Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1037
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.15/21(434).1 Հոդ.907.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 հուլիսի 2012 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԵԼԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 208-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ, փաստաբան Գ. Թորոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Նելլի Մկրտչյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ն. Մկրտչյանի` 06.03.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները» վերտառությամբ 208-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը 08.12.2010թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲ ընկերության` աշխատավարձից անհիմն պահված գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դիմողը դատարանին հայտնել է, որ 2009թ. մարտի 24-ից մինչև հուլիսի 27-ն աշխատել է «Երևան հյուրանոց» ԲԲ ընկերությունում որպես մատենավար` համաձայն աշխատանքային պայմանագրի: Աշխատանքից ազատվել է պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: 07.09.2009թ. կրկին աշխատանքի է ընդունվել «Երևան հյուրանոց» ԲԲ ընկերությունում` որպես մատենավար և աշխատանքից ազատվել է 2010թ. հոկտեմբերի 8-ին: Այդ ժամանակաշրջանի համար նոր աշխատանքային պայմանագիր չի կնքվել, և իրեն տեղեկացրել են, որ գործում է 24.03.2009թ. կնքված աշխատանքային պայմանագիրը: Վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրենից պահել են 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ` որպես տուգանք: Ելնելով վերոգրյալից` դիմողը դատարանին խնդրել է «Երևան հյուրանոց» ԲԲ ընկերությունից բռնագանձել վերոգրյալ 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ գումարը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 07.06.2011թ. վճռով հայցը մերժել է:

Նշված վճռի դեմ դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 25.07.2011թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը չի թույլատրում բողոքարկել այն դատական ակտերը, որոնցով գույքային պահանջի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, իսկ քննության առարկա քաղաքացիական գործով վեճի առարկայի արժեքը կազմում է 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ, այսինքն` «սույն գույքային պահանջով վերաքննությունը թույլատրելի չէ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2011թ. որոշման դեմ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 07.09.2011թ. որոշմամբ վերադարձրել է` վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

3. Վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներին:

Հղում կատարելով Սահմանադրության հիշյալ հոդվածներին և մեջբերելով Սահմանադրության 6-րդ հոդվածը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` դիմողը պնդում է, որ նշված դրույթների միասնականությունը կազմում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բովանդակությունը: Ըստ դիմողի` դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է ոչ միայն խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու, այլև դատական ակտերը բողոքարկելու` պետականորեն երաշխավորված հնարավորություն: Ըստ դիմողի` եթե խախտված իրավունքի պաշտպանության պահանջով յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի դիմելու դատարան, ապա քաղաքացիական շրջանառության մասնակիցներն առաջին ատյանի դատարան են դիմում հայցադիմում (դիմում) ներկայացնելու, իսկ վերադաս դատական ատյաններ` վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու միջոցով: Այստեղից դիմողը եզրակացնում է, որ դատական ակտերը բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն բխում է անձի դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունից, որն ապահովելու պարտականությունն ընկնում է պետության վրա: Վերարտադրելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի բովանդակությունը` դիմողը եզրակացնում է, որ ՀՀ իրավական համակարգը պետք է դատական ակտերի բողոքարկման իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգեր պարունակի, որոնցից են դատական ակտերի վերանայման վերաքննության և վճռաբեկության ձևերը:

Վկայակոչելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշմամբ, ինչպես նաև ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-780 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` դիմողը գտնում է, որ դատական վերանայումը պետք է դիտարկել որպես վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքարկման իրավունքների իրականացումն ապահովելու կառուցակարգ, որը միաժամանակ հնարավորություն է ընձեռում երաշխավորելու օրինական և հիմնավորված դատական ակտերի կայացումը, օրենքի միատեսակ կիրառությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը:

Դիմողը նշում է, որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրել է դատական պաշտպանության անսահմանափակ իրավունք, ընդ որում, վերջինիս 18-րդ և 19-րդ հոդվածները դատական պաշտպանության իրավունքի մասով հղում չեն պարունակում կոնկրետ օրենքի, և քաղաքացիական դատավարության օրենսգրքով ընդամենը պետք է սահմանվեին այդ իրավունքի իրականացման կարգն ու պայմանները` առանց սահմանափակելու ՀՀ Սահմանադրության դրույթները:

Դիմողի պնդմամբ` տվյալ դեպքում խիստ անորոշ է նաև բողոքարկման իրավունքը 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամով սահմանափակելու միտումը կամ նպատակը: Եթե նման սահմանափակման համար հիմք է ընդունվել գումարի ոչ մեծ լինելու հանգամանքը, ապա դիմողն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 32.500 դրամ է` համաձայն «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, իսկ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 43.499.8 դրամ է:

Դիմողն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ օրենսգրքի վիճարկվող նորմը չի նախատեսում բողոքարկման բացառություններ. օրինակ` բողոքարկման հնարավորություն դատավարական որոշակի կոպիտ խախտումների դեպքում:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանող կողմը վկայակոչում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի առանձին հանձնարարականներ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը` եզրահանգելով, որ վիճարկվող իրավակարգավորումը բխում է միջազգային իրավական մոտեցումներից և միտված չէ բացառելու արդարադատության մատչելիության իրավունքի իրացումը: Սկզբունքորեն ապահովված է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման հնարավորությունը վերաքննիչ դատարանում: Վիճարկվող նորմը ոչ թե սահմանափակում է անձի` բողոք բերելու սահմանադրական իրավունքը, այլ սահմանափակում է միայն այն գործերով վերաքննության իրավունքի իրացումը, որոնցով վեճի առարկան կազմում են ոչ մեծ գումարի հայցապահանջները:

Պատասխանողը նշում է, որ 1995թ. փետրվարի 7-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված` Քաղաքացիական և առևտրային գործերով բողոքարկման ընթացակարգերի և համակարգերի գործողության մեջ դնելու և գործունեության բարելավման վերաբերյալ թիվ /95/5 հանձնարարականի` «Դատական վերահսկողության իրավունք» վերտառությամբ 1-ին հոդվածի a/ կետում ամրագրվել է, որ «Սկզբունքորեն պետք է նախատեսվի բարձր ատյանի դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից ավելի ցածր ատյանի դատարանի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը: Եթե այս սկզբունքից բացառություններ են նախատեսվում, ապա դրանք պետք է հիմնված լինեն օրենքի վրա և համապատասխանեն արդարադատության ընդհանուր սկզբունքներին»: Վկայակոչելով նաև նույն հանձնարարականի` «Վերաքննության իրավունքը բացառող հարցերը» վերտառությամբ 3-րդ հոդվածը, պատասխանողը շեշտում է այն հանգամանքը, որ երկրորդ ատյանի դատարանի կողմից միայն պատշաճ հարցերի քննումն ապահովելու նպատակով նախատեսվել է, որ պետությունները պետք է դիտարկեն որոշ միջոցառումներ, այդ թվում` մի շարք գործերով, մասնավորապես` ոչ մեծ գումարի հայցապահանջներով վերաքննության բացառման հնարավորությունը: Դրա հիման վրա պատասխանողը հետևություն է անում, որ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերաքննության կարգը լիովին համապատասխանում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերոհիշյալ հանձնարարականների պահանջներին»:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումները.

- իրավաչա՞փ է, արդյոք, վերաքննության իրավունքի իրացման հնարավորության սահմանափակումը` պայմանավորված հայցագնի չափով,

- ի՞նչ չափանիշներ պետք է հիմք ընդունվեն այն հայցագնի չափը սահմանելիս, որի դեպքում վերաքննության իրավունքը սահմանափակվում է,

- անհրաժեշտ ու իրավաչա՞փ են, արդյոք, որոշակի բացառությունները նման սահմանափակման առնչությամբ:

Սույն հարցադրումները սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի համատեքստում` հաշվի առնելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ միջազգային իրավական փորձն ու մոտեցումները:

Խնդրո առարկայի առնչությամբ միջազգային իրավական մոտեցումների և միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ քաղաքացիական գործերով վերաքննության իրավունքը բացարձակ չէ և արդարացված որոշակի հանգամանքներով` առանձին գործերով վերաքննության հնարավորությունը կարող է չնախատեսվել: Այսպես.

Արդարադատության մատչելիության ուղիների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1981թ. մայիսի 14-ի թիվ R (81) 7 հանձնարարականի 15-րդ կետի համաձայն` ոչ խոշոր չափի հայցային պահանջներով վեճերի համար պետք է նախատեսվի հատուկ ընթացակարգ, որը հնարավորություն կտա կողմերին դիմել դատարան` չկրելով վեճի առարկա հանդիսացող գումարի համեմատ անհամաչափ ծախսեր: Այս նպատակներով հնարավոր է նախատեսել հեշտացված (պարզեցված) դատական վարույթ, զերծ մնալ անհարկի դատական լսումներից և սահմանափակել բողոքարկման իրավունքը:

Դատական համակարգի կատարելագործմանն ուղղված քաղաքացիական դատավարության սկզբունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1984 թ. փետրվարի 28-ի թիվ R (84) 5 հանձնարարականի 8-րդ սկզբունքի 1-ին մասի b) կետի համաձայն` պետք է նախատեսվեն որոշակի կանոններ կամ կանոնների ամբողջություն` ուղղված վեճի լուծման արագացմանը` անվիճելի իրավունքի, նախապես գնահատված վնասի, ինչպես նաև ոչ մեծ գումարներով հայցերի հետ կապված դեպքերում:

Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածության անթույլատրելիության և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1986թ. սեպտեմբերի 16-ի թիվ R (86) 12 հանձնարարականի 3-րդ կետում անդամ պետություններին խորհուրդ է տրվում դատական ատյանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար ստեղծել արտադատական այնպիսի մարմիններ, որոնց կողմերը կարող են դիմել ոչ մեծ գումարի հայցապահանջներով, ինչպես նաև իրավունքի կոնկրետ ոլորտների խնդիրներով վեճերի լուծման համար:

1995թ. փետրվարի 7-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած` «Քաղաքացիական և առևտրային գործերով բողոքարկման ընթացակարգերի և համակարգերի գործողության մեջ դնելու և գործունեության բարելավման վերաբերյալ» թիվ R(95)5 հանձնարարականի` «Վերաքննության իրավունքից բացառություն կազմող հարցեր» վերտառությամբ 3-րդ հոդվածի a) կետում նախատեսվում է` «Երկրորդ ատյանի դատարանի կողմից միայն պատշաճ հարցերի քննությունն ապահովելու նպատակով պետությունները պետք է քննարկեն ստորև թվարկված բոլոր կամ որոշ միջոցառումների ընդունման հնարավորությունը … բացառել մի շարք գործեր, օրինակ` ոչ մեծ գումարի հայցապահանջները»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(84)5 և R(95)5 հանձնարարականների` չբացառելով քաղաքացիական գործերով վերաքննության իրավունքի իրացման հնարավորությունը, այնուամենայնիվ, ի տարբերություն քրեական գործերով վերաքննության իրավունքի, երկրորդ ատյանի դատարանում (վերաքննիչ դատարանում) քաղաքացիական գործերով բողոքարկումները կարող են ենթարկվել որոշակի սահմանափակումների, մասնավորապես` ոչ մեծ գումարի հայցապահանջներով:

 

6. ՀՀ Սահմանադրության 18, 19 և 20-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և կից արձանագրությունները, բողոքարկման իրավունք նախատեսել է քրեական գործերով դատավճիռների առնչությամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը վերաբերում է յուրաքանչյուր կոնկրետ ատյանի դատարանում տվյալ գործի քննության համապատասխան ընթացակարգերին և, մասնավորապես, արդարության պահանջներին համապատասխանող ընթացակարգերին: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` արդար դատաքննության վերաբերյալ դրույթը կիրառելի է միայն վերաքննության կամ վճռաբեկ բողոք բերելու իրավունքի իրացումից հետո, եթե տվյալ կատեգորիայի գործերով նախատեսված է վերաքննության կամ վճռաբեկ բողոք բերելու իրավունք: Նույնը վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից… (մասնավորապես` Staroszczyk v. Poland, գանգատ թիվ 59519/00, 2007թ. մարտի 22-ի վճիռ, կետ 125):

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների տեսանկյունից` սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման, որոնցից մեկն էլ հանդիսանում է օրենսգրքի վիճարկվող նորմով նախատեսված որոշակի կատեգորիայի քաղաքացիական գործերով վերաքննության սահմանափակման դեպքը: Այս առումով սահմանադրական դատարանն ինքնին իրավաչափ է համարում հայցագնի չափով պայմանավորված` քաղաքացիական գործերով վերաքննության իրավունքի սահմանափակումը: Այլ խնդիր է օրենսգրքի վիճարկվող նորմում ամրագրված գումարի չափի արդարացված լինելը, ինչպես նաև նման սահմանափակման` որպես ընդհանուր կանոնից բացառության նախատեսման, համապատասխանությունն արդարադատության ընդհանուր սկզբունքներին:

 

7. Սահմանադրական դատարանը միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ բոլոր այն երկրներում, որոնց օրենսդրությունը թույլ է տալիս «ոչ մեծ» հայցագնի դեպքում սահմանափակել դատական ակտի բողոքարկման իրավունքը, գործում են որոշակի չափանիշներ ու գործոններ, որոնց հետ ողջամիտ հարաբերակցության մեջ է օրենսդիրը որոշում համապատասխան հայցագնի չափը: Որպես նման չափանիշներ ծառայում են, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի չափը, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, բնակչության կենսամակարդակը: Ընդ որում, առանձին դեպքերում, օրինակ` Գերմանիայի Դաշնությունում, հայցագնի չափը, որի դեպքում բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ, իր չափով զգալիորեն զիջում է նվազագույն աշխատավարձի չափին:

Եվրոպական դատարանն անհատական գանգատների ընդունելիության` Եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությամբ ներդրված նոր պայմանի` էական վնասի առկայությունը գնահատելիս հաճախ որպես չափանիշ հիմք է ընդունում դիմողի վրա տվյալ խախտման ունեցած ֆինանսական ազդեցությունը, մասնավորապես` խնդրո առարկա գումարի չափի աննշան լինելու հանգամանքը:

Այս առնչությամբ հատկանշական է նաև, որ Եվրոպական դատարանն էական վնասի առկայությունը գնահատելիս հաճախ առաջնորդվելով դիմողի համար նյութական շահի առկայության կամ բացակայության փաստով, միաժամանակ ընդունում է, որ նյութական շահը միակ տարրը չէ որոշելու համար էական վնասի առկայությունը կամ բացակայությունը: Մասնավորապես, Կորոլևն ընդդեմ Ռուսաստանի (Korolev v. Russia) գործով 2010թ. հուլիսի 1-ի վճռում Եվրոպական դատարանն արտահայտել է սկզբունքային իրավական դիրքորոշում առ այն, որ. «... Կոնվենցիայի խախտումը կարող է վերաբերել սկզբունքի կարևոր հարցերի և, այդպիսով, էական վնաս կարող է հասցվել նաև առանց նյութական շահերին վնաս պատճառելու»:

Ավելին, 14-րդ արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն` նույնիսկ էական վնասի բացակայության դեպքում անհատական գանգատը չի կարող հայտարարվել անընդունելի, եթե հարգանքը կոնվենցիոն իրավունքների նկատմամբ պահանջում է տվյալ գանգատի ըստ էության քննություն:

Ելնելով միջազգային դատավարական փորձի ուսումնասիրությունից և հաշվի առնելով վերը ներկայացված գործոնները` սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա վեճի դեպքում այս կամ այն դրամական չափը որպես «ոչ մեծ» հայցապահանջների առավելագույն սահման դիտարկելու համար, մասնավորապես, հարկ է ելնել տվյալ սոցիալական իրականությանը բնորոշ չափանիշներից, ինչպիսին, օրինակ, կարող է լինել երկրում քաղաքացիների միջին ամսական եկամտի, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հարաբերակցությունը:

Նկատի պետք է ունենալ, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նվազագույն ամսական աշխատավարձը 32.500 դրամ է: Միաժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 43.499.8 դրամ է: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հափշտակության զգալի չափն սկսվում է հաշվարկային նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից (30.000 դրամից): Բոլոր դեպքերում բողոքարկման ոչ ենթակա գումարային սահմանի որոշումն օրենսդիր մարմնի իրավասության հարցն է, սակայն այն պետք է որոշվի նշված գործոնների հետ արդարացի և ողջամիտ հարաբերակցություն ապահովելու նպատակից ելնելով, միաժամանակ հաշվի առնելով արդարադատության սահմանադրաիրավական խնդիրները սոցիալական արդարության նպատակներին ծառայեցնելու անհրաժեշտությունը:

 

8. Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից: Հետևաբար, վիճարկվող իրավակարգավորումը դիտարկելով արդար դատաքննության իրավունքի համատեքստում` սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցագնի չափով պայմանավորված` վերաքննության իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ չի խաթարվում արդար դատաքննության իրավունքի բուն էությունը: Այս առնչությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել այն ընդհանուր տրամաբանությունը, որն ընկած է բողոքարկման ինստիտուտին առնչվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի և 228-րդ հոդվածի, ինչպես նաև 204.32 հոդվածի հիմքում: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է այն բացառիկ դեպքերը, երբ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել նաև ընդդեմ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ: Այն է` երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք վճռի պարտադիր բեկանման հիմք են: Այն է` դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ (դատավարության կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի խախտում), վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն, վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ, գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32 հոդվածն ամրագրում է այն դեպքերը, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Մասնավորապես, այդ հիմքերն են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ցուցմունքների կեղծ լինելը, փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, թարգմանչի թարգմանության ակնհայտ սխալ լինելը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը, գործին մասնակցող անձանց, նրանց ներկայացուցիչների կամ դատավորի` գործի քննության հետ կապված հանցավոր արարք կատարած լինելը, ինչպես նաև տվյալ վճռի կայացման համար հիմք հանդիսացած դատական ակտի, դատավճռի, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման վերացումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հոդվածներով սահմանված բացառությունները և հիմքերը վերաբերում են արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալին կամ իրավիճակներին, և այդ իրավակարգավորումների հիմքում ընկած ընդհանուր տրամաբանությունը հանգում է նրան, որ արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող իրավական ուժ ունենալ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմով օրենսդիրը սահմանելով դրանում նշված գործերով վերաքննության իրավունքի սահմանափակում, շեղվել է օրենսգրքում առկա վերոհիշյալ ընդհանուր տրամաբանությունից` չնախատեսելով բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը բխում է 1995թ. փետրվարի 7-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած թիվ R(95)5 հանձնարարականի` «Դատական վերահսկողության իրավունք» վերտառությամբ 1-ին հոդվածի b) կետի պահանջներից, որի համաձայն` բացառությունները դատական վերահսկողության իրավունքից թույլատրելի են միայն այն պայմանով, որ համապատասխանեն արդարության ընդհանուր սկզբունքներին: Նման մոտեցումը համահունչ է նաև Եվրոպական դատարանի այն մոտեցումներին, որոնք ձևավորվել են «էական վնասի» գնահատման պրակտիկայում:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ ի պատասխան սահմանադրական դատարանի հարցմանը` ՀՀ արդարադատության նախարարի 23.05.2012թ. N 01/3091-12 գրության մեջ որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում վիճարկվող դրույթի ամրագրումը հիմնավորող հանգամանք է մատնանշվում վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման իրավակարգավորումը գործնականում ոչ միայն արդյունավետորեն չի ծառայում իր նպատակին, այլև, ստիպելով շահագրգիռ անձանց բողոքարկման վիճարկվող սահմանափակումը շրջանցելու նպատակով ներկայացնել 50.000 դրամը գերազանցող հայցապահանջ, հանգեցնում է դատարաններին 50.000 դրամը գերազանցող հայցագնի մասով անհիմն պահանջով ծանրաբեռնելուն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 հուլիսի 2012 թ.

ՍԴՈ-1037