ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՔՐԴ/0205/01/08
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
|
Ա. Զեյնալյանի |
2012 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի որոշման դեմ Արամ Բաբկենի Բարեղամյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 2251 -րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, 2008 թվականի մարտի 2-ին` թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի նույն օրվա որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:
2008 թվականի մարտի 10-ի որոշմամբ Ա.Բարեղամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251 -րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
2008 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ Ա.Բարեղամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251 -րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քննիչի նույն օրվա որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից Ա.Բարեղամյանի վերաբերյալ նյութերն անջատվել են առանձին վարույթ:
2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ա.Բարեղամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 2251 -րդ հոդվածի 1-ին մասով:
2008 թվականի ապրիլի 25-ին Ա.Բարեղամյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի քրեական դատարան (այսուհետ նաև՝ Քրեական դատարան):
2. Քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Ա.Բարեղամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 2251 -րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ա.Բարեղամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով պատիժները մասնակի գումարելու միջոցով Ա.Բարեղամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալի պաշտպան Հ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մերժել է` Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
4. Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Ա.Բարեղամյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
5. 2011 թվականի հունվարի 31-ին Ա.Բարեղամյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանը և Ա.Ղազարյանը բողոք են բերել` խնդրելով նոր երևան եկած կամ նոր հանգամանքի` ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-923 որոշման հիման վրա վերանայել Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 7-ի որոշումը:
Ա.Բարեղամյանի ներկայացուցիչների բողոքը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի որոշմամբ վերադարձվել է:
6. Ա.Բարեղամյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանը և Ա.Ղազարյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, 2012 թվականի հունվարի 31-ին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 13-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի որոշման վերանայման վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-923 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը` այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
8. Վճռաբեկ դատարանը 2011 թվականի մարտի 4-ի որոշմամբ արձանագրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 -րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել ամբողջությամբ կամ մի մասով:
Ինչպես երևում է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի որոշումից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներին համապատասխան Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը նոր հանգամանքի հիման վրա Վճռաբեկ դատարանի դատական ակտը վերանայելու հիմք չէ»:
9. ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի (իրավական այլ նորմի) կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով, վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)` որոշման հրապարակման պահին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ անձանց իրավունքների պաշտպանության հարցի համալիր լուծման ու անհրաժեշտ իրավական անվտանգության երաշխավորման առումով, ՀՀ սահմանադրական դատարանն այդ դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2011 թվականի նոյեմբերի 1-ը:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոքաբերները փաստարկել են, որ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Սահմանադրությանը հակասող` իրենց վստահորդի` Ա.Բարեղամյանի արդար դատաքննության իրավունքը խախտող իրավանորմեր պարունակող դատական ակտը:
Բողոքի հեղինակները, որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը, խնդրել են հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման վարույթ, բեկանել այդ որոշումը, վարույթ ընդունել և քննել «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 2009 թվականի մայիսի 7-ի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին 2011 թվականի հունվարի 31-ի բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումն արդյո՞ք Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի դատական ակտը վերանայելու հիմք է:
⚖12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ»:
Մեջբերված քրեադատավարական դրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ: Նշված որոշման համաձայն՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի կառուցվածքից բխում է, որ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
(…)
Իսկ դատարանում գործի քննությունը սկսում է այն պահից, երբ անձը համապատասխան դատավարական փաստաթուղթը (բողոքը, միջնորդագիրը) ներկայացնում է դատարան (տե՛ս Աշոտ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-111/07 որոշումը):
⚖13. ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ 943 որոշման հիման վրա 2011 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում: Փոփոխության արդյունքում վերոնշյալ դրույթը շարադրվել է հետևյալ կերպ՝ «Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են [այն դեպքում, երբ] Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:
Սույն գործով Ա.Բարեղամյանի ներկայացուցիչները նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը դատարան են ներկայացրել 2012 թվականի հունվարի 31-ին, որի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 13-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:
14. Սույն որոշման նախորդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտը Վճռաբեկ դատարանում վերանայելու ժամանակ Վճռաբեկ դատարանը պետք է ղեկավարվի 2011 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քանի որ Վճռաբեկ բողոքը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ գործում էր հիշյալ նորմը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վճռաբեկ դատարանը 2011 թվականի մարտի 4-ի որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի որոշումից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել` Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը նոր հանգամանքի հիման վրա Վճռաբեկ դատարանի դատական ակտը վերանայելու հիմք չէ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Վերոնշյալ որոշումից երևում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի նոյեմբերի 1-ը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար՝ Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 13-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
16. ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-923 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը` այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-923 որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը դրանում չի բացահայտել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը և չի գտել, որ այդ դրույթները կիրառվել են այլ մեկնաբանությամբ:
17. Սույն որոշման 13-14-րդ և 16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը բավարարման ենթակա չէ:
18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261 -րդ, 4262 -րդ, 4264 -րդ, 4267 -րդ և 4269 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 4-ի որոշման դեմ Արամ Բաբկենի Բարեղամյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով վճռաբեկ բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|