ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1165/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1165/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Սահակյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ Գագիկ Սիմոնյանի` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին և Գագիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցի` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գյուղապետարանը պահանջել է լուծել 15.01.2004 թվականին իր և Գագիկ Սիմոնյանի միջև կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.09.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.02.2011 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
24.05.2011 թվականին Գագիկ Սիմոնյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` պահանջելով տրամադրել վարձակալության պայմանագրի նպատակային նշանակության ջրովի հողամասերը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Գյուղապետարանի հայցը մերժվել է, իսկ վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածների 1-ին կետերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 2-րդ կետերը, 606-րդ հոդվածը, 616-րդ և 622-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և լրիվ չի հետազոտել Գյուղապետարանի ու Գագիկ Սիմոնյանի միջև կնքված Պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից 26.01.2004 թվականին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները, որոնցով հաստատվում է վարձակալությամբ տրամադրված հողամասերի նկատմամբ Գագիկ Սիմոնյանի վարձակալության իրավունքի գրանցման փաստը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից թույլ են տրվել վարձավճարի վճարման ժամկետի և հողամասը նպատակային նշանակությամբ օգտագործելու հետ կապված էական ու բազմակի խախտումներ, որպիսի փաստը ընդունվել է նաև վերջինիս կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է Գյուղապետարանի կողմից Գագիկ Սիմոնյանին հասցեագրված գրությունը, որով վերջինիս առաջարկվել է կամովին վճարել վարձավճարի գծով առաջացած պարտքի գումարը` նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու և վերը նշված գումարը դատական կարգով բռնագանձելու պահանջով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.07.2011 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Գյուղապետարանի և Գագիկ Սիմոնյանի միջև 15.01.2004 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով տարեկան 292.320 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց Գագիկ Սիմոնյանին 25 տարի ժամկետով տրամադրվել է Բագրատաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող 39,8 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասը (հ. 1-ին, գ.թ.5, 6).
2) նշված Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Գագիկ Սիմոնյանին 26.01.2004 թվականին Կադաստրի կողմից տրվել են թիվ 0056101, 0056102, 0056103, 0056104, 0056105, 0056106, 0056107 և 0056108 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները (հ. 1-ին, գ.թ.73, 74, 75, 76, հ. 2-րդ, գ.թ.17-24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը բեկանելը և այն փոփոխելը` Գյուղապետարանի հայցը մերժելը, պատճառաբանել է նրանով, որ «Գագիկ Սիմոնյանի կողմից վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանումում գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում չի կատարվել», և նշելով, որ «Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման», «Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության», «Նման գործարքն առոչինչ է», գտել է, որ «սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված գործարքն առոչինչ է»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա են 26.01.2004 թվականին Պայմանագրից ծագող իրավունքների գրանցման վերաբերյալ տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0056101, 0056102, 0056103, 0056104, 0056105, 0056106, 0056107 և 0056108 վկայականները:
Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածների 1-ին կետերը սխալ կիրառելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու մասին, հիմնավոր է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|