Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2012-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.06/28(902) Հոդ.699
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2012 թվականի N 633-Ա
ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1516-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցման նպատակով Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ընդհանուր 69.83 հեկտար հողամասի (այսուհետ` հողամաս) առանձին հողակտորների՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ առաջարկությանը՝ սույն որոշմամբ սահմանված պայմաններով, համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) պատասխանատուն «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է (այսուհետ` ծրագրի կառավարիչ).
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացված հողակտորները ենթակա են օտարման՝ ծրագրի կառավարչի կողմից ամբողջ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ընտրված ներդրողներին` սույն որոշմամբ նախատեսված պայմաններով.
3) ծրագրի իրականացման ընթացքում ներդրողների հետ վարվող բանակցությունների արդյունքում՝ սույն որոշման 1-ին կետում նշված առանձին հողակտորների չափերը և քանակները կարող են փոփոխվել: Ընդ որում, ծրագրի կառավարչի կողմից ներդրողներ կարող են ընտրվել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը: Ծրագրի կառավարչի կողմից նախապատվությունը կտրվի այն ներդրողներին, որոնք ձեռք կբերեն ավելի շատ հողակտորներ և կառաջարկեն գումարների վճարման ու ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցապատման առավել կարճ ժամկետներ.
4) օտարման ենթակա չեն սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի այն հատվածները, որոնք ծանրաբեռնված են մայրուղային ջրագծերով, կամ նախատեսված են կենտրոնացված համակարգի ենթակառուցվածքների կառուցապատման կամ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար.
5) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացված հողակտորների առնվազն 40 տոկոսի նկատմամբ ներդրողներ չընտրվելու դեպքում ծրագիրը համարվում է չկայացած, և սույն որոշումն ուժը կորցրած է ճանաչվում.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 498 որոշմամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներդրումային ծրագրի շրջանակներում ընտրված ներդրողներին օտարվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված առանձնացված հողակտորների վրա:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:
4. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում կնքվող գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրականացմանը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ջրօգտագործողների ընկերության և ծրագրի կառավարչի հետ համատեղ քննարկել ու ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում առկա ջրատարների ապամոնտաժումը և տեղափոխումը։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսությունների զարգացման պետական մասնավոր համագործակցության վրա հիմնված փորձնական ծրագրին մասնակցելու մասին» N 1516-Ա որոշումը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 25
Երևան |
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
մայիսի 3-ի N 633-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
մայիսի 3-ի N 633-Ա որոշման |
ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. Երևանի քաղաքային համայնքի և ծրագրի կառավարչի միջև կնքվող համաձայնագիրը
1-ին կողմ |
Երևանի քաղաքային համայնք |
2-րդ կողմ |
ծրագրի կառավարիչ |
1 |
2 |
Կողմերի պարտավորությունները |
1. Երևանի քաղաքային համայնքը պարտավորվում է՝ 1) սահմանված կարգով ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը. 2) յուրաքանչյուր ներդրողին ընտրելու մասին ծրագրի կառավարչից տեղեկատվություն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ընդունել որոշում ներդրողին տարաժամկետ վճարման պայմանով՝ ուղղակի վաճառքի ձևով համապատասխան հողատարածք (հողատարածքներ) օտարելու վերաբերյալ` համաձայն ծրագրի կառավարչի առաջարկած հատակագծի. 3) հողատարածքներն իրենց նշանակությամբ օգտագործելու համար հողատարածքների այն հատվածները, որոնք ծանրաբեռնված են մայրուղային ջրագծերով և կենտրոնացված համակարգի ենթակառուցվածքներով, ներդրողներին կտրամադրվեն մշտական անվճար սերվիտուտի իրավունքով: Այդ հատվածները ենթակա չեն ներդրողներին օտարման. 4) յուրաքանչյուր ներդրողին հողատարածք (հողատարածքներ) օտարելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո հինգ օրվա ընթացքում ներդրողի հետ կնքել տարաժամկետ վճարման պայմանով համապատասխան հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագիր. 5) հողատարածքների ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագրերի պայմաններին համապատասխան՝ ներդրողներին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածքներ. 6) ներդրողներին իր լիազորությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել ջերմատների կառուցման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները. 7) ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը և ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների, ճանապարհի կառուցապատման համար ծրագրի կառավարչին ապահովել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածքներով. 8) իր լիազորությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծրագրի կառավարչին տրամադրել ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը և ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների ու ճանապարհի կառուցապատման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները. 9) այն հողատարածքների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը և ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների ու ճանապարհի կառուցապատման և սպասարկման համար, ծրագրի կառավարչին տրամադրել մշտական անվճար սերվիտուտ: |
|
2. Ծրագրի կառավարիչը պարտավորվում է՝ 1) իրականացնել ներդրողների ընտրության գործընթացը և ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողակտորների ընդհանուր տարածքի առնվազն 40 տոկոսի նկատմամբ ներդրողներ ընտրվելուց հետո հինգ օրվա ընթացքում յուրաքանչյուր ներդրողին ընտրելու մասին տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքային համայնք. 2) մշակել և Երևանի քաղաքային համայնքի հետ համաձայնեցնել Երևանի քաղաքային համայնքի ու ներդրողների միջև կնքվող հողատարածքների՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման և ծրագրի կառավարչի ու ներդրողների միջև կնքվող ենթակառուցվածքներին միանալու իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը. 3) կազմակերպել ծրագրի կառավարչի և ներդրողների միջև հողատարածքների՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագրերի կնքման գործընթացը. 4) Երևանի քաղաքային համայնքի և ներդրողներից յուրաքանչյուրի միջև հողատարածքի (հողատարածքների)՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագրի կնքման հետ միաժամանակ տվյալ ներդրողի հետ կնքել ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին միանալու իրավունքի տրամադրման մասին պայմանագիր. 5) ներդրողների հետ պայմանագրերի կնքման պահից յոթ ամսվա ընթացքում կառուցապատել ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը և ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներն ու ճանապարհը: Ենթակառուցվածքները կհանդիսանան 2-րդ կողմի սեփականությունը, և նրա կողմից կիրականացվեն դրանց շահագործումն ու անհրաժեշտ թողունակության ապահովումը: Ենթակառուցվածքների կառուցապատման համար անհրաժեշտ թույլտվությունների ստացման ժամկետներով պայմանավորված` սույն ենթակետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան՝ իրավական ակտերով նախատեսված թույլտվության համար սահմանված վերջնաժամկետը. 6) կազմակերպել ներդրողների ջրային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարման մասին համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը. 7) իրականացնել հսկողություն ներդրողների հետ կնքված պայմանագրերի պայմանների կատարման նկատմամբ և խախտումների հայտնաբերման դեպքում տեղեկացնել Երևանի քաղաքային համայնքին. 8) Երևանի քաղաքային համայնքի և ներդրողների միջև հողատարածքների՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագրերի կնքումից հետո յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Երևանի քաղաքային համայնք ներկայացնել հաշվետվություն ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ: |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: |
Գործարք 2. Երևանի քաղաքային համայնքի և Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար ընտրված ներդրողների միջև կնքվող պայմանագրերը
Վաճառող |
Երևանի քաղաքային համայնք |
1 |
2 |
Գնորդ |
Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար ընտրված ներդրող |
Առարկան |
Ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցապատման համար տարաժամկետ վճարման պայմանով հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառք գնորդին |
Պայմանագրի կնքման ժամկետը |
Վաճառողի կողմից հողատարածքի (հողատարածքների) օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ օրվա ընթացքում |
Պայմանագրի գինը և վճարման ժամկետները |
Գնորդի կողմից վաճառողին վճարման ենթակա գումարը մեկ քառ. մետր հողատարածքի (հողատարածքների) համար կազմում է 4460 դրամ: Պայմանագրի գինը ներառում է հողատարածքի կադաստրային արժեքը` 2940 դրամ, և լրացուցիչ գումարը` 1520 դրամ: Նշված գումարը գնորդի կողմից կվճարվի ներդրողների ընտրության գործընթացում իր կողմից առաջարկված ժամանակացույցին համապատասախան` պայմանագրի կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին վճարումը (13 տոկոսի չափով)՝ պայմանագրի կնքման պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը (9 տոկոսի չափով)՝ առաջին վճարման համար սահմանված ժամկետը լրանալու պահից 90 օրվա ընթացքում, երրորդ վճարումը (35 տոկոսի չափով)՝ երկրորդ վճարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 120 օրվա ընթացքում, և չորրորդ վճարումը (43 տոկոսի չափով)՝ երրորդ վճարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 130 օրվա ընթացքում: |
Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Հողատարածքի (հողատարածքների) նկատմամբ իրավունքը գնորդին կփոխանցվի իրավունքների պետական գրանցման պահից, սակայն հողատարածքը (հողատարածքները) կհամարվի (կհամարվեն) Երևանի քաղաքային համայնքում գրավադրված՝ մինչև գնորդի կողմից պայմանագրի գնի և ծրագրի կառավարչի ու գնորդի միջև կնքվող պայմանագրով նախատեսված իրավունքի դիմաց ամբողջական վճարումը: |
Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն) |
Գնորդի հաշվին |
Կողմերի պարտավորությունները
|
1. Վաճառողը պարտավորվում է՝ 1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածք (հողատարածքներ). 2) հողատարածքի (հողատարածքների) այն հատվածների նկատմամբ, որոնք ծանրաբեռնված են մայրուղային ջրագծերով և երրորդ անձանց պատկանող այլ ենթակառուցվածքներով, սահմանել մշտական անվճար սերվիտուտ` օտարված հողատարածքը (հողատարածքները) նշանակությամբ օգտագործելու համար. 3) իր լիազորությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել ջերմատների և դրանց շահագործման ու սպասարկման օժանդակ տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: |
|
2. Գնորդը պարտավորվում է. 1) պայմանագրի պայմաններին համապատասխան` վճարել պայմանագրի գինը. 2) պայմանագիրը կնքելու հետ միաժամանակ ծրագրի կառավարչի հետ կնքել ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին միանալու իրավունքի տրամադրման մասին պայմանագիր. 3) ջերմատների կառուցապատումն իրականացնել ներդրողների ընտրության գործընթացում իր կողմից առաջարկված ժամանակացույցին համապատասախան: Ընդ որում, ջերմատներով և շահագործման ու սպասարկման օժանդակ տնտեսություններով կառուցապատել հողատարածքի (հողատարածքների) առնվազն 75 տոկոսը (կառուցապատման առաջին տարում՝ առնվազն մեկ հեկտար). 4) հողատարածքը (հողատարածքները) օգտագործել բացառապես Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված պայմաններին համապատասխան՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ապակեպատ կամ պոլիկարբոնատապատ, առնվազն 4 մետր բարձրությամբ ջեռուցվող ջերմատների և դրանց շահագործման ու սպասարկման օժանդակ տնտեսությունների (սառնարանային, տեսակավորման, փաթեթավորման և այլն) կառուցման ու շահագործման նպատակով. 5) հողատարածքի վրա կառուցված ջերմատներն առնվազն տասը տարի օգտագործել բացառապես բուսաբուծական մթերքների և (կամ) սածիլների արտադրության համար. 6) ստեղծել պայմաններ՝ պայմանագրի պայմանների կատարման նկատմամբ ծրագրի կառավարչի կողմից հսկողություն իրականացնելու համար. 7) ասիմիլյացիոն լուսավորության կիրառման դեպքում՝ կառուցապատված ջերմատներն ապահովել ուղղահայաց և հորիզոնական լուսաքողարկման համակարգով` այն օգտագործելով երեկոյան և գիշերային ժամերին. 8) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը (հողատարածքները), մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողատարածքը (հողատարածքները) նոր գնորդին կարող է (են) օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում: |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: Գնորդը պատասխանատվություն է կրում՝ 1) պայմանագրի գնի վճարման ժամկետների խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման հերթական ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում. 2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով: |
Գործարք 3. Ծրագրի կառավարչի և ներդրումային ծրագրի իրականացման համար ընտրված ներդրողների միջև կնքվող պայմանագրերը
1-ին կողմ |
Ծրագրի կառավարիչ |
2-րդ կողմ |
Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար ընտրված ներդրող (այսուհետ` ներդրող) |
Առարկան |
1-ին կողմի կողմից 2-րդ կողմին ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին միանալու իրավունքի տրամադրում |
Պայմանագրի կնքման ժամկետները |
Երևանի քաղաքապետարանի և 2-րդ կողմի միջև հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագրի կնքման հետ միաժամանակ |
Պայմանագրի գինը և վճարման ժամկետները |
Ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին միանալու իրավունքի դիմաց վճարը մեկ քառ. մետր հողատարածքի հաշվով կազմում է 2540 դրամ: Պայմանագրի գինը 2-րդ կողմի կողմից կվճարվի ներդրողների ընտրության գործընթացում իր կողմից առաջարկված ժամանակացույցին համապատասխան` պայմանագրի կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին վճարումը (45 տոկոսի չափով)՝ պայմանագրի կնքման պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը (45 տոկոսի չափով)՝ առաջին վճարման համար սահմանված ժամկետը լրանալու պահից 90 օրվա ընթացքում, երրորդ վճարումը (5 տոկոսի չափով)՝ երկրորդ վճարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 120 օրվա ընթացքում, և չորրորդ վճարումը (5 տոկոսի չափով)՝ երրորդ վճարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 130 օրվա ընթացքում: |
Պայմանագրով ենթակառուցվածքներից օգտվելու իրավունքների փոխանցումը |
Ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներից յուրաքանչյուրին միանալու իրավունքը կհամարվի 2-րդ կողմին տրամադրված՝ համապատասխան ենթակառուցվածքին միանալու պահից: |
Կողմերի պարտավորությունները |
1. 1-ին կողմը պարտավորվում է՝ 1) ներդրողների հետ պայմանագրերի կնքման պահից յոթ ամսվա ընթացքում 2-րդ կողմի կողմից ձեռք բերված հողատարածքը (հողատարածքները) ապահովել ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին միանալու կետով (կետերով): Ենթակառուցվածքների կառուցապատման համար անհրաժեշտ թույլտվությունների ստացման ժամկետներով պայմանավորված` սույն ենթակետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել. 2) ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների կառուցապատումից հետո 2-րդ կողմի հետ կնքել ենթակառուցվածքներից օգտվելու մասին պայմանագիր. 3) ապահովել ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների` 2-րդ կողմին անհրաժեշտ թողունակությունը. 4) կազմակերպել ներդրողների՝ ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարման մասին համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը: |
|
2. 2-րդ կողմը պարտավորվում է՝ 1) պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել պայմանագրի գինը. 2) ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների կառուցապատումն ավարտվելուց հետո 1-ին կողմի հետ կնքել համապատասխան վճարի դիմաց ենթակառուցվածքներից օգտվելու մասին պայմանագիր: |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: 1-ին կողմը պատասխանատվություն է կրում ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների կառուցման ժամկետների խախտման համար, որի դեպքում պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: 2-րդ կողմը պատասխանատվություն է կրում պայմանագրի գնի վճարման ժամկետների խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Պայմանագիրը կարող է լուծվել միայն Երևանի քաղաքային համայնքի և 2-րդ կողմի միջև կնքված հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին պայմանագիրը լուծվելու դեպքում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով: |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |