ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2012 թվականի N 771-Ն
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 771-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են «Գույքահարկի և հողի հարկի գծով ապառքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան (այսուհետ` օրենք) գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու հարցերի հետ կապված հարաբերությունները:
2. Գույքահարկ և հողի հարկ վճարողներին հաշվառող մարմինը, մինչև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված լրացուցիչ ծրագրային ապահովման միջոցի կիրառումը, տեղեկատվական ավտոմատացված համակարգի միջոցով կազմում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հողի հարկի և (կամ) գույքահարկի պարտավորություններ ունեցող այն ֆիզիկական անձանց ցանկերը (յուրաքանչյուրի համար նշելով չվճարված ընդհանուր հարկի և ընդհանուր տույժի գումարները), որոնց՝
1) շինությունների գույքահարկի պարտավորությունները (գույքահարկը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կազմում են մինչև 1 մլն դրամ (ներառյալ).
2) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները (գույքահարկը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կազմում են մինչև 0.5 մլն դրամ (ներառյալ).
3) հողի հարկի պարտավորությունները (հողի հարկը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կազմում են մինչև 1 մլն դրամ (ներառյալ).
4) շինությունների գույքահարկի պարտավորությունները (գույքահարկը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կազմում են ավելի քան 1 մլն դրամ.
5) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները (գույքահարկը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կազմում են ավելի քան 0.5 մլն դրամ.
6) հողի հարկի պարտավորությունները (հողի հարկը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կազմում են ավելի քան 1 մլն դրամ:
3. Գույքահարկ և հողի հարկ վճարողներին հաշվառող մարմինը տեղեկատվական ավտոմատացված համակարգի միջոցով կազմում է այն ֆիզիկական անձանց ցանկերը (յուրաքանչյուրի համար առանձին նշելով հաշվարկված և չվճարված տույժի գումարները), որոնք մինչև օրենքն ուժի մեջ մտնելը փաստացի ամբողջությամբ կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքահարկի և հողի հարկի գումարների վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված և չվճարված տույժեր:
4. Գույքահարկ և հողի հարկ վճարողներին հաշվառող մարմինը տեղեկատվական ավտոմատացված համակարգի միջոցով կազմում է՝
1) այն կազմակերպությունների (այդ թվում` լուծարված) ցանկերը, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ունեն 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար չվճարված գույքահարկ և հողի հարկ, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժեր և տուգանքներ.
2) այն ֆիզիկական անձանց ցանկերը, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ունեն 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար չվճարված գույքահարկ և հողի հարկ, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժեր և տուգանքներ:
5. Համայնքի ղեկավարը սույն կարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ցանկերն ի գիտություն տրամադրում է համայնքի ավագանուն:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար չվճարված գույքահարկի և հողի հարկի, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարումից ազատումը կատարվում է տեղեկատվական ավտոմատացված համակարգում լրացուցիչ ծրագրային ապահովման միջոցի կիրառման միջոցով՝ դրանց զրոյացմամբ: Սույն կետով նախատեսված լրացուցիչ ծրագրային ապահովման միջոցի կիրառումից հետո տեղեկատվական ավտոմատացված համակարգում 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտավորությունների գրանցման (ներառյալ կազմակերպությունների կողմից գույքահարկի կամ հողի հարկի հաշվարկների ներկայացմամբ պարտավորությունների առաջացման) դեպքում գույքահարկի և հողի հարկի, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարումից ազատումն իրականացվում է հաշվառող մարմնի կողմից` տեղեկատվական ավտոմատացված համակարգի համապատասխան գործիքների կիրառմամբ:
7. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ցանկերում ներառված 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք այդ ժամանակաշրջանների գույքահարկի գումարները (առանց տույժերի) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ամբողջությամբ վճարելու դեպքում ազատվում են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Ֆիզիկական անձինք հաշվառող մարմին են ներկայացնում վճարման փաստաթուղթը, որի հիման վրա հաշվառող մարմինն ազատում է հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից՝ տեղեկատվական ավտոմատացված համակարգի գործիքների կիրառմամբ:
8. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ցանկում ներառված 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք այդ ժամանակաշրջանների հողի հարկի գումարները (առանց տույժերի) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ամբողջությամբ վճարելու դեպքում ազատվում են հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Ֆիզիկական անձինք հաշվառող մարմին են ներկայացնում վճարման փաստաթուղթը, որի հիման վրա հաշվառող մարմինն ազատում է հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից՝ տեղեկատվական ավտոմատացված համակարգի գործիքների կիրառմամբ:
9. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ցանկերում ներառված 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորություններ ունեցող և օրենքով սահմանված կարգով ժամանակացույց կնքած ու ժամանակացույցով սահմանված ժամկետների պահպանմամբ գույքահարկի (առանց տույժերի) վճարումներ կատարած ֆիզիկական անձինք ազատվում են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Ֆիզիկական անձինք հաշվառող մարմին են ներկայացնում վճարման փաստաթուղթը, որի հիման վրա հաշվառող մարմինն ազատում է հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից՝ տեղեկատվական ավտոմատացված համակարգի գործիքների կիրառմամբ:
10. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ցանկում ներառված 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հողի հարկի պարտավորություններ ունեցող և օրենքով սահմանված կարգով ժամանակացույց կնքած ու ժամանակացույցով սահմանված ժամկետների պահպանմամբ հողի հարկի (առանց տույժերի) վճարումներ կատարած ֆիզիկական անձինք ազատվում են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Ֆիզիկական անձինք հաշվառող մարմին են ներկայացնում վճարման փաստաթուղթը, որի հիման վրա հաշվառող մարմինն ազատում է հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից` տեղեկատվական ավտոմատացված համակարգի գործիքների կիրառմամբ:
11. Սույն կարգի 3-րդ կետում նշված ցանկերում ներառված գույքահարկ և հողի հարկ վճարող ֆիզիկական անձինք ազատվում են չվճարված տույժերը վճարելուց: Չվճարված տույժերի վճարումից ազատումն իրականացվում է հաշվառող մարմնի կողմից՝ տեղեկատվական ավտոմատացված համակարգի գործիքների կիրառման միջոցով:
12. Գույքահարկ և հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գույքահարկի և հողի հարկի վճարված տույժերի գումարները հաշվառող մարմնի կողմից տեղեկատվական ավտոմատացված համակարգի գործիքների կիրառմամբ հաշվանցվում են հարկ վճարողների գույքահարկի և հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|