ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2012 թվականի N 686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1432-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժինը բարեգործական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով դեղերի կամ բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկներ ստանալու դեպքում պետք է պարտադիր ուսումնասիրի`
ա) առաջարկվող դեղը (անվանումը, ցուցումները, օգտագործման ոլորտները և ժամկետը).
բ) առաջարկվող բժշկական նշանակության ապրանքների կիրառման ոլորտը և անհրաժեշտությունը.
գ) դեղի մնացորդի առկայությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` մարդասիրական օգնության կենտրոն) պահեստում և դրա նախորդ տարիների շարժը (սույն տեղեկատվությունը տեղեկանքի ձևով նախարարությանն է տրամադրվում մարդասիրական օգնության կենտրոնի կողմից` հարցումից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:».
2) 5-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Նախարարության համապատասխան ստորաբաժանումների, գլխավոր մասնագետների կողմից (ըստ անհրաժեշտության` նաև տեղեկատվություն հավաքելով բժշկական հաստատություններից և դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից) նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնում հավաքագրվում է տեղեկատվություն` առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի պատվերների կազմավորման նպատակով: Տվյալների վերլուծման արդյունքում կազմվում է եզրակացություն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման անհրաժեշտության կամ առաջարկը մերժելու մասին:».
3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
4) 8-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ կետերով.
«8.1. Նախարարությունը վերագնահատում է մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները` դրանց մուտքագրումն ու հաշվապահական հաշվառումը կանոնակարգելու նպատակով:
8.2. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերը և բժշկական նշանակության ապրանքները վերագնահատելու համար նախարարությունում ձևավորվում է աշխատանքային խումբ, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար):
8.3. Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գները (անկախ դրանք ուղեկցող փաստաթղթերում նշված գներից) կազմում են Հայաստանի Հանրապետությունում առկա կամ համարժեք գեներիկ (դեղագործական շուկայում շրջանառվող չարտոնագրված միջազգային անվանումներով) դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծածախ միջին գների 80 տոկոսը` ուսումնասիրելով առնվազն հինգ դեղագործական կազմակերպության գնացուցակները կամ համապատասխան էլեկտրոնային կայքերը` նշելով տեղեկությունների ստացման աղբյուրը, իսկ բժշկական նշանակության ապրանքների համար` նաև նախկինում վերագնահատված գները:».
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկն ստանալուց և գույքագրվելուց հետո այն տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում` www.moh.am:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները բաշխվում են միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:».
7) 10-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին, 10.2-րդ, 10.3-րդ և 10.4-րդ կետերով.
«10.1. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները սույն կարգի 10-րդ կետում նշված կազմակերպություններին բաշխվում են նախարարի հրամանով` հիմք ընդունելով բնակչության թիվը և ընդհանուր պահանջարկը տվյալ դեղի ու բժշկական նշանակության ապրանքների նկատմամբ, ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ բաշխվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) միջոցով.
2) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին` անմիջականորեն:
10.2. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ներմարզային ու ներքաղաքային հատկացում (բաշխում):
10.3. Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի մասին յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի ներմարզային ու ներքաղաքային բաշխացուցակները ներկայացվում են նախարարություն` մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:
10.4. Նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակները տեղադրվում են նախարարության www.moh.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ» դարանում: Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի մասին տեղեկատվությունը բնակչությանն իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցների միջոցով` նախարարության կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 4 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|