Գլխավոր տեղեկություն
Համար
N 890-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2012-27.12.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.31/36(910).1 Հոդ.907.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 890-Ն

 

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 508-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումն է.

2) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝

ա. համապատասխանության գնահատման մարմնի` համապատասխանության գնահատման որոշակի տեսակի ծառայություններ մատուցելու իրավասության պաշտոնապես հավաստումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների և ծառայությունների կատարելագործմանը նպաստելը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը,

գ. համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ապահովումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները,

դ. «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների միջազգային ճանաչման համար պայմանների ստեղծումը.

3) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. խորհրդատվական ծառայությունների մատուցում,

բ. դասընթացների, սեմինարների կազմակերպում,

գ. հավատարմագրմանը վերաբերող հրատարակություններ,

դ. տպագրական ծառայությունների կազմակերպում և իրականացում:

3. «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

4. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող շենքի 1150.7 քառ. մետր տարածքի 3-րդ հարկից հետ վերցնել 466.5 քառ. մետր տարածքը (3637 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Սահմանել, որ «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանը չեն կարող սեփականության իրավունքով հանձնվել շենքեր, շինություններ, պետական սեփականություն հանդիսացող հողեր և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույք:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

ա. հաստատել «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ. ապահովել «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

գ. հաստատել «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ.

3) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և պետական գրանցման ներկայացնելը:

7. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձի պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարման պարտավորությունը կրում է «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժնից հանել «Հավատարմագրման գործակալություն» բառերը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հավատարմագրման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 508-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման 1-ին կետը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 21

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.04.2024, N 588-Ն 26.04.2024, N 890-Ն
03.12.2020, N 1963-Ա 05.12.2020, N 890-Ն
19.12.2013, N 1451-Ն 27.12.2013, N 890-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան