ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1112/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1112/02/09 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «ՍԻ ԷՅ ԱՐ ԼԻԶ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` ապահովագրական վճարի տարաժամկետ վճարման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 25.762.675 ՀՀ դրամ, ինչպես նաև տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով` սկսած 04.03.2009 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը կատարել ապահովագրական վճարի տարաժամկետ վճարման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և բռնագանձել 770.962 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 07.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 24.577.500 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, որից 10.257.500 ՀՀ դրամը` որպես ապահովագրական վճարի հատուցում, 13.820.000 ՀՀ դրամը` որպես բաց թողնված օգուտ, 500.000 ՀՀ դրամը` որպես իրավաբանական ծառայության վճար, ինչպես նաև 10.257.500 ՀՀ դրամի վրա 04.03.2009 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը հաշվարկվել են ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով տոկոսներ: Հայցը մնացած մասով մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Սահակյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Տ. Նազարյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.03.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 07.12.2009 թվականի վճռի` 13.820.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ բռնագանձելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.05.2010 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05.03.2010 թվականի որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերով սահմանված պայմանները հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերին, Կազմակերպության 04.03.2009 թվականի թիվ 286-09 մերժումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի պահանջներից, հետևաբար Կազմակերպությունը պարտավոր է Ընկերությանը հատուցելու MC/012997 ապահովագրության վկայագրով նախատեսված ապահովագրական վճարը։
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի նշված մասն օրինական ուժի մեջ թողնելիս ամբողջությամբ հիմնվել է Դատարանի պատճառաբանությունների և հիմնավորումների վրա` դրանք դիտարկելով օրինական և հիմնավորված։
ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի (2007 թվականի ապրիլի 9-ի խմբագրությամբ)` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 14.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-975 որոշմամբ հստակ արձանագրել է, որ պայմանագրի կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածների ուժով իրավասու են պայմանագրով նախատեսել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված ցանկացած այլ պայման, սակայն չեն կարող փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված պայմանների բովանդակությունը, ինչպես նաև չեն կարող սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին հակասող պայման: Դրանով իսկ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ապահովագրական ընկերությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված` ապահովագրական հատուցումը նվազեցնելու և հատուցումը մերժելու վերաբերյալ ցանկացած այլ պայմանի ամրագրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված` պայմանագրի ազատության սահմանափակման շրջանակներում է, եթե այդպիսի պայմանի բովանդակությունը չի փոխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմանների բովանդակությունը, և այդպիսի պայմանը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:
Տվյալ դեպքում Կազմակերպության կողմից հաստատված «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի հետ համադրելով` պարզ է դառնում, որ նշված կետերը չեն հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետին:
Փաստորեն, ՀՀ դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետին և «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերին տրվել է ՀՀ սահմանադրական դատարանի 14.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-975 որոշմամբ ամրագրված իրավական մեկնաբանություններին հակասող մեկնաբանություն, ուստի Կազմակերպության դեմ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է բեկանման։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Կազմակերպության միջև 21.07.2008 թվականին կնքված թիվ MC/012997 տրանսպորտային միջոցների ապահովագրության վկայագրի համաձայն` Տոյոտա LC Պրադո 2,7 I GAS մակնիշի 900 ՍԼ 67 պետհամարանիշի ավտոմեքենան ապահովագրվել է մեկ տարի ժամկետով։ Նշված վկայագրի հավելյալ և անբաժանելի մասը կազմող «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերի համաձայն` ապահովագրողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժել ապահովագրական հատուցման վճարումը, եթե ապահովադիրը, վարորդը կամ շահառուն չեն կատարել սույն կանոններով սահմանված իրենց պարտականությունները կամ ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտմամբ լքել են ՃՏՊ-ի վայրը կամ խուսափել են սահմանված կարգով անցնել հարբածության առկայության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 43-47)։
2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության բաժանմունքի 20.02.2009 թվականի եզրակացության համաձայն` Երևանի Բագրևանդի փողոցում 07.02.2009 թվականին ժամը 07.00-ի սահմաններում տեղի ունեցած վթարի հետևանքով Տոյոտա LC Պրադո 2,7 I GAS մակնիշի 900 ՍԼ 67 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառվել է գույքային վնաս (հատոր 1-ին, գ.թ. 21)։
3) Կազմակերպությունը 04.03.2009 թվականի թիվ 286-09 գրությամբ մերժել է ապահովագրական հատուցում տալու վերաբերյալ դիմումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տոյոտա LC Պրադո 2,7 I GAS մակնիշի 900 ՍԼ 67 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է Կազմակերպության կողմից հաստատված կանոնների 58-րդ, 78-րդ կետերի պահանջները, այն է` չի կատարել նշված կանոններով սահմանված իր պարտականությունները, ինչպես նաև ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտմամբ լքել է ՃՏՊ-ի վայրը և խուսափել է սահմանված կարգով անցնել հարբածության առկայության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 13-14):
4) Կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի (2007 թվականի ապրիլի 9-ի խմբագրությամբ)` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 14.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-975 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Սահմանադրությամբ և օրենքներով` իրավունքի սուբյեկտի կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն, իսկ «պարտավորություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է իրավունքի ուժով կամ իր ազատ կամաարտահայտմամբ և սեփական գործողությունների շնորհիվ ստանձնած համապատասխան վարքագիծ: Իրավակիրառական պրակտիկայում տվյալ հասկացությունները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այլ կերպ, որը կհակասի դրանց` սույն որոշման մեջ արտահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը:
ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` 2007 թվականի ապրիլի 9-ի խմբագրությամբ տեքստի 10031-րդ հոդվածի 1-ին կետում առկա չէ օրենքի բաց, քանի որ անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետը հղում կկատարի քաղաքացիաիրավական պայմանագրին, թե ոչ, պայմանագրի կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածների ուժով կարող են պայմանագրով նախատեսել օրենքով կամ այլ իրավական ակտով չնախատեսված ցանկացած պայման այն վերապահումով, որ կողմերը չեն կարող հայեցողություն դրսևորել պայմանագրի այն պայմանի բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով: Ինչ վերաբերում է «Տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների»` սույն գործին առնչվող կետերին, ապա դրանցում տառացիորեն հղումը կատարվում է «ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների» խախտմանը: Նման կանոններ սահմանված են, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, որի առանձին դրույթներ վերարտադրվել են կողմերի փոխադարձ պարտավորություններում:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի բնույթին` սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերը նշված կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններն իմպերատիվ պայմաններ են, որոնց պարագայում պայմանագրի կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածների ուժով իրավասու են պայմանագրով նախատեսել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված ցանկացած այլ պայման, սակայն չեն կարող փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված պայմանների բովանդակությունը, ինչպես նաև չեն կարող սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին հակասող պայման: Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը նշել է, որ ապահովագրական ընկերությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված` ապահովագրական հատուցումը նվազեցնելու և հատուցումը մերժելու վերաբերյալ ցանկացած այլ պայմանի ամրագրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված` պայմանագրի ազատության սահմանափակման շրջանակներում է, եթե նախ` այդպիսի պայմանի բովանդակությունը չի փոխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմանների բովանդակությունը, երկրորդ` այդպիսի պայմանը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող (2007 թվականի ապրիլի 9-ի խմբագրությամբ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե`
1) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրական պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.
3) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Սույն գործով Դատարանը, ապահովագրական վճարը բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարելիս ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, գտել է, որ «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերով սահմանված պայմանները հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերին, Կազմակերպության 04.03.2009 թվականի թիվ 286-09 մերժումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի պահանջներից, հետևաբար Կազմակերպությունը պարտավոր է Ընկերությանը հատուցելու MC/012997 ապահովագրության վկայագրով նախատեսված ապահովագրական վճարը։
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճռի նշված մասը, արձանագրել է, որ Դատարանն իրավացիորեն է «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերով սահմանված պայմանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերին հակասող դիտել: Տվյալ դեպքում Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին հակասող է ճանաչել նշված կանոնների այն կետը, որը վերաբերում է կանոններով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրական հատուցման լրիվ կամ մասնակի մերժմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերադարձրել է Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը։
Կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի (2007 թվականի ապրիլի 9-ի խմբագրությամբ)` ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության հարցը, 14.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-975 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Սահմանադրությամբ և օրենքներով` իրավունքի սուբյեկտի կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն, իսկ «պարտավորություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է իրավունքի ուժով կամ իր ազատ կամաարտահայտմամբ և սեփական գործողությունների շնորհիվ ստանձնած համապատասխան վարքագիծ: Իրավակիրառական պրակտիկայում տվյալ հասկացությունները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այլ կերպ, որը կհակասի դրանց` սույն որոշման մեջ արտահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը:
ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ պայմանագրի կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածների ուժով կարող են պայմանագրով նախատեսել օրենքով կամ այլ իրավական ակտով չնախատեսված ցանկացած պայման, այն վերապահումով, որ կողմերը չեն կարող հայեցողություն դրսևորել պայմանագրի այն պայմանի բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով: Ինչ վերաբերում է «Տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների»` սույն գործին առնչվող կետերին, ապա դրանցում տառացիորեն հղումը կատարվում է «ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների» խախտմանը: Նման կանոններ սահմանված են, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, որի առանձին դրույթներ վերարտադրվել են կողմերի փոխադարձ պարտավորություններում: … ապահովագրական ընկերությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված` ապահովագրական հատուցումը նվազեցնելու և հատուցումը մերժելու վերաբերյալ ցանկացած այլ պայմանի ամրագրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված` պայմանագրի ազատության սահմանափակման շրջանակներում է, եթե նախ` այդպիսի պայմանի բովանդակությունը չի փոխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմանների բովանդակությունը, երկրորդ` այդպիսի պայմանը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 14.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-975 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2010 թվականի որոշման` «Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ» մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |