Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-017-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906) Հոդ.807
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ 

Հ. Աբրահամյան

 

21 հունիսի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-017-Ն 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 18-ի N 730-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԾՐԱԳԻՐԸ

 

 

քաղ. Երևան

18 հունիսի 2012 թ.

 

 Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

 Կառավարության ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված՝ նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորություններ: Վերջին մարտահրավերները մեզ ստիպեցին նախ և առաջ ամրապնդել այդ հնարավորությունների ապահովման համար անհրաժեշտ պետականության հիմքերը: Այժմ շեշտադրելու ենք մեր գործողությունների արդեն իսկ ակնառու երկրորդ ուղղությունը՝ պետական ինստիտուտների հնարավորություններն ուղղելով մարդուն, հասարակության յուրաքանչյուր անդամի:

Վերջին տարիները մեր պետության համար նոր մարտահրավերների և բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էր: Այդ ընթացքում մենք կարողացանք՝

 էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողականության դրսևորումները,

 երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից,

 բանակաշինությամբ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները,

 մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական հետևանքները և ձևավորել ավելի տարազանված (դիվերսիֆիկացված) տնտեսություն,

 ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը՝ մեղմելով ճգնաժամի սոցիալական հետևանքները,

 էապես բարձրացնել ԱՊՀ-ի տարածքում գործընկերների հետ հարաբերությունների մակարդակն ու լրջորեն ընդլայնել համագործակցության դաշտը,

 Եվրամիության հետ սկսել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունները,

 զգալիորեն հեշտացնել պետության կողմից անձանց մատուցվող բազմաթիվ ծառայությունների ստացումը:

2008 թվականին մենք նախաձեռնեցինք լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլ, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետևանքների հաղթահարումը մեզանից խլեց զգալի ռեսուրսներ, որի արդյունքում բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին: Այժմ մեր խնդիրն է բարեփոխումների առաջին արդյունքները ձևափոխել կայուն և հարատև ինստիտուցիոնալ հարաբերությունների, դրանք դարձնել բոլորի համար շոշափելի և տեսանելի: Յուրաքանչյուր ոք պետք է տեսնի և զգա կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների արդյունքները: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա ինքնադրսևորման և ինքնաիրացման բոլոր հնարավորությունները: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ այս ծրագիրը պահանջված է ու ժամանակին, և մենք ունենք ժողովրդի աջակցությունը՝ այն կյանքի կոչելու համար:

 

 1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կառավարության ծրագիրը հիմնված է հետևյալ 3 գերակայությունների վրա`

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 1. Տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման:

 

Այդ առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝

- բիզնես և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում,

- նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,

- հավասար մրցակցային պայմանների ապահովում՝ բոլորի համար,

- տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով,

- տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով,

- տնտեսական աճին միտված և պետական-մասնավոր սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում,

- գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում,

- գործարարների և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,

- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, մասնավորապես, նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականության վարման միջոցով, ինչը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների բնակչության եկամուտների միջև տարբերությունը,

- միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն գործընկերությունը,

- հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում,

- երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում։

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 2. Մարդկային կապիտալի զարգացում:

 

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝

- որակյալ կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում,

- աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում՝ սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով,

- նպաստավոր պայմանների ստեղծում՝ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար,

- հասարակության միջին խավի ընդլայնում` որպես մարդկային կապիտալի զարգացման հուսալի հենք,

- հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների թիրախային մատուցում,

- արժանապատիվ ծերության ապահովում՝ հասարակության յուրաքանչյուր անդամի համար,

- աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների առկայության և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց,

- մարդու և բնության ներդաշնակ զարգացում,

- սփյուռքի ներգրավվածության մեծացում՝ մարդկային կապիտալի զարգացման գործընթացում։

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 3. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

 

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝

- հանրային ինստիտուտների ամրապնդում` մարդկային կապիտալի զարգացման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնօրինակման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով,

- պետական կառավարման համակարգում «խաղի կանոններ սահմանելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում,

- հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի «կանխարգելիչ» մոտեցման գերակայությունը,

- պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ,

- պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ մեխանիզմների ստեղծում,

- այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համակարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսավարողների նկատմամբ:

 

 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Թույլ համաշխարհային պահանջարկը և արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝

 զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,

 ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,

 նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,

 նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

 ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,

 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,

միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,

 աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,

 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,

 պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:

Կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն բաժնի վերջին մասում:

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ելնելով Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման գերակայությունից՝ կառավարությունը նախատեսում է իրականացնել ճյուղային համակցված և ներդաշնակ քաղաքականություն` շեշտադրելով ներքին ռեսուրսների արդյունավետ և համակարգված օգտագործումը:

2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ակներև դարձրեց Հայաստանի տնտեսության ուժեղ և թույլ կողմերը: Այսօր ամբողջությամբ վերականգնվել է նախաճգնաժամային անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը, տնտեսությունը դարձել է ավելի տարազանված և ուժեղ` առավել ունակ դիմակայելու արտաքին ցնցումներին:

Առաջնորդվելով արձանագրված ձեռքբերումներով՝ կառավարությունը ծրագրում է տնտեսական աճի հայեցակարգից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին` հիմնվելով այն սկզբունքի վրա, որ տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը դեռևս բավարար չէ մրցունակ տնտեսություն ունենալու համար: Տնտեսական աճը մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները չի կարող լուծել, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների արտադրության և նոր ծառայությունների մատուցման վրա, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային շուկաներում: Այս խնդրի արդյունավետ լուծման համար կառավարությունը կարևորում է արդյունաբերական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև միջին և փոքր բիզնեսի կայացման և զարգացման երաշխիքների ստեղծումը:

Կառավարությունը նպատակ է դրել 2012-2017 թվականներին ապահովել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքեր և համաշխարհային տնտեսական աճից ավելի բարձր` 5-7 տոկոս իրական աճ` տարեցտարի ավելացնելով բնակչության եկամուտների մակարդակը: Այդ նպատակով կառավարությունը՝

 ձևավորելու է տնտեսական աճի բաղադրիչների որակական փոխակերպման և արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգ՝ աջակցելով արտահանող, բարձր տեխնոլոգիաներ կիրառող ռեսուրսախնայող և գիտատար տնտեսությանը միտված ոլորտներին ու ընկերություններին,

 պահպանելու է ձեռք բերված մակրոտնտեսական կայունությունը` վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների և բյուջետային կարգապահության պահպանման, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության հետ հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ կոորդինացման միջոցով։

2012-2017 թվականներին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո` մասնավորապես երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը։

Այս ոլորտում առավելագույն արդյունք ստանալու համար կառավարությունը խրախուսելու է, որ գործընթացում ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող անձինք, կազմակերպությունները և իրենց նպաստը բերեն տնտեսության զարգացմանը:

 

3.1.1. Գործարար և ներդրումային միջավայրը

 

Բարենպաստ գործարար միջավայրը ժամանակակից աշխարհում ներդրումների ներգրավման, հետևաբար և երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է: Այս առումով կառավարությունը հետևողական քայլեր է կատարելու գործարարությամբ զբաղվելը դյուրինացնելու և անհարկի պետական միջամտությունների բեռը թոթափելու ուղղությամբ: Կառավարության գործողությունների արդյունքում`

 կրճատվելու են շինարարական թույլտվությունների ստացման ընթացակարգերը և ժամկետները էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով` միաժամանակ ուժեղացնելով վերահսկողությունը նորմատիվ պահանջների կատարման նկատմամբ,

 էապես կրճատվելու են կոմունալ ծառայությունների բաժանորդագրման ժամկետները,

 «Կարգավորման Գիլյոտին» ծրագրի միջոցով վերացվելու են անտեղի վարչարարական խոչընդոտները,

 բացառվելու է տարբեր պետական մարմիններ կրկնվող տեղեկատվությամբ հաշվետվություններ ներկայացնելը,

կրճատվելու և պարզեցվելու է տնտեսական գործունեության թույլտվությունների համակարգը,

 ամբողջությամբ ներդրվելու է կարգավորման ազդեցությունների գնահատման մեխանիզմը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափելու լրացուցիչ բեռ առաջացնող նոր կարգավորումներից,

 փոքր և միջին բիզնեսի համար ձևավորվելու է պարզեցված հարկային դաշտ,

 վերացվելու է շահութահարկի նվազագույն շեմի կիրառման պրակտիկան,

 փոքրացվելու է կանխիկով գործարքների կատարման շրջանակը` նպաստելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը,

ներդրվելու են արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերը` մեր ազգային հարստության և հատկապես հողի լիարժեք օգտագործման նպատակով,

 ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ` ապահովելով ավելի շատ գանձումներ բարձրարժեք գույքից,

 բոլոր ստուգող մարմիններում լիարժեք ներդրվելու է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգը, բարձրացվելու է նշված գործընթացների թափանցիկությունը, իսկ տեսչական մարմինների օպտիմալացման արդյունքում դրանց թիվն առնվազն կիսով չափ կրճատվելու է:

 

3.1.2. Ֆինանսական միջնորդությունը

 

Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ֆինանսական միջնորդության անցած տարիների ձեռքբերումների պահպանումը և ծավալների շարունակական մեծացումն առանցքային են ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման գործում: Չնայած վերջին տարիներին արձանագրված զգալի աճին՝ զարգացած տնտեսությունների համեմատ Հայաստանի ֆինանսական համակարգը դեռևս փոքր է և լիարժեքորեն չի իրականացնում ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու՝ իր հիմնական առաքելությունը: Այս ոլորտում կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը: Նման քաղաքականության կարևորագույն ուղղությունն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության և գործիքների բազմազանության ապահովումը:

Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ, կառավարության գործողությունների արդյունքում`

 ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը և բարձրացվելու է դրանց հասանելիությունը (լիզինգ, արտահանման ֆինանսավորման գործիքներ, սկսնակ բիզնեսների ֆինանսավորում, ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում և այլն),

 ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող՝ մատչելի պայմաններով վարկավորման ծավալները,

 պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը,

 նպատակաուղղված քաղաքականությամբ ֆինանսական շուկայում ապահովվելու է նոր մասնակիցների` ներդրումային հիմնադրամների մուտքը ֆինանսական համակարգ, որոնք հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր,

 խրախուսվելու է վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը,

 մատչելի բնակարանաշինության ֆինանսավորման նպատակով խրախուսվելու են ներդրումները Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերում՝ միաժամանակ սուբսիդավորելով սոցիալական խմբերի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը:

Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսությունում իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:

 

3.1.3. Բյուջետային համակարգը

 

Բյուջետային համակարգը և դրա կառավարումը կարևոր են թե՛ արդյունավետ ծախսային քաղաքականության, թե՛ իշխանությունների հանրային հաշվետվելիության առումով:

Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրն է դրանց խելամիտ հաշվեկշռումը։ Այս համատեքստում կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում՝

- միջազգային շուկաներում անորոշությունների մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը,

- հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը: Մասնավորապես`

 շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով,

 պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է ներքին պարտքի, ինչպես նաև շահավետ-արտոնյալ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին։ Պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:

Կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը: Այս առումով`

- ծախսերի փաստացի կատարումն իրականացվելու է սահմանված երկարաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները պետք է վերաբաշխվեն դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը,

- շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները, որոնց արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ,

- լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հնարավորություն է տալու հասարակությանն ու տնտեսավարողներին հսկելու գնումների վերաբերյալ հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը,

- կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար,

- շարունակվելու են ներքին աուդիտի և ֆինանսական հսկողության համակարգերի բարելավման աշխատանքները,

- բարձրացվելու է պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը։

 

3.1.4. Տնտեսության հիմնական ճյուղերը

 

3.1.4.1. Արդյունաբերությունը

 

Կառավարությունը փոփոխություն է կատարում արդյունաբերական քաղաքականության մոտեցումներում: Այսուհետև պետությունը ոչ միայն պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն ներգրավելու է մասնավոր հատվածին ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ: Մասնավոր հատվածի հետ համատեղ կձևավորվի երկխոսության միասնական հարթակ: Դրա միջոցով առավել հեռանկարային յուրաքանչյուր ճյուղի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ:

Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում՝ ենթադրելով աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների վրա հիմնված և, այնուհետև, բարձր տեխնոլոգիական արտադրությունների:

Ելնելով նշվածից՝ կառավարությունը կշարունակի իրականացնել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, որն ապահովելու է՝

 երկարաժամկետ տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` շեշտադրելով արտահանման զարգացումը,

 ոլորտային ռազմավարությունների պլանավորման, որոշումների կայացման, իրականացման և արդյունքների գնահատման գործընթացներում հիմնական շահագրգիռ կողմերի (գործարար միություններ, ոլորտային և մասնագիտական ասոցիացիաներ, կրթական և հետազոտական կազմակերպություններ, ընկերություններ և այլն) ներգրավումը,

 անդրազգային ընկերությունների ներգրավումը տնտեսության մեջ,

առնվազն 2 ազատ տնտեսական գոտիների ձևավորումը, որոնք միտված են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների, անվանացանկի և աշխարհագրության ընդլայնմանը,

բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման խթանումը՝ նպաստավոր միջավայրի ստեղծման և ներդրումների խթանման միջոցով,

տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանման միջոցով ուսումնական հաստատությունների և արտադրողների կապի խթանումը,

 նորարարական տեխնոլոգիաներ խրախուսող վենչուրային հիմնադրամների ստեղծման խթանումը,

 համապատասխան իրավական ակտերով լրացուցիչ արտոնությունների սահմանումը այն խոշոր ներդրումային ծրագրերի համար, որոնք կպարունակեն տեխնոլոգիական նորարարություններ, կունենան արտահանման ուղղվածություն և կստեղծեն աշխատատեղեր:

 

3.1.4.2. Գյուղատնտեսությունը և գյուղը

 

Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի: Առանձնակի ուշադրություն է դարձվելու բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններին: Նշված խնդրի համատեքստում կառավարության գործողությունների արդյունքում՝

 ապահովվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը: Գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերումն իրականացվելու է մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների ներդրման շնորհիվ,

 առնվազն երեք անգամ ավելացվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները, ինչի արդյունքում էապես կմեղմվեն մի շարք գյուղմթերքների գների սեզոնային տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները, և կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր,

 ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները, և ստեղծվելու են ձկնամթերքի վերամշակման ժամանակակից կարողություններ՝ ապահովելով արտադրանքի թողարկման եռապատիկ աճ,

 շարունակվելու է բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացման նպատակով սերմնաբուծության համակարգի զարգացման պետական աջակցության ծրագրերի իրականացումը։ Բարձր վերարտադրությամբ սերմեր մատակարարելով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին, արդյունքում կբարձրանա բուսաբուծության և անասնակերերի ավելացված ծավալների միջոցով անասնապահության ճյուղերի գործունեության արդյունավետությունը,

 շարունակվելու է գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, տարբեր մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի, մատչելիության մակարդակի բարձրացման ծրագրերը` գների մասնակի սուբսիդավորման և ապրանքային վարկերի միջոցով,

 անասնապահության ճյուղի զարգացման նպատակով իրականացվելու են գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման և մթերատվության բարձրացման ծրագրերը` տոհմային երինջների ներկրմամբ և սելեկցիայի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ,

 տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանվելու է փոքր հողակտորների համատեղ օգտագործման և խոշորացման, հողերի միավորման, կոոպերացիայի կազմակերպման միջոցառումների իրականացումը,

 նվազեցվելու են բնության կողմից հասցվող հնարավոր վնասները` հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով,

 ներդրվելու են սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանության վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է և բարձրորակ,

 խթանվելու են առավել բարձր մրցունակություն ապահովող և արտահանման կողմնորոշում ունեցող գյուղմթերքների և գյուղատնտեսական արտադրատեսակների արտադրությունը՝ արդյունքում ապահովելով թե՛ գյուղմթերքների, և թե՛ վերամշակված գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման ծավալի նկատելի աճ,

 ձևավորվելու են գյուղմթերքների իրացման արդյունավետ ենթակառուցվածքներ ու գործուն մեխանիզմներ, ներառյալ` տոնավաճառների կազմակերպումը,

 զարգացվելու են գյուղատնտեսական ոլորտի խորհրդատվության համակարգերը` նպաստելով գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքի արտադրողականության աճին:

 

Գյուղում կյանքի որակի բարձրացման նպատակով կառավարության ջանքերն ուղղվելու են՝

 գյուղական աղքատության կրճատմանը,

 մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացմանը,

 գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը` հնարավորինս հասանելի դարձնելով խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները,

 գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի բարելավմանը:

 

3.1.4.3. Քաղաքաշինությունը

 

Քաղաքաշինության ոլորտի զարգացման առաջնահերթ խնդիրն է իրականացնել համապատասխան ռազմավարություն` թիրախավորելով քաղաքաշինական խնդիրների համալիր լուծումը և ոլորտի նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումն ու արդիականացումը: Այդ առումով կարևորվում են`

- Հայաստանի բնակարանային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հստակ հաշվառումը, ինչը թույլ կտա արդյունավետ դարձնել առկա բնակարանային ֆոնդի կառավարումը, ունենալ պատկերացում վթարային շենքերի քանակի, վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ և ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին,

- պետական նպատակային ծրագրի մշակումը, որը կներառի առկա շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծումը, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին ներդրումային առաջարկների փաթեթի ձևավորումը և ֆինանսավորման մեխանիզմները,

- բազմաբնակարանային շենքերի սեփականատիրության կառավարման և պահպանման համակարգի արդիականացումը և համատիրությունների գործառույթների հստակեցումը,

- շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով և որակով իրականացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրումը, ինչը կապահովի կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացումը:

 

3.1.4.4. ՓՄՁ-ին պետական աջակցությունը

 

Տնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականությունն անհնար է իրագործել առանց տնտեսության ճկունությունն ապահովող ՓՄՁ-ների աջակցության: Տնտեսության մեջ ՓՄՁ-ների դերի բարձրացումը նաև հասարակության միջին խավի ձևավորման, աղքատության հաղթահարման, զբաղվածության ապահովման կարևոր պայման է: Ելնելով նշվածից՝ կառավարությունը շարունակելու է ՓՄՁ-ների համար ոչ միայն նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման, այլ նաև ուղղակի աջակցության քաղաքականությունը, մասնավորապես`

 կառավարությունն ապահովելու է ֆինանսների հասանելիություն գործող և սկսնակ ձեռնարկություններին` վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով: Ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսների ապահովման ծրագիրը կենտրոնանալու է մարզերում գրավի ապահովման խնդրի լուծման, ինչպես նաև ռիսկային և արդյունավետ նոր նախաձեռնությունների ֆինանսավորման ուղղությամբ,

 կառավարությունն ապահովելու է ձեռնարկատիրական կրթության մատչելիություն: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում սկսնակ գործարարներն անվճար ձեռք կբերեն ձեռնարկատիրական հմտություններ: Հատուկ ծրագրեր կիրագործվեն կանանց գործարարության զարգացման համար,

 կառավարությունն աջակցելու է գործող և սկսնակ ձեռնարկություններին՝ շուկաների հասանելիություն ապահովելու համար: Այս ծրագրին համապատասխան` կշարունակվի աշխատանքը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում: Ձեռնարկությունները կստանան աջակցություն ինտերնետային կայքերի, գովազդային վահանակների, ապրանքների փաթեթավորման և բրենդավորման գծով,

 փոքր և միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանության և մրցակցության նպատակով կառավարությունը սահմանելու է խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները,

կառավարությունն ապահովելու է տեղեկատվական աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին: Իրավական, հարկային, պետական կառավարման տարբեր ոլորտներին և հիմնահարցերին առնչվող խորհրդատվություն և տեղեկատվություն կստանան ՓՄՁ-ները ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:

 

3.1.4.5. Զբոսաշրջությունը

 

Զբոսաշրջության ոլորտում կառավարության նպատակն է բազմապատկել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Այդ առումով կառավարությունն իրականացնելու է՝

 ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում՝ հյուրանոցային ցանցի ընդլայնում, միջազգային հեղինակավոր բրենդային ցանցերի ներգրավում, զբոսաշրջային տների համակարգի զարգացում,

 զբոսաշրջային գործունեություն՝ Երևանից դեպի հանրապետության մարզեր ապակենտրոնացում,

 համայնքներում զբոսաշրջության զարգացում, գյուղական համայնքներում նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծում,

 համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորում ու պատշաճ ներկայացում,

 Հայաստանի առանձին զբոսաշրջավայրերի նկարագրերի ձևավորում, բրենդավորում և համաշխարհային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացում,

 հայկական զբոսաշրջության մրցունակության բարձրացում` բարելավելով ծառայությունների որակը, զարգացնելով մարդկային ռեսուրսներն ու ոլորտն ապահովելով պահանջարկին համապատասխանող կադրերով:

 

3.1.5. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը

 

Այսօր արտաքին շուկաներ դուրս գալու համար գոյություն ունեն տեղեկատվական, ենթակառուցվածքային, կադրային և այլ արգելքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին առևտրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները, արտաքին աշխարհի տնտեսություններին ինտեգրման բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան մեր արտադրողներին ունենալ մասշտաբի էֆեկտը։

Կառավարությունը`

 կշարունակի ակտիվ համագործակցությունը ԱՊՀ անդամ գործընկեր երկրների հետ, միջոցներ կձեռնարկի ԱՊՀ մի շարք անդամ երկրների հետ ստորագրված բազմակողմ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կիրարկման ուղղությամբ,

 կշարունակի ԵՎՐԱԶԵՍ-ի հետ համագործակցությունը՝ ապահովելով տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակ,

 կակտիվացնի եվրոպական ինտեգրման ողղությամբ ընթացող աշխատանքները, մասնավորապես, կշարունակվեն ակտիվորեն իրականացվել Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթները,

 ավարտին կհասցնի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները,

 կշարունակի միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման ու ամրապնդման, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող երկրների համար տարանցիկ փոխադրման համագործակցության մասով նոր գլոբալ համակարգերին ինտեգրվելու աշխատանքները:

 

3.1.6. Տարածքային համաչափ զարգացումը

 

Տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով.

 իրականացվելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը՝ պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ իրականացնելով հանրապետության մյուս տարածքներում, բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում,

 պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետական-մասնավոր համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են Հայաստանի քաղաքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը,

 կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը,

 սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացվելու են հատուկ օժանդակության ծրագրեր:

 

3.1.7. Ենթակառուցվածքները

 

Երկրի մրցունակության բարձրացումը պահանջում է ենթակառուցվածքներում ներդրումների շարունակական իրականացում: Կառավարությունը նպատակադրում է տնտեսական աճին միտված և պետական-մասնավոր սերտ գործընկերության վրա հիմնված ենթակառուցվածքների զարգացումը:

 

3.1.7.1. Էներգետիկան

 

Էներգետիկայի ոլորտում կառավարության իրականացրած քաղաքականությունը թույլ տվեց գազի գների աճի պայմաններում պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագները, ինչպես նաև զարգացնել համակարգը: Կառավարությունը շարունակելու է՝

 բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը,

 վարել էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականություն, այդ թվում՝ իրականացնելով առկա հիդրոներուժի օգտագործման արդյունավետության բարձրացումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն ուղղված գիտական և ինժեներատեխնիկական հետազոտություններ,

 հետևողականորեն վերազինել համակարգը՝ էներգասպառողներին զերծ պահել անկայուն և խափանվող, լարման տատանումներից,

 հետամուտ լինել տարածաշրջանային էներգահամակարգին ինտեգրմանը՝ ավարտին հասցնելով Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը:

Կառավարությունը շարունակելու է նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

 

3.1.7.2. Ջրամատակարարումը

 

Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառավարությունը հավատարիմ է մնալու մատակարարվող ջրի որակի բարելավման, կայուն ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովման քաղաքականությանը։

Ոռոգման ջրի բնագավառում բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացումը բարձրացնելու է համակարգի շահագործման հուսալիությունը, արդյունավետությունը և տրամադրվող պետական օժանդակության հասցեականությունը։

Կառավարությունը ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների խորացումը տեսնում է համակարգի կառավարման մեջ պետություն-մասնավոր հատված համագործակցության ուժեղացման շրջանակներում։

Կառավարությունը նախատեսում է՝

 գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ոռոգման ներդրումային ծրագրերի իրականացում,

 ջրամբարների շինարարության, առկա ենթակառուցվածքների արդիականացում՝ հիմնականում երկկողմ և բազմակողմ դոնորական աջակցության շրջանակներում: Առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացումը, որով կապահովվի այդ կառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը,

 համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործումն ու պահպանումը:

 

3.1.7.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները

 

Տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը դիտարկվում է որպես անհրաժեշտ պայման երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար։

Առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներդրումներին։ Այսպես՝

 կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն,

 կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի ուղղությամբ,

 նոր թափ կհաղորդվի Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարությանը, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը,

 ավելացվելու են գյուղական համայնքներն սպասարկող ճանապարհներին ուղղվող պետական ներդրումների ծավալները,

 նորացվելու և արդիականացվելու է հասարակական տրանսպորտը: Հիմնովին վերափոխվելու է միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար:

 

3.1.7.4. Հեռահաղորդակցությունը

 

Հեռահաղորդակցության ոլորտում կառավարությունը նպաստելու է ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանությանը և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովմանը։ Այս նպատակների իրականացման առումով կառավարությունն ապահովելու է բնակչության առնվազն 60 տոկոսի կողմից համակարգիչների միջոցով համացանցի օգտագործման հնարավորությունը:

Կառավարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվայնացման քաղաքականությունը: Հեռահաղորդակցության ու փոստային կապի ոլորտներում որակյալ ծառայություններ մատուցելու համար ներդրվելու են միջազգային լավագույն չափորոշիչներ:

 

3.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

Սոցիալական քաղաքականության առանցքում դրվելու է մարդկային կապիտալի զարգացումը` միտված Հայաստանի քաղաքացիների ներուժի լիարժեք և ամբողջական դրսևորմանը:

 

3.2.1. Սոցիալական քաղաքականությունը

 

Սոցիալական քաղաքականության մեջ կառավարության կողմից իրականացվող փոփոխությունը միտված է լինելու անհավասարություն ծնող պատճառների վերացմանը: Առաջին հերթին դա նշանակում է աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի դարձնել կրթությունը և աշխատանքը: Միաժամանակ, կառավարությունն իրականացնելու է համապարփակ սոցիալական քաղաքականություն, որի ներքո՝

 ստեղծելու է սոցիալական ծառայությունների տրամադրման ինտեգրված համակարգ, որի նպատակն է լինելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին)՝ ըստ կարիքի` դրան համարժեք սոցիալական համալիր ծառայությունների տրամադրումը «Մեկ պատուհան» սկզբունքի միջոցով,

 յուրաքանչյուր քաղաքացու համար դյուրինացնելու է սոցիալական ծառայությունների ստացումը և բարձրացնելու է դրա մատչելիությունը՝ անկախ իր բնակության վայրում գտնվելու հանգամանքից,

 միայնակ տարեցների և խնամքի կարիք ունեցող հաշմանդամների համար իրականացնելու է խնամքի, սպասարկման, խորհրդատվության, իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման միջոցով,

 շարունակելու է իր ջանքերը՝ սահմանափակ հնարավորություններով անձանց համար լիարժեք կյանքով ապրելու պայմաններ և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ,

շարունակելու է ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագրերի իրականացումը՝ ըստ տարիքային հերթականության,

 սկսելու է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը, որը երաշխավորելու է ապահով և արժանապատիվ ծերություն: Քաղաքացիների կենսաթոշակային-կուտակային հաշիվների միջոցները պետության կողմից կրկնապատկվելու են՝ խրախուսելով խնայողությունների առաջացումը և կրճատելով աշխատավարձերի վճարման գործում առկա ստվերայնությունը,

 մշակելու և ընդունելու է սոցիալական բնակարանաշինության զարգացման ծրագիր, որը կնախատեսի նաև վարձակալական հիմունքներով բնակարանների տրամադրում սոցիալապես անապահով խավերին,

 հետևողականորեն շարունակելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը,

 պետություն-մասնավոր, այդ թվում՝ առևտրային բանկերի հետ համագործակցությամբ սոցիալապես խոցելի խավերի համար մատուցելու է լրացուցիչ սոցիալական ծառայություններ:

 

3.2.2. Առողջապահությունը

 

Ոլորտում իրականացվող բարեփոխումները շարունակելու են շեշտադրել առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունն ու որակի բարձրացումը։ Միաժամանակ, առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը՝ առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով: Սպորտի մասսայականացման, առողջ և անվտանգ սննդի երաշխավորման, ծխելու դեմ պայքարի հարցերը մշտապես լինելու են պետության օրակարգում: Այս առումով կառավարությունը՝

 ապահովելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, ինչպես նաև հետվիրահատական վերականգնողական շրջանի գրագետ վարումը,

 հետևողականորեն իրականացնելու է բժիշկների պարտադիր վերապատրաստում, այդ թվում՝ աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններում,

 երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար,

 կառուցելու է եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց,

 հիմնելու է ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն,

 շարունակելու է մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները,

 շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել ոլորտի հաստատությունների նորագույն սարքավորումներով վերազինմանը,

 հատուկ կարևորելու է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը՝ նրանց համար հիվանդությունների հիմնական խմբերի գծով ապահովելով կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ,

 պետպատվերի շրջանակում որոշ հիվանդությունների տեսակների և սոցիալապես անապահով խավերի համար աստիճանաբար ներդնելու է բժշկական ապահովագրության ինստիտուտը,

շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականությանը, բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին և առողջապահության համակարգում անհրաժեշտ տեղեկատվական բազաների ստեղծմանն ու ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործմանը:

 

3.2.3. Կրթությունը և գիտությունը

 

Մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու ունակությունը: Ըստ այդմ՝

 բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը,

 երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում պետք է կատարվի երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությանը,

 կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն է ապահովվելու սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ` բարձրագույն կրթությունը),

 յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ,

 ընդլայնվելու է նախադպրոցական կրթության հասանելիությունը,

 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաներին ընձեռվելու են որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորություններ,

 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնվելու է որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը,

 բարելավվելու է դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակային որակը,

 ներդրվելու են կրթության արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ֆինանսավորման և արդյունավետության գնահատման գործիքներ,

 դպրոցներում ապահովվելու է ինտերնետի ամբողջական և որակյալ ծածկույթ,

 վերանայվելու է ընդունելության քննությունների համակարգը՝ հեշտացնելով դիմորդների մուտքը բուհ, սակայն խստացվելու են առաջադիմության և ավարտական հմտություններին վերաբերող պահանջները,

 հավատարմագրման եվրոպական համակարգին միանալու միջոցով ստեղծվելու են հնարավորություններ՝ Հայաստանում շնորհված կրթական որակավորումների միջազգային լիարժեք ճանաչման համար,

 եռապատկվելու են հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալները,

 բուհերում սահմանվելու է ուսման վարձի վերին շեմ,

 Բոլոնիայի համաձայնագրին համապատասխան` մեծացվելու է բուհերի ինքնուրույնությունը,

 բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, հիմնվելու է ժամանակակից լաբորատորիաների ցանց,

 էապես բարելավվելու է հանրակացարանային ցանցը՝ եվրոպական համալսարանական ավանների ձևաչափով,

 բուհերում ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,

 համալսարանների և գիտատեխնիկական լաբորատորիաների հետ համատեղ շարունակվելու է իրականացվել պետական ներդրումներ նորարարությունների և հետազոտությունների համար ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով:

 

3.2.4. Բնապահպանությունը

 

Բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը հանդիսանում են բնապահպանության ոլորտում կառավարության քաղաքականության առանցքը: Այս նպատակով նախատեսվում է`

 

 շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ,

 հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,

 շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,

 ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,

 ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,

 մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,

 ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,

 մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը,

 բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման նորարարական, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով խրախուսել շարունակել զարգացնել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմները և ներդնել նորերը:

 

3.2.5. Մշակույթը

 

Մշակութային քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու այնպիսի տիպարների ձևավորմանն ու լայն ներկայացմանը, որոնք օգնելու են հասարակությանը հանրային ուղեցույց դարձնել բարոյական չափանիշները, հայրենասիրությունը, համերաշխությունը, աշխատանքին և սեփական ուժերին ապավինումը, փոխադարձ վստահությունը: Այդ նպատակով՝

 ստեղծվելու են նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության, զարգացման ու հանրահռչակման համար,

 պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը: Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու դեբյուտային ծրագրերը,

 ծրագրվում է ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաև ազգային ավանդույթների ու մշակույթի դասընթացների ներմուծում կրթական ծրագրերում,

 կատարելագործվելու է պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման համակարգը, կիրառվելու է արտերկրից հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ու վարպետության դասընթացների միջոցով համաշխարհային մշակութային կյանքի նորարարությունների ու զարգացումների հետ ծանոթացման մեխանիզմ: Ապահովվելու է մշակութային կրթության փուլերի շարունակականությունը,

 ապահովվելու է մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում,

 լայնորեն տարածվելու է շարժական մշակույթի կիրառումը, ինչը կօգնի մայրաքաղաքային մշակույթի մուտքը դեպի մարզեր (շարժական կինոթատրոն, գրադարան, թանգարան, գրախանութ),

 ստեղծվելու են լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների մշակույթի լիարժեք դրսևորման համար,

 կառավարությունն ակտիվորեն համագործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով,

 ամրապնդվելու է մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը,

 մշակույթի ոլորտում ներդրվելու են տեղեկատվական հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաներ,

 զարգացվելու են մշակութային ժամանակակից ենթակառույցները՝ հայ արվեստի համար ստեղծելով միջազգային ասպարեզում ըստ արժանվույն գնահատվելու հնարավորություն և համաշխարհային մշակութային գործընթացներին ակտիվ մասնակցություն,

 աշխուժացվելու է մանկապատանեկան մշակութային կյանքը: Ապահովվելու են մանուկների ու երեխաների գեղարվեստական կրթությունն ու գեղագիտական դաստիարակությունը,

 խթանվելու է ստեղծագործական արդյունաբերությունը (հուշանվերների պատրաստում, ազգային խոհանոցի տարածում, ազգային տարազի կիրառում, կիրառական արվեստի ճյուղերի զարգացում և տարածում):

 

3.2.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը և սպորտը

 

3.2.6.1. Ժողովրդագրությունը

 

Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարական նպատակներն են՝ Հայաստանում կանխել հասարակության ծերացման միտումը, կանխարգելել երիտասարդների արտահոսքը երկրից, խթանել առողջ սերնդի վերարտադրությունը, սատարել այն երիտասարդներին, ովքեր պատրաստ են վերադառնալ հայրենիք:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը կառուցվելու են երեք կարևորագույն հենքերի վրա`

 երիտասարդ ընտանիքներին աջակցություն,

 ծնելիության խթանում,

 երեխաների առողջություն:

Նրանք, ովքեր նոր են ամուսնացել, ստանալու են արտոնյալ վարկեր` բնակարան ձեռք բերելու համար, նրանք, ովքեր արդեն ունեն երկու երեխա, ստանալու են 1 մլն դրամ երրորդ և չորրորդ երեխայի և 1.5 մլն դրամ` 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Նրանք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա, ստանալու են հավաստագրեր բոլոր տեսակի առողջապահական ծառայությունները, այդ թվում` երեխայի հիվանդանոցային բուժումն անվճար ապահովելու համար:

 

3.2.6.2. Երիտասարդությունը

 

Երիտասարդության համար կառավարության կողմից քայլեր կձեռնարկվեն ստեղծելու սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքական, հոգևոր, մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ՝ նրանց սոցիալական կայացման և ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության լիարժեք օգտագործելու համար։

Կառավարությունը մատչելի բնակարանային ֆոնդի ազգային ծրագրի շրջանակներում ավելացնելու է «Մատչելի բնակարան» և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի ծավալները: Երիտասարդների համար ներդրվելու են պետության կողմից սուբսիդավորվող ֆինանսական նոր գործիքներ:

 

3.2.6.3. Սպորտը

 

Կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակներն է համարում`

 բնակչության առողջության ամրապնդումը,

 անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության ու երկարակեցության ապահովմանն ուղղված պայմանների ստեղծումը,

 տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունն ու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը,

 հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստվածության ապահովումը,

 բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների արդյունավետ մասնակցության ապահովումը,

 մանկապատանեկան մարզադպրոցների աշխատակազմի սոցիալական վիճակի բարելավումը,

 զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացումը,

 հաշմանդամային սպորտին, մարզական-հասարակական կազմակերպություններին պետական աջակցությունը:

 

3.3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հասարակության զարգացման հիմնարար գործոններից մեկն արդյունավետ ինստիտուտների, դրանց քաղաքական, տնտեսական, սոցիալական հարաբերությունները կարգավորող համակարգի առկայությունն է: Ինստիտուտներն ազդում են ֆիզիկական, մարդկային կապիտալում և տեխնոլոգիաներում ներդրումների արդյունավետ տեղաբաշխման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, հետևաբար տնտեսական ներուժի առավելագույնս օգտագործման և աճի վրա: Այս ոլորտում բարեփոխումները պետք է ուղղվեն այնպիսի ինստիտուտների կայացմանը, որոնք ապահովում են հավասարապես բոլորի համար գործող արդար խաղի կանոններ և լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում տնտեսության մասնակիցների համար: Արդյունավետ ինստիտուտները խթաններ են ստեղծում մարդկանց կարողությունների լիարժեք իրագործման համար: Այս ոլորտում բարեփոխումները կարևորվում են նաև այն հանգամանքով, որ ինստիտուտները ոչ միայն ուրվագծում են տնտեսության աճի ներուժը, այլև պայմանավորում են տարբեր անձանց և սոցիալական խմբերի միջև տնտեսական օգուտների արդար բաշխումը:

 

3.3.1. Պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը

 

3.3.1.1. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը

 

Պետական կառավարման ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացմանը զուգահեռ անցում է կատարվելու հսկողական գործառույթներից դեպի անձանց որակյալ մրցունակ պետական ծառայություններ մատուցելուն: Ժամանակն է, որ մատուցվեն մասնավոր ծառայություններին համադրելի որակով պետական ծառայություններ։ Միաժամանակ, կառավարությունը շարունակելու է միջոցառումներ իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության կիրարկումը և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունները մեծացնելու ուղղությամբ, առանց որի երկրի ինստիտուցիոնալ կայացումը վտանգված է: Այս համատեքստում կառավարությունը նախատեսում է՝

 սահմանել պետական կառավարման համակարգի բոլոր ճյուղերում պաշտոնյաների վարձատրության միասնական և արդարացի համակարգ, որը հաշվի կառնի յուրաքանչյուր աշխատողի արտադրողականությունը և աշխատանքի արդյունավետությունը,

 պետական աշխատանքը գրավիչ դարձնելու նպատակով շարունակել սոցիալական երաշխիքների ներդրման քաղաքականությունը,

 հստակեցնել պետական կառավարման մարմինների գործառույթները։ Մասնավորին պատվիրակել գործակալական, սպասարկման կամ մասնագիտական այն ծառայությունները, որոնք առավել արդյունավետ կարող են իրականացվել մասնավորի կողմից,

 վերացնել այն գործառույթները, որոնք ստեղծում են բյուրոկրատական անհարմարություններ ու քաշքշուկ՝ բիզնեսի և քաղաքացիների համար: Ուժեղացնելով պետության կարգավորիչ դերը խաղի կանոնների սահմանման առումով՝ նվազագույնի հասցնել միջամտությունը տնտեսավարողի գործերին,

 ավարտել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումը, ինչը կդյուրացնի բոլոր քաղաքացիների համար հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային ծառայություններից օգտվելը,

 շարունակել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները՝ առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության ու վերահսկելիության ավելացման առումով,

 հանրությանը մատուցվող արդարադատության ոլորտի ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու համար գալիք հինգ տարիների ընթացքում ապահովել միասնական սպասարկման կենտրոնների միջոցով կամ առցանց «Մեկ կանգառ» սկզբունքով արդարադատության ոլորտի ծառայությունների գերակշիռ մասի տրամադրում պետության կողմից,

 ուժեղացնել էթիկայի հանձնաժողովի դերը, օրենսդրության մեջ վերացնել այն կարգավորումները, որոնք կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար ստեղծում են բարենպաստ միջավայր,

 ներդնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների հայտարարագրերը հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմներ,

 ստեղծել անհրաժեշտ երաշխիքներ քաղաքացի-գործադիր իշխանություն փոխհարաբերություններում մարդկանց սահմանադրական իրավունքները հարգելու և ապահովելու ուղղությամբ,

 ապահովել հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը,

 գործուն քայլեր կատարել բիզնեսը և քաղաքականությունը սահմանազատելու, պետական կառավարման ապարատը բիզնեսից տարանջատելու ուղղությամբ:

 

3.3.1.2. Տեղական ինքնակառավարումը

 

Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը միտված է զարգացնել պետության բոլոր մակարդակներում արդյունավետ կառավարման ներուժը: Ըստ այդմ` կառավարությունը նախատեսում է՝

 ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների և ֆինանսական ռեսուրսների միջև համապատասխանությունը՝ հետևողականորեն ավելացնելով համայնքների ինքնակազմակերպման հնարավորությունները,

 ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների տեսականին՝ միաժամանակ բարձրացնելով դրանց որակը բոլոր համայնքներում,

 ստեղծել խթաններ՝ դեպի համայնքներ ներդրումների հոսքի և համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման համար,

 ապահովել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործունեության նկատմամբ,

 բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը,

 իրականացնել համատիրությունների լիարժեք կայացման ռազմավարություն,

 բնակչությանը մրցակցային սկզբունքով կոմունալ ծառայությունների մատուցման և որակի բարձրացման ուղղությամբ մշակել և իրականացնել պիլոտային ծրագրեր,

 համայնքներում առկա կարողությունների ավելացման և արդյունավետ օգտագործման նպատակով խրախուսել միջհամայնքային միավորումների ձևավորումը, համայնքների խոշորացումը և համայնքային նախաձեռնությունների իրականացումը,

 իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր՝ սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների համար,

 Երևանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը` օրենքով բացառելով Երևանի կենտրոնում մայրաքաղաքային պատմությանն ու նկարագրին անհարիր կառուցապատումները:

 

3.3.2. Հարկային և մաքսային համակարգերը

 

Հարկային և մաքսային համակարգերը պետք է գործեն՝ ելնելով արդարության սկզբունքից, համապատասխան կարողություններ ունենան ստվերային տնտեսության կրճատման համար և լինեն միջազգայնորեն մրցունակ` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը: Այս առումով հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման կարևոր ուղղություններ են լինելու`

 հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարեցտարի ավելացման շարունակումը` հատկապես տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ հատվածի կրճատման միջոցով,

 փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ապահովումը և հարկային բեռի շարունակաբար տեղափոխումը դեպի խոշոր հարկատուներ,

 հարկային վարչարարության պարզեցումը, մասնավորապես, բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները, տեղեկություններն ու դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ընձեռումը,

 մաքսային արժեքի որոշման և մաքսազերծման գործընթացի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Միաժամանակ, բարձրացվելու է ապրանքների հետբացթողումային վերահսկողության արդյունավետությունը, ինչին կնպաստի նաև առավել սերտ համագործակցությունն այլ երկրների մաքսային մարմինների հետ,

 հարկային և մաքսային ծառայություններում աշխատողների սեփական բիզնես շահերի բացառումը, բոլորի համար հավասար դաշտի երաշխավորումը,

 հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները,

սահմանային անցակետերի, առաջին հերթին մաքսային տեղամասերի ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացումը,

 հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակի, ինչպես նաև այդ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների բարելավումը` ստեղծելով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման գործուն տեղեկատվական համակարգ:

 

3.3.3. Մրցակցության պաշտպանության համակարգը

 

Գործարար կարողությունների ազատ դրսևորումն ու ներդրումների աճն անհնար է առանց արդար մրցակցային դաշտի առկայության: Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսների կողմից մրցակցության խաթարումը հանդիսանում է տնտեսության կայուն աճի խոչընդոտներից մեկը: Առանց մրցակցության ոլորտում արմատական փոփոխությունների անհնար է կառավարության տնտեսական ծրագրի արդյունավետ իրագործումը: Այս առումով կառավարությունը նախատեսում է՝

 էապես ուժեղացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասություններն ու գործիքակազմը` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա,

 իրականացնել մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեության նկատմամբ հսկողություն և չարաշահումների կանխարգելում` անպատիժ չթողնելով ոչ մի հակամրցակցային գործողություն,

վերացնել շուկա մուտք գործելու խոչընդոտներն ինչպես ներքին արտադրողների, այնպես էլ ներմուծողների համար՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար,

 հայտնաբերել և կանխարգելել անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերը,

 շարունակել կրճատել պետության այնպիսի գործառույթները, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը:

 

3.3.4. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը

 

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում կառավարության ծրագրերը նպատակաուղղված են լինելու աղետներից ու հնարավոր պատերազմների հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը և ունեցվածքին հասցվող վնասների նվազեցմանն ու բացառմանը: Գիտակցելով, որ հանրապետության կայուն զարգացումը, աղքատության նվազեցումն ու մյուս առաջնահերթությունների իրականացումն անխուսափելիորեն պետք է կատարվեն աղետների ռիսկի կառավարման համատեքստում, կառավարությունը նախատեսում է`

 ուժեղ և կայուն ինստիտուցիոնալ ազգային բազայի հիման վրա նվազեցնել տարերային և տեխնածին ռիսկերը,

 իրականացնել ռիսկերի բազմակողմանի բացահայտում և գնահատում, զարգացնել աղետների վաղ ահազանգման համակարգը,

 նվազեցնել ռիսկերի բաղադրիչները և գործոնները, մշակել և իրականացնել գիտատեխնիկական ու նպատակային ծրագրեր,

 զարգացնել նորաստեղծ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հնարավորությունները և ապահովել ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու պատրաստականությունը,

 զարգացնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունները` դարձնելով այն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման տարածաշրջանային և մերձավոր արևելյան կենտրոն,

 ապահովել 911 ծառայության կայացումը՝ այն հաշվով, որ մարդը օգնության համար դիմի և ստանա միջազգային չափանիշներին համահունչ բազմակողմանի աջակցություն,

 կատարելագործել և զարգացնել պետական փրկարարական համակարգը՝ այն աստիճանաբար համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձևավորելով հասարակական և կամավորական փրկարարական ուժեր,

 կատարելագործել և զարգացնել պետական նյութական պահուստի համակարգը,

 շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման և զարգացման ծրագրերում հաշվի առնել ինչպես դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրությունը, այնպես էլ սեյսմիկ անվտանգությունը:

 

3.3.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը, անվտանգությունը և արդարադատությունը

 

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանման, անվտանգության և արդարադատության ոլորտներում կառավարության ծրագրերի կիզակետը լինելու է հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության մակարդակի բարձրացումը: Մեր քաղաքացիները պետք է զգան, որ նրանք ապրում են պաշտպանված, ապահով և անվտանգ երկրում, ինչը կարևորագույն պայման է հանդիսանում մարդկային կապիտալի զարգացման համար: Կառավարության գործողություններն առաջին հերթին ուղղված են լինելու ազգային անվտանգությանն սպառնացող առկա և հավանական ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանը, մեր ուժեղ և կազմակերպված բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու սպառազինմանը: Այս առումով կառավարությունը նախատեսում է՝

 պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին և ունենալ մրցունակ բանակ,

 հասարակության մեջ ամրապնդել զինվորական պարտադիր ծառայության ինստիտուտի նկատմամբ վստահությունը` սոցիալական և կրթական պայմանների շարունակական բարելավման միջոցով,

 զորացրվողներին ապահովել աշխատանքով և արտոնյալ ուսման հնարավորություններով:

Միաժամանակ, ոստիկանության, դատախազության և այլ իրավապահ մարմինների գործունեությունը պետք է նպատակաուղղվի հասարակությունում սոցիալական խաղաղության և համերաշխության հաստատմանը, իսկ նրանց գործելաոճը պետք է միտված լինի առավելապես բանակցային և իրավիճակի սրումը կանխարգելող այլ եղանակներով սոցիալական հակամարտությունների առաջացման կանխմանը կամ դրանց խաղաղ լուծմանը, անձ-իրավապահ մարմին հարաբերություններում անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովմանը: Կառավարությունն էապես խստացնելու է իրավապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրավունքների խախտման համար պատասխանատվությունը և ապահովելու դրա անխուսափելիության գործնական երաշխիքները:

Ոստիկանության, դատախազության և դատարանների գործունեությունը կոչված է լինելու ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների և շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել հասարակության յուրաքանչյուր անդամի համար արդարադատության մատչելիությունը և յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը, որի համար դատական իշխանությունը պետք է լինի արդյունավետ և հանրության առջև հաշվետու: Այդ նպատակով ընդունվելու է դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգ: Այս բնագավառում կառավարությունը նախատեսում է՝

 առավել խիստ պահանջներ սահմանել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և դրա կազմակերպման նկատմամբ,

 ստեղծել գործուն երաշխիքներ դատարանների ներքին անկախության համար: Բարձրացնել դատավորների ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը,

 դատական և դատախազության համակարգերում կադրերի պատրաստման նպատակով գործարկել արդարադատության ակադեմիան,

 ապահովել դատական իշխանության և դատախազության կադրերի համալրման օբյեկտիվ ու թափանցիկ ընթացակարգեր` անձի ոչ միայն մասնագիտական գիտելիքների գնահատման, այլև որպես դատավոր կամ դատախազ գործելու ունակության և բարոյական հատկանիշների հաշվառման հիման վրա,

 խստացնել դատավորների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնել նրանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի արդյունավետությունն ու թափանցիկությունը,

 ներդնել դատավորների գնահատման ու առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր,

 կրճատել դատարանների կողմից գործերի քննության ժամկետները,

 խթանել արտադատական կարգով վեճերի լուծման այլընտրանքային ընթացակարգերը:

 

3.4. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակադրելու է պետական շահերի պաշտպանությունը, երկրի արտաքին անվտանգության ապահովումը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծումը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության դերի և հեղինակության բարձրացումը, տարածաշրջանային կայունությանը, անվտանգությանը և զարգացմանը նպաստելը:

Կառավարությունը բազմապատկելու է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Շարունակվելու են աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է հանդիսանալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:

Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը: Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը մնալու է կարևորագույն մոտեցում:

Կառավարությունն առավել ամրապնդելու և խորացնելու է դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, բարեկամական գործընկերության շարունակական զարգացում է ապահովելու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ընդլայնելու է հարաբերությունները եվրոպական երկրների հետ: Շարունակվելու է եվրոպական ընտանիքի հետ մերձեցման քաղաքականությունը, ամրապնդվելու են Վրաստանի և Իրանի հետ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, հետևողականորեն զարգացվելու է փոխգործակցությունն Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների հետ, խորացվելու են հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի պետությունների հետ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է իր` ռազմաքաղաքական անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ակտիվ ներգրավվածությանը:

Կառավարությունը շարունակելու է ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար: Քաղաքակիրթ մարդկությունն այս չարիքի դեմ պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով արդյունավետ գործելու ունակություն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին համախմբվելու են հայության ջանքերը Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ գործած ոճրի միջազգային ճանաչման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման, ուրացման բացառման, դատապարտման գործում:

Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետության երկու հարևանների կողմից շրջափակումը վերացնելու, դրա բացասական հետևանքները հաղթահարելու ուղղությամբ:

Կառավարությունը հետևողական կերպով շարունակելու է ակտիվացնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպություններում:

 

3.5. ՍՓՅՈՒՌՔԸ

 

Կառավարությունը կարևորում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, հայության բոլոր հատվածների միասնականության ապահովումը` այն նպատակաուղղելով հայոց պետության հզորացմանն ու առաջընթացին, հայապահպանությանը և հայ ինքնության ամրապնդմանը:

Օգտագործելով երկքաղաքացիության ինստիտուտը և հայրենադարձության պետական ծրագիրը՝ կառավարությունն ստեղծելու է նպաստավոր միջավայր Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներգրավվածության ավելացման և ներդրումների խրախուսման համար:

Կմշակվեն հայրենադարձության գործընթացի իրավական հիմքերը, կներդրվեն գործուն ու արդյունավետ կառուցակարգեր` հայրենիք վերադարձող սփյուռքահայերի ինտեգրումը հասարակության մեջ արագացնելու համար:

Կառավարությունն աջակցելու է սփյուռքի համայնքների միավորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման մարմինների հզորացմանը, միջհամայնքային հորիզոնական կապերի հաստատմանը և Հայաստանի Հանրապետության հետ այդ կառույցների կապերի ամրապնդմանը:

Սփյուռքում հայապահպանությանն աջակցելու, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման, կրթական այլ ծրագրերի ընդլայնման նպատակով կառավարությունը շարունակելու է՝

 սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, դասագրքերով ապահովումը,

 Հայաստանում, սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը,

 հանրային հեռուստատեսության ծրագրերի արբանյակային հեռարձակման ընդլայնումը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը։

Կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանմանն աջակցության ծրագրերի իրականացումը:

Հետևողական աշխատանքներ կիրականացվեն հայ ժողովրդի շահերի պաշտպանության, հայկական արժեքների քարոզման, հայոց պատմության կեղծարարների դեմ հակազդեցության համար, ինչպես նաև համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման ուղղությամբ:

Կառավարությունն իր կարևորագույն խնդիրն է համարում միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստելու այլ պետություններում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Սփյուռքը համարելով Հայաստանի համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ՝ կստեղծվեն կայուն և հստակ մեխանիզմներ՝ հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար։

 

3.6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՌԻՍԿԵՐԸ

 

Համաշխարհային տնտեսությունն այժմ թևակոխել է հետճգնաժամային վերականգնման բավականին բարդ և անկայուն փուլ, որը բնութագրվում է և՛ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման էական ռիսկերով, առկա միտումների պահպանման խոցելիությամբ, և՛ տնտեսության կառավարման ու գոյություն ունեցող կարգավորման մոդելների կիրառելիության անորոշությամբ: Ինչպես ցույց տվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, համաշխարհային տնտեսության զգալի վատթարացումը չի կարող անմասն թողնել ցանկացած, հատկապես բաց տնտեսություն ունեցող երկրի։ Այս առումով, Հայաստանում ևս արտաքին տնտեսական միջավայրի վատթարացումը կարող է որոշակի ճշգրտումներ մտցնել կառավարության ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսներում և գործընթացներում՝ արդյունքում վտանգելով թիրախային ցուցանիշների հասանելիությունը։

Ճգնաժամի հաղթահարման դանդաղ ընթացքն ու լուծումների բազմազանությունն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառավարման թե՛ տեսության, թե՛ պրակտիկայի առումով աշխարհը թևակոխել է անորոշությունների ամենախոշոր փուլը: Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով միանման նոր լուծումներ չեն առաջացել, և յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում իր առանձնահատկություններին յուրահատուկ լուծումների փաթեթը:

Համաձայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականների՝ այս պահին համաշխարհային տնտեսությունը շարունակում է զարգանալ վերը նկարագրված էական անորոշությունների ներքո: Ֆինանսական և հարկաբյուջետային հիմնախնդիրների տարածումը Եվրոպայի ավելի մեծ թվով երկրներում միջնաժամկետ տնտեսական զարգացման հեռանկարների առումով առաջացրել է էական ռիսկեր ինչպես մյուս զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում:

Վերլուծաբանները նշում են, որ Եվրագոտում պարտքային հիմնախնդիրներ ունեցող երկրների մարտահրավերին ավելացել է ևս մեկը` եվրոպական բանկերի վճարունակության խնդիրը: Միաժամանակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռևս արդիական են մնում միջնաժամկետ ֆիսկալ կարգավորման խնդիրները, իսկ նախկինում դինամիկ զարգացող ասիական երկրները բացահայտում են միջնաժամկետում աճի բարձր տեմպերի կառռւցվածքային սահմանափակումները։ Մասնագետների կողմից համաշխարհային տնտեսության և հատկապես Եվրամիության աճի կանխատեսումները շարունակում են ճշգրտվել դեպի ներքև կամ տատանվել, նաև էապես ազդվելով շուկաների և ներդրողների վատատեսական սպասումներից: Ըստ տարածված սպասումների՝ կառուցվածքային խնդիրների լուծման ձգձգումների հետևանքները համաշխարհային տնտեսության վրա կարող են ունենալ ոչ միայն միջնաժամկետ, այլև երկարաժամկետ բնույթ: Ընդ որում, եթե պարտքի խնդիրներ ունեցող երկրներից մեկը դեֆոլտ արձանագրի, ապա դա կարող է կրել շղթայական բնույթ, ինչի հետևանքով թե՛ արժեթղթերի և թե՛ հումքային շուկաներն ավելի կտրուկ անկումներ կարձանագրեն։ Համաշխարհային տնտեսական աճի անկումը Հայաստանի տնտեսության վրա կարող է ազդել հետևյալ ուղիներով.

 գործընկեր երկրների պահանջարկի շարունակական անկմանը համապատասխան` Հայաստանի արտահանման աճի տեմպերի դանդաղումը կզսպի ՀՆԱ-ի աճի տեմպերը,

 միջնաժամկետում մետաղների գների շարունակական անկման դեպքում արտահանման թուլացումը կբերի ՀՆԱ աճի տեմպերի դանդաղման,

 կապիտալի դեպի ԱՄՆ փախուստի և ԱՄՆ դոլարի արժևորման արդյունքում նավթի ու գազի գների նվազման շարունակման, իսկ միջնաժամկետում ցածր մակարդակի վրա մնալու դեպքում Ռուսաստանի տնտեսության զարգացման տեմպերը կարող են դանդաղել: Արդյունքում դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները և տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի աճի ծրագրում ներկայացված սցենարից ավելի ցածր մակարդակի ձևավորմանը:

Հայաստանը, լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում արտաքին աշխարհի տնտեսական զարգացումներին: Վերը նշված ռիսկերի նյութականացման դեպքում էապես կնվազեն արտաքին միջավայրից ռեսուրսների ներգրավման հնարավորությունները: Ընդ որում, ՀՆԱ-ի կանխատեսվածից ցածր մակարդակի ձևավորման չափը կախված կլինի ինչպես այն բանից, թե վերը նշված ռիսկերից որոնք կիրականանան, այնպես էլ դրանց դրսևորման չափից: Ուստի կառավարությունը ջանքերը կկենտրոնացնի Հայաստանի տնտեսության կայունության պահպանման և ներքին ռեսուրսների օպտիմալ օգտագործման միջոցով տնտեսական զարգացման ապահովման վրա: Այդ դեպքում հավանական է, որ առաջարկվող նոր լուծումները կարող են տարբերվել թե՛ արդեն իսկ գոյություն ունեցող ինստիտուցիոնալ լուծումներից, թե՛ այլ երկրներում համանման լուծումներից և բխել Հայաստանի` տվյալ ոլորտում այդ պահին առկա յուրահատկություններից:

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆԱԽԱԲԱՆ

1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3.1.1. Գործարար և ներդրումային միջավայրը

3.1.2. Ֆինանսական միջնորդությունը

3.1.3. Բյուջետային համակարգը

3.1.4. Տնտեսության հիմնական ճյուղերը

3.1.4.1. Արդյունաբերությունը

3.1.4.2. Գյուղատնտեսությունը և գյուղը

3.1.4.3. Քաղաքաշինությունը

3.1.4.4. ՓՄՁ-ին պետական աջակցությունը

3.1.4.5. Զբոսաշրջությունը

3.1.5. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը

3.1.6. Տարածքային համաչափ զարգացումը

3.1.7. Ենթակառուցվածքները

3.1.7.1. Էներգետիկան

3.1.7.2. Ջրամատակարարումը

3.1.7.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները

3.1.7.4. Հեռահաղորդակցությունը

 

3.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

3.2.1. Սոցիալական քաղաքականությունը

3.2.2. Առողջապահությունը

3.2.3. Կրթությունը և գիտությունը

3.2.4. Բնապահպանությունը

3.2.5. Մշակույթը

3.2.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը և սպորտը

3.2.6.1. Ժողովրդագրությունը

3.2.6.2. Երիտասարդությունը

3.2.6.3. Սպորտը

 

3.3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3.3.1. Պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը

3.3.1.1. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը

3.3.1.2. Տեղական ինքնակառավարումը

3.3.2. Հարկային և մաքսային համակարգերը

3.3.3. Մրցակցության պաշտպանության համակարգը

3.3.4. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը

3.3.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը, անվտանգությունը և արդարադատությունը

 

3.4. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3.5. ՍՓՅՈՒՌՔԸ

3.6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՌԻՍԿԵՐԸ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան