Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.658
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0703/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0703/02/10

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

                   Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռուզաննա Գևորգյանի ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)` վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռուզաննա Գևորգյանը պահանջել է Բանկից բռնագանձել 3.475.934 ՀՀ դրամ, որպես տուժող Վ. Սաֆարյանի խնամքի տակ գտնվող երկու երեխաների ու կնոջ համար վնասի փոխհատուցում 22 ամիսների հաշվարկով մինչև երեխաների 18 տարին լրանալը, հաշվարկը կատարելով մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև բռնագանձել ամենամսյա գումար 78.665 ՀՀ դրամ և դրանից հետո օրենքով սահմանված կարգով համապատասխան գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2011 թվականի որոշմամբ Ռուզաննա Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2010 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 23.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.10.2011 թվականի որոշմամբ Ռուզաննա Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետը և 1062-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ կառավարության 15.11.1992 թվականի թիվ 579 որոշմամբ հաստատված` «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» կանոնների 4-րդ, 7-րդ և 19-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 15.11.1992 թվականի թիվ 579 որոշմամբ հաստատված` «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» կանոնների 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում վնասը պատճառել է ոչ թե Բանկը, այլ վերջինիս աշխատակիցը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող` Գոռ Աբաջյանի, Մուշեղ Մուրադյանի և Բանկի գործադիր տնօրեն Գագիկ Վահանյանի հայտարարությունները որպես փաստ չի հետազոտել և դրանց օբյեկտիվ գնահատական չի տվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում` անտեսելով, որ գործով հիմնավորված է, որ Սերոբ Մինասյանը և Վահան Սաֆարյանը, հանդիսանալով Բանկի աշխատակիցներ, դժբախտ պատահարի օրն առավոտյան հրավիրված են եղել Բանկի գլխամասային գրասենյակ հաշվետվություն և վարկային գործ ներկայացնելու համար, ինչն ապացուցվում է Գագիկ Վահանյանի, Գոռ Աբաջյանի և Մուշեղ Մուրադյանի հայտարարություններով, և Բանկում գործերը վերջացնելուց հետո մեկնել են աշխատավայր ու ճանապարհին էլ Սերոբ Մինասյանի մեղքով տեղի է ունեցել ավտովթարը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ իրավացիորեն ամրագրել է, որ Ռուզաննա Գևորգյանը որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց Դատարանին չի ներկայացրել Վահան Սաֆարյանի կողմից աշխատանքային պարտականություններ, կազմակերպության օգտին անհրաժեշտ գործողություններ կատարելու հանգամանքը հիմնավորելու համար, իսկ Գագիկ Վահանյանի, Գոռ Աբաջյանի և Մուշեղ Մուրադյանի հայտարարությունները հայցի բավարարման հիմք հանդիսանալ չեն կարող: Ավելին, որևէ տեղ գրավոր ամրագրում չստացած կարգադրությունները չեն կարող պարտավորության առաջացման հիմք հանդիսանալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Ռուզաննա Սերժի Գևորգյանը և Վահան Երվանդի Սաֆարյանը ամուսնացել են 25.06.2001 թվականին, համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխաներ` 31.07.2001 թվականին ծնված Մանե և 13.11.2003 թվականին ծնված Երվանդ Վահանի Սաֆարյաններին (հատոր 1-ին, գ. թ. 7-9):

2) Ռուզաննա Գևորգյանի ամուսին Վահան Սաֆարյանը աշխատանքի անցնելու նպատակով 09.04.2007 թվականին Բանկի հետ կնքել է թիվ 115 աշխատանքային պայմանագիրը, որով Վ. Սաֆարյանը պարտավորվել է կատարել նույն բանկի «Գյումրի» մասնաճյուղի վարկավորման բաժնում գլխավոր մասնագետի պարտականությունները (հատոր 1-ին, գ. թ. 41-47):

3) Բանկի հետ 19.02.2007 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի, այնուհետև աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 01.08.2007 թվականին կնքված թիվ 97.4 համաձայնագրի համաձայն` Սերոբ Մինասյանը ստանձնել է Բանկի «Գյումրի» մասնաճյուղի կառավարչի պարտականությունները (հատոր 1-ին, գ. թ. 32-40):

 4) Վահան Սաֆարյանը 06.08.2007 թվականին Բանկի «Գյումրի» մասնաճյուղի ղեկավար Սերոբ Մինասյանի հետ գտնվել է Բանկի գլխամասային գրասենյակում և իրականացրել իր աշխատանքային գործունեության հետ կապված գործառույթներ:

5) Վահան Սաֆարյանը 06.08.2007 թվականին Բանկի «Գյումրի» մասնաճյուղի ղեկավար Սերոբ Մինասյանի հետ «Գյումրի» մասնաճյուղ աշխատանքի մեկնելիս վերջինիս վարած ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է:

6) Գոռ Աբաջյանի հայտարարության համաձայն` 06.08.2007 թվականին, երբ վերջինս աշխատելիս է եղել Բանկի գլխամասային գրասենյակում որպես ամփոփ հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ, առավոտյան հանդիպել է «Գյումրու» մասնաճյուղի կառավարիչ Սերոբ Մինասյանին և նույն մասնաճյուղի ավագ մասնագետ Վահան Սաֆարյանին, որոնց հետ զրույցից իմացել է, որ նրանք մինչև Գյումրի մեկնելը եկել են գլխամաս գործադիր տնօրենի տեղակալ Գագիկ Վահանյանի կարգադրությամբ` մասնաճյուղի ընթացիկ հարցերը լուծելու, վարկային գործեր հաստատելու համար (հատոր 2-րդ, գ. թ. 74):

7) Մուշեղ Մուրադյանի հայտարարության համաձայն` 03.08.2007 թվականին, ուրբաթ օրը` երեկոյան, աշխատանքի վերջում մասնաճյուղի կառավարիչ Սերոբ Մինասյանն իրեն հրավիրել է իր մոտ և հայտնել է, որ օգոստոսի 06-ին` երկուշաբթի օրը, ինքը և մասնաճյուղի գլխավոր մասնագետ Վահան Սաֆարյանը հրավիրված են գլխամասային բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գ.Վահանյանի մոտ մասնաճյուղին վերաբերվող հարցերի քննարկման համար, այդ թվում տանելու էին մի քանի վարկային գործեր, ինչպես նաև քաղաքացի Ալբերտ Դերձակյանի վարկային գործը (հատոր 2-րդ, գ. թ. 73):

8) Գագիկ Վահանյանի հայտարարության համաձայն` «… ես վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ 2007 թվականի օգոստոսի 06-ին «ԲՏԱ Ինվեստ» բանկի «Գյումրու» մասնաճյուղի կառավարիչ Սերոբ Մինասյանը և առաջատար մասնագետ Վահան Սաֆարյանը եղել են «ԲՏԱ Ինվեստ» բանկի գլխամասային գրասենյակում, ուր և քննարկել ենք մասնաճյուղի ընթացիկ գործունեության հետ կապված տարաբնույթ հարցեր: Ի հավելումն կարող եմ նշել, որ նույն օրը բանկի իրավասու մարմինների հետ քննարկվել են «Գյումրու» մասնաճյուղի կողմից ներկայացված և հաստատման ենթակա վարկային գործեր …» (հատոր 2-րդ, գ. թ. 75):

 9) ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի` Ռուզաննա Գևորգյանին հասցեագրված 09.06.2009 թվականի թիվ Ե-477 գրության համաձայն` Բանկում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ Վահան Սաֆարյանի մահվան փաստի կապակցությամբ սահմանված կարգով չի իրականացվել ծառայողական քննություն և սահմանված կարգի խախտման արդյունքում չի հաշվարկվել և վճարվել միջին վաստակի չափով փոխհատուցում (հատոր 1-ին, գ. թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

 Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և վերանորոգման աշխատանքների դիմաց կատարված ծախսերի փոխհատուցման պահանջների մասին թիվ ԵՄԴ/0232/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը իր որոշումներում, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված ապացույցների թույլատրելիությանը, գտել է, որ դատարանը պետք է վերոնշյալ հոդվածը կիրառելիս ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տես` Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Մարտին Պետրոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Մարտին Պետրոսյանն ընդդեմ Վարդիթեր Հովհաննիսյանի` հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին, թիվ ԱՎԴ/0235/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ դատարանն ապացույցների վերաբերելիության կանոնները կիրառելիս պետք է հաշվի առնի, որ վերաբերելի են այն ապացույցները, որոնք անհրաժեշտ են քննվող գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար: Այդ մասին է վկայում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը, որի համաձայն՝ նախագահողը ղեկավարում է դատական նիստը՝ մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելիս պետք է պահպանի վերոնշյալ կանոնները, որից հետո որոշի փաստի հաստատված լինելու կամ չլինելու հարցը:

 Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Գագիկ Վահանյանի, Գոռ Աբաջյանի և Մուշեղ Մուրադյանի հայտարարությունները սույն գործով վերաբերելի ապացույց հանդիսանալ չեն կարող, քանի որ Վահան Սաֆարյանն աշխատանքային ժամին, աշխատավայրը լքելով Բանկի գլխամասային գրասենյակ գնալու, վարկային գործեր տանելու և զեկուցելու համար չի ունեցել համապատասխան հրաման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ռուզաննա Գևորգյանի վերաքննիչ բողոքը, որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Հայցվորը որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարան չի ներկայացրել Վահան Սաֆարյանի կողմից աշխատանքային պարտականություններ, կազմակերպության օգտին անհրաժեշտ գործողություններ կատարելու հանգամանքը հիմնավորելու համար: Իսկ Բանկի նախկին աշխատակիցներ Գոռ Աբաջյանի և Մուշեղ Մուրադյանի, Բանկի գործադիր տնօրեն Գագիկ Վահանյանի հայտարարությունները հայցի բավարարման հիմք հանդիսանալ չեն կարող»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

 Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե`ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի թիվ 3-1843/ՎԴ որոշումը):

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Բանկի նախկին աշխատակիցներ Գոռ Աբաջյանի և Մուշեղ Մուրադյանի, Բանկի գործադիր տնօրեն Գագիկ Վահանյանի հայտարարությունները հայցի բավարարման հիմք հանդիսանալ չեն կարող, որևէ կերպ չի պատճառաբանել այդ եզրահանգումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, անտեսել է, որ Գոռ Աբաջյանի և Մուշեղ Մուրադյանի, Բանկի գործադիր տնօրեն Գագիկ Վահանյանի հայտարարությունները վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են, քանի որ Վահան Սաֆարյանը` համաձայն Բանկի ղեկավարության բանավոր կարգադրության իր անմիջական ղեկավար Սերոբ Մինասյանի հետ պարտավոր էր ամեն երկուշաբթի փաստաթղթային հաշվետվությունները ներկայացնել Բանկ: Տվյալ պարագայում, Սերոբ Մինասյանը և Վահան Սաֆարյանը, հանդիսանալով Բանկի աշխատակիցներ, դժբախտ պատահարի օրն առավոտյան հրավիրված են եղել Բանկի գլխամասային գրասենյակ հաշվետվություն և վարկային գործ ներկայացնելու համար, ինչի մասին իրենց հայտարարություններում նշել են Գագիկ Վահանյանը, Գոռ Աբաջյանը և Մուշեղ Մուրադյանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքը` կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 51-րդ հոդվածների խախտման հետ համարում է հիմնավոր, քանի որ առկա ապացույցները ոչ վերաբերելի դիտելն իրավաչափ չէ և դրանք պետք է հետազոտվեին ընդհանուր կարգով, իսկ գործուղման հրամանի բացակայությունը չի կարող բացառել այն հանգամանքը, որ Բանկի աշխատակից Վահան Սաֆարյանը Բանկի գլխամասային գրասենյակում է եղել կապված աշխատանքային պարտականությունների կատարման հետ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան