Գլխավոր տեղեկություն
Համար
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.05.2012-25.05.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.745
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 1044-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 24
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 1044-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի բնագավառում լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական այլ ակտերով և սույն կարգով:

2. Սույն կարգը սահմանում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը:

3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

4. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորումն ու լիցենզիաների (այսուհետ՝ լիցենզիա) հատկացումն իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

6. Լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:

7. Լիցենզավորված անձը երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպելու ընթացքում պարտավոր է ապահովել սահմանված անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության, բնապահպանական ու սանիտարահամաճարակային, հիգիենիկ, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը:

8. Լիցենզիա ստանալու համար հայտը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել փոստով, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Թղթային եղանակով փաստաթղթերը ներկայացնելիս՝ պատճենների հետ միաժամանակ ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին: Փոստով հայտ ներկայացնելու դեպքում լիցենզիան տրվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան հայտատուին չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում։

(8-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 29.03.12 N 367-Ն, խմբ. 05.04.12 N 519-Ն)

8.1. Հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) հայտատուի անձնակազմի՝ տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմների (վկայական) պատճենները և (կամ) տվյալ մասնագիտությամբ վերջին 5 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը.

3) երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(8.1-ին կետը լրաց. 05.04.12 N 519-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 519-Ն)

10. Արգելվում է հայտատուից պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

11. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 519-Ն)

12. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

13. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմին այն մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում:

(13-րդ կետը փոփ. 05.04.12 N 519-Ն)

14. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

15. Lիցենզիայի ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

(15-րդ կետը խմբ. 05.04.12 N 519-Ն)

16. Լիցենզիայի հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի առկայության դեպքում:

17. Հանձնաժողովի եզրակացությունը հայտատուին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է հանձնաժողովի նիստի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(17-րդ կետը խմբ. 05.04.12 N 519-Ն)

18. Լիցենզիան տրվում է անժամկետ:

19. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքերում լիցենզիայի վերաձևակերպումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով:

(19-րդ կետը փոփ. 05.04.12 N 519-Ն)

19.1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

(19.1-ին կետը լրաց. 05.04.12 N 519-Ն)

20. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման պահանջների և պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիցենզավորող մարմինը:

21. Լիցենզավորող մարմինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ստուգումներ անցկացնելու լիցենզավորված անձի կողմից իրականացվող գործունեության՝ լիցենզավորման պահանջներին և պայմաններին համապատասխանության նպատակով:

22. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-22-րդ հոդվածներով սահմանված կարգով լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյանները և կազմում լիցենզավորված անձանց անհատական գործերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

Գտնվելու կամ հաշվառման վայրը ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)

 

Պետական գրանցման կամ հաշվառման համարը _______________________________________________  

(իրավաբանական անձի պետական գրանցման կամ

_______________________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` որպես ___________________________________________________

(ենթակառուցվածքի կառավարիչ, սեփականատեր, ________________________________________________________________________________

փոխադրող և այլք՝ համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի)

 

երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնելու համար:

 

Կից ներկայացնում եմ`

1) անձնակազմի՝ տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմների (վկայական) պատճենները և (կամ) տվյալ մասնագիտությամբ վերջին 5 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը`-------------էջ.

2) երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը` ------------էջ.

3) պետական տուրքի անդորրագիր`- ----------էջ:

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու _______________________________________________________

(անունը, ազգանունը)

________________________ 

       (պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

_____ __________________ 20 թ.

(ձևը լրաց. 05.04.12 N 519-Ն)

(հավելվածը փոփ. 28.04.11 N 636-Ն, 29.03.12 N 367-Ն, խմբ., լրաց., փոփ. 05.04.12 N 519-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 1044-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրվում է _________________________________________________

 

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝
անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը՝

երկաթուղային տրանսպորտի
գործունեության կազմակերպում

 

Լիցենզիայի գործողության ժամկետը՝

անժամկետ

 

Լիցենզիան տալու ամսաթիվը

__________________________

_________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

_____________

______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 05.04.12 N 519-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան