Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.654
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0144/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0144/02/10

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Մարինե Պետրոսյանի ընդդեմ Հարություն Պետրոսյանի` ամուսինների ընդհանուր գույքի բաժանման պահանջի մասին, Հարություն Պետրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարինե, Գարսևան, Տարոն Պետրոսյանների, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի ճանաչման և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Մարինե Պետրոսյանի հայցի ընդդեմ Հարություն Պետրոսյանի` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ բաժինները որոշելու և դրանից բաժին առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.01.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարինե Պետրոսյանը պահանջել է Հարություն Պետրոսյանի հետ համատեղ ամուսնության ընթացքում սեփականության իրավունքով ձեռք բերած «Vօlkswagen Passat 1.8» մակնիշի 14 ԼՍ 434 պետհամարանիշի ավտոմեքենայից և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,125 հա, 0,148 հա, 0,34 հա, 0,21 հա, 0,20 հա և 0,11 հա հողամասերից բաժինն առանձնացնել:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հարություն Պետրոսյանը պահանջել է 0,148 հա հողամասի նկատմամբ ճանաչել միայն իր սեփականության իրավունքը` անվավեր ճանաչելով Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ 0,125 հա և 0,11 հա հողամասերի նկատմամբ` իր և Մարինե Պետրոսյանի սեփականության իրավունքը` անվավեր ճանաչելով Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Գործի քննության ընթացքում Մարինե Պետրոսյանը հրաժարվել է անշարժ գույքի բաժնի առանձնացման պահանջից, այնուհետև կրկին դիմելով դատարան` պահանջել է ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,125 հա, 0,148 հա, 0,21 հա և 0,11 հա հողամասերից առանձնացնել իրեն և իր երեխաներ Գարսևան, Տարոն Պետրոսյաններին պատկանող 3/4 մասը, ինչպես նաև վերը նշված ավտոմեքենայի արժեքի 1/2 մասը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.02.2011 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Վ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 0,148 հա, 0,21 հա և 0,11 հա հողամասերի 3/4 մասն առանձնացնելու և «Vօlkswagen Passat 1.8» մակնիշի ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարի 1/2 մասը հանձնելու պահանջների մասով: Հայցի մնացած մասը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան, դատավորներ` Ն. Հովսեփյան, Ա. Մկրտչյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2011 թվականի որոշմամբ Հարություն Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.01.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 27.10.2011 թվականի որոշման դեմ Հարություն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Պետրոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա են նոր երևան եկած հանգամանքներ։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2011 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2011 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,148 հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև առոչինչ է ճանաչվել Հարություն, Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը նույն գյուղում գտնվող 0,125 հա և 0,11 հա տնամերձ հողամասերի նկատմամբ։ Հետևաբար, օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ վճռով հաստատված հանգամանքները սույն գործով նոր երևան եկած հանգամանքներ են, քանի որ էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար և գործի քննության պահին չէին կարող հայտնի լինել բողոք բերած անձին։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 11.01.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, 0,148 հա և 0,11 հա հողամասերը բաժանելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2011 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,148 հա հողամասի նկատմամբ, իսկ նույն գյուղում գտնվող 0,125 հա և 0,11 հա տնամերձ հողամասերի նկատմամբ առոչինչ է ճանաչվել Հարություն, Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նշված վճռով հաստատված են համարվել 0,148 հա հողամասի նկատմամբ Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների, իսկ 0,125 հա և 0,11 հա տնամերձ հողամասերի նկատմամբ` Հարություն, Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքը ծագած չլինելու հանգամանքները (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2011 թվականի որոշմամբ Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանագամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տես ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը)։

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանքներ է վկայակոչել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 08.08.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները:

Տվյալ վճռով անվավեր է ճանաչվել Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,148 հա հողամասի նկատմամբ, և առոչինչ է ճանաչվել Հարություն, Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը նույն գյուղում գտնվող 0,125 հա և 0,11 հա տնամերձ հողամասերի նկատմամբ: Այսինքն՝ վերոհիշյալ վճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,148 հա հողամասը դադարել է ընդհանուր սեփականություն լինելուց, իսկ 0,11 հա հողամասի նկատմամբ կողմերի սեփականության իրավունքն ընդհանրապես դադարել է: Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանի 27.10.2011 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված Դատարանի 07.06.2011 թվականի վճռով որոշվել է առանձնացնել վերը նշված 0,148 հա և 0,11 հա հողամասերի 3/4 մասերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 08.08.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,148 հա հողամասի նկատմամբ Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների, իսկ 0,11 հա հողամասի նկատմամբ` Հարություն, Մարինե, Գարսևան և Տարոն Պետրոսյանների սեփականության իրավունքը ծագած չլինելու հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, համարվում են նոր երևան եկած հանգամանքներ և հիմք են Վճռաբեկ դատարանի 11.01.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 27.10.2011 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.01.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2011 թվականի որոշման` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող 0,148 հա և 0,11 հա հողամասերի բաժիններն առանձնացնելուն վերաբերող մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2011 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան