Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 53

 

 22. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ՝

1) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին` համաձայն N1 հավելվածի.

2) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումերի ժամանակացույցին՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 26-ի նիստի N 53
արձանագրային որոշման

 

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Ն    Ծ Ր Ա Գ Ի Ր

Ս Ո Ց Ի Ա Լ Ա Կ Ա Ն    Բ Ն Ա Կ Ա Ր Ա Ն Ա Յ Ի Ն    Ֆ Ո Ն Դ Ի

Ձ Ե Վ Ա Վ Ո Ր Մ Ա Ն

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի N 59 կետի հանձնարարականի:

 Հիմնվելով ինչպես միջազգային փորձի ուսումնասիրման, այնպես էլ Հայաստանում արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքների վրա, փաստաթղթում ներկայացված են շուկայական հարաբերությունների պայմաններում սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործմանն աջակցելու նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման մոդելները, դրա զարգացման ուղղությամբ բնակարանային քաղաքականության հետագա քայլերի` սկզբունքների, ուղղությունների ու ֆինանսավորման մեխանիզմների հստակեցման միջոցով:

Ծրագիրն ընդգրկում է 2014-2025 թթ. ժամանակահատվածը և կարող է հանդիսանալ սոցիալական բնակարանային ֆոնդի զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթ` ապահովելով ռազմավարական ուղենիշեր միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար, ինչպես նաև տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված, սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին տրամադրվող աջակցության կազմակերպման կարևոր քայլերից մեկը:

 

 II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անօթևան` քաղաքացի և նրա ընտանիքի անդամներ, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն և բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում.

Աջակից պայմաններով սոցիալական բնակարան` սոցիալական տան բնակելի տարածություն, որը հատկացվում է միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն աջակցելու պայմանով.

Գույքի առանձին տեսակ՝ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած գույք.

Ընտանիք` սույն ծրագրի իմաստով համատեղ տնտեսություն վարող և համատեղ բյուջե ունեցող քաղաքացիներ, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացիներ.

Հանրակացարանային տիպի կացարան՝ սոցիալական տան առանձին սենյակներ, որոնք տրամադրվում են առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, բնակելի տարածության կարիք ունեցողներին.

Շրջանառու բնակելի տարածություն` սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածք, որը տրամադրվում է տեխնածին և բնական աղետների հետևանքով վնասված բնակարանային ֆոնդում բնակվող ընտանիքներին.

Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)` պետական և մասնավոր հատվածների գործընկերություն` նպատակաուղղված բնակարանային ոլորտի զարգացման գործընթացում ներդրումների և ծրագրերի իրականացման միավորմանը.

Սատարող ընտանիք` սոցիալական տանը բնակվող ընտանիք, որն աջակցում է սոցիալական նույն տանը բնակվող տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցերում.

Սոցիալական բնակարան (կացարան)` սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն (բնակարան, բնակելի տուն, սենյակ).

Սոցիալական բնակարանային ֆոնդ` սույն ծրագրի իմաստով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված չափորոշիչների հիման վրա ընտրված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական, համայնքային, մասնավոր և հասարակական հատվածի, ինչպես նաև այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն.

Սոցիալական տուն` սոցիալական բնակարանային ֆոնդի մեկ միավոր.

 

 III.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետությունում քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի բնակարանային քաղաքականությունը հիմնականում ձևավորվել և իրականացվել է դեռևս 1982 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված` ՀՀ բնակարանային օրենսգրքի դրույթների հիման վրա: Բնակարանային օրենսգիրքը ուղղված է եղել ՀԽՍՀ բնակարանային հարաբերությունների կարգավորմանը, բնակարանային շինարարության համար նախատեսված պետական միջոցների կենտրոնացված բաշխմանը և կառուցված բնակարանների վարձակալության իրավունքով անհատույց տրամադրմանը` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հերթագրված ընտանիքներին:

Կառուցված պետական բնակարանային ֆոնդը ներառում էր սոցիալական բնակարանային ֆոնդի բաղադրիչներ (սուբսիդավորում, պետական սեփականություն, գնային կարգավորում), սակայն իր բնույթով ամբողջովին սոցիալական չէր, քանի որ բնակարանների հատկացման ժամանակ հաշվի չէին առնվում բնակչության եկամուտները, այլ բնակարանները հատկացվում էին որպես սոցիալական բարիք: Ընդ որում, հատկացման ժամանակ առաջնահերթությունը որոշվում էր հաշվի առնելով որոշակի գործոններ` կապված քաղաքացիների կողմից պետությանը մատուցած ծառայությունների հետ (օրինակ` Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամներ, Սովետական Միության և Սոցիալիստական աշխատանքի հերոսներ և այլն):

Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրքը փաստորեն երկար տարիներ ըստ էության որևէ հարաբերություն չէր կարգավորում, քանի որ դրա դրույթները հակասում էին թե` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և թե`  այլ օրենքների պահանջներին: Հակասությունները վերաբերում էին ինչպես օրենսգրքում նախատեսված` քաղաքացիներին բնակելի տարածությունով ապահովման հետ կապված խնդիրների կարգավորմանը, այնպես էլ բնակարանային ֆոնդին վերաբերող հասկացություններին, բնակարանային ֆոնդի կառավարման հարաբերություններին և այլն: Արդյունքում, 2005 թվականի նոյեմբերի 2-ի ՀՕ-197-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով բնակարանային օրենսգիրքը ճանաչվեց ուժը կորցրած:

Բնակարանային քաղաքականությունն անմիջականորեն փոխկապակցված է այլ սոցիալական ոլորտների քաղաքականության հետ, ծառայում է սոցիալական նպատակների իրականացմանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանը, և այդ պարագայում կարևորվում է բնակարանային պայմանների բարելավման գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտների` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կառույցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց դերի հստակ տարանջատումը: Ընդ որում, պետական միջամտությունը շոշափում է բնակարանային շինարարության, բնակարանների բաշխման և բնակարանային ֆոնդի պահպանման ասպեկտները:

Հայաստանի անկախության հռչակման օրվանից սկսած, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ, կառավարության առջև ծառացան տեխնածին և բնական աղետների (երկրաշարժ, սողանք, ռազմական գործողություններ, այլն) հետևանքով անօթևան մնացած և փախստական ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:

 Ժամանակագրական առումով անօթևան ընտանիքների բնակապահովման քաղաքականությունն առանձնացվում է երկու հիմնական փուլերի`

● 1-ին փուլ - 1991-2000թթ., բնակապահովման գործընթացն իրականացվում էր բնակարանային շինարարության ուղղակի ֆինանսավորմամբ կառուցված բնակարանների հատկացման միջոցով:

● 2-րդ փուլ - սկսած 2000 թվականից, պետության կողմից ձևավորվեց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրային մոտեցում: Արդյունքում ընդունվեցին մի շարք ծրագրեր, որոնց հիմքում դրված էր շուկայական հարաբերություններին հարիր՝ շինարարության ուղղակի ֆինանսավորումից քաղաքացիներին նպատակային ֆինանսական աջակցության տրամադրմանն անցնելու մոտեցումը (անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով շուկայից բնակարանի (բնակելի տան) գնում կամ շինարարության իրականացում:

Նախորդ տարիներին կառավարության, միջազգային և դոնոր կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացված է եղել ընդունված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տեղի ունեցած բնական ու տեխնածին աղետների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը և այդ խնդիրների լուծման արդյունքում ավելի ցայտուն են արտահայտվել արդի փուլի առանձնահատկությունները` բնակարանային ապահովության բևեռացում, բնակարանային պահանջարկի բարձր մակարդակ՝ պայմանավորված ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում խոցելի խմբերում ընդգրկված անձանց կողմից սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ընտանիքների առկայությամբ:

Ձևավորված շուկայական հարաբերությունների պայմաններում բնակարանային քաղաքականության արդյունավետ իրականացման համար, անհրաժեշտություն է առաջանում բնակարանային քաղաքականության ուղղություններում կատարել զգալի փոփոխություններ` անդրադառնալով նպատակներին, դրանց իրագործման միջոցների ընտրությանը` հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում:

 

IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ներկայումս հանրապետությունում ստեղծվել են բավարար պայմաններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ բնակարանի իրավունքի իրականացման համար և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնակարանային հարաբերությունները հիմնականում կարգավորվում են շուկայական մեխանիզմներով: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը քաղաքացիներին լիարժեք իրավունք է վերապահել գնել, վարձակալել և կառուցել բնակարաններ, բնակարան գնելու կամ կառուցելու համար ստանալ հիփոթեքային վարկեր, օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհել վարձակալած պետական սեփականություն հանդիսացող բնակարանները և այլն: Ընդ որում, օրենսդրությունը չի նախատեսում որևէ սահմանափակում՝ անձին սեփականության կամ այլ իրավունքով պատկանող բնակարանների (բնակելի տների) քանակի կամ չափերի վերաբերյալ: Ստեղծված են նաև նախադրյալներ հիփոթեքի զարգացման համար. ձևավորած է օրենսդրական դաշտը, բնակարանային ֆոնդի 96%-ը հանդիսանում է մասնավոր սեփականություն, զարգացվում է նոր բնակարանային շինարարության շուկան, առաջնային շուկայում ավելանում է բնակարանային պահանջարկը:

2. Առաջին հայացքից Հայաստանի Հանրապետությունում բնակարանային պահանջարկի խիստ անհրաժեշտություն չի զգացվում. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեկ շնչի հաշվով բնակմակերեսով ապահովվածության ցուցանիշը կազմում է 28.3 քառ. մետր, այդ թվում` քաղաքային բնակավայրերում` 23.7, իսկ գյուղական բնակավայրերում` 36.5 քառ.մետր: Այդ ցուցանիշները համադրելի են Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների նմանատիպ ցուցանիշի հետ:

Սակայն, դրա հետ մեկտեղ, առկա են մի շարք խնդիրներ, որոնց պատճառով շարունակում է պահպանվել բնակարանային պահանջարկի բարձր մակարդակ:

3. Մինչ օրս ընդունված պետական աջակցության նպատակային ծրագրերով կարգավորվել են տեղի ունեցած բնական և տեխնածին աղետների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների, զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) անօթևան ընտանիքների, քանդման ենթակա` վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման, հիփոթեքային վարկավորման միջոցով երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովման հետ կապված հարցերը: Դրա հետ մեկտեղ, կարգավորվել են նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց և միայնակ կենսաթոշակառուների խնդիրները:

  Նշված խնդիրների լուծման ուղղությամբ 2000-2012 թվականների ընթացքում պետական աջակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակներում մոտ 20 հազար ընտանիքների հնարավորություն է ընձեռվել բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

Չնայած իրականացված միջոցառումներին՝ հիմնախնդրի լուծումը դեռևս հեռու է բավարար լինելուց: Կարգավորված չեն սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնք շուկայական հարաբերությունների պայմաններում հնարավորություն չունեն իրենց միջոցներով կամ հիփոթեքային միջոցների ներգրավմամբ ապահովել բնակության համար տարրական պայմաններ. շուկայից վարձակալել կամ գնել բնակարան (բնակելի տուն):

Մասնավորպես, կարգվորման կարիք ունեն՝

● ընդունված պետական աջակցության նպատակային ծրագրերի շրջանակներում ընդգրկված, սակայն դեռևս լուծում չստացած` բնակարան և տեխնածին աղետների հետևանքով անօթևան մնացած (փախստականներ, երկրաշարժ, սողանք և այլն) և ժամանակավոր կացարաններում, տնակներում, քանդման ենթակա վթարային շենքերում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող ընտանիքների,

● ընդունված պետական աջակցության նպատակային ծրագրերի շրջանակներից դուրս, տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքների,

● 2000 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց (Սիրիայի, Իրաքի և այլ երկրների քաղաքացիներ),

● գերբնակեցված (մեկ սենյակում 4 և ավելի անձ), ինչպես նաև կոմունալ բնակեցված բնակարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները:

 Ըստ փորձագիտական գնահատականների անօթևան ընտանիքների թիվը կազմում է մոտ 30 հազար և ևս մոտ 30 հազար ընտանիքներ էլ կարիք ունեն բնակարանային պայմանների բարելավման:

4. Վերջին տարիներին արձանագրվել է մասնավոր ներդրումների հաշվին իրականացվող բնակարանային շինարարության տեմպերի աճ, սակայն նորակառույց բնակարանների շուկայական բարձր գների պարագայում դրանք հասանելի չեն առկա ներքին պահանջարկը բավարարելու համար: Այսպես. միջին բնակարանների արժեքի հարաբերակցությունը տնային տնտեսության տարեկան միջինացված եկամուտներին գտնվում է 15-25 միջակայքում:

 5. Մատչելի, արժանավայել և պատշաճ սպասարկվող բնակարանների բացակայությունը ունի մի շարք բացասական սոցիալական հետևանքներ և անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը կարևորվում է նաև սոցիալական ռիսկերի կանխարգելման տեսանկյունից:

Բնակարանային պայմանների և աղքատության կապը առավել ցայտուն է արտահայտվում հանրակացարաններում և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց համար: Աղքատությունը, որպես բազմաչափ երևույթ, պայմանավորված է ոչ միայն բնակչության եկամուտների և սպառման ցածր մակարդակով, այլ կրթության, առողջապահության, տնտեսական կյանքին մասնակցելու անմատչելիությամբ և սոցիալական ռիսկերի նկատմամբ անպաշտպանվածությամբ: Սա նշանակում է, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է մարդկանց կենսաբանական (սնունդ, բնակարանի առկայություն և այլն) և այլ սոցիալական (առողջություն, կրթություն, աշխատանք և այլն) պահանջմունքների համակցված բավարարման ճանապարհով:

6. Հանրապետությունում առկա աղքատության բարձր մակարդակի պայմաններում բնակարանի կարիք ունեցող բնակչության մեծ սպասումներից խուսափելու և բնակարանային պահանջարկի բավարմանն ուղված ծրագրերի իրագործման նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում բնակարանային ապահովման հարցերում հասցեական և թիրախային ծրագրերի իրականացման` հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ճշտված ընդհանուր թվից առանձնացնելով թիրախային խմբերին և պետական միջամտության շրջանակներում առաջնահերթ կարգով անդրադառնալով այդ խմբերում ընդգրկված ընտանիքների խնդրին` խնդրի աստիճանական և նպատակային լուծման մոտեցմամբ:

Սակայն, թիրախային խմբերում ներառված անձանց, մասնավորապես սոցիալապես անապահով, ինչպես նաև հատուկ խմբերում ներառված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանների բարելավումը դեռևս նրանց հիմնական խնդիրների լուծում չէ՝ կապված նրանց միայնակության, հաշմանդամության, խնամազրկության և այլ պատճառների հետ:

Այդ պարագայում բնակարանային պայմանների բարելավման հնարավորության ընձեռումից բացի՝ կարևորվում է բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով, ինչպես նաև հատուկ խմբերում ներառված անձանց (ընտանիքների) սոցիալական կարիքներին համարժեք համալիր սոցիալական ծառայությունների տրամադրումը: Ընդ որում, բնակելի տարածության տրամադրման գործընթացը դիտվում է որպես սոցիալական աջակցության տեսակ` բնակելի տարածության (կացարանի) տրամադրումը ներառելով իրենց կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթում որպես առանձին սոցիալական ծառայության տեսակ:

7. Սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման իրավունքի սահմանադրական նորմի իրականացման նախընտրելի ձևերից մեկը կարող է դիտարկվել սոցիալական բնակֆոնդի ինստիտուտի հիմնադրումը, որը կհանդիսանա այդ անձանց բնակարանային պայմանների բարելավման միջոց:

8. Ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդում կարևորվում է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցումը, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ինչպես նրանց հասարակության մեջ ինտեգրումը` մեղմելով սոցիալական մեկուսացման դրսևորումները, այնպես էլ ստեղծվող ֆոնդի արդյունավետ կառավարումը:

Բացի այդ, խառը բնակեցումը կնպաստի սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման հարցում մասնավոր ներդրողների հետաքրքրության բարձրացմանը` նպաստելով թե՛ այդ ուղղությամբ պետության բեռի թեթևացմանը, թե՛ հանրապետությունում շինարարության բնագավառի զարգացմանը, և բացի սոցիալական նկատառումներից կձևավորվեն նախադրյալներ` սոցիալական բնակֆոնդի հիմնադրման ուղղությամբ հանրային ռեսուրսների ներգրավման համար:

 

V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

 9. Հայաստանում վերջին տարիներին սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվել են որոշակի քայլեր, մասնավորապես.

● Շվեյցարիայի զարգացման և համագործակցության (SDC) հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ 2006-2012թթ. ընթացքում իրականացվել են «Սոցիալական բնակարան` աջակից պայմաններով» երեք փորձնական ծրագրեր, որոնցից 2-ը Գորիս քաղաքում և 1-ը` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Փորձնական ծրագրերի շրջանակներում բնակարաններով ապահովվել են սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդրկված, սոցիալական աջակցության կարիք ունեցող մոտ 100 անձինք (հիմնականում փախստականներ, միայնակ տարեցներ, միայնակ մայրեր և այլ անօթևան):

● ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՍNHCR) աջակցությամբ իրականացվել են ծրագրեր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դարբնիկ և Կոտայքի մարզի Քասախ համայնքներում: Այս ծրագրերը ուղղված էին սոցիալական վարձակալությամբ բնակարանների հատկացման միջոցով հիմնականում հանրապետությունում ապաստան գտած փախստական ընտանիքների բնակարանային կարիքների բավարարմանը:

● Գորիս քաղաքում «Սոցիալական բնակարան` աջակից պայմաններով» իրականացված փորձնական ծրագրի մոդելի համաձայն պետական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում իրականացված ծրագրի շրջանակներում ստեղծվել է սոցիալական բնակարանային համալիր և շահագործման են հանձնվել և բնակեցվել համալիրի 59 մեկսենյականոց բնակարաններից բաղկացած երեք շենքերը:

Նշված 59 բնակարաններից 26-ը օգտագործման իրավունքով հատկացվել են մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների, իսկ մնացած 33 բնակարանները` սոցիալապես անապահով միայնակ կենսաթոշակառուների, հաշմանդամների, ինչպես նաև միածնող ընտանիքների:

● Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1012-Ն որոշմամբ նախարարությանն է ամրացվել նաև Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող շենքը, որը հիմնանորոգումից (վերակառուցումից) հետո ունենալու է 45 կացարան: Նախատեսվում է հաստատված չափորոշիչներին համապատասխան` ըստ առաջնահերթության, վերոնշյալ կացարանները տրամադրել պետական աջակցության հավակնող սոցիալական խմբերին պատկանող անձանց:

● Ընթացքում է սոցիալական վարձակալությամբ և մատչելի բնակարանների ձևավորման առաջին ներդրումային ծրագիրը: Այն իրականացվում է Նիդերլանդների աջակցությամբ ստեղծված` Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) կողմից, որի հիմնական նպատակն է Հայաստանում ցածր և միջին եկամուտ ունեցող 200-300 ընտանիքների ապահովել մատչելի, որակյալ և լավ կառավարվող բնակարաններով: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մեկնարկել է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի առաջին փուլի ծրագիրը: Բացի այդ, իրագործման համար պատրաստ են Դիլիջան քաղաքի 2-րդ փուլի, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքների ներդրումային ծրագրերը և ներկայումս քննարկման փուլում է գտնվում ներդրողների մասնակցության հարցը:

 

 VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

10. Ծրագրի նպատակը` սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործմանն աջակցելու համար սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման սկզբունքների և այդ ֆոնդից բնակելի տարածության հատկացման հիմնադրույթների սահմանումն է՝ ուղղված պետական-մասնավոր գործընկերության գործիքների կիրառմամբ պետական քաղաքականության հետագա քայլերի հստակեցման միջոցով քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև սոցիալական լարվածության թուլացմանը:

11. Ծրագրի սկզբունքներն են`

● սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բնակարանային պայմանների բարելավման խնդրի առաջնահերթ լուծում.

● սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում ներդրողների ներգրավմանն ու պետական-մասնավոր գործակցության (ՊՄԳ) խթանմանն աջակցություն.

● սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց ճշտված բնակարանային պահանջարկի հիման վրա փուլային մոտեցման կիրառմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված թիրախավորված ծրագրերի իրականացում.

● սոցիալական բնակարանային ֆոնդի հասցեականության և նպատակային օգտագործման ապահովում.

● ընդունված նպատակային ծրագրերի շարունակականության ապահովում.

● պետական մարմինների, համայնքների, սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում.

● ծրագրի իրականացման գործընթացում հասարակության իրազեկվածության և մասնակցության ապահովում.

● անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացման միջոցով սոցիալական աջակցությունից շարունակական կախվածության և սոցիալական խնամառության բացառում:

 12. Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերի շրջանակներում ստեղծված բնակարանային ֆոնդից բնակելի տարածությունը կարիքավոր ընտանիքներին հատկացվում է մեկ անգամ՝ կամավորության սկզբունքով:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

7.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Սոցիալական բնակարանային ֆոնդը բնութագրվում է որպես վարձակալական հիմունքներով ստեղծվող բնակարանային ֆոնդ, որի հասանելիությունը որոշվում է մի շարք չափանիշներով (եկամուտ և առավելագույն վարձավճարի չափ, թիրախային խմբեր և այլն) և պայմաններով (բնակարանների հատկացման, բախշման ընթացակարգ):

14.Սոցիալական բնակարանային ֆոնդը՝ ելնելով տնտեսական նպատակահարմարության և քաղաքաշինական նկատառումների տեսանկյունից, կարող է ձևավորվել պետական, համայնքային, ինչպես նաև ոչ պետական և դոնոր կազմակերպությունների ու ներդրողների աջակցությամբ իրականացվող ներդրումային նպատակային ծրագրերի շրջանակներում`

● նվազագույն ստանդարտներին համապատասխան և էներգախնայողության միջոցառումների կիրառմամբ մշակված տիպային նախագծերով` նոր շինարարության, գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի վերականգնման, անավարտ շինարարության շենքերի ավարտմամբ.

● գոյություն ունեցող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև դատական կարգով տիրազուրկ ճանաչված բնակարանները (բնակելի տները) սոցիալական բնակարանային ֆոնդի վերափոխմամբ.

● շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռքբերմամբ (գնում, վարձակալում, ենթավարձակալում).

● պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական և արտադրական նշանակության տարածքները բնակելիի վերափոխմամբ:

15. Սոցիալական բնակարանային ֆոնդը կարող է հանդիսանալ պետական կամ համայնքային, ինչպես նաև այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց սեփականություն:

16. Սոցիալական բնակարանային ֆոնդը պետք է համապատասխանի բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Դրա կառավարման, պահպանման ու շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով: Ընդ որում, պետական սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարանային ֆոնդը կառավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշմամբ ստեղծված՝ «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

17. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունները չեն կարող վերակառուցվել ոչ բնակելիի, օտարվել, վերափոխվել այլ նշանակության՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:

 

7.2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

18. Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու կարիք ունեցող են համարվում սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող՝

● ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) «0» (զրո) անապահովության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերին դասվող անձինք.

● ընտանիքների անապահովության գնահատման համակարգում չհաշվառված (չփաստագրված)՝ սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող, ինչպես նաև տեխնածին ու բնական աղետների հետևանքով, ինչպես նաև ոչ աղետների հետևանքով անօթևան մնացած և ժամանակավոր կացարաններում, տնակներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող ընտանիքները:

19. Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալուն կարող են հավակնել նաև`

● քանդման ենթակա վթարային, ինչպես նաև ամրացման-վերականգնման ենթակա բնակելի տների (բնակարանների) բնակիչները` նրանց կյանքին և առողջությանն ուղղակի վտանգի սպառնալիքի դեպքում: Ընդ որում, վերականգնման ենթակա բնակարանային ֆոնդում բնակվող ընտանիքներին բնակելի տարածությունը հատկացվում է վերականգման աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար և այդ տարածությունը համարվում է սոցիալական բնակարանային ֆոնդի շրջանառու բնակելի տարածություն.

● նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերով ձևավորված պարտավորությունների շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված և սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները՝ մինչև նրանց բնակարանային խնդրի վերջնական լուծումը.

● իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաև բժշկական և կրթական հաստատություններում աշխատող) և աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք: Նշված անձանց հատկացվող բնակելի տարածությունը դասվում է պաշտոնեական (ծառայողական) բնակարանների թվին:

20. Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալուն չեն կարող հավակնել այն անձինք, ովքեր ունեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ գույքի այնպիսի առանձին տեսակ, որի օտարումից առաջացած միջոցները նրան հնարավորություն կընձեռեն տվյալ համայնքում ինքնուրույն հոգալու բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:

21. Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված` 50 և ավելի տոկոս ոչ պետական ներդրումների մասնակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կարող են սահմանվել նաև այդ ֆոնդից բնակելի տարածություն ստանալու կարիք ունենալու այլ հիմքեր:

 

7.3 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

 

22. Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ծրագրերի արդյունավետ իրականացումը պայմանավորված է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ՝ արժանահավատ տեղեկատվության առկայությամբ և ֆինանսական ռեսուրսների ապահովմամբ, ինչի համար ձեռնարկվելիք քայլերն են՝

● համայնքերում առկա՝ սոցիալական բնակարանային ֆոնդի օգտագործման, վերակառուցման կամ վերափոխման հնարավորությամբ շենք-շինությունների (այդ թվում անավարտ) գույքագրում՝ դրանց քանակի և մակերեսների վերաբերյալ հստակ տվյալների ճշտման նպատակով, որպես տարբերակ դիտարկելով նաև չգործող նախկին նախակրթարանների, կամ վերակազմակերպվող գիշերօթիկ հաստատությունների ննջարանային մասնաշենքերի օգտագործումը,

● կենտրոնացված տեղեկատվական համակարգի (բնակարանային ռեեստր) ստեղծումը՝ սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքների վերաբերյալ:

 23. Տեղեկատվական համակարգը ձևավորվում է բնակարանային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից`

● ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) «0» (զրո) անապահովության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերին դասվող անձանց մասով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տնօրինվող տվյալների հիման վրա.

● ընտանիքների անապահովության գնահատման համակարգում չհաշվառված (չփաստագրված) ընտանիքների մասով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից ներկայացված՝ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքների մասին տվյալների հիման վրա:

24. Տեղեկատվական համակարգում զետեղված տվյալները ենթակա են թարմացման սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքներով: Տեղեկատվական համակարգի ստեղծման, վարման և թարմացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

25. Գույքագրման և տեղեկատվական համակարգի ստեղծման արդյունքում հավաքագրված տվյալները կարտացոլեն տվյալ պահի դրությամբ իրական ցուցանիշները՝ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու կարիք ունեցող համարվողների բնակարանային պահանջարկի մասին և հիմք կհանդիսանան սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված թիրախավորված ծրագրերի մշակման համար:

26. Հիմնվելով հանրապետությունում ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծության արդյունքների վրա՝ սոցիալական բնակարանային ֆոնդի բազմատեսակ մոդելներից Հայաստանում կիրառելի են սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման հետևյալ մոդելները`

● սոցիալական տուն՝ աջակից պայմաններով.

● սոցիալական վարձակալությամբ բնակարաններ:

Նշված մոդելները տարբերվում են ինչպես թիրախային խմբերի ընդգրկվածությամբ, այնպես էլ պետական աջակցության մասնակցությամբ:

1) «Սոցիալական տուն` աջակից պայմաններով» (ՍՏԱՊ) մոդելի կիրառմամբ ձևավորվող սոցիալական բնակարանային ֆոնդ.

Սոցիալական բնակելի տուն՝ աջակից պայմաններով մոդելի կիրառմամբ ձևավորվող բնակարանային ֆոնդը ստեղծվում է պետական միջոցների հաշվին: Լինելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տնօրինվող ու կառավարվող միավոր` այն իրենից ներկայացնում է մի կառույց, որի առանցքային խնդիրներից է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց նվազագույն ստանդարտներին համապատասխանող բնակելի տարածությամբ ապահովումը, ինչպես նաև «սատարող» ընտանիքի միջոցով աջակցության ցուցաբերումը: Որպես սատարող ընտանիք՝ սոցիալական տներում պարտադիր բնակեցվում է նույն խմբին պատկանող առնվազն մեկ բազմազավակ ընտանիք, որը հանդիսանում է սոցիալական տան բնակիչների և համայնքի միջև կապող օղակ և անհրաժեշտության դեպքում զբաղվում է նույն սոցիալական տան բնակիչների խնամքով:

Այս մոդելը հանդիսանում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասվող անձանց բնակարանային պայմանների բարելավման խնդրի լուծման տարբերակ:

Սոցիալական տան բնակելի տարածությունները հատկացվում են անհատույց օգտագործման իրավունքով և բնակիչների կողմից ենթակա են վճարման միայն մատուցված կոմունալ ծառայությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազ և այլն) դիմաց սահմանված վճարումները, իսկ սոցիալական տան պահպանման հետ կապված ծախսերը հոգում է տան կառավարումն իրականցնող մարմինը:

Սոցիալական տան բնակելի տարածությունում բնակիչների բնակեցման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմնվելով կոնկրետ իրավիճակի և պահանջարկի վրա:

2) Սոցիալական վարձակալությամբ բնակարաններ մոդելի կիրառմամբ ձևավորվող սոցիալական բնակարանային ֆոնդ.

Այս մոդելի կիրառմամբ սոցիալական բնակարանային ֆոնդը կարող է ստեղծվել՝

● պետական միջոցների հաշվին կամ պետական-մասնավոր գործակցության (ՊՄԳ) շրջանակներում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, փուլային մոտեցման կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված հայտի հիման վրա.

● տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ՝ համայնքի միջոցների հաշվին, դրանց անբավարար լինելու պարագայում՝ ներդրողների ներգրավմամբ կամ պետական-մասնավոր գործակցության (ՊՄԳ) շրջանակներում, և հանդիսանում է տվյալ համայնքում տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված, սեփական միջոցների հաշվին բնակարանային խնդիրները լուծելու հնարավորություն չունեցող անձանց բնակարանային պայմանների բարելավման միջոց:

27. Բնակարանային ոլորտում պետական–մասնավոր գործընկերությունը մոտեցում է, ըստ որի շահույթ չհետապնդող կազմակերպությունները (ընկերություն, միավորում, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն) կատարում են հանրային ծառայություններ` ներդրումային ծրագրերի շրջանակներում ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդից բնակարան ստանալու իրավունք ունեցող ընտանիքներին շուկայից ցածր արժեքով բնակարանները վարձակալությամբ տրամադրելու եղանակով: Ընդ որում, սոցիալական վարձակալությամբ բնակարանի գաղափարը կարող է ընդլայնվել սոցիալական մատչելի բնակարաններ մոդելի` հնարավորություն ընձեռնելով բնակչին մատչելի պայմաններով՝ տարաժամկետ վճարման եղանակով կամ հիփոթեքային միջոցների ներգրավմամբ հետգնելու իրեն վարձակալությամբ տրված բնակարանը:

Շահույթ չհետապնդող կազմակերպությունները գործում են հետևյալ սկզբունքներով՝

● ծախսածածկման սկզբունք. շինարարական ծախսերի վրա հիմնված վարձակալության վճարների սահմանում, ինչը երաշխավորում է բնակարանի վարձավճարի մշտապես ցածր մակարդակ.

● գործունեության ոլորտի սահմանափակման սկզբունք. կազմակերպությունները կարող են գործել միայն բնակարանային ոլորտում և հիմնականում իրենք են կառավարում իրենց կողմից ստեղծված սոցիալական բնակարանային ֆոնդը.

● շահույթի սահմանափակման սկզբունք. շահույթը կրկին ուղղվում է նոր հողատարածքների ձեռքբերմանը, նորոգման աշխատանքների և բնակարանային շինարարության իրականացմանը։

 Այս մոդելը կողմնորոշված է դեպի ներքին պահանջարկի բավարարումը և նպատակ ունի մատչելի գին ունեցող բնակարանների առաջարկի ավելացմամբ զսպել բնակարանային շուկայում առուվաճառքի և վարձակալության գները:

28. ՊՄԳ գործիքների կիրառմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերն իրականացվում են այդ ծրագրերի իրականացման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա, հետևյալ մեխանիզմների կիրառմամբ`

● պետական պարտատոմսերի թողարկում.

● բարենպաստ հարկային դաշտի ապահովում.

● ներքին պետական երաշխիքի դիմաց արտոնյալ պայմաններով վարկի տրամադրում.

● շուկայում ձևավորված արժեքից ավելի ցածր արժեքով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի տրամադրում` դրանց վրա կառուցվող շենքերից սոցիալական բնակարանային ֆոնդից բնակարան ստանալու իրավունք ունեցող ընտանիքներին բնակելի տարածության հատկացման պայմանով.

● Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ մեխանիզմների կիրառում:

 29. Տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ սոցիալական վարձակալության մոդելի կիրառմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերը՝ պետական աջակցության կարիք ունենալու դեպքում, կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի «Բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմն ու կանոնակարգը հաստատելու մասին» N401-Ն որոշմամբ ստեղծված խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) քննարկմանը և գնահատմանը ներկայացվել ծրագրային առաջարկ: Ընդ որում, խորհրդի քննարկմանը և գնահատմանը կարող են ներկայացվել նաև ոչ պետական և դոնոր կազմակերպությունների ու ներդրողների կողմից սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված, պետական աջակցության կարիք ունեցող ծրագրերի ծրագրային առաջարկները:

Ծրագրային առաջարկը պետք է ներառի տեղեկատվություն՝

1) սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ուղղության (սոցիալական բնակարան, հանրակացարային տիպի կացարան, շրջանառու բնակելի տարածություն),

2) բնակարաններով ապահովվող ընտանիքների քանակի, նրանց կազմի, թիրախային խմբի պատկանելիության,

3) տնտեսապես հիմնավորված հաշվարկներով սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման համար անհրաժեշտ միջոցների,

4) համայնքի տարածքում իրականացվող սոցիալական ծրագրերի և ներկայացված ծրագրային առաջարկի զուգակցման,

5) ծրագրին մասնակից սուբյեկտների (տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական և ֆիզիկական անձինք) ֆինանսական մասնակցության չափի,

6) ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարման ձևի,

7) քաղաքաշինական նկատառումների (ժամանակավոր շինություններով (տնակներով) զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիցող հողերի, ինչպես նաև այլ անձանց սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության օբյեկտների ազատման) վերաբերյալ:

30. Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերին պետական աջակցությունը կարող է տրամադրվել ինչպես ֆինանսական (վարկ, փոխատվություն, դրամաշնորհ և այլն) և գույքային (բնակարան, անավարտ շինություն և հողատարածք և այլն), այնպես էլ տեխնիկական ու խորհրդատվական աջակցության ձևով:

31. Ներկայացված ծրագրային առաջարկների քննարկման արդյունքներով խորհրդի կողմից ծրագրային առաջարկների առաջնահերթության մասին որոշումն ընդունվում է մրցութային եղանակով: Պետական աջակցության կարիք ունեցող ծրագրերին ներկայացվող պահանջները, դրանց քանակական գնահատման կարգը, մրցութային կարգով առաջնահերթության որոշման չափանիշները և յուրաքանչյուր չափանիշին տրվող կշիռը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ընդ որում, պետական աջակցության մասնաբաժինը կարող է տարբերակվել` ելնելով համայնքների սոցիալ-տնտեսական խոցելիության աստիճանից:

Առաջնահերթության կարգով իրականացման ենթակա ծրագրերը խորհրդի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

7.4 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

32. Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածությունը հատկացվում է ֆոնդի սեփականատեր հանդիսացող մարմնի և բնակելի տարածություն ստացող ընտանիքի անդամների միջև կնքված պայմանագրի հիման վրա, հետևյալ տարբերակված սկզբունքների կիրառմամբ`

1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) ընտանիքներին՝

● անհատույց օգտագործման իրավունքով՝ միայն մատուցված կոմունալ ծառայությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազ և այլն) դիմաց սահմանված վճարումներ կատարելու պայմանով,

● վարձակալության (ենթավարձակալության) հիմունքներով: Ընդ որում, սոցիալական բնակարանի վարձակալության (ենթավարձակալության) վճարի չափը չպետք է գերազանցի սոցիալական բնակարանային ֆոնդի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր նորմերի իրականացման վճարը` առանց կապիտալ վերանորոգման ծախսերի.

 2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում չհաշվառված (չփաստագրված) ընտանիքներին՝ վարձակալության (ենթավարձակալության) հիմունքներով և բացի սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման համար սահմանված նորմերի դիմաց վճարներից, ենթակա են վճարման նաև՝

● բնակելի տարածության վարձավճար (ենթավարձավճար). առաջին տարվա համար՝ նմանատիպ բնակելի տարածության վարձակալական շուկայական արժեքի 50 տոկոսի չափով, երկրորդ տարվանից սկսած` մինչև պայմանագրով ամրագրված ժամկետի ավարտը, վճարի չափը համամասնորեն ավելանալով հավասարվում է նմանատիպ բնակելի տարածության վարձակալական շուկայական արժեքին,

● մատուցված կոմունալ ծառայությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազ և այլն) դիմաց սահմանված վճարումներ:

33. Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածությունները հատկացվում են համամասնորեն, ելնելով ստեղծվող բնակարանային ֆոնդում առկա բնակարանների քանակից և պահանջարկից՝ այդ ֆոնդից բնակելի տարածություն ստանալու կարիք ունենալու հիմքերի համաձայն, բացառելով նույն խմբին պատկանող անձանց նույն սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություններից 50%-ից ավելի տարածությունների հատկացումը:

34. Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածության հատկացումը հիմք չի հանդիսանում բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցության այլ նպատակային ծրագրերում ընտանիքին չընդգրկելու համար:

35. Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու կարիք ունենցող ընտանիքների բնակարանային կարիքավորության չափանիշները, դրանց հիման վրա բնակելի տարածության հատկացման (ներառյալ պայմանները, առաջնահերթությունները, ժամկետները և այլն), ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության (ենթավարձակալության) դիմաց գանձվող վճարի չափի որոշման և վճարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2013 թվականի

 դեկտեմբերի 26-ի նիստի N 53

արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

սոցիալական բնակարանային ֆոնդի ձԵՎավորման ռազմավարական ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կառույցը

Համագործակից կառույցը (կառույցները)

Իրականացման ժամկետները

Ֆինանսավորման աղբյուրները

1. Հանրապետության համայնքներում առկա՝ սոցիալական բնակարանային ֆոնդի օգտագործման, վերակառուցման կամ վերափոխման հնարավորությամբ շենք-շինությունների (այդ թվում անավարտ) գույքագրում և ամփոփ տեղեկատվությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

2014 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

 

2. Հանրապետության համայնքներում առկա՝ սոցիալական բնակարանային ֆոնդի օգտագործման, վերակառուցման կամ վերափոխման նպատակով չգործող նախկին նախակրթարանների, կամ վերակազմակերպվող գիշերօթիկ հաստատությունների ննջարանային մասնաշենքերի օգտագործման հնարավորության վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2014 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

 

3. «Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու կարիք ունենցող ընտանիքների բնակարանային կարիքավորության չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

2014 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ

 

4. «Տեղեկատվական բազայի (բնակարանային ռեեստրի) ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

5. Տեղեկատվական բազայի (բնակարանային ռեեստրի) ստեղծում և վարում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

սկսած 2015 թվականից

 

6. Նվազագույն ստանդարտներին համապատասխան և էներգախնայողության միջոցառումների կիրառմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման լավագույն նախագծի ընտրության մրցույթի հայտարարում և անցկացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի շինարարների միություն

Հայաստանի ճարտարապետների միավորում

2014 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

 

7. Սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման նախագծերի մրցույթի արդյունքում ընտրված լավագույն նախագծերի հիման վրա տիպային նախագծային փաստաթղթերի մշակում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2015 թվականի ընթացքում

Պետական բյուջե

8. «Սոցիալական բնակարանային ֆոնդից վարձակալական (ենթավարձակալական) հիմունքներով բնակելի տարածության վարձավճարների առավելագույն չափի և վճարման կարգի սահմանման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2015 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

 

9. Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված պետական աջակցության կարիք ունեցող ծրագրերի առաջնահերթության որոշման կարգի և չափանիշների սահմանման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

10. Պետական-մասնավոր գործակցության (ՊՄԳ) շրջանակներում Երևան քաղաքում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված փորձնական ծրագրի իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2015-2016 թվականներ

Պետական և համայնքային բյուջեներ, մասնավոր ներդրողի միջոցներ

11. Պետական միջոցների հաշվին սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

սկսած 2017 թվականից

Պետական և համայնքային բյուջեներ, մասնավոր ներդրողի միջոցներ

12. Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացում՝ ՀՀ կառավարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

սկսած 2017 թվականից՝ եռամսյակային կտրվածքով

 

13.Համայնքների կարողությունների բարձրացման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերի վերաբերյալ տեխնիկական ու խորհրդատվական աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

պարբերաբար՝ սկսած 2015 թվականից

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2015, N 53 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան