Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ/0014/01/11

գործ թիվ ԱՎԴ/0014/01/11

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

Դատավորներ` Մ. Արղամանյան

                   Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     

մասնակցությամբ 
             մեղադրող

            պաշտպան

Վ. Հովսեփյանի

Գ. Վարդանյանի

 

2012 թվականի մարտի 30-ին

 ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Շահեն Նշանի Հախվերդյանի և նրա պաշտպան Գ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2010 թվականի փետրվարի 16-ին Արևշատ գյուղի բնակիչ Վարդան Սպարտակի Մելքոնյանը ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19-ի սահմաններում, Դիտակ գյուղի բնակիչ Շահեն Նշանի Հախվերդյանն իրենց տան մոտ լինգով հարվածել է իր ձեռքին և պատճառել մարմնական վնասվածք:

Նախաքննության մարմնի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Մելքոնյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության, ինչպես նաև հաշտության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի 2010 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ նախաքննության մարմնի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը վերացվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 16-ի որոշմամբ Վ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել բողոքի բացակայության հիմքով:

Սուսաննա Բադալյանի և Վ.Մելքոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի դրվագով Վ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Շ.Հախվերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վ.Մելքոնյանի և Շ.Հախվերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ.Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 19-ի որոշմամբ Շ.Հախվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի մարտի 25-ին Վ.Մելքոնյանի և Շ.Հախվերդյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 6-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա` Վարդան Սպարտակի Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 24-ի դատավճռով Շ.Հախվերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա` Շ.Հախվերդյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

3. Ամբաստանյալ Շ.Հախվերդյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 24-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել ամբաստանյալ Շ.Հախվերդյանը և նրա պաշտպան Գ.Վարդանյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Շ.Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010 թվականի ամռանը Շ.Հախվերդյանի կինը` Ս.Բադալյանը, գյուղում տարածել է, թե իբր Վ.Մելքոնյանի կնոջ` Ս.Մելքոնյանի և իր ամուսնու` Շ.Հախվերդյանի միջև սիրային կապ կա: 2010 թվականի օգոստոսի 15-ին Վ.Մելքոնյանն այդ մասին հայտնել է Շ.Հախվերդյանին ու խնդրել կարգի հրավիրել կնոջը: Վերջինս հերքել է այդ հանգամանքն ու խոստացել այդ հարցի շուրջ կնոջ հետ խոսել:

Հաջորդ օրը` օգոստոսի 16-ին, Շ.Հախվերդյանը սգո արարողության ընթացքում մի քանի բաժակ օղի խմելուց հետո, որդու` Ն.Հախվերդյանի հետ միասին գնացել են նույն գյուղում բնակվող իրենց ազգական Գ.Գասպարյանի տուն, և ժամը 19-ի սահմաններում վերջինս որդու միջոցով Վ.Մելքոնյանին հրավիրել է դուրս` նախորդ օրվա հարցի շուրջ զրուցելու: Վ.Մելքոնյանը Շ.Հախվերդյանից նրա ու իր կնոջ սիրային հարաբերությունների մասին պարզաբանում ստանալու նպատակով Շ.Հախվերդյանին հայտնել է, որ նրա կինն իրեն լուսանկար է ցույց տվել, որտեղ Շ.Հախվերդյանն ու իր կինը նստած են կողք-կողքի: Շ.Հախվերդյանը կրկին պնդել է, որ իր ու Վ.Մելքոնյանի կնոջ միջև սիրային որևէ կապ չկա, այդ խոսակցությունները զրպարտանք են Վ.Մելքոնյանի կնոջ հասցեին: Շ.Հախվերդյանի հետ ունեցած այս խոսակցությունը վերածվել է վեճի, որի ընթացքում Վ.Մելքոնյանը նախապես իր հետ տանից վերցրած դանակով փորձել է հարվածել Շ.Հախվերդյանին, վերջինիս հաջողվել է ձախ ձեռքով բռնել դանակի շեղբը, սակայն Վ.Մելքոնյանի կողմից դանակը հետ քաշելու պահին Շ.Հախվերդյանի ձախ ափը վնասվել է, ինչից հետո Վ.Մելքոնյանը դանակը թաքցրել է: Այնուհետև Շ.Հախվերդյանն ու Վ.Մելքոնյանը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, փողոց դուրս եկած քաղաքացիների ներկայությամբ շուրջ 5-10 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել միմյանց հասցեին, ինչը զուգորդվել է բռնության գործադրմամբ, մասնավորապես, Շ.Հախվերդյանն ու Վ.Մելքոնյանը ձեռքերով հարվածել են միմյանց, իսկ Շ.Հախվերդյանը բռնության սպառնալիքով, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկայի՝ իր ավտոմեքենայի սրահից վերցված մետաղյա լինգի գործադրմամբ, հարվածել է Վ.Մելքոնյանի ձախ ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջեր 184-185):

6. Նախաքննության մարմնի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման համաձայն` «(…) Նկատի ունենալով, որ Շահեն Հախվերդյանը և Վարդան Մելքոնյանն արարքը կատարել են ոչ խուլիգանական մղումներից ելնելով, կռվի առիթը հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքը չէ, նրանց վարքը մարտահրավեր չէ` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված չէ շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, Շ.Հախվերդյանի և Վ.Մելքոնյանի արարքը պետք է որակել որպես անձի դեմ ուղղված արարք:

Այսպիսով` նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վարդան Մելքոնյանը ձեռքով հարվածներ է հասցրել Սուսաննա Բադալյանին, որոնք առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չեն պարունակում, այսինքն` կատարել է ՀՀ քր.օր.-ի 118 հոդվածով նախատեսված հանցագործություն, դանակով դիտավորությամբ հարվածել է Շ.Հախվերդյանի ձախ ձեռքին և առողջությունը կարճատև քայքայող թեթև մարմնական վնասվածք է պատճառել, այսինքն` կատարել է ՀՀ քր.օր.-ի 117 հոդվածով նախատեսված հանցագործություն, Շահեն Հախվերդյանը մետաղյա լինգով դիտավորությամբ հարվածել է Վ.Մելքոնյանի ձախ թևին և առողջությանը կարճատև քայքայող թեթև մարմնական վնասվածք է պատճառել, այսինքն` կատարել է ՀՀ քր.օր.-ի 117 հոդվածով նախատեսված հանցագործություն, (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 65):

7. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի 2010 թվականի նոյեմբերի 17-ի որոշման համաձայն` «(…), նյութերի նախապատրաստման ընթացքում Շ.Հախվերդյանը չի ժխտել Վ.Մելքոնյանի հետ վիճաբանելու հանգամանքը և բացատրություն է տվել այն մասին, որ 16.02.2010թ. վիճաբանության ընթացքում Վ.Մելքոնյանը փորձել է դանակով հարվածել իրեն, ինքը դանակի շեղբը ձեռքով բռնելու միջոցով կասեցրել է հարվածը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքի ափը:

Շահեն Հախվերդյանի տղան` Նշան Հախվերդյանը, բացատրությամբ նշել է, որ իր հոր և Վ.Մելքոնյանի միջև տան առջև ծագած նախնական վիճաբանությունից հետո վերջինս մտել է տուն և վերադարձել` ձեռքին ունենալով դանակ ու փայտ և հարձակվել է հոր վրա: Փորձել է դանակով հարվածել հորը, սակայն հայրը կարողացել է բռնել դանակի շեղբից և կասեցնել հարվածը, ինչից հոր ձեռքի ափը կտրվել է:

Վ.Մելքոնյանի կողմից դանակի գործադրման հանգամանքը հաստատվել է նաև այլ ականատեսների կողմից, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի Շ.Հախվերդյանի ձախ ձեռքի ափի և 3-րդ մատի կտրած վնասվածքները հասցվել են սուր գործիքով` դանակով:

Վ.Մելքոնյանը ժխտել է վեճի ընթացքում դանակ գործադրելու հանգամանքը և բացատրություն է տվել այն մասին, որ վեճի ընթացքում ինքը քաշելու միջոցով փորձել է խլել Շ.Հախվերդյանի ձեռքում եղած լինգը, ինչի հետևանքով նրա ձեռքի ափը կտրվել է:

Շ.Հախվերդյանը լրացուցիչ բացատրությամբ պնդել է Վ.Մելքոնյանի կողմից դանակ գործադրելու հանգամանքը և նշել է, որ իր ձեռքին եղած լինգը չէր կարող վնասել իր ձեռքը, քանի որ այն գլանաձև է եղել:

Նման պայմաններում նախաքննական մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու համար Վ.Մելքոնյանի դիտավորությունը:

Բացի այդ, որոշման մեջ, անդրադառնալով Վ.Մելքոնյանի և Շ.Հախվերդյանի արարքներում խուլիգանության հանցակազմի առկայությանը, նշվել է, որ վերջիններիս եղած վիճաբանության պատճառ է հանդիսացել Շ.Հախվերդյանի կնոջ կողմից Վ.Մելքոնյանի կնոջ բարոյականության վերաբերյալ տարածած լուրերը, և նրանց գործողություններն ուղղված չեն եղել հասարակական կարգի խանգարմանը:

Մինչդեռ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շ.Հախվերդյանը և Վ.Մելքոնյանը վերջինիս տան բակում հարևանների ներկայությամբ շուրջ 10 րոպե կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը` վիճաբանել են, միմյանց հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Այսպես` Շ.Հախվերդյանի որդին` Նշան Հախվերդյանը իր բացատրությունում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել փողոցում, Վարդանն իր հոր հասցեին տվել է հայհոյանքներ, դեպքին ներկա են եղել բազմաթիվ բնակիչներ:

Վ.Մելքոնյանի կինը` Սուսան Մելքոնյանը իր բացատրությունում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան դիմացի փողոցում, տևել է 10 րոպե, որի ընթացքում Շահենը և իր ամուսինը հարվածել են միմյանց և իրար հասցեի տվել են հայհոյանքներ: Դեպքին ներկա են եղել Սիլվան և Գրիգորը: Նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաև Գ.Գասպարյանը, Ա.Հակոբյանը: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջեր 1-2):

8. Նախաքննության մարմնի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2011 թվականի մարտի 16-ի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Այսպիսով, քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Մելքոնյանը Շահեն Հախվերդյանին դանակով հարվածել է մինչև նրանց կողմից խուլիգանություն կատարելը, հետևաբար Վարդան Մելքոնյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները և նրա նկատմամբ նշված հոդվածով չի կարող քրեական հետապնդում իրականացվել, քանի որ ՀՀ Քր. օր. 258 հոդվածի 4-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքները զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարելու դեպքում, հետևաբար Վարդան Մելքոնյանի կողմից դանակով Շահեն Հախվերդյանի առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս պատճառելու դրվագում Վարդան Մելքոնյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված հանցակազմ: Այդ կապակցությամբ Շահեն Հախվերդյանը հայտնել է, որ Վարդան Մելքոնյանի դեմ բողոք չունի:

Ինչ վերաբերում է Շահեն Հախվերդյանի կողմից Վարդան Մելքոնյանին սպանելու սպառնալիք տալուն, ապա քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շ.Հախվերդյանը Վ.Մելքոնյանին վախեցնելու, սարսափեցնելու, նրա հոգեկանի վրա ազդելու, նրա մոտ տագնապ առաջացնելու կամ անվտանգության համար անհանգստության զգացում առաջացնելու նպատակ չի ունեցել, Վ.Մելքոնյանն իրական չի ընկալել Շ.Հախվերդյանի տված սպառնալիքները, այլ հասկացել է, որ ապառնալիքները տրվում են կոնֆլիկտի ընթացքում զայրույթի պահին, բացի այդ, Շահեն Հախվերդյանը ունենալով սպառնալիքները կատարելու ռեալ հնարավորություն, որևէ գործողություն չի կատարել` ուղղված այդ սպառնալիքների իրականացմանը, հետևաբար Շահեն Հախվերդյանի նկատմամբ ՀՀ քր. օր. 137 հոդվածով չի կարող քրեական հետապնդում իրականացվել` նրա արարքում նշված հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 177):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 25-րդ, 183-րդ հոդվածի 1-ին մասի, 395-րդ հոդվածի 2-րդ մասի, 397-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջները, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը:

Ի հիմնավորումն իրենց փաստարկի` բողոքաբերները նշել են, որ սույն գործով խանդի հողի վրա առաջացած անբարեհաճ փոխհարաբերության արդյունքում Շ.Հախվերդյանի և Վ.Մելքոնյանի միջև տեղի է ունեցել կենցաղային վեճ, որը կրել է անձնական բնույթ, Շ.Հախվերդյանի արարքի հետևանքով հասարակական կարգի կոպիտ խախտում տեղի չի ունեցել: Ավելին, Շ.Հախվերդյանի դիտավորությունն ուղղված չի եղել հասարակական կարգի խախտմանը, հետևաբար, նրա արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն` դրանում խուլիգանության հանցակազմի բացակայության պատճառով:

10. Ըստ բողոքաբերների` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի, 395-րդ հոդվածի 4-րդ կետի և 399-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ, 70-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ Շ.Հախվերդյանն անառողջ է, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, ներկայումս կարիք ունի ստացիոնար բուժման, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, նրա խնամքի տակ են անաշխատունակ, հիվանդ կինն ու հաշմանդամ որդին, բացի այդ, Շ.Հախվերդյանը մասնակցել է Արցախյան պատերազմի մարտական գործողություններին:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակները խնդրել են մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Շ.Հախվերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, կամ գործի վարույթը կարճել, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի ճիշտ մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քրեաիրավական վերլուծության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմը` նպատակ ունենալով ապահովել դրա միատեսակ կիրառությունը:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Շ.Հախվերդյանի արարքում առկա են խուլիգանության հատկանիշներ և հետևաբար, նրա արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանություն:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել[ն է], որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (…):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով (…):

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

(…)

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,

5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով`

(…):

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (…)»:

Մեջբերված հոդվածի վերլուծությունից երևում է, որ խուլիգանությունը հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, որի հիմնական, անմիջական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են հասարակական կարգի բովանդակությունը, իսկ պարտադիր լրացուցիչ օբյեկտն անձի անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության, առողջության, քաղաքացիների և կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

15. Խուլիգանության հիմնական հանցակազմն ունի մեկ, իսկ որակյալ հանցակազմը՝ երկու օբյեկտ: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ենթակա է որակման որպես հասարակ խուլիգանություն, մինչդեռ նույն արարքը, որը զուգորդվում է անձի առողջությանը, գույքային իրավունքներին և այլին վնաս պատճառելով, ենթակա է որակման խուլիգանության որակյալ հանցակազմով:

Խուլիգանության հիմնական հանցակազմի վերոշարադրյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանցակազմի օբյեկտի մեկնաբանման համար էական նշանակություն ունի «հասարակական կարգ» հասկացության պարզաբանումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասարակական կարգն ընկալվում է երկու իմաստով՝ լայն և նեղ:

Լայն իմաստով հասարակական կարգը հասարակության մեջ առկա սոցիալական կապերի և հարաբերությունների համակցությունն է, որը ձևավորվում է սոցիալական, իրավական և բարոյական նորմերի գործողության արդյունքում, և յուրաքանչյուր հանցագործություն, զանցանք կամ այլ իրավախախտում այս կամ այն չափով հանգեցնում է դրա խախտման:

Խուլիգանության հիմնական հանցակազմի անմիջական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են նեղ իմաստով հասարակական կարգի բովանդակությունը:

Նեղ իմաստով հասարակական կարգն ընկալվում է որպես հասարակական նշանակության վայրերում, այն է՝

1) տրանսպորտային միջոցների կայանատեղիներում,

2) օդանավակայաններում,

3) շուկաներում,

4) պուրակներում,

5) այգիներում,

6) կինոթատրոններում,

7) ցուցասրահներում,

8) մարզադաշտերում,

9) փողոցներում,

10) հիմնարկ-ձեռնարկություններում,

11) ուսումնական հաստատություններում,

12) հասարակական տրանսպորտում,

13) հասարակական սննդի սպասարկման վայրերում,

14) հասարակական նշանակության այլ վայրերում

այնպիսի իրադրության առկայություն, որի պայմաններում ապահովված է քաղաքացիների արժանավայել վարքագիծը, կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը, ինչպես նաև այդ վայրերում գտնվող անձի (անձանց) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը:

16. Խուլիգանության հիմնական հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական նշանակության վայրերում, ինչպես նաև հասարակական նշանակություն չունեցող այլ վայրերում, որտեղ առկա է հանրություն, սահմանված կարգի կոպիտ խախտման մեջ, որն արտահայտվում է այդ վայրերում գտնվող հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խուլիգանության որակյալ հանցակազմի պարագայում վերոնշյալ արարքները զուգորդում են բռնությամբ, գույքը վնասելով կամ ոչնչացնելով և այլն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ է նախևառաջ հիմնավորել խուլիգանության հիմնական հանցակազմի առկայությունը:

17. Խուլիգանության հիմնական և որակյալ հանցակազմերի օբյեկտների և օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծությունից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հասարակական կարգի ոչ կոպիտ խախտումը, որը թեև արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով: Նույն կերպ, վկայակոչված հոդվածով ենթակա չէ որակման հասարակական կարգի այն կոպիտ խախտումը, որը չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը և միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը:

18.Կոպիտ խախտումը՝ որպես խուլիգանության հանցակազմի հատկանիշ, բնութագրական է հասարակական կարգի կազմալուծման կամ խախտման գործընթացի արդյունքներին (հետևանքին): Այն արտահայտվում է նրանում, որ անձի կատարած գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջանում է զայրույթ, վրդովմունք, կամ նրանց անհարմարություն կամ լուրջ անհանգստություն է պատճառվում, կամ առաջանում է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության կապակցությամբ: Բացի այդ, կոպիտ խախտումն արտահայտվում է նաև աշխատանքային և այլ գործունեության կամ հասարակական նշանակության արարողության կազմալուծմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտումը որպես կոպիտ գնահատելիս անհրաժեշտ է ելնել հասարակական կարգի վրա այդ խախտման ունեցած ազդեցությունից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հասարակական կարգը կոպիտ կերպով կարող է խախտվել ցանկացած արարքի կատարման պարագայում, մինչդեռ խուլիգանության առկայության մասին է վկայում այնպիսի արարքի կատարումը, որը միտված է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն և որպես այդպիսին, հանդիսացել է խուլիգանություն կատարող անձի դիտավորության մեջ ընդգրկված նպատակի իրականացման միջոց:

19. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար, ի թիվս սույն որոշման մեջ նշված այլ հանգամանքների, անհրաժեշտ է քննության առնել նաև այն, թե արդյոք այդ արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու հանգամանքի առկայությունը յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գնահատել՝ ելնելով նեղ իմաստով հասարակական կարգի նկատմամբ դրա ուղղվածությունից: Այլ խոսքով՝ հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու հանգամանքն առկա է, եթե հանցավորի արարքի հետևանքով խախտվում է հասարակական նշանակության վայրերում գտնվող անձի (անձանց) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կամ էականորեն խաթարվում է կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը:

20. Խուլիգանության օբյեկտիվ կողմը կազմող արարքի՝ հասարակական կարգի կոպիտ խախտման հարցը քննարկելիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից երևում է նաև, որ կոպիտ խախտումը կատարվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակով: Այլ խոսքով՝ խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է հետևյալ երկու հատկանիշների միաժամանակյա առկայությամբ՝ հասարակական կարգի կոպիտ խախտում և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում: Նշված հատկանիշներից որևէ մեկի բացակայության պարագայում արարքը խուլիգանություն որակվել չի կարող:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմի մեկնաբանման համար էական նշանակություն ունի նաև «բացահայտ անհարգալից վերաբերմունք» հասկացության պարզաբանումը:

Այսպես` անձի գործողություններում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումն արտահայտվում է մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելու, հասարակական վայրերում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելու, շրջապատի մարդկանց և կոլեկտիվին հակադրվելու ձևով: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող անձը դիտավորյալ կերպով խախտում է հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը (պարկեշտություն, պատշաճ վարքագիծ, բարեկրթություն և այլն): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման եղանակները տարբեր են՝ արարք, խոսք, ժեստ, մարմնաշարժում և այլն:

21. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով: Այլ խոսքով՝ կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը, ժեստը, բառը, մարմնաշարժումը և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար: Հակառակ դրան` անձի արարքը կարող է գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե կոնկրետ անձը, ում դեմ ուղղված է հանցավորի արարքը, ընտրվել է պատահաբար, և այդ անձի դեմ ուղղված արարքի միջոցով հանցավորը ցանկանում է բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

22. Խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի վերաբերյալ իրավական դիրքորոշում Վճռաբեկ դատարանը ձևավորել է Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ, որտեղ արձանագրել է, որ «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները:

Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում:

Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը: (…)» (տե՛ս Արման Մհերի Խաչատրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՎԲ-223/06 որոշումը):

23. Վերահաստատելով Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուլիգանություն կատարող անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում հասարակության նկատմամբ, այլև ցանկանում է դա: Այլ խոսքով` խուլիգանության օբյեկտիվ կողմը կազմող արարքները կատարող անձը ցանկանում է կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, այլ ոչ թե գիտակցաբար թույլ է տալիս վերոնշյալ հետևանքների՝ հասարակական կարգի խախտման և բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման հնարավորությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաև հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման տարրեր (օրինակ՝ կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն:

24. Սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ շարադրված դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

Զարգացնելով Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որը դրսևորվում է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտմամբ: Խուլիգանական դրդումների հիմքում ընկած են նաև անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը:

Խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը և այլն:

25. Ինչպես նշվել է սույն որոշման 21-րդ և 23-րդ կետերում, անձը կարող է սույն որոշման 24-րդ կետում նշված նպատակներին հասնել տարբեր արարքներով, որոնք կարող են նույնիսկ համընկնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հանցակազմերի օբյեկտիվ կողմը կազմող արարքների հետ, սակայն արարքը խուլիգանություն կամ այլ հանցագործություն որակելու հարցի լուծումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված է արարքի շարժառիթից, ինչպես նաև հանցավորի հետապնդած նպատակից:

26. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն և այլն: Մասնավորապես, եթե արարքն սկսվել է կենցաղային հողի վրա առաջացած վեճի կամ տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծի հետևանքով, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք անձի արարքը (հայհոյանքներ տալը կամ այլ վարքագիծը) ստեղծված իրավիճակին համարժեք հուզական դրսևորում է, թե ուղղված է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հանցավորի հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 14-26-րդ կետերում ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը խուլիգանություն կարող է որակվել այն դեպքում, երբ անձի մոտ առկա են խուլիգանական դրդումներ: Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ արարքը խուլիգանություն կարող է որակվել նաև այն դեպքերում, երբ անձի մոտ առկա են հանցանքի կատարման այլ դրդումներ, սակայն հանցանքի կատարման ընթացքում ձևավորվում են խուլիգանական դրդումներ, այլ խոսքով՝ արարքը կվերաճի խուլիգանության՝ հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

28. Ինչպես նշվել է սույն որոշման 22-րդ և համապատասխանաբար նաև Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ, խուլիգանության վերաբերյալ գործերով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տուժողի վարքագիծը: Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ խուլիգանական գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում, ապա նախ անհրաժեշտ է պարզել, թե ով է հանդիսացել վեճը նախաձեռնողը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն, եթե վիճաբանությունն առաջանում է տուժողի ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով և, հետևաբար, հանցանք կատարած անձի մոտ բացակայում են խուլիգանական դրդումները: Նման պարագայում արարքը կարող է խուլիգանություն որակվել միայն այն դեպքում, երբ խուլիգանական դրդումներն առաջանան հետագայում և արարքը վերաճի խուլիգանության (տե՛ս սույն որոշման 27-րդ կետը):

29. Ելնելով սույն որոշման 14-28-րդ կետերում շարադրված վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված) այն դեպքերում, երբ`

ա) արարքը կատարվում է ոչ հասարակական վայրում և (կամ) հասարակության անդամների բացակայությամբ,

բ) արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել,

գ) հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ,

դ) բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով,

ե) հասարակական կարգի կոպիտ խախտման նկատմամբ դրսևորվել է անզգուշություն,

զ) հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, սակայն դրա կատարմամբ հանցավորը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի,

է) այլ դրդումներով կատարված հանցանքը չի վերաճել հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

30. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուլիգանության վերաբերյալ գործեր քննելիս և լուծելիս ստորադաս դատարանները պետք է հիմք ընդունեն սույն որոշման 14-29-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները և յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի փաստական հանգամանքներից, քննության առարկա դարձնեն այն հարցը, թե արդյոք անձի արարքում առկա են խուլիգանության հատկանիշներ:

31. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Մելքոնյանի և Շ.Հախվերդյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է Վ.Մելքոնյանի կնոջ և Շ.Հախվերդյանի միջև առկա սիրային հարաբերությունների պարզումը: Վիճաբանության ընթացքում Վ.Մելքոնյանը (տուժողը) նախապես իր հետ տանից վերցրած դանակով փորձել է հարվածել Շ.Հախվերդյանին: Շ.Հախվերդյանին հաջողվել է ձախ ձեռքով բռնել դանակի շեղբը, սակայն Վ.Մելքոնյանի կողից դանակը հետ քաշելու պահին Շ.Հախվերդյանի ձախ ափը վնասվել է: Այնուհետև Շ.Հախվերդյանն ու Վ.Մելքոնյանը փողոց դուրս եկած քաղաքացիների ներկայությամբ 5-10 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել միմյանց հասցեին, ձեռքերով հարվածել են միմյանց, որից հետո Շ.Հախվերդյանը, իր ավտոմեքենայի սրահից վերցնելով մետաղյա լինգը, հարվածել է Վ.Մելքոնյանի ձախ ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ

1) Շ.Հախվերդյանն ու Վ.Մելքոնյանը միմյանց հասցեին հայհոյանքներ են տվել, ձեռքերով միմյանց հարվածել են կենցաղային հողի վրա առաջացած անձնական դրդապատճառներով, որոնք ձևավորվել են նրանց միջև առաջացած վիճաբանության հետևանքով:

2) Շ.Հախվերդյանի և Վ.Մելքոնյանի արարքները թեև բովանդակում են հասարակական կարգի կոպիտ խախտման տարրեր և արտաքուստ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ներկայացնում, սակայն պայմանավորված են եղել Վ.Մելքոնյանի (տուժողի) հակաօրինական վարքագծով (նախապես իր հետ տանից վերցրած դանակով Շ.Հախվերդյան ձախ ափը վնասելը) և ուղղված են եղել Վ.Մելքոնյանի և ոչ թե հավաքված քաղաքացիների դեմ: Այլ խոսքով՝ Շ.Հախվերդյանի ու Վ.Մելքոնյանի արարքներում բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ հասարակության անդամների ներկայությամբ նրանց միջև տեղի ունեցած փոխադարձ կռիվն ու միմյանց տրված հայհոյանքները պայմանավորված են եղել նրանց հուզական վիճակով և նպատակ չեն ունեցել խախտել հասարակական կարգը, ինչպես նաև բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության՝ հավաքված քաղաքացիների նկատմամբ:

3) Կենցաղային հողի վրա առաջացած անձնական դրդապատճառներով կատարված՝ Շ.Հախվերդյանի և Վ.Մելքոնյանի արարքները (փոխադարձ հայհոյանքներն ու կռիվը) չեն վերաճել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով դրսևորված՝ հասարակական կարգի կոպիտ խախտման:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, սակայն, որ վերոշարադրյալ հանգամանքները հաշվի չեն առնվել ստորադաս դատարանների կողմից, և Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 24-ի դատավճռով Շ.Հախվերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Առաջին ատյանի դատարանի դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը):

32. Սույն որոշման 31-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-30-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Շ.Հախվերդյանի արարքում առկա են խուլիգանության հատկանիշներ և հետևաբար, նրա արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանություն:

33. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Շ.Հախվերդյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 24-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի դատական ակտերը բեկանելու և գործը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

34. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Շ.Հախվերդյանի և նրա պաշտպան Գ.Վարդանյանի բողոքում առկա՝ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 70-րդ հոդվածների պահանջների չկիրառման փաստարկին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված նյութական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 24-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան