ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2012 թվականի N 846-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2012 թ. հուլիսի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` նախարարություն) ռոտացիայի ենթակա փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Ռոտացիայի ենթակա են նախարարության`
1) աշխատակազմի փրկարար ծառայության`
ա. կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունների պետերը և նրանց տեղակալները,
բ. կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունների ստորաբաժանումների պետերը, ավագ հրահանգիչները և հրահանգիչները,
գ. մարզային (Երևան քաղաքի) փրկարարական վարչությունների պետերը և նրանց տեղակալները,
դ. մարզային (Երևան քաղաքի) փրկարարական վարչությունների կառուցվածքային միավորների պետերը, այդ միավորների ավագ հրահանգիչները և հրահանգիչները,
ե. հատուկ փրկարարական, հրշեջ, հատուկ ջրափրկարարական ջոկատների հրամանատարները և նրանց տեղակալները,
զ. հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները և նրանց տեղակալները,
է. «911» ծառայության (այդ թվում՝ մարզային) պետը և ծառայողները,
ը. ջոկատների խմբերի պետերը և այդ պաշտոններին հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք.
2) ներկայացուցիչները` օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում.
3) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք:
3. Փրկարարական ծառայողների ռոտացիան կատարվում է առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:
4. Փրկարարական ծառայողի ռոտացիան իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:
5. Նախարարին փրկարարական ծառայողների ռոտացիայի ցուցակը ներկայացնում է նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրային մարմինը:
6. Նախարարը ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն երկու շաբաթ առաջ:
7. Փրկարարական ծառայողի ռոտացիայի դեպքում ծառայողը նշանակվում է իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:
8. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ՝ նախարարը կարող է չիրականացնել փրկարարական ծառայողների ռոտացիա և այդ ծառայողի ռոտացիային անդրադառնալ հաջորդ փուլում` եռամյա ժամկետը լրանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2023, N 1836-Ն | 25.11.2023, N 846-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|