Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2012-16.06.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913).1 Հոդ.904
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 887-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) հավելվածի 23-րդ կետում «կարող է ներկայացվել» բառերը փոխարինել «ներկայացվում է» բառերով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` IV գլխով.

 

«IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

38. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով ուղևորային կամ բեռնատար օդանավերով փոխադրման ոչ ենթակա վտանգավոր բեռի փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողը, որն ունի նման փոխադրման պատվեր, տվյալ փոխադրումից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան հայտ վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատման տրամադրման մասին.

1) ուղևորային օդանավերով փոխադրման ոչ ենթակա վտանգավոր բեռի փոխադրման սահմանված կարգից ազատումը կարող է լինել միայն տվյալ չվերթում ուղևորների բացակայության պայմանով.

2) օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը գլխավոր վարչություն են ներկայացնում դիվանագիտական ուղիներով.

3) սույն կետի իմաստով ծայրահեղ անհրաժեշտության դեպքեր են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող այն անհետաձգելի միջոցառումները, որոնք ուղղված են պետության պաշտպանության, հանրային անվտանգության, ազգային անվտանգության, տնտեսության և առողջապահության ապահովմանը:

39. Ազատումը կարող է ձևակերպվել վտանգավոր բեռների մեկանգամյա կամ մի քանի նմանատիպ փոխադրումների համար` որոշակի ազատման ժամանակահատվածով, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամանակահատվածը:

40. Հայտատուի կողմից հայտը գլխավոր վարչություն, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողի դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվում է հայերենով, ռուսերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով, կամ ՍԻՏԱ և ԱՖՏՆ ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:

41. Հայտի մուտքագրման օր է համարվում գլխավոր վարչությունում հայտը մուտքագրվելու օրը:

42. Գլխավոր վարչությունում մուտքագրված հայտը տրվում է գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրության նպատակով:

43. Ազատման հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք պարունակում են ստորև ներկայացված տեղեկությունները՝

1) ուղևորային կամ բեռնատար օդանավով վտանգավոր բեռների փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության հիմնավորումը` տրված համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից.

2) բեռն առաքողի անվանումը և գտնվելու վայրը.

3) բեռն ստացողի անվանումը և գտնվելու վայրը.

4) վտանգավոր բեռի ցանկը և բնութագիրը, դրա վտանգավորության բնութագրումը.

5) բեռնաթափվող բեռի անվանումը և Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) կողմից տվյալ տեսակի բեռին շնորհված համարը.

6) փաթեթավորման հավաքածուի տեսակը և քանակը ՄԱԿ-ի կողմից շնորհված յուրաքանչյուր համարի համար.

7) օգտագործված փաթեթավորման ուղեցույցների համարները և փաթեթավորման տեսակը.

8) ՄԱԿ-ի կողմից շնորհված յուրաքանչյուր համարի որակավորման հիմքը (տեղեկություններ բեռի և փաթեթավորման հավաքածուի դասակարգման փորձարկումների մասին)՝ կցելով համապատասխան փորձարկումների վերաբերյալ արձանագրությունները.

9) լրացուցիչ սարքավորումների առկայության և օգտագործման անհրաժեշտության մասին տեղեկություններ.

10) օդանավ շահագործողի անվանումը.

11) օդանավ շահագործողի կողմից վտանգավոր բեռների փոխադրման թույլտվության առկայության մասին տեղեկություն.

12) փոխադրման պլանավորված ժամանակացույցը.

13) փոխադրման պլանավորված ուղին.

14) թռիչքներ, վայրէջքներ և նշված բեռների մշակման վերաբերյալ օդանավակայանների համաձայնության մասին տեղեկության առկայությունը՝ կցելով փաստաթղթերի պատճենները.

15) պլանավորված օդանավի տեսակը.

16) հիմնական և լրացուցիչ օդանավերի գործարանային համարները.

17) հիմնական և լրացուցիչ օդանավերի թռիչքային և խցիկային անձնակազմերի մասին տեղեկատվությունը.

18) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնք մասնակցելու են բեռների՝ օդանավ բեռնմանը, բեռնաթափմանը, ընդունմանը և պահպանմանը, և դրանց՝ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու թույլտվությունների պատճենները։

44. Հայտում ներկայացված տվյալները սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` դրա մասին սույն կարգի 40-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնելով գլխավոր վարչությանը: Օտարերկրյա օդանավ շահագործողներին գլխավոր վարչության կողմից տրամադրվող դիտողությունների ցանկը և նրանց կողմից կատարված շտկումների մասին տեղեկատվությունը գլխավոր վարչություն են ներկայացվում դիվանագիտական ուղիներով:

45. Հայտը երկօրյա ժամկետում համաձայնեցվում է նաև գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

46. Հայտը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո չորս օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն կամ մերժում է հայտը: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

47. Հայտը մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի դրույթների պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված:

48. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որում նշվում են մերժման պատճառները:

49. Վտանգավոր բեռների փոխադրման ազատումը ձևակերպվում և առաքվում է հայտատուին դրա իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձի կողմից՝ համապատասխան փաստաթղթի միջոցով, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) առաքողի և ստացողի տվյալները.

2) առաքվող բեռների ցանկը և բնութագրերը.

3) վտանգավորության բնութագրերը, ՄԱԿ-ի կողմից շնորհված համարները.

4) փաթեթավորման քանակը և տեսակը.

5) առաքման օդանավակայանների անվանումները, նշանակումը և տարանցիկ վայրէջքները.

6) փոխադրման ժամանակացույցը և թույլատրված երթուղին.

7) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց թույլատրվում է մասնակցել բեռների՝ օդանավ բեռնման, ընդունման և պահպանման աշխատանքներում.

8) փոխադրման նպատակակետի և տարանցիկ երկրների կողմից ազատման առկայության անհրաժեշտության մասին տեղեկատվություն.

9) ցուցումեր փոխադրման պայմանների, բեռնման առանձնահատկությունների, բեռի ամրացման, հավելյալ սարքավորումների առկայության և օդանավի վրա կամ բեռնման ու բեռնաթափման օդանավակայաններում հնարավոր պատահարի չեզոքացման գործողությունների վերաբերյալ.

10) նշանակման և տարանցիկ օդանավակայաններում վայրէջքի թույլտվության պարտադիր առկայության փաստը:

50. Գլխավոր վարչությունը դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով ուղևորային կամ բեռնատար օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման համար տրված թույլտվության, ինչպես նաև օդանավի թռիչքի և վայրէջքի ժամի, թռիչքի երթուղիների, փոխադրվող վտանգավոր բեռների մասին տեղեկատվությունը փոխադրումից առնվազն 3 օր առաջ էլեկտրոնային կապի միջոցներով կամ հեռախոսագրով հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան