Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1042
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.19/46(920).1 Հոդ.1025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2012 թ.

 

1965 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված՝ Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2012 թվականի հուլիսի 11-ին մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Կոնվենցիան ընդունվել է 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում` միջազգային իրավունքի նորմերի համաձայն, դեպի ծով ելք չունեցող պետություններին պատշաճ տարանցիկ առևտրի հնարավորություն տրամադրելու նպատակով:

2. Կոնվենցիան պարտավորություններ է նախատեսում այն պետությունների համար, որոնք դեպի ծով ելք չունեցող պետություններին պարտավորվում են տրամադրել նախօրոք համաձայնեցված երթուղիներով տարանցման համար հնարավորություն և միջոցներ:

3. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի պայմանների համաձայն տարանցիկ փոխադրման և փոխադրամիջոցների համար ստանում է տարանցման ազատություն, ինչպես նաև որպես ցամաքային տարանցիկ պետություն հանդես գալու պարագայում ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

 դեպի ծով ելք չունեցող պետությունների տնտեսական զարգացումը լիովին խթանելու համար նշված պետություններին տրամադրել ազատ և անսահմանափակ տարանցման իրավունք այնպես, որ նրանք կարողանան բոլոր հանգամանքներում և յուրաքանչյուր տեսակի ապրանքի համար ազատ մասնակցել տարածաշրջանային և միջազգային առևտրին,

 Կոնվենցիայի համաձայն տարանցվող ապրանքների նկատմամբ չկիրառել որևէ մաքսատուրք,

 տարանցման փոխադրամիջոցների համար չգանձել հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք գերազանցում են Հայաստանի Հանրապետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի և տուրքերի չափը,

 ՀՀ օրենսդրությանը համապատասխան` թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձանց անցումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք այն անձանց մուտքը, որոնց տեղաշարժն անհրաժեշտ է տարանցիկ փոխադրման համար,

 երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության որևէ մարմին Կոնվենցիայով սահմանված տարանցիկ փոխադրման նկատմամբ չի կիրառի մաքսատուրքեր կամ ներմուծման կամ արտահանման հարկեր կամ տարանցման հատուկ տուրքեր,

 բացառապես տարանցիկ փոխադրման ընթացքում վերահսկման և կառավարման հետ կապված ծախսերը ծածկելու համար տարանցիկ փոխադրման համար վճարներ գանձելու պարագայում ապահովել, որպեսզի նշված վճարների չափը հնարավորինս համապատասխանի ծածկվելիք ծախսերի չափին, և, պահպանելով այդ պայմանը, վճարները գանձել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված անխտրականության պահանջին համապատասխան,

 հնարավորության սահմաններում մուտքի և ելքի կետերում, անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքների փոխաբեռնման կետերում, տրամադրել համապատասխան փոխադրամիջոցներ և բեռնման ու բեռնաթափման սարքավորումներ, որպեսզի տարանցիկ փոխադրումն իրականացվի առանց անհարկի ձգձգումների,

 կիրառել այնպիսի վարչական և մաքսային միջոցներ, որոնք թույլ են տալիս կատարելու ազատ, անընդհատ և շարունակական տարանցիկ փոխադրում, հարկ եղած դեպքում վարել բանակցություններ` համաձայնեցնելու համար այն միջոցները, որոնք ապահովում և դյուրացնում են նշված տարանցիկ փոխադրումը,

 Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման ողջ ընթացքում կիրառել մաքսային, տրանսպորտային և վարչական այլ ընթացակարգերի իրականացմանը վերաբերող փաստաթղթերի պարզեցված համակարգ և արագ մեթոդներ` տարանցիկ փոխադրման, այդ թվում` դրա ընթացքում տեղի ունեցող փոխաբեռնման, պահեստավորման, խմբաքանակի բաժանման, փոխադրամիջոցի տեսակը փոխելու առնչությամբ,

 որպես տարանցման պետություն տրամադրել պահեստավորման առնվազն այնպիսի բարենպաստ պայմաններ, ինչպիսիք տրամադրում են այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են կամ արտահանվում Հայաստանի Հանրապետություն,

 բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, ձեռնարկել միջոցներ` խուսափելու համար տարանցիկ փոխադրման ձգձգումներից կամ տարանցման նկատմամբ սահմանափակումներից,

 երաշխավորել, որ Կոնվենցիան կշարունակի ուժի մեջ մնալ պատերազմի ընթացքում այնքանով, որքանով նշված իրավունքներն ու պարտավորությունները թույլ են տալիս,

 կիրառել Կոնվենցիայի դրույթները փոխադարձության սկզբունքի հիման վրա:

4. Կոնվենցիայի եզրափակիչ դրույթները նվիրված են վերջինիս ստորագրմանն ու վավերացմանը, դրա ուժի մեջ մտնելուն և վերանայմանը, դրան միանալուն կամ կիրառման հետ կապված հնարավոր վեճերի լուծմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված` Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 սեպտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1042

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան