Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1025
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.16/25(899) Հոդ.604
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 մայիսի 2012 թ.

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 11.04.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիայի փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Կոնվենցիայի փոփոխությունն ընդունվել է 2005 թվականի հուլիսի 8-ին` 1979 թվականի հոկտեմբերի 26-ին ստորագրված` Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:

2. Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ին:

3. Սույն փոփոխություններով խմբագրվում, ինչպես նաև բովանդակային փոփոխությունների են ենթարկվում Կոնվենցիայի որոշ դրույթներ, ինչպես նաև Կոնվենցիան լրացվում է նոր հոդվածներով, մասնավորապես նախատեսվում է Կոնվենցիայի վերնագրի փոփոխություն, որն այսուհետ անվանվելու է Միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիա:

4. Սույն փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Կոնվենցիան կիրառել խաղաղ նպատակներով օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութի և խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային տեղակայանքների նկատմամբ` պայմանով, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվեն միայն այն միջուկային նյութի նկատմամբ, որը միջազգային փոխադրման ընթացքում է,

 ամբողջությամբ կրել իր սահմաններում ֆիզիկական պաշտպանության ռեժիմի սահմանման, իրականացման և պահպանման ողջ պատասխանատվությունը,

 Կոնվենցիայի որևէ դրույթ չմեկնաբանել որպես խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի դեմ ուղղված զինված ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օրինական թույլտվություն,

 Կոնվենցիայի դրույթները չկիրառել ռազմական նպատակներով օգտագործվող կամ պահվող միջուկային նյութի նկատմամբ կամ այդպիսի նյութեր պարունակող միջուկային տեղակայանքների նկատմամբ,

 մշակել, ներդնել և պահպանել միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համապատասխան ռեժիմ,

 օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութը գողությունից կամ դրան անօրինական այլ ձևերով տիրանալուց պաշտպանելու համար ստեղծել ու պահել ֆիզիկական պաշտպանությունը կարգավորող իրավական և կարգավորող համակարգ, նշանակել իրավասու մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն այդ համակարգի ներդրման համար, ինչպես նաև ազգային օրենսդրությանը համապատասխան` տրամադրել հնարավոր առավելագույն աջակցություն,

 ապահովել արագ ու համապարփակ միջոցառումների իրականացում կորսված կամ գողացված միջուկային նյութի հայտնաբերման և, անհրաժեշտության դեպքում, նաև վերականգնման համար, ինչպես նաև պաշտպանել միջուկային նյութերն ու միջուկային տեղակայանքները սաբոտաժից,

 իրականացնել պատշաճ պաշտպանություն միջուկային նյութի փոխադրման ժամանակ, մինչև այդ պատասխանատվությունը սահմանված կարգով փոխանցվի մեկ այլ պետության,

 հստակ սահմանել պետության ներսում ֆիզիկական պաշտպանության տարբեր տարրերի իրականացման համար պատասխանատվությունը և ապահովել, որ միջուկային նյութերի կամ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության իրականացման առաջնային պատասխանատվությունը կրեն համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն տրամադրող այլ փաստաթղթեր ունեցող անձինք,

 ֆիզիկական պաշտպանության հիմքում դնել սպառնալիքի ընթացիկ գնահատումը, ինչպես նաև մշակել և ներդնել որակի ապահովման քաղաքականություն և որակի ապահովման ծրագրեր,

 սահմանել պահանջներ` պաշտպանելու համար այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնց անօրինական բացահայտումը կարող է վտանգել միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունը,

 նշանակել Կոնվենցիայի հետ կապված հարցերով կապն ապահովող բաժին և միմյանց այդ մասին տեղեկացնել ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով,

 կիրառել պատժամիջոցներ միջուկային նյութի գողության կամ կողոպուտի, միջուկային նյութի յուրացման կամ խարդախությամբ ձեռք բերելու և Կոնվենցիայով սահմանված այլ դեպքերում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

4 մայիսի 2012 թ.

ՍԴՈ-1025