Գլխավոր տեղեկություն
Համար
N 863-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 863-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1269-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 6-րդ կետում «Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3» բառերը փոխարինել «Օրբելի եղբայրների փողոց, 22» բառերով.

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կոմիտեի նպատակներն են`

1) գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

2) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը նպաստելը.

3) գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը:».

3) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Կոմիտեի խնդիրներն են`

1) գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ժամանակակից համակարգի ձևավորմանը նպաստելը.

3) գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովմանն աջակցելը.

4) գիտության բնագավառի հայեցակարգերի, ռազմավարությունների, զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և մոնիթորինգը.

5) գիտության համակարգի գործունեության որակի և արդյունավետության մոնիթորինգը.

6) գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքի առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանն աջակցելը:».

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակում.

2) գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակում.

3) գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.

4) գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակում, գիտական կադրերի պատրաստման նպատակով ուսումնասիրությունների իրականացում և պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

5) գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացում.

6) մասնակցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը՝ իր իրավասության սահմաններում.

7) գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում.

8) գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

9) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում.

10) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

11) իր իրավասության սահմաններում գիտության բնագավառի բյուջետային գործընթացի իրականացում.

12) Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:».

5) 25-րդ կետում «Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3» բառերը փոխարինել «Օրբելի եղբայրների փողոց, 22» բառերով.

6) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, ով հանդիսանում է նաև կոմիտեի գլխավոր ֆինանսիստը, օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և նախագահի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

7) ուժը կորցրած ճանաչել 37-րդ և 38-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան