ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 հունիսի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 3-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2012 թվականի հունիսի 11-ին մուտքագրված դիմումը:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի (այսուհետ` Ծրագիր) լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի մայիսի 3-ին` Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` Բանկ) միջև:
2. Համաձայնագրի նպատակն է ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը, հասանելի, հուսալի ու կայուն ծառայությունների մատուցումը, որոնք կկառավարվեն առևտրային սկզբունքներով ու բնապահպանական տեսանկյունից հուսալի գործելակերպով (Առդիր 1, կետ 1), վերականգնել, փոխարինել և ընդլայնել Ծրագրի շրջանակներում ընդգրկված 18 քաղաքներում և 92 գյուղական համայնքներում ջրամատակարարման բաշխիչ ցանցերը (Առդիր 1, կետ 2):
Ծրագիրը կազմված է երեք մասերից` ա) ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերականգնում, փոխարինում և (կամ) ընդլայնում, բ) աջակցություն վերը նկարագրված աշխատանքների մասով Ծրագրի նախագծման, իրականացման և վերահսկման ու Ծրագրի տեխնիկական և ֆինանսական աուդիտի իրականացման համար և գ) Հայջրմուղկոյուղի ընկերության և վերջինիս սպասարկման տարածքում չընդգրկված գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատակարարողների կարողությունների զարգացում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայջրմուղկոյուղի ընկերության կողմից, որի նպատակով Հայջրմուղկոյուղի ընկերությանը կտրամադրվի սույն Համաձայնագրում նշված վարկային միջոցները` Բանկի պահանջները բավարարող պայմաններին համապատասխան:
Ծրագիրն ավարտվելու է 2017 թվականի ապրիլի 30-ին (Առդիր 1, կետ 3):
3. Համաձայնագիրը բաղկացած է 8 հոդվածներից, որոնք վերաբերում են վարկին առնչվող կանոնակարգերին ու սահմանումներին (հոդված I), վարկի չափին ու մարմանը (հոդված II), վարկի միջոցների օգտագործմանը (հոդված III), Ծրագրի իրականացման հատուկ պարտադիր պայմաններին (հոդված IV), վարկի կասեցմանը, չեղյալ համարմանը կամ մարման ժամկետի արագացմանը (հոդված V), Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն (հոդված VI), իրավասությունների պատվիրակմանը (հոդված VII) և այլ դրույթներին (հոդված VIII):
4. Համաձայնագրի II հոդվածի 2.01 բաժնի համաձայն` Բանկի կողմից Վարկառուին տրամադրվող վարկի չափը կազմելու է 25.886.000 ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք), իսկ տրամադրման ժամկետը` 32 տարի (մինչև 2044թ. փետրվարի 1-ը): Վարկի փակման ամսաթիվը 2017 թվականի հոկտեմբերի 31-ն է կամ որևէ այլ ամսաթիվ, որը ժամանակ առ ժամանակ կհամաձայնեցվի Բանկի ու Վարկառուի միջև (III հոդված, 3.06 բաժին): Վարկի հիմնական գումարի և տոկոսագումարի վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է:
5. Համաձայնագիրն ունի 5 առդիրներ, որոնցում ներկայացված են՝ Ծրագրի նկարագրությունը (Առդիր 1), Վարկի մարման ժամանակացույցը (Առդիր 2), Վարկի միջոցների հատկացումը և մասհանումը (Առդիր 3), Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը (Առդիր 4), Ծրագրի կատարումը և ֆինանսական հարցերը (Առդիր 5):
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Համաձայնագրի II հոդվածի 2.02 բաժնի համաձայն` վարկային հաշվից հանված գումարի և հետագա մնացորդի համար յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին Բանկին վճարել արտոնյալ ժամանակահատվածի (2012 - 2020թթ.) ընթացքում տարեկան 1% տոկոսավճար, իսկ ոչ արտոնյալ ժամանակահատվածի (2020 - 2044թթ.) ընթացքում` 1,5% տոկոսավճար,
● սկսած 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2044 թվականի փետրվարի 1-ը, կիսամյակային մուծումներով` Վարկի մայր գումարը, տոկոսավճարները և վարկի հետ կապված վճարները ենթակա են կատարման յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին` ըստ 2-րդ առդիրում ամրագրված մարման ժամանակացույցի (II հոդված, 2.03 և 2.04 բաժիններ),
● վերավարկավորել Վարկի միջոցները Հայջրմուղկոյուղի ընկերությանը՝ Ենթավարկային համաձայնագրի (համաձայնագրերի) ներքո՝ Բանկի համար ընդունելի պայմանների համաձայն (հոդված III, բաժին 3.01, կետ «ա»),
● ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունն ուղղի Վարկի միջոցները Ծրագրից բխող ծախսերի ֆինանսավորման համար՝ Վարկային համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01, կետ «բ»),
● եթե Բանկն այլ համաձայնություն չի տալիս, ապա կատարել կամ ապահովել, որպեսզի Վարկի միջոցներից ֆինանսավորվող ծախսային հոդվածների մասով գնումները կատարվեն Վարկային համաձայնագրի 4-րդ առդիրի կիրառելի դրույթներին համապատասխան (հոդված III, բաժին 3.03),
● եթե Բանկն այլ համաձայնություն չի տվել, ապա ապահովել, որպեսզի Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ծախսային հոդվածները կատարվեն բացառապես Ծրագրի իրականացման նպատակով, իսկ գնումները կատարվեն Համաձայնագրի 4-րդ առդիրի կիրառելի դրույթներին համապատասխան (III հոդված, 3.03 և 3.04 բաժիններ),
● Ծրագրի իրականացման և Ծրագրի օբյեկտների շահագործման ընթացքում կատարել կամ ապահովել, որպեսզի կատարվեն Համաձայնագրի 5-րդ առդիրում ամրագրված բոլոր պարտավորությունները (հոդված IV, բաժին 4.01),
● հնարավորություն ընձեռել Բանկի ներկայացուցիչներին ստուգելու Ծրագիրը, Ապրանքներն ու Աշխատանքները, ինչպես նաև ցանկացած համապատասխան գրանցում ու փաստաթուղթ (հոդված IV, բաժին 4.02),
● ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը հնարավորություն ունենա կատարելու իր պարտավորությունները Ծրագրի համաձայնագրի ներքո՝ ներառյալ սակագների սահմանումը և կիրառումը, ինչպես նշված է Համաձայնագրի 5-րդ առդիրի 4-րդ պարբերության մեջ, ինչպես նաև չձեռնարկել կամ չթույլատրել ձեռնարկել որևէ գործողություն, որը կմիջամտի այդպիսի պարտավորությունների կատարմանը (հոդված IV, բաժին 4.04),
● նշանակել Հայջրմուղկոյուղի ընկերությանը որպես Հայաստանի Հանրապետության գործակալ` Համաձայնագրի 3.02, 3.03 և 3.05 բաժիններով և Վարկին առնչվող կանոնակարգերի 5.01, 5.02 և 5.03 բաժիններով պահանջվող կամ թույլատրվող գործողությունների ձեռնարկման և ցանկացած պայմանագիր կնքելու նպատակով (հոդված VII, բաժին 7.01),
● Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքներն ու խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Բանկի այն անդամ պետությունների կողմից, որոնք նշանակվել են Բանկի կողմից` որպես գնման թույլատրելի աղբյուրներ, և որոնք բավարարում են Բանկի կողմից սահմանված համապատասխանելիության չափորոշիչներին (III հոդված, 3.05 բաժին),
● Բանկին հնարավորություն է ընձեռում պարբերաբար քննարկելու Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները և Ծրագրին վերաբերող ֆինանսական հարցերը իր կողմից նշանակված աուդիտորների հետ միասին (IV հոդված, 4.03 բաժին, «բ» կետ),
● ապրանքները, աշխատանքները և խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել համապատասխանաբար Գնումների ուղեցույցների համաձայն և կարգավորել Խորհրդատվական ուղեցույցներով (Առդիր 4, կետ 1),
● եթե Բանկն այլ համաձայնություն չի տալիս, ապրանքները և աշխատանքները ձեռք բերել բացառապես Միջազգային մրցակցային սակարկությունների, Ազգային մրցակցային սակարկությունների և Շոփինգ գնումների մեթոդների հիման վրա (Առդիր 4, կետ 3),
● Բանկի հետ ապահովել, որպեսզի մինչև ազգային մրցակցային սակարկությունները գնման որևէ գործընթաց սկսելը Հայաստանի Հանրապետության մրցակցային ընթացակարգերը համապատասխանեն Գնումների ուղեցույցներին (Առդիր 4, կետ 5),
● չկնքել աշխատանքների հետ կապված որևէ պայմանագիր Ենթածրագրի համար, որը ենթադրում է բնապահպանական ազդեցություն՝ քանի դեռ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը չի տրամադրել Ծրագրի բնապահպանական նախնական ուսումնասիրության (ԲՆՈՒ) վերջնական հաստատումը, և Հայաստանի Հանրապետությունն Աշխատանքների հետ կապված պայմանագրում չի ներառել Ծրագրի բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) համապատասխան դրույթները (Առդիր 4, կետ 6),
● բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ համաձայնություն է տալիս, և բացառությամբ այն դեպքերի, որոնք ամրագրված են Համաձայնագրի 4-րդ առդիրի 9-րդ կետում, Խորհրդատվական ծառայություններ ընտրելիս և ներգրավելիս կատարել որակի և գնի վրա հիմնված ընտրություն (Առդիր 4, կետ 8),
● ապահովել, որպեսզի ձեռք բերվող բոլոր ապրանքներն ու աշխատանքները (ներառյալ` առանց սահմանափակումների, ողջ համակարգչային տեխնիկան, ծրագրերը և համակարգերը` անկախ այն հանգամանքից, առանձին են ձեռք բերված, թե ներգրավված են ձեռք բերվող այլ ապրանքների և ծառայությունների մեջ) չոտնահարեն և չխախտեն արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ էլ երրորդ կողմի պահանջի առարկա հանդիսանան (Առդիր 4, կետ 10, ենթակետ «ա»),
● ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Ծրագրի կառավարման ձեռնարկում (ԾԿՁ) ամրագրված մանրամասն միջոցառումների համաձայն, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ծրագրի համար անհրաժեշտ համաֆինանսավորումը հատկացվի և դուրս գրվի ժամանակին` Ծրագրի ներքո աշխատանքները ժամանակին ավարտելու նպատակով, և լրացուցիչ համաֆինանսավորումը ժամանակին տրամադրվի միջոցների անբավարարության կամ գերածախսի դեպքում (Առդիր 5, կետեր 1 և 2),
● ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը և ծառայություն մատուցող մյուս կազմակերպություններն ունենան համարժեք հարկադիր մեխանիզմներ և իրավասություններ` արդյունավետ կերպով հավաքագրելու ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայության դիմաց վճարներ և վճարում չկատարողներին տուգանելու նպատակով` հավաքագրման արդյունավետությունը բարելավելու, վճարումից խուսափելը սահմանափակելու և ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների անխափանությունը երաշխավորելու նպատակով (Առդիր 5, կետ 3),
● հանել Սկզբնական վարկային համաձայնագրի 5-րդ առդիրի 7-րդ կետը և ամբողջությամբ փոխարինել Համաձայնագրի 5-րդ առդիրի 4-րդ կետում սահմանված դրույթով (Առդիր 5, կետ 4),
● երաշխավորել և ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը երաշխավորի, որ բոլոր Ենթածրագրերն ընտրվեն Համաձայնագրի 5-րդ առդիրի 5-րդ կետի «ա»-«է» ենթակետերում սահմանված ընտրության չափորոշիչներին համապատասխան (Առդիր 5, կետ 5),
● երաշխավորել և ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը երաշխավորի, որ յուրաքանչյուր Ծրագրի և Ծրագրի բոլոր օբյեկտների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, գործողությունը և ավարտը համապատասխանեն Հայաստանի Հանրապետության` շրջակա միջավայրին, առողջապահությանը և անվտանգությանը վերաբերող բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, Բնապահպանական երաշխիքներին, Ծրագրի բնապահպանական նախնական ուսումնասիրությունում (ԲՆՈՒ) և Ծրագրի բնապահպանական կառավարման պլանում (ԲԿՊ) սահմանված պահանջներին, ինչպես նաև Երաշխիքների մասով մոնիթորինգի հաշվետվությամբ ամրագրված ուղղիչ կամ կանխարգելիչ գործողություններին (Առդիր 5, կետ 6),
● երաշխավորել և ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը երաշխավորի, որ որևէ տեսակի աշխատանքների իրականացում չհանգեցնի հողի մշտական ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, իրավիճակի վատթարացման, օգտագործման սահմանափակման կամ մուտքի դեպի մասնավոր սեփականություն, որոնց դեպքում կկիրառվի Բանկի` հարկադիր վերաբնակեցման մասով երաշխիքները, և որ Ծրագրի բոլոր օբյեկտները լինեն և Ծրագրի ներքո աշխատանքները կատարվեն գոյություն ունեցող օտարման գոտիների սահմաններում, և Ենթածրագրի շրջանակներում հողի ձեռքբերման կամ վերաբնակեցման գործողությունների չնախատեսված անհրաժեշտություն առաջանալու դեպքում հողի ձեռքբերումը և (կամ) վերաբնակեցումն իրականացվի հողի ձեռքբերման և հարկադիր վերաբնակեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության` կիրառելի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, Հարկադիր վերաբնակեցման մասով երաշխիքներին, Սկզբնական ծրագրի Վերաբնակեցման շրջանակային փաստաթղթի (ՎՇ), ինչպես նաև Ծրագրի վերաբնակեցման պլանում (ՎՊ) ամրագրված բոլոր միջոցներին և պահանջներին համապատասխան` հաշվի առնելով Երաշխիքների մասով մոնիթորինգի հաշվետվությամբ ամրագրված ուղղիչ կամ կանխարգելիչ գործողությունները (Առդիր 5, կետ 7),
● երաշխավորել և ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը երաշխավորի, որ Ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չգործի տեղաբնակների վրա` Բանկի երաշխիքների քաղաքականության փաստաթղթի (ԵՔՓ) իմաստով, իսկ նման ազդեցության դեպքում ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը նախապատրաստի, ներկայացնի և իրականացնի տեղաբնակների հետ կապված ծրագիր` տեղաբնակների և Բանկի երաշխիքների քաղաքականության փաստաթղթի (ԵՔՓ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան (Առդիր 5, կետ 9),
● հասանելի դարձնել կամ ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունը հասանելի դարձնի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ` Ծրագրի բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) և Ծրագրի վերաբնակեցման պլանի (ՎՊ) լիարժեք իրականացման համար (Առդիր 5, կետ 10),
● իրականացնել կամ ապահովել, որպեսզի Հայջրմուղկոյուղի ընկերությունն իրականացնի Համաձայնագրի 5-րդ առդիրի 12-րդ կետի «ա»-«է» ենթակետերում սահմանված գործողությունները (Առդիր 5, կետ 12):
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2007 թվականի դեկտեմբերի 18-ով թվագրված Սկզբնական վարկային համաձայնագիրը` «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) (Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի)» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2008 թվականի ապրիլի 4-ին` Ազգային ժողովի թիվ Ն-071-4 որոշմամբ (ՍԴՈ-738):
Վերոհիշյալ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման միջոցով` թվով 16 ավաններում և 125 գյուղերում բնակվող մարդկանց խմելու ջրով ապահովելու նպատակով, Բանկից ստանում է 23.498.000 ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) համարժեք վարկ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված Համաձայնագրի Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի իրականացմանն ուղղված վարկային միջոցների օգտագործման ուսումնասիրություն է կատարել ՀՀ վերահսկիչ պալատը և 2010 թվականի հունվարի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմվել է Ընթացիկ հաշվետվություն:
8. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Համաձայնագրի 3-րդ առդիրով ներկայացված վարկի միջոցների հատկացման ու մասհանման աղյուսակի հիման վրա կատարվել է վարկային միջոցների բաշխում: Այդ միջոցների նպատակային ու արդյունավետ ծախսման նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել պետական վերահսկողություն ինչպես Համաձայնագրի 3-րդ առդիրի 7-րդ կետով ամրագրված դրույթի համատեքստում, այնպես էլ այդ միջոցների համաչափորեն բաշխման տեսանկյունից:
9. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ նման համաձայնագրերի վավերացման ժամանակ, որոնք ենթադրում են լրացուցիչ ֆինանսավորում, անհրաժեշտ է նախապես հստակ գնահատել արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունավետությունը, և դրանից ելնելով` ճշգրտել վարկային միջոցների հատկացման և մասհանման օբյեկտներն ու ծավալները:
Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հարյուրավոր համայնքներ ընդգրկող նման ծրագրերի իրականացումը հասարակության համար պետք է լինի առավել հրապարակային ու թափանցիկ, այդ թվում` ապահովելով մատչելի տեղեկատվություն իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
10. ՀՀ կառավարությունը 2012 թվականի հունիսի 14-ին հավանություն է տվել Համաձայնագրին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի մայիսի 3-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
15 հունիսի 2012 թ. ՍԴՈ-1032 |
|