Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0503/06/10

գործ թիվ ԵԿԴ/0503/06/10

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2011 թվականի դեկտեմբերի 22-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամ Հայկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հունիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ Արամ Հայկի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. 2010 թվականի օգոստոսի 17-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով` նրան հայտնաբերելու պահից:

3. 2011 թվականի հուլիսի 23-ին մեղադրյալ Ա.Սարգսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), 2011 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ կրկին քննության առնելով մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման հարցը, բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը և անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, իսկ գրավ կիրառելու վերաբերյալ մեղադրյալի միջնորդությունը մերժել է:

5. Մեղադրյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 25-ի որոշումը:

6. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել մեղադրյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Ղազարյանը:

2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Ղազարյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 1997 թվականի օգոստոսին նշանակվելով որպես Երևանի քաղաքապետարանի «Մ.Ճանպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն և մինչև 2010 թվականի փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպությունում մշտապես կազմակերպա-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2007-2009 թվականների ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` նշված ժամանակահատվածում միջնակարգ դպրոցում շրջանառվող մի շարք պաշտոնական փաստաթղթերում` աշակերտների շարժի մատյաններում, դասամատյաններում և հիմնական կրթության վկայականների բաշխման մատյաններում, ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու միջոցով, առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու կազմել և հիմնական կրթության կեղծ վկայականներ է հանձնել 52 աշակերտների, որով էական վնաս է պատճառել պետության և կազմակերպության օրինական շահերին: Արդյունքում սահմանված կրթական ծրագիրը չանցած, բավարար ուսում չստացած աշակերտները կեղծ վկայականների օգտագործմամբ հնարավորություն են ստացել նորմատիվ ակտերի խախտմամբ շարունակելու հետագա ուսումը, բացի այդ, խաթարվել է պետական կրթական քաղաքականության և կրթության օջախների` դպրոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

8. 2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը (այսուհետ` համաներման ակտ), որի 6-րդ կետի 3-րդ ենթակետն առերևույթ կիրառելի է Ա.Սարգսյանին մեղսագրվող արարքների նկատմամբ: Այսպես` համաներման ակտի 6-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով սույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում»:

Համաներման ակտի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` «Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` 60 տարին լրացած անձանց»: Նույն որոշման 16-րդ կետի համաձայն` «(…) սույն որոշումը (…) տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչև 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ»:

9. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Սարգսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքների կատարումը, որոնց սանկցիաներով նախատեսված պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը:

10. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ա.Սարգսյանը ծնվել է 1951 թվականի հուլիսի 5-ին, հետևաբար վերջինիս 60 տարին լրացել է 2011 թվականի հուլիսի 5-ին (տե՛ս Նյութեր, էջ 41):

11. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելու արդյունքում դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ մեղադրյալի ազատության մեջ մնալու դեպքում վարույթն իրականացնող մարմնից կրկին թաքնվելու, քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը բարձր է» (տե՛ս Նյութեր, էջ 41):

12. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր և ողջամիտ է համարում նաև կասկածն այն մասին, որ ազատության մեջ մնալու դեպքում Ա.Սարգսյանը թաքնվել է և կրկին կփորձի թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և կխոչընդոտի գործի քննությանը:

Վերաքննիչ քրեական դատարանն այսպիսի հետևության գալիս է` հաշվի առնելով Ա.Սարգսյանի կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով նրա անձը, այն, որ վերջինս թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, ուստի վերը նշված պատճառաբանությամբ մեծ է հավանականությունը, որ Ա.Սարգսյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, կատարել քրեական օրենքով արգելված նոր արարք» (տե՛ս Նյութեր, էջ 82):

13. Ա.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը փոփոխված մեղադրանքով 2011 թվականի դեկտեմբերի 12-ին ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես` դատարանները խախտել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք նորմերի պահանջներ:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում շարադրված պահանջը` բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրյալ Ա.Սարգսյանի կողմից կատարված հանցագործությունների համար նախատեսված պատիժները չեն գերազանցում 5 տարի ազատազրկումը, ուստի առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով` համաներման ակտը վերջինիս նկատմամբ պետք է կիրառվեր համաներման ակտի 2.2-րդ և 6.3-րդ կետերին համապատասխան, որը չի կիրառվել. արդյունքում խախտվել են Ա.Սարգսյանի` ՀՀ Սահմանադրությամբ, քրեադատավարական օրենսդրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները:

15. Ըստ բողոքաբերի` նախաքննության մարմինն Ա.Սարգսյանի ինքնակամ ներկայանալու դեպքում նրան մեղադրանք առաջադրելուց հետո պետք է համաներման ակտի հիման վրա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացներ, միչդեռ վերջինիս նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը` առանց իրավական հիմքերի և դրա անհրաժեշտության, քանի որ այն հանգամանքներում, երբ անձին մեղսագրվող արարքները համաներման ակտի ուժով վերացնում են դրանց համար քրեական պատասխանատվությունը, դատարանը չէր կարող ընտրել խափանման միջոց կալանավորումը:

16. Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարաններն իրենց որոշումներով որևէ կերպ չեն հիմնավորել մեղադրյալին կալանքի վերցնելու անհրաժեշտությունը և չեն նշել գործով ձեռք բերված որևէ ապացույց, որը հիմք կհանդիսանար ենթադրելու, որ Ա.Սարգսյանը կարող էր կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գործողություններ` հաշվի չառնելով վերջինիս կողմից ինքնակամ ներկայանալու և գործի արդարացի լուծման ելքով շահագրգռված լինելու հանգամանքը:

Մինչդեռ մեղադրյալ Ա.Սարգսյանը նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, ինքնակամ ներկայացել և չի խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, բնութագրվում է դրականորեն, նախկինում արատավորված չի եղել, երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ-դպրոցի տնօրեն, մեծահասակ է և ունի առողջական խնդիրներ, ինչն էլ փաստում է, որ չկա որևէ վտանգ, որ կխոչընդոտի նախաքննության իրականացմանը:

17. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 25-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշումները, վերացնել Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը կամ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է:

Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում խափանման միջոց ընտրելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանները.

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Ա.Սարգսյանին մեղսագրվող արարքների նկատմամբ համաներման ակտի առերևույթ կիրառելիության պայմաններում իրավաչա՞փ են արդյոք վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

6) անցել են վաղեմության ժամկետները.

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

13) ընդունվել է համաներման ակտ»:

Վերը նշված նորմի վերլուծությունից երևում է, որ թեև թվարկված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն`

«1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: (…) »:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) խափանման միջոց կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ խափանման միջոցները կարող են կիրառվել միայն սկսված և շարունակվող քրեական վարույթի ընթացքում, ընդ որում, նպատակ ունենալով կանխելու այդ նույն քրեական վարույթի ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը և որպես հետևանք` ապահովելու դրա բնականոն ընթացքը: Այսպիսով, խափանման միջոցների ընդհանրապես և կալանավորման մասնավորապես կիրառման պարտադիր պայմաններից է սկսված և շարունակվող քրեական վարույթի առկայությունը: Հետևաբար, եթե քրեական վարույթի ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք բացառում են վարույթի հետագա ընթացքը, ապա տրամաբանորեն վերանում է նաև դատավարական հարկադրանքի միջոցների (այս դեպքում` կալանավորման) կիրառմամբ այդ վարույթի բնականոն ընթացքի ապահովումը երաշխավորելու անհրաժեշտությունը:

22. Կալանավորման կիրառման պայմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Գևորգյանի վերաբերյալ որոշման մեջ, որում դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:

Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը» (տե՛ս Վահրամ Գևորգյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ կետը):

23. Վերահաստատելով և զարգացնելով այդ դիրքորոշումը, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման 20-22-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի ազատության սահմանափակման դեպքում դատարանները, ի թիվս կալանավորման հիմքերի և այլ պայմանների, քննարկման առարկա պետք է դարձնեն նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը: Եթե կոնկրետ դեպքում առերևույթ առկա և կիրառելի են քրեական վարույթը բացառող հանգամանքներից որևէ մեկը, ապա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման:

Այսինքն` անձի ազատությունը սահմանափակելը կհամարվի օրինական և հիմնավորված միայն կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության և քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը` 2 ամիս ժամկետով` նրան հայտնաբերելու պահից (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաներման մասին որոշում, որն առերևույթ կիրառելի է Ա.Սարգսյանին մեղսագրվող արարքների նկատմամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանները Ա.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատել են` նշելով, որ չեն վերացել և շարունակում են առկա լինել մեղադրյալ Ա.Սարգսյանին կալանավորելու հիմքերը (տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ ստորադաս դատարաններն Ա.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատել են` անտեսելով համաներման ակտի` որպես քրեական վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիության հարցն Ա.Սարգսյանին մեղսագրվող արարքների նկատմամբ:

25. Սույն որոշման 20-23-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 24-րդ կետում շարադրված և վերլուծված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, վերահաստատելով Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, պարտավոր էին քննարկման առարկա դարձնելու համաներման ակտի կիրառելիության հարցը և դրան համապատասխան որոշում կայացնեին:

 Հետևաբար, իրավաչափ չեն Ա.Սարգսյանին մեղսագրվող արարքների նկատմամբ համաներման ակտի առերևույթ կիրառելիության պայմաններում վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները:

 

II. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները քրեական վարույթը բացառող հանգամանքների գնահատման առումով.

 

26. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իավական հարցը հետևյալն է. մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության և կիրառելիության հարցի քննարկումը դատարաններն ի՞նչ սահմաններում պետք է իրականացնեն և ի՞նչ իրավական հետևանքներ կարող են ունենալ կալանավորումը որպես խափանաման միջոց ընտրելու, դրա ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկման համար քրեական վարույթը բացառող հանգամանքների առերևույթ առկայությունը և կիրառելիությունը:

27. Այս հարցը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում քննարկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի էության և խնդիրների համատեքստում:

Ներսես Միսակյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (տե՛ս Ներսես Միսակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ԱՐԴ1/0003/11/08 ապրիլի 10-ի որոշման 12-րդ կետը):

Այսինքն` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը հանդիսանում է անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության յուրահատուկ միջոց, որը կատարում է քրեական հետապնդման մարմիններին զսպող գործոնի դեր և ուղղված է ինչպես անձի իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելուն, այնպես էլ բացառելու քրեական գործով մինչդատական վարույթում այդ իրավունքների և ազատությունների անհիմն և անօրինական սահմանափակումները և խախտումները:

28. Վերը շարադրվածի լույսի ներքո գնահատելով սույն որոշման 23-րդ կետում սահմանված խափանման միջոց կիրառելու պայմանը (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայությունը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա անտեսմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց, որի հետևանքով էլ չի իրականացվում դատական վերահսկողության առաքելությունը` անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը և այդ իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումների բացառումը:

29. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը գործում է որպես մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող միջոց, ուստի չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրան համապատասխան որոշում կայացնելու նպատակ, որը բուն արդարադատության իրականացման գործառույթ է: Դատարանն այս դեպքում որոշում է բացառապես անձի իրավունքների սահմանափակման օրինականության և հիմնավորվածության հարցը: Դա նշանակում է, որ խափանման միջոց կալանքը ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը, հավաստելով քրեական վարույթը բացառող հանգամանքների առերևույթ առկայությունը և կիրառելիությունը, պարտավոր է ընդամենը մերժելու նախաքննության մարմնի միջնորդությունը: Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան, հակառակ դեպքում կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, ինչպես նաև քրեադատավարական գործառույթների տարանջատման և դատարանի անկախության սկզբունքները:

 

III. Սույն որոշման իրավական արժեքը.

 

30. Սույն որոշման 18-29-րդ կետերից երևում է, որ բողոքում նշված հիմնավորումները բավարար են բողոքարկված դատական ակտերը բեկանելու և բողոքը բավարարելու համար: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման կայացման պահին Ա.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը փոփոխված մեղադրանքով գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ըստ էության քննելու համար (տե’ս սույն որոշման 16-րդ կետը), ուստի բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք եղել են ժամանակավոր և իրավաբանորեն այլևս գոյություն չունեն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Արամ Հայկի Սարգսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 25-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան