Գլխավոր տեղեկություն
Համար
N 1432-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.07.2012-02.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.10/61(360) Հոդ.1258
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1432-Ն

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 21
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման ու բաշխման հետ կապված հարաբերությունները:

 

I. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Միացյալ հայկական հիմնադրամի, բարեգործական և այլ կազմակերպությունների կողմից (այսուհետ` բարեգործական կազմակերպություն) դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են նախարարությունում` դրանց ստացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել բարեգործական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից:

4. Բարեգործական կազմակերպությունների կողմից նախարարությանն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման անհրաժեշտության մասին եզրակացությունը տալիս է նախարարության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` բաժին):

5. Բաժինը բարեգործական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով դեղերի կամ բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկներ ստանալու դեպքում պետք է պարտադիր ուսումնասիրի`

ա) առաջարկվող դեղը (անվանումը, ցուցումները, օգտագործման ոլորտները և ժամկետը).

բ) առաջարկվող բժշկական նշանակության ապրանքների կիրառման ոլորտը և անհրաժեշտությունը.

գ) դեղի մնացորդի առկայությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` մարդասիրական օգնության կենտրոն) պահեստում և դրա նախորդ տարիների շարժը (սույն տեղեկատվությունը տեղեկանքի ձևով նախարարությանն է տրամադրվում մարդասիրական օգնության կենտրոնի կողմից` հարցումից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը խմբ. 31.05.12 N 686-Ն)

5.1. Նախարարության համապատասխան ստորաբաժանումների, գլխավոր մասնագետների կողմից (ըստ անհրաժեշտության` նաև տեղեկատվություն հավաքելով բժշկական հաստատություններից և դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից) նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնում հավաքագրվում է տեղեկատվություն` առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի պատվերների կազմավորման նպատակով: Տվյալների վերլուծման արդյունքում կազմվում է եզրակացություն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման անհրաժեշտության կամ առաջարկը մերժելու մասին:

(5.1-ին կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 31.05.12 N 686-Ն)

7. Նախարարին տրվում է ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր եզրակացություն, որը պետք է ներառի մասնագիտական հետազոտության ամբողջական տեղեկատվությունը և առաջարկությունը դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի պատվիրվող տեսականու ու քանակի կամ առաջարկի մերժման վերաբերյալ: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան գրություն է ուղարկվում բարեգործական կազմակերպություն:

 

II. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄԸ

 

8. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծումը, ստացումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումն իրականացնում է մարդասիրական օգնության կենտրոնը:

8.1. Նախարարությունը վերագնահատում է մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները` դրանց մուտքագրումն ու հաշվապահական հաշվառումը կանոնակարգելու նպատակով:

(8.1-ին կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

8.2. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերը և բժշկական նշանակության ապրանքները վերագնահատելու համար նախարարությունում ձևավորվում է աշխատանքային խումբ, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար):

(8.2-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

8.3. Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գները (անկախ դրանք ուղեկցող փաստաթղթերում նշված գներից) կազմում են Հայաստանի Հանրապետությունում առկա կամ համարժեք գեներիկ (դեղագործական շուկայում շրջանառվող չարտոնագրված միջազգային անվանումներով) դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծածախ միջին գների 80 տոկոսը` ուսումնասիրելով առնվազն հինգ դեղագործական կազմակերպության գնացուցակները կամ համապատասխան էլեկտրոնային կայքերը` նշելով տեղեկությունների ստացման աղբյուրը, իսկ բժշկական նշանակության ապրանքների համար` նաև նախկինում վերագնահատված գները:

(8.3-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

9. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկն ստանալուց և գույքագրվելուց հետո այն տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում` www.mօհ.am:

(9-րդ կետը խմբ. 31.05.12 N 686-Ն)

10. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները բաշխվում են միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

(10-րդ կետը խմբ. 31.05.12 N 686-Ն)

10.1. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները սույն կարգի 10-րդ կետում նշված կազմակերպություններին բաշխվում են նախարարի հրամանով` հիմք ընդունելով բնակչության թիվը և ընդհանուր պահանջարկը տվյալ դեղի ու բժշկական նշանակության ապրանքների նկատմամբ, ընդ որում`

1) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ բաշխվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) միջոցով.

2) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին` անմիջականորեն:

(10.1-ին կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

10.2. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ներմարզային ու ներքաղաքային հատկացում (բաշխում):

(10.2-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

10.3. Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի մասին յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի ներմարզային ու ներքաղաքային բաշխացուցակները ներկայացվում են նախարարություն` մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:

(10.3-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

10.4. Նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակները տեղադրվում են նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ» դարանում: Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի մասին տեղեկատվությունը բնակչությանն իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցների միջոցով` նախարարության կողմից:

(10.4-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)

11. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատասխան գրառում կատարելով հիվանդի ամբուլատոր քարտում և (կամ) հիվանդության պատմության մեջ: Մարդասիրական օգնություն ստացող կազմակերպությունները պետք է վարեն նախարարի կողմից հաստատված ձևի մատյաններ, որտեղ պետք է գրառվեն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի անվանումները, ստացողի տվյալները, հիվանդին բաց թողնված դեղի քանակը, ստացողի կամ նրա լիազոր ներկայացուցչի ստորագրությունը, հասցեն և հեռախոսահամարը:

12. Մարդասիրական օգնության կարգով ստացվող բժշկական նշանակության ապրանքները (բժշկական սարքավորումներ և բժշկական պարագաներ) կարող են ստանալ միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները, մարդասիրական դեղատները, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, իսկ հիգիենիկ պարագաները և հատուկ նշանակության բժշկական ապրանքները` նաև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները, միավորումները` իրենց շահառուների համար:

Հասարակական կազմակերպություններն ստացված պարագաների և այլ ապրանքների բաշխումից հետո նախարարի կողմից հաստատված ձևով նախարարություն են ներկայացնում բաշխման և շահառուների մասին հաշվետվություն:

13. Կազմակերպությունները մարդասիրական օգնության կարգով դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ստանալու համար գրավոր դիմում են նախարարություն` նշելով դիմումատուի անունը, կազմակերպաիրավական տեսակը և պետական պատվերի իրականացման մասին տեղեկատվություն:

14. Դիմումը քննարկվում է նախարարությունում և ստացման օրվանից առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում առաքվում է մարդասիրական օգնության կենտրոն կամ մերժվում է:

15. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման մասին դիմումը մերժվում է, եթե`

ա) հայտատուն սույն կարգի համաձայն իրավունք չունի մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղեր ու բժշկական նշանակության պարագաներ ստանալ.

բ) ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) դիմումատուն մինչև հայտ ներկայացնելը պատշաճ ձևով չի վարել սույն կարգով նախատեսված հաշվառումը և (կամ) չի ներկայացրել պահանջվող հաշվետվությունները:

16. Նախարարության կողմից դիմումի բավարարման դեպքում դիմումատուները նախարարի կողմից հաստատված ձևով հայտ-պահանջագիր են ներկայացնում մարդասիրական օգնության կենտրոն, որտեղից ստանում են դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ: Մարդասիրական օգնության կենտրոնը վարում է ստացող կազմակերպությունների տեղեկատվական բազա և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածում մարդասիրական օգնության կենտրոնից բեռներ ստացող կազմակերպությունների ցանկի և ստացված ապրանքների գումարների մասին:

17. Նույն կազմակերպությունների կողմից նույն դեղերի կրկնակի կամ չարդարացված քանակի դեղերի բացթողումը կանխելու նպատակով մարդասիրական օգնության կենտրոնում վարվում է տեղեկատվական համակարգ և յուրաքանչյուր դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի բացթողման դեպքում տեղեկատվական համակարգով ճշտվում է տվյալ կազմակերպության կողմից նախկինում ստացված դեղերի տեսականին և քանակներն ու ընդունվում է որոշում դեղի հայցվող տեսականու և դրա քանակի բացթողման մասին:

18. Աղետների, արտակարգ իրավիճակների, համաճարակների, դեղերի առկա մեծ քանակների, կենտրոնացված գնումների ցանկում առկա դեղերի` մարդասիրական օգնության կարգով ստացման և այլ նմանատիպ դեպքերում դեղերի բաշխումը կարող է իրականացվել նախարարի առանձին հրամանով:

19. Մարդասիրական օգնության կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, նախարարություն է ներկայացնում հաշվետվություն տվյալ պահին առկա դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մասին:

20. Նախարարությունը ստեղծում և վարում է սույն կարգով ամրագրված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ:

21. Նախարարությունն իրականացնում է դեղերի և բժշկական նշանակության ապրանքների` մարդասիրական կենտրոնի կողմից ստացման, հաշվառման և բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 31.05.12 N 686-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան