Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.27/31(905).1 Հոդ.670
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4677/05/09

2012թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/4677/05/09

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ` Ա. Աբովյան

                   Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ելենա Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ելենա Թովմասյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)՝ Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումը մասնակիորեն՝ 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք դրա հիման վրա (08.07.2008թ.) 21.07.2008 թվականին կնքված պայմանագիրը լուծելու համաձայնագիրն ու Կադաստրի գրանցման միասնական 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ 30.12.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն՝ 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ելենա Թովմասյանը պահանջել է 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչել Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումը, որպես անվավերության հետևանք վերացնել (08.07.2008թ.) 21.07.2008 թվականին կնքված պայմանագիրը լուծելու համաձայնագիրն ու Կադաստրի գրանցման միասնական 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ 30.12.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը` 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 27.04.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.09.2011 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 27.04.2011 թվականի վճիռը, և Ելենա Թովմասյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ելենա Թովմասյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 63-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 24-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 0,0055 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ելենա Թովմասյանը սեփականության իրավունք ձեռք է բերել օրենքի ուժով՝ անկախ նման իրավունքի պետական գրանցումից: Արդյունքում 123,5 քմ մակերեսով հողամասը, որից 68,5 քմ մակերեսով հողամասն ինքնակամ զբաղեցված, համարելով պետական սեփականություն, դրա վրա գտնվող կառույցն ամբողջությամբ ճանաչվել է պետական սեփականություն՝ խախտելով Ելենա Թովմասյանի սեփականության իրավունքն առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ: Հետևաբար, Ելենա Թովմասյանի իրավունքի դադարեցումն իրավաչափ չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.04.2011 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 04.05.2005 թվականին Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4Կ-9 մատյանի թիվ 000084 համարի տակ Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 6/3 հասցեի 168,1 քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ գրանցվել է Թամարա Ղազարյանի սեփականության, իսկ 0,0055 հա մակերեսով հողի նկատմամբ` վարձակալության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 6-8)։

2. 17.05.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Թամարա Ղազարյանը վաճառել, իսկ Ելենա Թովմասյանը գնել է Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 6/3 հասցեի անշարժ գույքը՝ բաղկացած 168,1 քմ մակերեսով առևտրի սրահից և 0,0055 հա մակերեսով վարձակալած հողից (հատոր 2-րդ, գ.թ. 9)։

3. 24.05.2005 թվականին Կադաստրի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4Կ-9 մատյանի թիվ 000084 համարի տակ Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 6/3 հասցեի 168,1 քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ գրանցվել է Ելենա Թովմասյանի սեփականության, իսկ 0,0055 հա մակերեսով հողի նկատմամբ` վարձակալության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 10-12)։

4. Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշմամբ որոշվել է՝

ա. լուծել 29.08.2001 թվականի թիվ 751/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը,

բ. Եր. Քոչար փողոցի թիվ 6/4 հասցեում Ելենա Թովմասյանի կողմից պետական սեփականություն հանդիսացող 123,5 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել պետական սեփականություն, հանձինս Քաղաքապետարանի,

գ. Քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին համաձայնագիր (հատոր 2-րդ, գ.թ. 14)։

5. Քաղաքապետի և Ելենա Թովմասյանի լիազորված անձ Ռիմիկ Հովակիմյանի միջև 08.08.2008 թվականի պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրով լուծվել է Քաղաքապետի և Թամարա Ղազարյանի միջև 29.08.2001 թվականին կնքված թիվ 751/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 34)։

6. Կադաստրի 21.08.2008 թվականի թիվ 0359317 միասնական տեղեկանքի «Լրացուցիչ տեղեկություններ» տողի նշումների համաձայն՝ «Չափագրումից պարզվել է, որ շինությունը քանդված է, և կառուցվել է 521,8 քմ ներքին մակերեսով շինություն, այն զբաղեցնում է 123,5 քմ հողամաս: Գործարքի դեպքում իրավունքների պետական գրանցում չի կատարվի, քանի որ սեփականության իրավունքով գրանցված գույքը գոյություն չունի» (հատոր 2-րդ, գ.թ. 20)։

7. 30.12.2008 թվականին Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 6/4 հասցեի 604,5 քմ մակերեսով շինությունը և 0,01235 հա մակերեսով հողամասը, ի դեմս Քաղաքապետարանի գրանցվել է որպես պետական սեփականություն (հատոր 2-րդ, գ.թ.23-25)։

8. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 09.07.2010 թվականի թիվ 10-1546 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «Երևան քաղաքի Եր. Քոչարի 6/4 հասցեում գտնվող շինության 6,4x7,9մ և 7,9x7,9մ ներքին եզրաչափերով հատվածամասերի առաջին երեք հարկերի կոնստրուկտիվ լուծումները և ներքին եզրաչափերը հիմնականում համապատասխանում են «ԱԿՕ» ՍՊԸ-ի կողմից մշակված նախագծային լուծումներին և ԵրՃՇՊՀ-ի կողմից տրված եզրակացությունով բերված չափորոշիչներին, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առ 04.05.2005 թվականին տրված թիվ 1224414 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված հատակագծերի ներքին եզրաչափերին: Շահագործման ընթացքում, պահպանելով Ելենա Թովմասյանին պատկանող շինության ներքին լայնական չափը՝ 7,9մ, վերակառուցվել է դեպի շինության հետնամաս՝ բակի կողմ, մեծացել և վերակառուցվել է ևս մեկ հարկ և ձեղնահարկ» (հատոր 1-ին, գ.թ. 147-155)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի։

Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր՝ Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի 23.06.2009 թվականի թիվ 22651/05 վճռի 67 կետով նշել է, որ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «օրենքով նախատեսված պայմաններով» արտահայտությունն առաջին հերթին պահանջում է մատչելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական նորմերի առկայություն, և երկրորդ՝ Պետության կողմից այդ իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի առկա ներպետական իրավական նորմին համապատասխան։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքի պաշտպանության իրավական խնդրին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ Սահմանադրությունը, հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի՝ սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը` միաժամանակ ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով (տես՝ Գևորգ Գևորգյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի՝ Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-204-Ա հրամանը և Երևանի քաղաքապետի 25.08.2006 թվականի թիվ 1369-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի թիվ ՎԴ/2434/05/08 որոշումը):

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Երևանի Եր. Քոչար փողոցի 6/4 (6/3) հասցեում գտնվող շինությունն ամբողջությամբ ինքնակամ շինություն չէ, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Քաղաքապետը լիազորված չէ իր որոշմամբ Ելենա Թովմասյանին զրկելու 168,1 քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ սեփականության իրավունքից: Երևանի Եր. Քոչար փողոցի 6/4 (6/3) հասցեում գտնվող շինությունն ամբողջությամբ չի ոչնչացվել, այլ ենթարկվել է վերակառուցման դեպի ետնամաս և կառուցվել է ևս մեկ հարկ և ձեղնահարկ, ինչի արդյունքում պահպանվել է Ելենա Թովմասյանի սեփականության իրավունքը 168,1 քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ: Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշման 1-ին կետով խախտվել է Երևանի Եր. Քոչար փողոցի 6/4 (6/3) հասցեում գտնվող 0,0055 հա մակերեսով հողամասի նկատմամբ 17.05.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով երաշխավորված օգտագործման իրավունքը: Միաժամանակ, Դատարանը նշել է, որ Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումը 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով անվավեր վարչական ակտ է, ուստի որպես անվավեր ճանաչված վարչական ակտի հետևանքների վերացման ածանցյալ պահանջ բավարարման են ենթակա նաև «Պայմանագիրը լուծելու մասին» 08.07.2008 թվականի համաձայնագիրը և 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով Կադաստրի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ 30.12.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ «Ելենա Թովմասյանը 55 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք չի գրանցել, հետևաբար այդ հողամասի նկատմամբ ձեռք չի բերել սեփականության իրավունք», «168,1 քմ մակերեսով շինության նկատմամբ Ելենա Թովմասյանի սեփականության իրավունքը դադարել է գույքի ոչնչացման հիմքով, ուստի առկա չէ ՀՀ Սահմանադրության 2-րդ մասով նախատեսված՝ առանց դատարանի որոշման սեփականության իրավունքից զրկելու փաստ: … վերակառուցման հետևանքով առաջացած կառույցն ամբողջությամբ պետք է դիտարկվի որպես ինքնակամ կառույց …»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Քաղաքապետի որոշման վերացումն ինքնաբերաբար չէր կարող հանգեցնել համաձայնագրի անվավերության, քանի որ վիճարկվող որոշումն ընդամենը պարունակում է առաջարկ պայմանագիրը լուծելու վերաբերյալ, որին Ելենա Թովմասյանը կարող էր համաձայնվել կամ չհամաձայնվել: Ինչ վերաբերում է Կադաստրի 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ 30.12.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն վերացնելու պահանջին, ապա հիմնական պահանջի մերժման պայմաններում այն ևս ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

 «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ՝ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)՝ նույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են՝

1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը.

2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ մինչև «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով հանձնվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, այդ հողերի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք` օգտագործման կամ վարձակալության իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինելու և այդ հողերը ըստ նպատակային նշանակության օգտագործելու (կառուցապատելու) դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։ Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը։

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով։ Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը։

ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող այն ինքնակամ կառույցները, որոնց մի մասը կառուցված է սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, օրինականացվում և տնօրինվում են նույն կարգի IV բաժնի պահանջներին համապատասխան, ընդ որում, հողամասին կից ինքնակամ կառույցով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օրինականացվում և տնօրինվում է ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի մասով կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասով: Սույն կետով սահմանված` օրինական ճանաչված կառույցները կարող են օտարվել, իսկ դրանց նկատմամբ իրավունքները` գրանցվել, կառույցով զբաղեցված կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասը կադաստրային արժեքով ձեռք բերելու դեպքում:

Նույն կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կառուցապատման նպատակով չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված կառույցը համարվում է ինքնակամ կառույց, որի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է հողամասը։ Երևան քաղաքում ինքնակամ կառույցն օրինական կարող է ճանաչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ընդ որում, այն ինքնակամ կառույցները, որոնց մի մասը կառուցված է սեփականության իրավունքով ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող հողամասին կից` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, օրինականացվում և տնօրինվում է ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի մասով կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասով:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 6/3 (6/4) հասցեի 0,0055 հա մակերեսով հողամասի նկատմամբ դեռևս 24.05.2005 թվականին Կադաստրի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4Կ-9 մատյանի թիվ 000084 համարի տակ կատարված գրանցման փաստով Ելենա Թովմասյանը ձեռք է բերել վարձակալության, իսկ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի ուժով՝ սեփականության իրավունք, անկախ նման իրավունքի պետական գրանցումից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 0,0055 հա մակերեսով հողամասի մասով Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումն ընդունվել է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի խախտմամբ, ուստի առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքը: Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 0,0055 հա հողամասի մասով անվավեր է նաև 30.12.2008 թվականին Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 6/4 հասցեի 0,01235 հա մակերեսով հողամասի նկատմամբ Քաղաքապետարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Ինչ վերաբերում է Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումը 168,1 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի կարգավորումից հետևում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը։ Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի ուժով վեճի առարկա հողամասի նկատմամբ Ելենա Թովմասյանը ձեռք է բերել սեփականության իրավունք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա վրա գտնվող կառույցների նկատմամբ (եթե դրանք ինքնակամ են) չէր կարող ճանաչվել Քաղաքապետարանի սեփականության իրավունքը, հետևաբար Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումը 168,1 քմ մակերեսով շինության մասով անվավեր է:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Քաղաքապետի և Ելենա Թովմասյանի լիազորված անձ Ռիմիկ Հովակիմյանի միջև 08.08.2008 թվականին կնքված «Պայմանագիրը լուծելու մասին» համաձայնագիրը որպես Քաղաքապետի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշման անվավերության հետևանք վերացնելու պահանջին, գտնում է, որ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի ուժով սեփականության իրավունքի ծագման հիմքով հողամասի նկատմամբ ծագած վարձակալության քաղաքացիաիրավական հարաբերությունները դադարել են, հետևաբար նման համաձայնագիրն առոչինչ լինելու հիմքով չէր կարող որևէ իրավական հետևանք առաջացնել, ուստիև նշված գործարքը վերացնելու վերաբերյալ հայցապահանջը ենթակա է մերժման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու, ինչպես նաև մասնակիորեն առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելով և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.09.2011 թվականի որոշումը և մասնակիորեն՝ Երևանի քաղաքապետարանի 16.06.2008 թվականի թիվ 2741-Ա որոշումը մասնակիորեն՝ 0,0055 հա մակերեսով հողամասի և 168,1 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչելու պահանջի, և նույն մասերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման միասնական 1Կ-1 մատյանի թիվ 000048 համարի տակ 30.12.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.04.2011 թվականի վճռին, իսկ (08.07.2008թ.) 21.07.2008 թվականին կնքված «Պայմանագիրը լուծելու մասին» համաձայնագիրը վերացնելու պահանջի մասով փոփոխել. Երևանի քաղաքապետարանի և Ելենա Թովմասյանի լիազորված անձ Ռիմիկ Հովակիմյանի միջև (08.07.2008թ.) 21.07.2008 թվականին կնքված «Պայմանագիրը լուծելու մասին» համաձայնագիրը վերացնելու մասին հայցապահանջը մերժել:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ելենա Թովմասյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան