ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0407/02/11 2012թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0407/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ` Ս. Միքայելյան |
|
Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Գարիկ Խաչատրյանի` 73.282 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Գարիկ Խաչատրյանից բռնագանձել 71.782 ՀՀ դրամ պարտքի գումարը և 1.500 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարը։
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ՝ Դատարան) 12.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի հիման վրա Գարիկ Խաչատրյանին փաստացի մատուցվել է հեռախոսակապի վճարովի ծառայություններ:
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ընկերության կողմից Դատարան է ներկայացվել հայցվող գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույցները, այն է` բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշիվը, որն իր մեջ ներառում է ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշվարկը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերության և Գարիկ Խաչատրյանի միջև 08.05.2009 թվականին կնքված թիվ 114344861 պատվեր-դիմումի համաձայն` Գարիկ Խաչատրյանին տրամադրվել է 099 04-52-51 և 091 04-52-51 հեռախոսահամարները: Գարիկ Խաչատրյանի կողմից ստորագրվել է պատվեր-դիմումը, որով հաստատվել են վերջինիս կողմից Ընկերության GSM շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդ դառնալու և ««ԱրմենՏել» ՓԲԸ GSM շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման կանոնների» մասին իրազեկ լինելու վերաբերյալ փաստերը (գ.թ. 5-6)։
2. Ընկերության GSM շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված փաստացի ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, եթե այլ բան չի սահմանված Ընկերության (այսուհետ` նաև Օպերատոր) կողմից, հաշվետու ժամանակաշրջանը հավասար է օրացուցային ամսվան: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց (գ.թ. 5)։
3. Ծառայությունների մատուցման թիվ 101023583105, թիվ 101022792862, թիվ 101022006919, թիվ 101021342908, թիվ 101023583046, թիվ 101022792821, թիվ 101022006868 և թիվ 101021342893 հաշիվների համաձայն` համապատասխանաբար 01.10.2009 թվականից մինչև 31.10.2009 թվականը, 01.09.2009 թվականից մինչև 30.09.2009 թվականը, 01.08.2009 թվականից մինչև 31.08.2009 թվականը, 01.07.2009 թվականից մինչև 31.07.2009 թվականը, 01.10.2009 թվականից մինչև 31.10.2009 թվականը, 01.09.2009 թվականից մինչև 30.09.2009 թվականը, 01.08.2009 թվականից մինչև 31.08.2009 թվականը և 01.07.2009 թվականից մինչև 31.07.2009 թվականն ընկած ժամանակահատվածների համար մատուցված ծառայություններից գոյացել է պարտք 71.781,77 ՀՀ դրամ, որպիսի հաշվարկներն իրականացվել են փաստացի մատուցված ծառայությունների` ամսական ծառայությունների վարձի, զանգերի վարձի, կարճ հաղորդագրությունների վճարի հիման վրա (գ.թ. 12-35)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Ընկերությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել հիմնավորելու իր վկայակոչած փաստն այն մասին, որ Գարիկ Խաչատրյանին մատուցվել են հենց վկայակոչած ծավալի ծառայություններ, որոնց մասով պարտավորությունը չկատարելու արդյունքում նրա պարտքը կազմել է 71.781,77 ՀՀ դրամ, ինչպես նաև չի ներկայացրել այդ պարտքի գոյացման հիմքերը հիմնավորող բավարար ապացույցներ:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Գարիկ Խաչատրյանի միջև 08.05.2009 թվականին կնքված թիվ 114344861 պատվեր-դիմումի (պայմանագիր) հիման վրա Գարիկ Խաչատրյանին հատկացվել են հեռախոսահամարներ: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, իսկ 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ թիվ 101023583105, թիվ 101022792862, թիվ 101022006919, թիվ 101021342908, թիվ 101023583046, թիվ 101022792821, թիվ 101022006868 և թիվ 101021342893 հաշիվները սույն գործով հայցը հիմնավորող թույլատրելի և բավարար ապացույց են (տե′ս ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընդդեմ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի թիվ ԱՎԴ1/0009/02/10 որոշումը):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում` անտեսելով Ընկերության կողմից բաժանորդին ներկայացված ծառայությունների մատուցման թիվ 101023583105, թիվ 101022792862, թիվ 101022006919, թիվ 101021342908, թիվ 101023583046, թիվ 101022792821, թիվ 101022006868 և թիվ 101021342893 հաշիվները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |