու պատրաստ,

6) ընտանիք կազմելու և ազգային ընտանեկան ավանդույթներին ու նորմերին հետևելու անհրաժեշտությունը գիտակցող,

7) ազգամիջյան և միջազգային հարաբերություններում փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և բարիդրացիության անհրաժեշտությունը կարևորող,

8) «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» ելակետային սկզբունքը կարևորող և դրան հետևող,

9) ազգային ու համամարդկային արժեքներ կրող մարդու ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորմանը:

58. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի կայուն գիտելիքներ և պատկերացումներ`

1) հայ ժողովրդի ազգային հիմնախնդիրների,

2) հայկական քաղաքակրթության յուրահատկությունների ու ստեղծած արժեքների,

3) քաղաքակրթությունների զարգացման պատմական ընթացքի և արդի փուլի,

4) պատմական տարբեր ժամանակաշրջանների և արդի դարաշրջանում մարդկանց ապրելակերպի, աշխարհընկալման, նպատակադրումների և գործունեության հիմնական տեսակների,

5) ճանաչողության գործընթացի փուլերի և մեթոդների, մարդու` որպես ճանաչողության օբյեկտի և սուբյեկտի փոխադարձ կապի,

6) աշխարհի միասնականության և բազմազանության վերաբերյալ փիլիսոփայական դրույթի և արդի ժամանակաշրջանում դրա դրսևորման,

7) ժամանակակից աշխարհի քաղաքական կառուցվածքի, Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակի,

8) արդի համամոլորակային հիմնախնդիրների, միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների և Հայաստանի համար համաշխարհայնացման (գլոբալացում) հնարավոր հետևանքների,

9) իր ժողովրդի և պետության կյանքը կարգավորող իրավական և բարոյական հիմնական նորմերի, ազգային ավանդույթների նշանակության,

10) փիլիսոփայության, տնտեսագիտության, քաղաքագիտության, հոգեբանության, բարոյագիտության և գեղագիտության հիմունքների մասին:

 

7. ԱՐՎԵՍՏ

 

59. Ավագ դպրոցի ծրագրի «Արվեստ» բնագավառի դասավանդումը նպատակաուղղված է`

1) սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը.

2) երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական ճաշակի և բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը.

3) հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը.

4) սովորողների կողմից կայուն արվեստի բնագավառում հետաքրքրությունների դրսևորմանը և դրանք բավարարելու համար անհրաժեշտ պահանջմունքի ու հետևողականության ցուցաբերմանը.

5) գեղագիտական իդեալների մասին սեփական պատկերացումներ ունենալուն և գեղագիտական բարձր ճաշակի և բարոյական կողմնորոշումների ձևավորմանը:

60. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի կայուն գիտելիքներ, պատկերացումներ`

1) գեղագիտության հիմնական հասկացությունների` գեղեցիկի ու տգեղի, վեհի ու նսեմի, ողբերգականի ու կոմիկականի տարբերությունները, դրանց բացարձակ կամ հարաբերական լինելու,

2) համաշխարհային և ազգային արվեստի պատմության,

3) արվեստի ստեղծագործությունների գեղագիտական արժեքների,

4) գեղարվեստական նախագծերի մշակման ձևերի,

5) կերպարվեստի, երաժշտության, թատրոնի և կինոյի բնագավառներում հայ և արտասահմանյան նշանավոր արվեստագետների հայտնի ստեղծագործությունների,

6) ազգային և համաշխարհային մշակութային արժեքների, դրանց պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցելու մասին:

 

8. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

61. Ավագ դպրոցի ծրագրի «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) սեփական առողջության պահպանման և ֆիզիկական ներդաշնակ զարգացման նկատմամբ պատասխանատվություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտական պահանջ ունեցող, բավարար ֆիզիկական պատրաստվածություն, բարոյակամային հատկանիշներ, փոխօգնության հասնելու պատրաստակամություն, համարձակություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն ունեցող,

2) ազգային բանակում ծառայելու և հայոց բանակի պատմական ավանդույթները շարունակելու սեփական պարտքը գիտակցող, կարգապահ, ֆիզիկապես առողջ և բազմակողմանի զարգացած,

3) հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստված, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվող և աշխատանքային գործունեության պատրաստ քաղաքացու ձևավորմանը։

62. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի կայուն և համակարգված գիտելիքներ ու պատկերացումներ`

1) աշխատանքային և զինվորական գործունեության նախապատրաստման, առողջ ապրելակերպի կազմակերպման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նշանակության,

2) անհատական որակների և օրգանիզմի հիմնական համակարգերի վերարտադրողական գործառույթների վրա ֆիզիկական պարապմունքների ազդեցության,

3) արտակարգ իրավիճակներում գործելու և առաջին բուժօգնություն ցույց տալու կանոնների,

4) ֆիզիկական վարժությունների, մարզաձևերի, մարզախաղերի,

5) ազգային, օլիմպիական խաղերի և անվանի մարզիկների,

6) հայրենիքի պաշտպանության հիմնահարցերի և զինվորական պատրաստության պահանջների,

7) հայոց բանակի կազմավորման և կայացման պատմական ժամանակաշրջանների մասին։

 

III. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

63. Հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները բխում են հանրակրթության հիմնական նպատակներից և սահմանվում են որպես ընդհանրական կարողություններ (կոմպետենցիաներ), որոնք ներառում են փոխկապակցված ու փոխլրացնող գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, և անհրաժեշտ են շրջանավարտի անձնային կայացման, քաղաքացիական ակտիվության, սոցիալական ինտեգրման և հետագա ուսումնառության ու գործունեության համար:

64. Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները կողմնորոշիչ են ուսումնական գործընթացի կազմակերպման համար և հանդիսանում են կրթության արդյունքների գնահատման հիմքը:

65. Տարրական կրթության ընդհանրական որակական պահանջները որոշակիացվում և ամրագրվում են հանրակրթական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում, որոնցում սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակը սահմանվում է դպրոցի տիպին համապատասխան, ինչն ապահովում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն:

 

1. ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

66. Տարրական դպրոցի շրջանավարտը պետք է`

1) կարողանա հաղորդակցվել հայերենով՝

ա. ընկալել ուրիշների խոսքը և արտահայտել սեփական մտքերը,

բ. կարդալ և հասկանալ գրավոր պարզ տեքստեր,

գ. գրավոր շարադրել պարզ տեքստեր,

դ. կատարել գրավոր պարզ հանձնարարություններ.

2) կարողանա հաղորդակցվել օտար լեզվով՝

ա. լինել գրաճանաչ,

բ. առօրյա իրավիճակներում պատասխանել պարզ հացերի,

գ. հաղորդակցվել ծանոթ հարցերի շուրջ.

3) ունենա մաթեմատիկական գրագիտություն և տարրական կարողություններ բնագիտության ոլորտում՝

ա. տիրապետի տարրական մաթեմատիկայի նշանային համակարգին, կիրառի թվաբանական գործողությունները (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում) առօրյա պարզ խնդիրներում,

բ. եզրակացություններ անի պատճառահետևանքային կապերի վերաբերյալ,

գ. ճանաչի երկրաչափական պատկերները,

դ. տարրական պատկերացում ունենա բնության և շրջակա միջավայրի մասին,

ե. գիտակցի մարդու կողմից շրջակա միջավայրը բարելավելու հնարավորությունները և պատասխանատվությունը,

զ. ճանաչի և սիրի իր բնակավայրը, հայրենիքը, հայրենի բնությունը, խնամքով վերաբերվի շրջակայքին,

է. ունենա թվայնացված տեխնոլոգիաների օգտագործման տարրական կարողություններ,

ը. կարողանա օգտվել ժամանակակից կենցաղային և թվայնացված տեխնիկական միջոցներից (հեռուստացույց, հետախոս և այլն),

թ. ունենա համակարգչային տարրական գրագիտություն.

4) ունենա ինքնուրույն սովորելու կարողություններ՝

ա. ինքնակազմակերպվել և ինքնուրույն գործունեություն ծավալել,

բ. ճիշտ գնահատել իր հնարավորությունները,

գ. տիրապետել սովորելու հիմնական հմտություններին, ունենալ սովորելու կամք և վստահություն սեփական ուժերի հանդեպ,

դ. դրսևորել աշխարհաճանաչողության գործուն և առողջ հետաքրքրասիրություն.

5) ունենա հասարակական և քաղաքացիական կարողություններ՝

ա. գիտակցի և արժևորի իր ազգային ինքնությունը,

բ. հարգի և ընդունի ընտանեկան ու հասարակական կյանքի արժեքները,

գ. ունենա օբյեկտիվ ինքնագնահատական,

դ. ցուցաբերի հարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ, հանդուրժողականություն և զսպված վարք,

ե. ճանաչի և արժևորի իր հայրենիքը, Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները,

զ. իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատու լինի իր արարքների համար,

է. գիտակցի իր պատկանելությունը համայնքին.

6) ունենա տարրական կենցաղային, աշխատանքային հմտություններ, լինի նախաձեռնող և գործունյա՝

ա. կարողանա աշխատել համագործակցված, լինել թիմի անդամ,

բ. կարողանա պլանավորել անձնական գործերը և իրականացնել դրանք,

գ. լինի նախաձեռնող,

դ. կատարի գնումներ.

7) ունենա գեղագիտական ընկալում և ստեղծագործական տարրական կարողություններ՝

ա. զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ` նկարել, ծեփակերտել, երգել, նվագել, հանդես գալ բեմադրություններում,

բ. նկարչական միջոցներով, երևակայական պատկերներով արտահայտի գաղափարներ,

գ. ունենա և արտահայտի սեփական կարծիքն արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ,

դ. հաճույք ստանա ստեղծագործական աշխատանքից և հաճույքով դրանք ցուցադրի.

 8) կարևորի մարմնակրթության և սպորտի դերն ու նշանակությունը՝

ա. կարողանա պահպանել անձնական հիգիենայի կանոնները` դրսևորելով սեփական մարմինը խնամելու կամք,

բ. զբաղվի որևէ անհատական կամ խաղային մարզաձևով,

գ. մրցակիցների նկատմամբ լինի ազնիվ, հարգալից և հանդուրժող,

դ. արժևորի առողջ ապրելակերպը, իմանա անվտանգ կենսագործունեության կանոնները և դրանք կիրառի կյանքում:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ (ՄԻՋԻՆ) ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

67. Հիմնական (միջին) դպրոցի շրջանավարտը պետք է`

1) լիարժեք հաղորդակցվի հայերենով՝

ա. կառուցի գրագետ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք,

բ. ըստ էության ընկալի ուրիշների խոսքը, կարողանա հակիրճ և պարզ արտահայտել սեփական մտքերն ու տեսակետները,

գ. սահուն ու արտահայտիչ կարդա և պատմի,

դ. հասկանա տարբեր բարդության, համեմատաբար ծավալուն գրավոր տեքստեր,

ե. գրավոր շարադրի սեփական մտքերն ու կարդացած անծանոթ տեքստերը,

զ. գրի կարճ ռեֆերատներ,

է. կատարի հանձնարարված գրականության վերլուծություններ,

ը. զանազանի գեղարվեստական արժեք ներկայացնող գրականությունը ցածրորակ գործերից.

2) կարողանա հաղորդակցվել 2 օտար լեզվով՝

ա. կենցաղային իրավիճակներում պատասխանի պարզ հարցերի,

բ. հաղորդակցվի ծանոթ հարցերի և թեմաների շուրջ մեկ կամ մի քանի զրուցակիցների հետ,

գ. գրավոր կամ բանավոր ներկայացնի առօրյա կյանքից որևէ իրադարձություն, դիպված,

գ. կարդա և գրի պարզ տեքստեր,

դ. ճանաչի ուսումնասիրվող լեզուներով հանրահայտ մշակութային արժեքները.

3) ունենա մաթեմատիկական գրագիտություն ու մտածողություն, կայուն գիտելիքներ և ճանաչողական ու կիրառական ունակություններ բնական գիտությունների ոլորտում՝

ա. կարողանա նկարագրել շրջապատի և առօրյա կյանքի տարբեր երևույթներ, կատարի դրանց վերաբերյալ հստակ դատողություններ, փաստարկների վրա հենվելով՝ կարողանա կատարել հիմնավորումներ,

բ. կարողանա նկատել տարբեր երևույթների միջև առկա կապերը, երևույթների առանձնահատկությունները, օրինաչափությունները և ներկայացնի դրանք բառերով ու սիմվոլներով,

գ. առօրյա պարզ իրավիճակների վերաբերյալ տվյալներ հավաքել ու դրանց օգնությամբ աղյուսակներ, դիագրամներ կազմել,

դ. կարողանա կատարել պարզագույն կառուցումներ, գծագրեր և դրանք գործնականում կիրառել,

ե. պատկերացում ունենա երկրաչափական հասկացությունների, դրանց տարրերի, հատկությունների մասին,

զ. ունենա մեծությունների վերաբերյալ գիտելիքներ և կարողանա կիրառել դրանք գործնական պարզ իրադրություններում,

է. ունենա առօրյա գործունեության հետ կապված խնդիրների լուծման կարողություն (ծախսերի պլանավորում, գնումների կատարում, առօրյա իրավիճակներին վերաբերող հաշվարկների կատարում և այլն),

ը. ունենա հետազոտական պարզ աշխատանքներ կատարելու տարրական կարողություններ և հմտություններ,

թ. ունենա գիտական պատկերացումներ բնության և շրջակա միջավայրի մասին,

ժ. ճանաչի առավել տարածված բնական երևույթները, դրանց դրսևորման առանձնահատկություններն ու օրինաչափությունները,

ժա. տիրապետի գիտական ճանաչողության մեթոդների, կարողանա դրանք կիրառել կոնկրետ իրավիճակներում,

ժբ. բացահայտի և պարզաբանի առանձին երևույթների պատճառահետևանքային կապերը,

ժգ. գիտակցի մարդու պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանման գործում.

4) ունենա թվայնացված տեխնոլոգիաների օգտագործման կարողություններ՝

ա. իմանա թվայնացված տեխնոլոգիաների նշանակությունն ու դրա բնորոշ հիմնական առանձնահատկությունները,

բ. հասկանա ժամանակակից կենցաղային և ուսումնական տեխնիկական միջոցների և սարքավորումների աշխատանքի սկզբունքները և կարողանա օգտվել դրանցից,

գ. իմանա համակարգչային ծրագրերի մասին և վարժ օգտվի ՏՀՏ-ի միջոցներից.

5) ունենա ակտիվ ուսումնական գործունեություն իրականացնելու ունակություններ, կարողանա սովորել և սովորեցնել՝

ա. ճանաչի սեփական անձը, անաչառ և ճիշտ գնահատի իր հնարավորությունները,

բ. ունենա վստահություն սեփական ուժերի հանդեպ, հանդես բերի առօրյա կյանքում ինքնակազմակերպվելու և ինքնուրույն ուսումնական ու ոչ բարդ աշխատանքային գործունեություն ծավալելու կարողություններ,

գ. ունենա սովորելու կամք, տիրապետի սովորելու և այլոց սովորեցնելու հմտություններին,

դ. դրսևորի նորի իմացության նկատմամբ աշխարհաճանաչողության ակտիվ և առողջ հետաքրքրասիրություն.

6) տիրապետի հասարակական համակեցության կանոններին և դրսևորի քաղաքացիական գիտակցություն՝

ա. գիտակցի իր ազգային ինքնությունը և արժևորի այն,

բ. հարգի ընտանեկան արժեքները,

գ. իմանա, ընդունի և պահպանի հանրային կյանքի նորմերը, պատասխանատու լինի սեփական արարքների համար,

դ. ցուցաբերի հարգալից վերաբերմունք և հանդուրժողականություն ընկերների, շրջապատի մարդկանց նկատմամբ,

ե. իմանա և հարգի մարդու հիմնական իրավունքները և քաղաքացիական ազատությունները,

զ. ըմբռնի և հարգի մարդկանց կարիքները, նրանց նկատմամբ դրսևորի համարժեք վերաբերմունք,

է. հասարակական միջավայրում լինի զուսպ և քաղաքավարի,

ը. գիտակցի իր պարտավորություններն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ, լինի աջակցող,

թ. կարևորի ազգային-քրիստոնեական արժեքները, գիտակցի բարոյական նորմերին հետևելու անհրաժեշտությունը, լինի դրա կրողը.

7) աշխատանքում լինի գործունյա և նախաձեռնող՝

ա. ցուցաբերի կենցաղային և տարրական աշխատանքային հմտություններ,

բ. մասնակցի թիմային աշխատանքի` համագործակցելով ծանոթ և անծանոթ անձանց հետ,

գ. ունենա որոշումներ ընդունելու, աշխատանքները ծրագրելու, պլանավորելու հմտություններ,

դ. ունենա մասնագիտական կողմնորոշում` ավագ դպրոցում կամ այլ հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև ոչ բարդ աշխատանքի անցնելու համար.

8) ունենա մշակութային ընկալման և արժևորման կարողություններ՝

ա. հասկանա և գնահատի գեղարվեստական ստեղծագործությունները, համաշխարհային մշակութային արժեքները և դրանցում արժևորի ազգային մշակույթի տեղն ու դերը,

բ. պատկերացում ունենա արվեստի պատմության, ազգային և համաշխարհային հանրահայտ գործերի ու ստեղծագործողների մասին,

գ. տարբեր արտահայտչամիջոցներով ներկայացնի գաղափարներ, կարծիք հայտնի արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ,

դ. քննադատաբար վերաբերվի ցածրարժեք ստեղծագործություններին.

9) իմանա և կարևորի մարմնակրթության, առողջ ապրելակերպի դերն ու նշանակությունը՝

ա. մասնակցի մասսայական (համայնքային) մարզական միջոցառումների,

բ. ունենա սեփական մարմինը կոփելու և խնամելու հմտություններ,

գ. պահպանի առողջ ապրելակերպ, զերծ մնա վնասակար սովորություններից,

դ. զբաղվի անհատական կամ խաղային որևէ մարզաձևով,

ե. մրցակիցների նկատմամբ դրսևորի հարգալից և հանդուրժող վերաբերմունք,

զ. իմանա անվտանգ վարքագծի կանոնները և սովորեցնի դրանք իրենից փոքրերին:

(67-րդ կետը լրաց. 04.07.12 N 858-Ն)

 

3. ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԱՎԱԳ) ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

68. Միջնակարգ (ավագ) դպրոցի, վարժարանի շրջանավարտը պետք է`

1) լիարժեք տիրապետի գրական հայերենին՝

ա. խոսի և գրի գրագետ, սեփական մտքերն ու տեսակետներն արտահայտի հակիրճ և դիպուկ, զերծ զանազան ավելորդաբանություններից,

բ. հասկանա, բացատրի, վերլուծի և ներկայացնի տարբեր բարդության, ծավալուն գրավոր տեքստեր,

գ. գրագետ շարադրի սեփական մտքերն ու կարդացած անծանոթ տեքստերը,

դ. ինքնուրույն պատրաստի զանազան նյութերի սեղմագրեր, գրի ռեֆերատներ,

ե. կատարի ընթերցած գրականության, տարբեր ժանրերի ստեղծագործությունների վերլուծություններ,

զ. զանազանի և գնահատի գեղարվեստական բարձրարժեք գրականությունը.

2) կարողանա արդյունավետ հաղորդակցվել առնվազն 2 օտար լեզվով՝

ա. զրուցի մեկ կամ մի քանի զրուցակիցների հետ որոշակի տեսածի, լսածի, կարդացածի շուրջ՝ արտահայտելով իր վերաբերմունքը փաստերին և դատողություններին` տալով իր գնահատականը,

բ. բառարանի օգնությամբ կարդա ոչ բարդ բնագիր տեքստեր հասարակական-քաղաքական և գիտահանրամատչելի վերաշարադրված (ադապտացված) անծանոթ բառերի ընդգրկումով,

գ. հասկանա ոչ հայախոս զրուցակցի խոսքը բանավոր հաղորդակցման ընթացքում,

դ. գրի որևէ իրադարձության մասին` նկարագրելով իր վերաբերմունքը պարզ, կապակցված խոսքով,

ե. ներկայացնի սեփական անձը, երկիրը, ժողովրդի պատմությունը, հիմնական մշակութային արժեքներն ու ավանդույթները,

զ. ճանաչի ուսումնասիրվող լեզվակիր երկրի խորհրդանիշները, հայտնի մշակութային արժեքները.

3) ունենա տրամաբանական զարգացած մտածողություն, ճանաչողական, ստեղծագործական ու կիրառական ունակություններ` մաթեմատիկայի ու բնական գիտությունների ոլորտում՝

ա. տիրապետի ապացուցման մեթոդների, իրականացնի հետազոտական աշխատանք,

բ. կարողանա տարբեր երևույթների վերաբերյալ կատարել վերլուծություններ, ապացուցման եղանակներ կիրառելով՝ կատարի հիմնավորումներ,

գ. տվյալները վերլուծելով և համադրելով՝ կարողանա կատարել ճիշտ հետևություններ,

դ. կարողանա բացահայտել օբյեկտների տարրերի միջև գոյություն ունեցող կապերը, երևույթների առանձնահատկությունները, օրինաչափությունները և տալ դրանց մեկնաբանությունը,

ե. կարողանա վերլուծել, մեկնաբանել և ներկայացնել երևույթների պատճառահետևանքային կապերը,

զ. կարողանա վերլուծություններ կատարելով՝ կառուցել մաթեմատիկական մոդելներ, գրաֆիկներ, գծապատկերներ,

է. ունենա կիրառական խնդիրներ լուծելու կարողություն,

ը. ունենա համակարգված գիտելիքներ բնության երևույթների, բնական համակարգերի մասին,

թ. կարողանա բացատրել բնության երևույթները հայտնի օրենքների և տեսությունների շրջանակներում,

ժ. տիրապետի գիտական ճանաչողության մեթոդներին, կարողանա մոդելավորել, վարկածներ առաջադրել և փորձնական ճանապարհով ստուգել, ստացված արդյունքներն ընդհանրացնել, կատարել եզրահանգումներ և կանխատեսումներ,

ժա. հասկանա և պարզաբանի համամոլորակային հիմնախնդիրները, շրջակա միջավայրին սպառնացող վտանգները.

4) ունենա թվայնացված տեխնոլոգիաների օգտագործման կարողություններ՝

ա. հասկանալ ժամանակակից տեխնոլոգիական և տեխնիկական միջոցների և սարքավորումների աշխատանքի սկզբունքները,

բ. իմանա տեղեկատվություն ձեռք բերելու, համակարգչային ծրագրերի և դրանց կիրառության մասին,

գ. կարողանա վարժ օգտվել ՏՀՏ-ի միջոցներից` ցուցաբերելով ինտերնետային տեխնոլոգիաներին տիրապետելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու և համագործակցելու կարողություններ ու հմտություններ.

5) ունենա նպատակային ուսումնառության կարողություններ, ունակ լինի ոչ միայն սովորել, այլև հմտորեն կիրառել սովորածը, կարողանա իր կողմից յուրացված նյութը կամ գործնական կարողությունները կիրառել կյանքում և փոխանցել ուրիշներին՝

ա. ճանաչի սեփական անձը և ունենա ինքնագնահատման կարողություններ,

բ. ապրի և գործի իր հնարավորություններին համապատասխան՝ միաժամանակ դրսևորելով սովորելու կամք և վստահություն սեփական ուժերի հանդեպ,

գ. ինքնակազմակերպվի առօրյա կյանքում, իրականացնի ինքնուրույն, անհատական ուսումնական ու աշխատանքային գործունեություն,

դ. ծավալի ակտիվ գործունեություն աշխարհաճանաչողության նպատակով և ցուցաբերի առողջ հետաքրքրասիրություն ամեն նորի նկատմամբ.

6) հետևել և պահպանել հասարակական համակեցության կանոնները, տարբեր իրավիճակներում քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորել՝

ա. կարևորել և արժևորել իր ազգային ինքնությունը,

բ. հասկանալ և հարգել ընտանեկան կյանքի արժեքները,

գ. խորապես իմանալ և հարգել մարդու հիմնական իրավունքները և քաղաքացիական ազատությունները,

դ. պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել և հարգել ուրիշների իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատի մարդկանց նկատմամբ,

ե. հասկանալ մարդկանց կարիքները և նրանց նկատմամբ դրսևորել հարգալից վարք,

զ. ցանկացած ծանոթ կամ անծանոթ միջավայրում լինել բարեկիրթ, զուսպ և քաղաքավարի,

է. օգտակար լինել հարազատ համայնքին, գործուն մասնակցություն ունենալ նրա բարեկարգմանը, աշխատանքում լինել գործունյա և նախաձեռնող, ունակ լինել համագործակցելու ծանոթ և անծանոթ անձանց հետ,

ը. կարողանալ կատարել արդյունավետ թիմային աշխատանք, ցուցաբերել ինքնուրույն որոշումներ ընդունելու, իր գործունեությունը պլանավորելու հմտություն,

թ. ունենալ մասնագիտական կողմնորոշման կարողություններ և այլն.

7) ունենա աշխարհի գեղարվեստական ընկալման, գեղագիտական երևույթների գնահատման և արժևորման կարողություններ՝

ա. հասկանա և գնահատի տարբեր ժանրերի արվեստի գործերը,

բ. իմանա արվեստի պատմություն, ծանոթ լինի արվեստի ազգային և համաշխարհային ստեղծագործողների գործունեությանը,

գ. կարողանա ներկայացնել արվեստի գործերի իր ընկալումը, կարծիքն արտահայտել դրանց վերաբերյալ.

8) իմանա և կարևորի մարմնակրթության, սպորտի ու նախնական զինպատրաստության, ամենօրյա մարզումների դերն ու նշանակությունը՝

ա. ակտիվորեն մասնակցի ֆիզդաստիարակության պարապմունքներին և մարզական կյանքին,

բ. ունենա մարմնի խնամքի հմտություններ,

գ. դրսևորի առողջ ապրելակերպ,

դ. իմանա քաղաքացիական պաշտպանության և անվտանգ կենսագործունեության կանոնները և սովորեցնի դրանք ուրիշներին:

 

I. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ

 

 

Տարրական դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Ուսումնական տարիների թիվը

4

5

3

Ծրագրի նորմատիվային ծավալը (դասաժամ)

     

նվազագույնը

2940

5100

3060

առավելագույնը

3590

5950

4080

այդ թվում՝ ըստ ուսումնական բնագավառների`

     

հայոց լեզու, գրականություն

650

850

500

օտար լեզուներ

250

500

300

մաթեմատիկա

500

850

200

ՏՀՏ և համակարգչային գիտություններ

100

200

200

բնություն և բնական գիտություններ

150

500

100

հասարակություն և հասարակական գիտություններ

500

100

արվեստ

250

100

-

տեխնոլոգիա

250

ֆիզիկական կրթություն և անվտ. կենս.

400

500

300

Պահուստային ժամաքանակ

390-1040

1100-1950

1360-2380

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը 45 րոպե է: Անհատական ուսուցման պլանով, տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական պարապմունքների մեկ դասաժամը հավասարեցվում է երկու ակադեմիական դասաժամի:

2. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը բաշխվում է ըստ ուսումնական տարիների և շաբաթների: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է՝ 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-րդ դասարանի համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ:

3. Հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակվում են հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները` ամրագրելով առարկայացանկը և առարկաներին հատկացվող շաբաթական (տարեկան) ժամաքանակը և հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

4. Հանրակրթական պետական ծրագրերի համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները՝

1) տարրական` 3204 ժամ,

2) հիմնական (միջին դպրոց)` 5576 ժամ,

3) միջնակարգ (ավագ դպրոց)` 3468 ժամ:

Պետական ուսումնական հաստատություններում հանրակրթական պետական ծրագրերի իրականացումը` նշված ծավալներով, ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

5. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանով (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլանով) ուսումնական բնագավառը ներկայացնող առարկաներին հատկացված գումարային ժամաքանակը չի կարող պակաս լինել տվյալ ուսումնական բնագավառի համար սահմանված ժամաքանակից:

6. Հենքային ուսումնական պլանով նախատեսված պահուստային ժամաքանակը բաշխվում է հանրակրթական ծրագրի ուսումնական պլանով (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլանով) սահմանված առարկաների միջև կամ թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սահմանելով դրա տնօրինման կարգը:

7. Ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է տարեկան ուսումնական պլան` իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար:

8. Ուսումնական պլաններում (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլաններում) փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն չորս ամիս առաջ:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Հանրակրթական ծրագրի ուսումնական բովանդակությունն արտացոլվում է առարկայական ծրագրերում: Ծրագրի առարկայացանկն ամրագրվում է ուսումնական պլանում:

10. Հանրակրթական ծրագրի առարկայացանկը կազմվում է այնպես, որ յուրաքանչյուր ուսումնական բնագավառ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում ներկայացված լինի մեկ կամ մի քանի առարկաներով, ընդ որում, յուրաքանչյուր ուսումնական բնագավառը ներկայացնող առարկաների համախումբը պետք է ամբողջությամբ ներառի սույն չափորոշչով սահմանված տվյալ բնագավառի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները:

11. Հանրակրթական ծրագրի համապատասխանությունը սովորողների և համայնքի կարիքներին ապահովելու և կրթության որակը բարելավելու նպատակով ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների:

12. Տարրական և հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ առարկաներով՝

1) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է «Մայրենի» առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներով.

2) «Օտար լեզուներ» բնագավառը` երկու լեզվով, որոնցից մեկը ռուսերենն է: Ուսումնական հաստատությունը, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ` օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է իրականացնել երրորդ օտար լեզվի դասավանդում: Օտար լեզուների ընտրության կարգը և ըստ դասարանների դրանց դասավանդման հերթականությունը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով.

3) «Մաթեմատիկա» բնագավառը 1-6-րդ դասարաններում` «Մաթեմատիկա» առարկայով, 7-9-րդ դասարաններում` «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներով.

4) «ՏՀՏ, համակարգչային գիտություններ» բնագավառը` «Ինֆորմատիկա» առարկայով.

5) «Բնություն, բնական գիտություններ» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները 2-4-րդ դասարաններում` «Ես և շրջակա աշխարհը» առարկայով.

6) «Բնություն, բնական գիտություններ» բնագավառը 5-6-րդ դասարաններում` «Բնագիտություն», 6-րդ դասարանում` «Աշխարհագրություն», 7-9-րդ դասարաններում` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներով.

7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 5-րդ դասարանում` «Հայրենագիտություն», 5-9-րդ դասարաններում`«Հայոց եկեղեցու պատմություն», 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն», 9-րդ դասարանում` «Հայաստանի աշխարհագրություն», 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» առարկաներով.

8) «Արվեստ» բնագավառը` «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներով.

9) «Տեխնոլոգիա» բնագավառը` «Տեխնոլոգիա» առարկայով.

10) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում` «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում` «Ես և շրջակա աշխարհը» և «Շախմատ» առարկաներով, 8-9-րդ դասարաններում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապրելակերպ» դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսպլանով:

(12-րդ կետը փոփ. 04.07.12 N 858-Ն)

13. Միջնակարգ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ առարկաներով՝

1) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներով.

2) «Օտար լեզուներ» բնագավառը` երկու լեզվով: Ուսումնական հաստատությունը, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ` օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է իրականացնել երրորդ օտար լեզվի դասավանդում: Օտար լեզուների ընտրության կարգը և ըստ դասարանների դրանց դասավանդման հերթականությունը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով.

3) «Մաթեմատիկա» բնագավառը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներով.

4) «ՏՀՏ, համակարգչային գիտություններ» բնագավառը` «Ինֆորմատիկա» առարկայով.

5) «Բնություն, բնական գիտություններ» բնագավառը՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներով: Հոսքային ուսուցման 11-12-րդ դասարաններում հումանիտար հոսքում սովորողը կարող է ընտրել նշված առարկաներից երկուսը, բնագիտամաթեմատիկական հոսքում` երեքը.

6) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» 10-11-րդ դասարանների (հումանիտար) հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներով.

7) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապրելակերպ» դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսպլանով։

(13-րդ կետը լրաց. 04.07.12 N 858-Ն)

14. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է օրինակելի ուսումնական պլանի առարկայացանկում ներառել լրացուցիչ առարկաներ՝ պետական պարտադիր ժամաքանակի սահմաններում:

15. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի շրջանակում երաշխավորվող առարկաների և դասընթացների ցանկը:

16. Ուսումնական հաստատությունը երաշխավորված առարկայացանկից դուրս առարկա կարող է դասավանդել միայն դրա բովանդակության մասնագիտական փորձաքննությունից հետո, որի կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

17. Ազգային փոքրամասնությունների դպրոցներում (դասարաններում) օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը:

18. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը:

 

IV. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

1. Ուսումնական առաջադիմության գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի համապատասխանության աստիճանը չափորոշչի պահանջներին, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու կրթության որակը:

2. Գնահատումն իրականացվում է ուսումնառության ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում):

3. Ընթացիկ և ամփոփիչ գնահատումներն իրականացվում են ուսուցչի կամ ուսումնական հաստատության կողմից` ըստ ուսումնական առարկաների, և գրանցվում են դասամատյանում:

4. Գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) ձևերով:

5. Քանակական գնահատման համար կիրառվում է 10-միավորային սանդղակ:

6. Այլընտրանքային հանրակրթական ծրագրերում կարող է կիրառվել ընթացիկ գնահատման այլ համակարգ:

7. Որակական գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորություններին համապատասխան:

8. Ընթացիկ և ամփոփիչ գնահատման արդյունքների մասին ուսումնական հաստատությունը պարբերաբար տեղեկացնում է սովորողի ծնողին:

9. Առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ որպես տարեկան ամփոփիչ գնահատական կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը, որի ձևը և լրացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

10. Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած երկրորդ դասարանից:

11. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

12. Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը սույն չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին:

13. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների և ստուգարքների արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

14. Ավարտական քննությունների ցանկը և ժամանակացույցը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

15. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Միավորային տարբեր համակարգերի համարժեքությունը սահմանվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

(հավելվածը խմբ. 28.07.11 N 1088-Ն, լրաց. փոփ. 04.07.12 N 858-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան