Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.27/31(905) Հոդ.796
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2012 թվականի N 732-Ն

 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1923-Ն ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 1187-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման և ստուգման գործընթացների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման N 3 հավելվածի ժամանակացույցի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում (այսուհետ` ընկերություններ) ներքին աուդիտի համակարգի ներդրման օրվանից` այդ կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների)` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածով սահմանված լիազորությունների կատարումը վերապահվում է ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ներքին աուդիտի ստորաբաժանումներին:

2. Ներքին աուդիտի ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով և սահմանված դեպքերում բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինը կարող է ընդունել որոշում ներքին աուդիտի ծառայությունները մասնավոր ընկերություններին պատվիրելու վերաբերյալ: Մասնավոր կազմակերպություններին ներքին աուդիտի ծառայությունները կարող են պատվիրվել միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» N 1923-Ն և 2005 թվականի մայիսի 19-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1187-Ն որոշումները`

1) 2011 թվականի ընթացքում 500 մլն դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող ընկերությունների մասով` 2012 թվականի հուլիսի 1-ից.

2) 2011 թվականի ընթացքում մինչև 500 մլն դրամ շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող ընկերությունների մասով` 2013 թվականի հունվարի 1-ից:

4. Ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1187-Ն որոշման 2.1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ընտրության մրցույթների անցկացումը.

2) իրենց համակարգի ընկերություններում վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների լիազորությունների եռամյա ժամկետի ավարտից կամ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ դադարեցումից հետո, մինչև սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետների ավարտը, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) լիազորությունների կատարումը դնել իրենց աշխատակազմերի աշխատողներից և (կամ) տվյալ ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված այլ անձանցից ձևավորված վերստուգող հանձնաժողովների վրա, որոնք կգործեն հասարակական հիմունքներով.

3) մինչև սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետների ավարտը` ապահովել այդ ժամկետների համար վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2012 թվականի աշխատանքային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններն ու եզրակացությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 19

Երևան