Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4810/05/10
2012թ.
  

Վարչական գործ թիվ ՎԴ/4810/05/10

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

Դատավորներ` Ա. Սարգսյան

                   Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Աննա Սուքիասյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` Տեսչության պետի 13.12.2010 թվականի թիվ 157693 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Աննա Սուքիասյանի`2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության պետի 13.12.2010 թվականի թիվ 157693 որոշումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Աննա Սուքիասյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 05.08.2011 թվականի վճռով Աննա Սուքիասյանի հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Տեսչության պետի 13.12.2010 թվականի թիվ 157693 որոշումը, իսկ Տեսչության հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 05.08.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի ամբողջ պատճառաբանությունը հիմնված է միայն այն հանգամանքի վրա, որ Տեսչությունը վարչական արձանագրությունը և որոշումն ուղարկել է «Տոտո» Ա/Կ-ի աշխատակից Աննա Սուքիասյանին «Տոտո» Ա/Կ-ի հասցեով` Սայաթ-Նովա 18-34, այնինչ պետք է ուղարկեր վարչական պատասխանատվության ենթարկվող անձի`Աննա Սուքիասյանի հաշվառման հասցեով, գտել է, որ չի ապահովվել վերջինիս` վարչական վարույթի մասին ծանուցված և լսված լինելու իրավունքը: Մինչդեռ դատաքննության ընթացքում Աննա Սուքիասյանի ներկայացուցիչը պնդեց, որ տեղյակ էր վարչական վարույթի մասին: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կարևորն այն չէ, թե որ հասցեով է ուղարկվել ծանուցագիրը, կարևորն այն է, որ կողմը ստացել է ուղարկված բոլոր փաստաթղթերը, այսինքն` պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի բոլոր փուլերին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, ողջ դատաքննության ընթացքում քննության առարկա դարձնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման հարցը, վճռում անդրադարձել է միայն վարչական վարույթի մասին պատշաճ ծանուցվելու փաստին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տեսչության պետի 22.10.2010 թվականի թիվ 2604225 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է «Տոտո» Ա/Կ-ում (իրականացման վայր` ք. Երևան, Սայաթ-Նովա 18-34) կատարել ՀՀ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրություն ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների ուսումնասիրման նպատակով, կանխիկ եղանակով (գ.թ. 16-17):

2) Տեսչության 03.12.2010 թվականի թիվ 1740 արձանագրության համաձայն` «Տոտո» Ա/Կ-ին պատկանող տուրիստական գործակալության աշխատող Աննա Սուքիասյանը կատարել է դեպի Եգիպտոս ուղեգրի պատվերի ամրագրում, որի դիմաց կանխավճար է վերցրել 1.300 ԱՄՆ դոլար (գ.թ. 10-12):

3) Տեսչության պետի 13.12.2010 թվականի թիվ 157693 որոշմամբ վարչական իրավախախտման գործի քննության արդյունքում Աննա Սուքիասյանի նկատմամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն, նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի տուգանք: Վերը նշված որոշումը փոստային ծրարի միջոցով ուղարկվել է Աննա Սուքիասյանին ք. Երևան, Սայաթ-Նովա 18/34 հասցեով, որը վերջինս ստորագրությամբ ստացել է (գ.թ. 9, 39):

4) Տեսչության 03.12.2010 թվականի թիվ 1740 և հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ թիվ 2604225 արձանագրությունները փոստային ծրարի միջոցով ուղարկվել են Աննա Սուքիասյանին ք. Երևան, Սայաթ-Նովա 18/34 հասցեով, որոնք վերջինս ստորագրությամբ ստացել է (գ.թ. 40, 41):

5) Աննա Սուքիասյանի անձնագրի տվյալների համաձայն` վերջինիս հաշվառման հասցեն է` ք. Երևան, Շիրազի 22 շենք, 24 բնակարան (գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

-վարչական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

Սույն գործով Աննա Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության պետի 13.12.2010 թվականի թիվ 157693 որոշումը` հիմքում դնելով «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի, նույն օրենքի 2-րդ հավելվածով սահմանված հսկիչ գնումների անցկացման կարգի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի խախտման հարցը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Տեսչությունը վարչական արձանագրությունը և որոշումն ուղարկել է «Տոտո» Ա/Կ-ի աշխատակից Աննա Սուքիասյանին «Տոտո» Ա/Կ-ի հասցեով` Սայաթ-Նովա 18-34, այնինչ պետք է ուղարկեր վարչական պատասխանատվության ենթարկվող անձի` Աննա Սուքիասյանի հաշվառման հասցեով` ք. Երևան, Շիրազի 22 շենք, 24 բնակարան:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պարզվել է, որ Աննա Սուքիասյանը տեղյակ էր վարչական վարույթի բոլոր փուլերի, ինչպես նաև որոշման մասին, որպիսի փաստը նրա կողմից դատաքննության ժամանակ չի էլ վիճարկվել: Ավելին, Աննա Սուքիասյանն իր իսկ ստորագրությամբ անձամբ է ստացել վարչական վարույթի վերաբերյալ բոլոր ծանուցագրերը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատշաճ ծանուցելու իմաստը վարչական վարույթի մասին իրազեկելն է` անկախ ծանուցման վայրից: Այսինքն` հասցեատիրոջ ստորագրությամբ հաստատված իրազեկման պայմաններում էական չէ ծանուցման վայրը` ծանուցագրի ուղարկման հասցեն: Կարևորն այն է, որ առկա լինի վարչական վարույթի փուլերի մասին իրազեկումն հաստատող ապացույց, այն է` հասցեատիրոջ` ծանուցագրի ստացումը հավաստող ստորագրություն:

Բացի այդ, և´ Դատարանը, և´ Վերաքննիչ դատարանը Տեսչության պետի 13.12.2010 թվականի թիվ 157693 որոշման` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանելու հարցը պարզելու փոխարեն քննության առարկա են դարձրել Տեսչության կողմից վարչական վարույթի մասին Աննա Սուքիասյանին պատշաճ ծանուցելու հարցը, ինչը վերջինիս կողմից չի վիճարկվել: Հետևաբար, վարչական վարույթի մասին ծանուցված և լսված լինելու վերաբերյալ Դատարանի հետևությունները չէին կարող սույն գործի քննության առարկա դառնալ, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, ինչը վերոգրյալ մասով տվյալ դեպքում առկա չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Սակայն, նկատի ունենալով, որ դատաքննության ժամանակ հայցի իրական հիմքերի շուրջ ըստ էության քննություն չի տարվել և համապատասխան իրավական դիրքորոշում դատարանները չեն հայտնել, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է սույն գործով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան