ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
3 հուլիսի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի` 16.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը, որոշում է կայացրել` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների` գործն ընդունել քննության և գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Մ. Թոփուզյանը:
Սահմանադրական դատարանում դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի ներկայացուցիչն է փաստաբան Վ. Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող կողմ ներգրավված՝ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներն են թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Սարգսյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Սահմանադրական դատարանն իր` 2012թ. հունիսի 15-ի ՍԴԱՈ-35 որոշմամբ կասեցրել է «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի վարույթը` համապատասխան նյութեր ու տեղեկատվություն պահանջելով ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ վարչական դատարանից և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Սահմանադրական դատարանը նաև նկատի է ունեցել, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է հիշյալ օրենքով, սահմանադրական դատարանի կանոնակարգով և սահմանադրական դատարանի որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:
Պահանջված նյութերն ստանալուց հետո` սահմանադրական դատարանն իր` 2012թ. հունիսի 28-ի ՍԴԱՈ-36 աշխատակարգային որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի հիման վրա որոշել է գործի վարույթը վերսկսել 2012թ. հուլիսի 3-ին:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների գրավոր բացատրությունները, գնահատելով դատարանի պահանջով ներկայացված նյութերն ու տեղեկատվությունը, դրանց վերաբերյալ դիմողի ներկայացրած նկատառումները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 35 ընտրական տեղամաս:
Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 (չորս) թեկնածու: Ըստ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 59814 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 34063 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 31595 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Ս. Ալեքսանյան` 19808, Տ. Գրիգորյան` 1262, Վ. Վարդանյան` 1088, Ն. Փաշինյան` 9437: Անճշտությունների թիվը կազմել է 186:
Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումով թիվ 7 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Ս. Ալեքսանյանը:
2. Դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել «Թիվ 7 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումը և 2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչել իրեն` Նիկոլ Փաշինյանին:
Դիմողը պնդում է, որ ընտրությունների կազմակերպման ընթացքում խախտվել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակից թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման օրենսդրական պահանջը` իր նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ձևով, ինչպես նաև նախընտրական քարոզչությանը մասնակցել են մի շարք պաշտոնատար անձինք, ինչը համատեղելի չէ նրանց իրավասությունների հետ:
Ըստ Դիմողի` ընտրությունների կազմակերպման ընթացքում խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, քանի որ թիվ 7 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության մյուս թեկնածուի անունից ընտրողներին գումար է բաժանվել, և տվյալ թեկնածուն անձամբ ընտրողներին խոստացել է անվճար ծառայություններ մատուցել:
Դիմողը պնդում է նաև, որ քվեարկության ընթացքում խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, քանի որ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված նյութն օգտագործվելուց հետո անհետանում էր օրենքով նախատեսված ժամանակից ավելի վաղ, ինչը հնարավորություն էր ընձեռում կատարելու կրկնաքվեարկություն: Ըստ Դիմողի` կրկնաքվեարկության հնարավորություն է ընձեռել նաև ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման օրենսդրական սահմանափակումը:
Դիմողը 2012թ. ապրիլի 23-ին դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` թիվ 7 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ս. Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ դատարան դիմելու պահանջով, որը մերժվել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. ապրիլի 27-ի թիվ 20-Ա որոշմամբ: Նշված որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վերը նշված ակտը հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, այն է` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը ընդունելու մասին» ՀՀ ԿԸՀ-ի 11.08.2011թ. թիվ 55-Ն որոշման 2-րդ հավելվածի 41-րդ կետին, մասնակի բավարարել է դիմում-բողոքը և իր` 02.05.2012թ. թիվ 228-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վերը նշված թիվ 20-Ա որոշումը, իսկ դիմում-բողոքը մնացած մասով մերժել է: Միաժամանակ, ԿԸՀ-ն պարտավորեցրել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին մեկօրյա ժամկետում սահմանված կարգով քննարկել Դիմողի` 2012թ. ապրիլի 23-ին ներկայացրած դիմում-բողոքը: 2012թ. մայիսի 3-ին հրավիրված նիստում թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկին քննարկելով Դիմողի դիմում-բողոքը` կայացրել է թիվ 25-Ա որոշումը` մերժելով դիմողի պահանջը:
Դիմողը 2012թ. մայիսի 4-ին թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 25-Ա որոշումը բողոքարկել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով անվավեր ճանաչել վիճարկված որոշումը: Վերջինս նույն օրը գումարած նիստում կայացրել է թիվ 235-Ա որոշումը` մերժելով դիմողի պահանջը:
Դիմողի պահանջի հիմնավորումները և պատճառաբանություններն ամփոփ հանգում են հետևյալին.
նախ` Դիմողը գտնում է, որ «Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Դիմողի նախընտրական քարոզարշավի իրականացմանը» (դիմումի կետ 3.1): Շեշտվում է նաև, որ «Պետության պատկան մարմինները` տվյալ դեպքում ոստիկանությունը չի ապահովել Դիմողի ազատ նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունքի իրացումը» (այստեղ և հետագա տեքստում մեջբերումներն ըստ բնագրի):
Երկրորդ` ըստ Դիմողի` «Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը խախտել էր Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը այն է` նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրա անունից ընտրողներին գումար է բաժանվել և նա անձամբ ընտրողներին խոստացել է անվճար ծառայություներ մատուցել: Հանձնաժողովը պարտավոր էր դիմել դատարան Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, ինչը չի արել» (կետ 3.2):
Երրորդ` «Թիվ 7 ընտրատարածքի բոլոր 35 տեղամասերում խախտվել է ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը» (կետ 3.3):
Չորրորդ` «...ընտրությունների անցկացման, կազմակերպման և քվեարկության օրվա դրությամբ խախտվել էր նաև հավասար մրցակցային պայմաններում ընտրություններին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը համաձայն Սահմանադրության 4 հոդվածի» (կետ 3.4):
Հինգերորդ` Դիմողը պնդում է, որ «...իր ընտրության իրավունքի խախտում է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ պետությունը` կրելով ընտրությունների անցկացման հավասարության պայմանը նաև «մեկ անձին մեկ ձայն» սկզբունքի շրջանակներում, չի ապահովել կրկնաքվեարկության բացառման իր պարտականությունը, ինչպես նաև ընդարձակ հնարավորություններ է ապահովել ոչ միայն կրկնաքվեարկության (ըստ էության` մեկ անձի կողմից մեկից ավելի անգամ քվեարկությանը մասնակցելը) բացառումը, այլ նաև օրենքի խախտմամբ նման գործուն հնարավորություն է ընձեռել: Այս հանգամանքին մեծապես նպաստել է նաև ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման ձևական արգելքը» (կետ 3.5):
Վեցերորդ` Դիմողը հայտարարում է, որ «Դիմողի վստահված անձանց կողմից տեղամասերում ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել» (կետ 3.6):
Դիմողի բոլոր այլ փաստարկները, որոնք ներկայացված են դիմումի 3.3., 3.4., 3.5., 3.7. կետերում, ինչպես նաև դիմումի 6-րդ կետում բերված միջնորդությունն ամբողջությամբ կրկնում են 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ սահմանադրական դատարանում քննության առնված դիմումի համարժեք կետերի բովանդակությունը:
Պատասխանողի գրավոր բացատրությունների առնչությամբ 2012թ. հունիսի 12-ին սահմանադրական դատարան ներկայացրած իր նկատառումներում դիմողը կրկին անդրադառնալով իր հիմնական փաստարկներին` նաև գտնում է, որ «...ԿԸՀ-ն իր գործողություններով Դիմողին զրկել է ՀՀ Վարչական դատարան դիմելու հնարավորությունից, քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է. «Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրը»: Դիմողը նաև վկայակոչելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը` ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը ՀՀ ընտրական օրենսգիրքը «...տվել է միմիայն թեկնածուին գրանցած հանձնաժողովին»:
Դիմողը, 2012թ. հունիսի 29-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր նկատառումների շրջանակներում, գտնում է նաև, որ թեկնածուների կողմից և նրանց անունից ընտրողներին գումար բաժանելու ու անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալու` լրատվամիջոցների կողմից արձանագրված փաստերը փորձել են անտեսել Պատասխանողը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը և դատախազությունը:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ թիվ 7 ընտրատարածքում քվեարկության արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչելու և իրեն որպես թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է, քանի որ թիվ 7 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հանձնաժողովի կողմից այլ որոշում կայացնելու համար:
Ի պատասխան թիվ 7 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջին` պատասխանողը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերին, վկայակոչելով 11.05.2012թ. կազմված` ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները, նշում է, որ թիվ 7 ընտրատարածքի թվով 35 ընտրատեղամասերից 24-ում առկա չեն գրառումներ քվեարկության օրը կատարված խախտումների մասին, իսկ թվով 11 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում առկա գրառումների ուսումնասիրման արդյունքում թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 11.05.2012թ. կայացրել է «2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում թիվ 7 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ» թիվ 35-Ա որոշումը, որով հանձնաժողովը հանգել է եզրակացության, համաձայն որի` 2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում կատարված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա: Ընդ որում, նշված որոշումը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել և համարվում է ուժի մեջ մտած իրավաչափ ակտ:
Ավելին, հանձնաժողովը 11.05.2012թ. կայացրել է «2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 36-Ա որոշումը, որով գտել է, որ 2012 թվականի մայիսի 6-ին թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Պատասխանողը նշում է, որ դիմողը չի վկայակոչում փաստարկներ, որ ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հակասում է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին կամ ճշգրտորեն չի արտացոլում ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների գումարային պատկերը: Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով, ի թիվս այլնի, ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, վերը նշված` 11.05.2012թ. թիվ 35-Ա և 36-Ա որոշումները, ինչպես նաև դատական գործեր չլինելու հանգամանքը, ընդունել է բացառապես իրավաչափ որոշում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում պատգամավոր ընտրվելու մասին:
Նախընտրական քարոզչությանը մի շարք պաշտոնատար անձանց մասնակցության առնչությամբ պատասխանողը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասին, ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, մեկնաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «իրենց լիազորություններն իրականացնելիս» և ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս» բառակապակցությունները, գտնում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ընտրություններին մասնակցելը չի կարող որակվել որպես ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին հակասող:
Անձը հաստատող փաստաթղթերի վրա դրվող դրոշմակնիքների առնչությամբ պատասխանողը նշում է, որ դրոշմակնիքի արագ անհետանալու փաստը չի կարող ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քանզի թանաքի կիրառումն ընդամենը լրացուցիչ, սակայն ոչ միակ միջոցն է կրկնակի քվեարկությունը բացառելու համար: Ավելին, վերը նշված փաստի վերաբերյալ ներկայացված դիմումը թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է նույն օրը` 06.05.2012թ. և ընդունել թիվ 31-Ա որոշումը, որը ո'չ վերադասության, ո'չ դատական կարգով չի բողոքարկվել, ինչը նշանակում է, որ այն ևս հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ:
Ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին ծանոթանալու առնչությամբ պատասխանողը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, նշում է, որ վստահված անձինք իրավունք ունեն ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին, դրանցից ինքնուրույն կատարել քաղվածքներ նաև քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ, մինչդեռ թիվ 7 ընտրատարածքի թվով 35 ընտրական տեղամասերից և ոչ մեկում ո'չ համամասնական, ո'չ մեծամասնական ընտրակարգով ներկայացված չէ քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ որևէ դիմում, առկա չէ վերահաշվարկ կատարելու վերաբերյալ որևէ մերժված կամ չընդունված դիմում, ինչը նշանակում է, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունքը լրիվ ծավալով չի իրացվել հենց դիմողի կողմից: Ավելին, թիվ 7 ընտրատարածքի թվով 35 տեղամասերից և ոչ մեկի առնչությամբ ներկայացված չէ նաև որևէ դիմում ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 9 և 10-րդ մասերով սահմանված նոր ինստիտուտի` տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Դիմողի կողմից մատնանշված և դիմումի 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.10, 1.23, 1.24 ենթակետերում, 3.1 կետում, 3.1.1-3.1.10 ենթակետերում ներկայացված փաստերի առնչությամբ պատասխանողը նշում է, որ դրանց քննարկումը և լուծումն ընտրական հանձնաժողովների իրավասությունից դուրս են, քանի որ դրանք իրենց բնույթով քրեաիրավական հարաբերություններ են: Ավելին, նշված փաստերի վերաբերյալ դիմումներին իրավապահ մարմիններն արձագանքել են, սակայն հետագայում հետաքննության մարմնի գործողությունների կամ որոշումների իրավաչափությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմողի կողմից չի վիճարկվել:
Թիվ 7 ընտրատարածքային և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովներին ներկայացված դիմումների և դրանց քննության արդյունքում կայացված որոշումների վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ (դիմումի 1.8, 1.9, 1.11-1.22, ինչպես նաև 3.2 կետի 3.2.1-3.2.7 ենթակետերը) պատասխանողը նշում է, որ դրանք վերաբերում են թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ու կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումներին և առնչվում են թիվ 7 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ս. Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով և թիվ 190 դպրոցի տնօրենին ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին վարչական տույժի ենթարկելու պահանջով թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից դատարան դիմելու իր լիազորությունների կատարմանը: Ըստ պատասխանողի` նշված դիմումների վերաբերյալ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխանաբար` թիվ 20-Ա և 21-Ա որոշումները վերադասության կարգով բողոքարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր` 02.05.2012թ. թիվ 228-Ա և 229-Ա որոշումներով անվավեր է ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վերը նշված թիվ 20-Ա և 21-Ա որոշումները, իսկ դիմում-բողոքները մնացած մասով մերժել է: Ի կատարումն ՀՀ ԿԸՀ-ի 02.05.2012թ. նշված թիվ 228-Ա և 229-Ա որոշումների` թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 03.05.2012թ. ընդունել է համապատասխանաբար` թիվ 25-Ա և 26-Ա որոշումները, որոնք ևս բողոքարկվել են վերադասության կարգով, և որոնց կապակցությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 04.05.2012թ. և 05.05.2012թ. ընդունել է համապատասխանաբար թիվ 235-Ա և 244-Ա որոշումները:
Վերը նշվածի կապակցությամբ պատասխանողը, հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասին, նշում է, որ դիմողը հնարավորություն ուներ ՀՀ ԿԸՀ-ի 04.05.2012թ. և 05.05.2012թ. թիվ 235-Ա և 244-Ա որոշումները բողոքարկել ՀՀ վարչական դատարան` ընդհուպ մինչև քվեարկության հաջորդ օրը, ինչը չի կատարել, մինչդեռ, եթե դիմողն օգտվեր իրեն ընձեռված հնարավորությունից, ապա ՀՀ ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով ընտրության արդյունքներն ամփոփելիս թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հիմք կընդուներ ոչ թե վերադաս ընտրական հանձնաժողովի, այլ դատական ակտով արտահայտված իրավական դիրքորոշումները: Պատասխանողը եզրակացնում է, որ «...դիմողի ներկայացրած փաստական հանգամանքերը չեն կարող ինքնուրույն գնահատման առարկա հանդիսանալ, քանզի դրանց վերաբերյալ արդեն իսկ առկա է չվիճարկված ակտ, որն իրավաչափ է, ուժի մեջ գտնվող է և այդ ակտով ներկայացված փաստական հանգամանքներին տրվել են իրավական գնահատականներ»:
4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի և պատասխանող կողմի բացատրությունների ու դատարանի կողմից լրացուցիչ պահանջված նյութերի վերաբերյալ Դիմողի ներկայացրած նկատառումների ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը սահմանադրական դատարանում վիճարկելով Պատասխանողի 2012թ. մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշման իրավաչափությունը, ըստ էության գտնում է, որ այդ որոշումն անվավեր ճանաչելու արդյունքում պետք է անվավեր ճանաչել ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ իրեն ճանաչել ընտրված պատգամավոր:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով եթե խնդիր է առաջադրվում անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը, ապա անհրաժեշտ է հիմնավորել, որ պետք է ընդունվի հետևյալ որոշումներից որևէ մեկը.
ա) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ) ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների,
գ) ընտրությունները ճանաչել չկայացած,
դ) նշանակել ընտրության երկրորդ փուլ:
Այդ որոշումները, բնականաբար, միաժամանակ ընդունվել չեն կարող, և դրանցից յուրաքանչյուրն իր կոնկրետ հիմնավորումն ու իրավական նախադրյալները պետք է ունենա: Չնայած այն բանին, որ Դիմողը միաժամանակ փորձում է փաստարկներ ներկայացնել նշված թե՛ ա) և թե՛ բ) կետերի վերաբերյալ, սակայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջներին համապատասխան որոշակի է խնդրանքը` «...անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի N 37-Ա որոշումը և 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ճանաչել Դիմողին»: Նման հարցադրումը ենթադրում է, որ վեճի առարկա կարող է լինել կամ քվեարկության արդյունքներով առավել ձայներ ստացած թեկնածուի` ընտրություններին մասնակցության օրինականությունը, կամ էլ նրա օգտին տրված ձայների հաշվարկման իրավաչափությունը: Դիմողը վերջինիս վերաբերյալ համապատասխան փաստարկներ չի ներկայացնում և հիմնական շեշտադրումը կատարում է առաջին հանգամանքի վրա` գտնելով, որ 2012թ. մայիսի 6-ին թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունների քվեաթերթիկներում անօրինական ձևով շարունակել է մնալ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի անունը: Հետևաբար, Դիմողը, ըստ իր հարցադրումների բնույթի, սահմանադրական դատարանում գործնականում բարձրացնում է պատգամավորի թեկնածուի գրանցման (դրա ուժը կորցրած ճանաչելու) ու քվեաթերթիկներում մնալու հետ կապված վեճ:
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավակարգավորման շրջանակներում ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանի լիազորությունների արդյունավետ իրականացումն ուղղակիորեն պայմանավորված է ընտրական գործընթացներում ներգրավված սուբյեկտների, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեության արդյունքներով` նրանց լիազորությունների և պատասխանատվության շրջանակներում: Մասնավորապես, այն հարցերով, որոնցով իրավասու են բացառապես հանրային իշխանության այլ մարմինները, ՀՀ սահմանադրական դատարանը կարող է ընտրական վեճի վերաբերյալ գործի մյուս փաստերի համակցությամբ գնահատել ընտրության արդյունքներով ընդունված որոշման իրավաչափությունը` նկատի առնելով այդ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված որոշումները կամ կատարված գործողությունները:
Միաժամանակ, սահմանադրական դատավարության կարևորագույն սկզբունքներից է գործերի ի պաշտոնե քննության պահանջը, որն ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 և 19-րդ հոդվածներում` իր որոշակի սահմաններով հանդերձ: Ընտրական վեճերին վերաբերող հատուկ վարույթում (հիշյալ օրենքի 74-րդ հոդված) այս սկզբունքի կիրառման հիմնական սահմանը, մի կողմից, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշակի` համեմատաբար սեղմ ժամկետներում գործով ըստ էության որոշում կայացնելու իրական հնարավորությունն ու պարտականությունն է, մյուս կողմից` ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջների կատարումը: Վերջինից բխում է, որ սահմանադրական դատարանն իրավասու չէ ստանձնել Սահմանադրությամբ կամ օրենքով այլ մարմիններին վերապահված լիազորություններ: Սահմանադրական այս պահանջը նկատի ունենալով` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը որոշակի նախադրյալներ է սահմանում ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով արդյունավետ քննության համար, մասնավորապես` գործի վարույթը կասեցնելու (56-րդ հոդված) և այլ մարմիններին հանձնարարական տալու լիազորության իրականացման միջոցով (74-րդ հոդվածի 8-րդ մաս):
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, նկատի ունենալով նաև, որ դիմողը դատական կարգով իր իրավունքների պաշտպանությունից զրկված լինելը պայմանավորել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններով, ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. հունիսի 15-ին որոշել է կասեցնել սույն գործի վարույթը և պահանջել.
ա) ՀՀ գլխավոր դատախազությունից` ՀՀ սահմանադրական դատարանին տեղեկություններ տրամադրել դիմող Ն. Փաշինյանի դիմումի 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 1.10 կետերում հիշատակված փաստերի վերաբերյալ իրավասու մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով ձեռնարկված համապատասխան միջոցների և դրանց արդյունքների մասին,
բ) ՀՀ վարչական դատարանից` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հայցադիմումների հիման վրա հարուցված ընտրական գործերով կայացված դատական ակտերը` ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի դրույթների գործնական կիրառման վիճակը հետազոտելու նպատակով,
գ) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել գրավոր բացատրություն` պատասխանողի գրավոր բացատրության կապակցությամբ դիմողի 2012թ. հունիսի 12-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված նկատառումների 1.2 կետի վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր գրավոր բացատրությունը ներկայացրել է 18.06.2012թ. թիվ 01-586 գրությամբ, իսկ ՀՀ վարչական դատարանից 19.06.2012թ. թիվ ԴԴ-9-57172 գրությամբ ստացվել են 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հայցադիմումներով ՀՀ վարչական դատարանի կայացրած թվով 23 դատական ակտերը: ՀՀ գլխավոր դատախազի 2012թ. հունիսի 21-ի թիվ 39-237-12 գրությամբ ստացվել են քննության առարկա դիմումի 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.9 և 1.10 կետերում նշված փաստերի քննարկման արդյունքներով կայացված որոշումների պատճենները: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշվել է, որ դիմումի 1.7 կետի վերաբերյալ հնարավոր կլինի տեղեկություն տրամադրել դիմումին կցված սկավառակը դիտելուց հետո: 22.06.2012թ. դիմումին կցված բոլոր թվով վեց էլեկտրոնային սկավառակները տրամադրվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնց վերաբերյալ պատասխանն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազի թիվ 39-237-12 գրությամբ` 27.06.2012թ.:
Սահմանադրական դատարան մուտքագրված բոլոր նյութերն օրենքով սահմանված կարգով տրամադրվել են կողմերին: Դիմողը դրանց վերաբերյալ իր նկատառումներն է ներկայացրել սահմանադրական դատարան 2012թ. հունիսի 29-ին:
6. Դիմողի կողմից դիմումի 1.3-1.10 կետերում բերված փաստերը, ինչպես նաև 3.1 և 3.2 կետերում բերված փաստարկները հիմք են ծառայել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով համապատասխան բողոք ներկայացնելու և վերջինիս որոշումները վերադասության կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքարկելու համար: Դրա մասին է վկայում դիմումի 1.11-1.22 կետերում բերված տեղեկատվությունը:
Արդյունքում` Դիմողը հանգում է այն եզրակացությանը, որ «Հանձնաժողովի և ԿԸՀ կատարած անօրինական և ի վնաս Դիմողի` Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ամրագրված իրավունքների գործողությունների հետևանքով 2012թ. մայիսի 6-ին թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրությունների քվեաթերթիկներում շարունակել է մնալ պատգամավորի թեկնածու Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի անունը» (կետ 3.2.7): Դիմողը հետևություն է անում, որ` «Այսպիսով խեղաթյուրվել են թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: Հենց այս խեղաթյուրման հիման վրա էլ Հանձնաժողովը հնարավորություն է ստացել կայացնելու իր թիվ N 37-Ա որոշումը` Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի օգտին քվեների քանակից հետո առավելագույն քվեների քանակը ստացել էր Դիմողը, ապա Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր էր լինելու հենց Դիմողը»:
Գործի նյութերը վկայում են նաև, որ, ինչպես նշվեց, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 02.05.2012թ. իր թիվ 228-Ա որոշմամբ` բավարարելով դիմողի ներկայացուցչի դիմում-բողոքը, անվավեր է ճանաչել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 20-Ա որոշումը, իսկ թիվ 229-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 21-Ա որոշումը: 2012թ. մայիսի 4-ին, ժամը 22.00-ին հրավիրված արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի բավարարել դիմողի ներկայացուցչի դիմում-բողոքը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 25-Ա որոշման առնչությամբ, իր թիվ 235-Ա որոշմամբ այն ուժի մեջ թողնելով:
Դիմողը և նրա ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշումը կամ գործողությունները (անգործությունը) ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով չեն բողոքարկել ՀՀ վարչական դատարան` պատճառաբանելով, որ այն ստացել են միայն 2012թ. մայիսի 8-ին և «ԿԸՀ-ն իր գործողություններով Դիմողին զրկել է ՀՀ Վարչական դատարան դիմելու հնարավորությունից»` վկայակոչելով ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 11-րդ մասը և 18-րդ հոդվածի 8-րդ մասը:
Գործի նյութերը վկայում են, որ, նախ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012թ. մայիսի 4-ին ստանալով դիմողի բողոքը, վերջինիս քննությունը կազմակերպել և թիվ 235-Ա որոշումը հրապարակել է նույն օրը գումարած նիստում, որին մասնակցել է նաև դիմողը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված պաշտոնական բացատրությունից հետևում է, որ 2012թ. մայիսի 4-ի թիվ 235-Ա որոշումը նիստից անմիջապես հետո տեղակայվել է հանձնաժողովի համացանցային կայքում: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելուց հետո` հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից»: Պատասխանողի գրավոր բացատրության կապակցությամբ Դիմողի` 2012թ. հունիսի 12-ի ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված նկատառումների 1.2 կետի վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունները, բերված փաստարկները, նիստի արձանագրության ուսումնասիրությունը վկայում են, որ հիմնավոր չէ Դիմողի պնդումն առ այն, որ «ԿԸՀ-ն իր գործողություններով Դիմողին զրկել է ՀՀ վարչական դատարան դիմելու հնարավորությունից»: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Դիմողը 29.06.2012թ. սահմանադրական դատարան ներկայացրած նկատառումների մեջ նշում է, որ «...ԿԸՀ-ի թիվ 235-Ա որոշումը 05.05.2012թ-ի առավոտյան ևս պատրաստ չի եղել: Իսկ նման որոշում պատրաստ չի եղել ԿԸՀ կողմից թույլ տրված մեկ այլ ընթացակարգային խախտման պատճառով. նման որոշման նախագիծ ներկայացված չի եղել քվեարկության առհասարակ»: Սակայն 16.05.2012թ. սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի 1.22 կետում Դիմողը փաստում է. «ԿԸՀ քարտուղար Ա. Սմբատյանը ԿԸՀ-ի նիստի հաստատման է ներկայացրել որոշման նախագիծ` Դիմողի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի` 2012թ. մայիսի 4-ի դիմում-բողոքը մերժելու վերաբերյալ: Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո ԿԸՀ-ն քվեարկությամբ հաստատել է քննարկման սկզբում ներկայացված որոշման նախագիծը` կայացնելով թիվ N 235-Ա որոշումը»,
երկրորդ` դիմողը զրկված չի եղել անմիջականորեն վարչական դատարան դիմելու իրավունքից: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասին չի կարող տրվել այնպիսի մեկնաբանություն, ըստ որի` այդ իրավասությամբ օժտված է միայն թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածն ամրագրել է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ «Ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել սույն օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` համապատասխան ընտրական հանձնաժողովը»: Իսկ համաձայն հիշյալ 3-րդ հոդվածի` վարչական դատարան կարող է, մասնավորապես, դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող է բողոքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը, ինչպես նաև վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել են վստահված անձի կամ իր վստահորդի` ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները:
2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առնչվող գործերով ՀՀ վարչական դատարանի ընդունած թվով 23 ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ձևավորված դատական պրակտիկան նույնպես առաջնորդվել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հիշյալ նորմերի պահանջներով:
Սահմանադրական դատարանը, այդուհանդերձ, արձանագրում է նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքում առավել հստակ պետք է շարադրվեն թեկնածուների իրավունքները` գրանցման հարցերով ՀՀ վարչական դատարան բողոք ներկայացնելու և իրենց պասիվ ընտրական իրավունքը պաշտպանելու առնչությամբ: Միաժամանակ, օրենսդրորեն պետք է հստակ սահմանվի, որ, մասնավորապես, այն բողոքները, որոնք բերվում են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով ու հատկապես դրանց վերաբերյալ առկա են մամուլի հրապարակումներ, որոնք սահմանված կարգով չեն հերքվել, համապատասխան ընտրական հանձնաժողովները պարտավոր են ի պաշտոնե քննության առնել ու ընդունել պատճառաբանված որոշում` տարաձայնությունների հարցը օրենքի պահանջներին համապատասխան դարձնելով ՀՀ վարչական դատարանի քննության առարկա: Նման հարցերի ի պաշտոնե քննարկման սկզբունքի օրենսդրորեն ամրագրումը բխում է նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի և 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից ու կարևոր երաշխիք է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից:
7. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը ՀՀ ընտրական օրենսգրքի նորմերի տարաբնույթ ընկալման արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի իրավակարգավորումները, ՀՀ վարչական դատարանում դատական քննության առարկա չի դարձրել այն փաստերը, որոնք շարադրված են դիմումի 1.4-1.10 կետերում, և որոնք, դիմողի կարծիքով, բավարար հիմք էին թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր ընտրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, ինչպես նաև ելնելով այն իրողությունից, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել դատական հանձնարարականի ինստիտուտի կիրառման դատավարական ընթացակարգեր, ՀՀ սահմանադրական դատարանը, ինչպես նշվեց, ՀՀ գլխավոր դատախազությունից է պահանջել և ուսումնասիրել իրավասու մարմինների կողմից քննության առնված նյութերով բոլոր այն արդյունքները, որոնք առնչվում են դիմողի վկայակոչած փաստերին: Սահմանադրական դատարանը հատկապես նկատի է առել ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 149 և 154.2-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 և 290-րդ հոդվածների, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջները: ՀՀ գլխավոր դատախազության կողմից պաշտոնապես ներկայացված նյութերի համաձայն` դիմումում առաջադրված խնդրանքին առնչվող բոլոր այն փաստերը, որոնք ներկայացնում է Դիմողը, օրենքով սահմանված կարգով ստացել են իրավական գնահատական, նախապատրաստված նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառով, ընդունված որոշումների օրինականությունն ստուգվել է ՀՀ դատախազության կողմից, դրանք դատական կարգով չեն բողոքարկվել:
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ընտրական վեճերի լուծման առկա իրավակարգավորումները նկատի ունենալով և հաշվի առնելով իրավասու մարմինների կողմից սահմանադրական դատարան սույն գործի շրջանակներում ներկայացված տեղեկատվությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրությունների արդյունքներով ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշման շուրջ ծագած վեճի շրջանակներում թեկնածուների գրանցմանն առնչվող փաստերի գնահատման առնչությամբ սահմանադրական դատարանը պարտավոր է որպես ապացուցողական հիմք ընդունել ոչ թե առանձին կարծիքներ, հայտարարություններ կամ թեկնածուների անձնական հատկանիշներ, այլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով փաստերի համակողմանի գնահատման արդյունքում ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունված վերջնական դատական ակտը կամ, դրա բացակայության օբյեկտիվ հիմքերի առկայության պարագայում` իրավասու մարմինների կողմից փաստերին տրված և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական գնահատականները, ինչպիսիք ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են ՀՀ սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ առկա է իրավակարգավորումների հետագա բարեփոխումների խնդիր: Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը հանգում է նրան, որ բոլոր այն դեպքերում, երբ հատկապես վիճահարույց է դառնում, որ իրավասու մարմինների կողմից ժամանակին ու օրենքով սահմանված կարգով քննության առարկա չեն դարձել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով հանրային հնչեղություն ստացած փաստերը, ինչպես նաև օբյեկտիվ այլ հիմքերի առկայության պարագայում, երբ տվյալ հարցն իրավասու դատարանի կողմից իրավական գնահատական չի ստացել և ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավաչափորեն ծագել է դրա անհրաժեշտությունը, ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում օրենսդրի կողմից պետք է համապատասխան դատավարական ընթացակարգեր սահմանվեն, որպեսզի նման հարցերն իրավասու դատարանների կողմից քննության առարկա դառնան ՀՀ սահմանադրական դատարանի դատական հանձնարարականի շրջանակներում: Դա համահունչ կլինի նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 8-րդ մասի և 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի դատական պաշտպանության գործող համակարգի առանձնահատկությունները նկատի ունենալով (ինչին ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, անդրադարձել է 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ)` նման ընթացակարգերի առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն էապես բարելավել ընտրական վեճերի լուծման արդյունավետությունը, այլև բարձրացնել իրավասու տարբեր մարմինների պատասխանատվությունը` իրենց լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանության օրենսդրական պահանջների կատարումը երաշխավորելու, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի, մասնավորապես` 18-րդ հոդվածի 7-րդ մասի, պահանջների խախտմամբ ընտրական իրավունքի իրացումը բացառելու ուղղությամբ:
8. Սահմանադրական դատարանը դիմողի այն փաստարկների վերաբերյալ, որոնք ներկայացված են դիմումի 3.3., 3.4., 3.5., 3.7. կետերում, ինչպես նաև դիմումի 6-րդ կետում բերված միջնորդության առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն արտահայտել է 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ: Այդ փաստարկները, սակայն, չեն կարող դիտվել որպես Դիմողին ընտրված ճանաչելու պահանջի հիմք, քանի որ դրանցով առաջ է քաշվում այլ խնդիր` փորձ է արվում հիմնավորել ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու հանգամանքը: Այդուհանդերձ, հաշվի առնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» N 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործի շրջանակներում ներկայացված և սույն գործով Դիմողի ներկայացրած հիշյալ փաստերի ու փաստարկների նույնականությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՍԴՈ-1028 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու իրավական գնահատականները հավասարապես վերաբերելի են նաև քննության առարկա սույն գործին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Թիվ 7 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
3 հուլիսի 2012 թ. ՍԴՈ-1035 |
|